38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ապագայում նորից կգամ Հայաստան»

«Ապագայում նորից կգամ Հայաստան»
07.10.2008 | 00:00

ՍՊՈՐՏ
Ինչպես շատ մարզաձևերում, այնպես էլ համաշխարհային թենիսում իրենց ուրույն տեղն ունեն հայազգի մարզիկները։ Ո՞վ չի հիշում Մալեևա-Բերբերյան քույրերին՝ Մանուելային, Կատերինային ու Մագդալենային, ովքեր մոր՝ Բուլղարիայի աղջիկների եռակի և կանանց իննակի չեմպիոնուհի Յուլյա Բերբերյանի գլխավորությամբ ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում, որը կանանց աշխարհի թիմային առաջնությունն է, հասան մինչև կիսաեզրափակիչ և միայն այստեղ հաղթանակը զիջեցին Գերմանիայի հավաքականին, իսկ 1993 թվականին, Ավստրալիայի բաց առաջնությունում այս եռյակը հասավ մինչև քառորդ եզրափակիչ։ Նույն թվականին Մալեևա-Բերբերյան քույրերը, ըստ համակարգչի, հայտնվեցին աշխարհի 16 ուժեղագույնների շարքում։ 1982-93 թթ. այս հրաշալի եռյակը միջազգային խոշոր մրցաշարերում ընդհանուր առմամբ տոնել է ավելի քան 30 հաղթանակ, իսկ Մանուելան Սեուլի օլիմպիական խաղերում նվաճեց մենախաղերի բրոնզե մեդալը։ Նման ընտանեկան նվաճումներ ոչ մինչ այդ և ոչ էլ դրանից հետո համաշխարհային թենիսում այլևս չեն արձանագրվել, և դժվար է հավատալ, որ ապագայում կարձանագրվեն։
Շուրջ մեկուկես տասնամյակ համաշխարհային թենիսի խորհրդանիշ էր համարվում Ատլանտայի օլիմպիական խաղերի չեմպիոն, «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարերի բազմակի հաղթող Անդրե Աղասին։ Բռնցքամարտի Իրանի բազմակի չեմպիոն, 1948 և 1952 թթ. օլիմպիական խաղերի մասնակից Մանվել Աղասու որդին իր ակտիվում ունի միջազգային խոշոր մրցաշարերի ավելի քան 50 հաղթանակ և երկար տարիներ գլխավորել է համաշխարհային թենիսի դասակարգման աղյուսակը։
Այսօր այս քառյակի հետքերով է գնում ևս մեկ հայորդի՝ արգենտինացի Դավիթ Նալբանդյանը։
Ծնվել է 1982 թվականին, Արգենտինայի Կորդովա քաղաքում։ Բարեկամությունը մեծ ռակետի հետ սկսել է հինգ տարեկանից։ Նալբանդյանի անունը հայտնի դարձավ 2002 թվականին, երբ 20-ամյա մարզիկը ՈՒիմբլդոնի մրցաշարում հասավ մինչև եզրափակիչ և միայն այստեղ հաղթանակը զիջեց ավստրալացի Լեյտոն Հյուիթին։ Դա արգենտինացի թենիսիստների ողջ պատմության ընթացքում առաջին նման հաջողությունն էր, և Նալբանդյանը ճանաչվեց Արգենտինայի տարվա լավագույն մարզիկ։
2005 թվականին Դավիթ Նալբանդյանը տարավ նոր, խոշոր հաղթանակ։ Շանհայում անցկացված մենախաղերի աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունում, նախ, կիսաեզրափակիչում պարտության մատնեց ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյին, ապա, 5-ժամյա ծանր պայքարից հետո, 3։2 հաշվով (6։7, 6։7, 6։1, 6։2, 7։6) առավելության հասավ համաշխարհային թենիսի ներկայիս առաջատար Ռոժե Ֆեդերերի նկատմամբ և նվաճեց հաղթողի կոչումը, ինչը նրան հնարավորություն տվեց դասակարգման համաշխարհային աղյուսակում բարձրանալու երրորդ հորիզոնական։ ՈՒիմբլդոնից բացի, Նալբանդյանը մինչև կիսաեզրափակիչ է հասել նաև Ավստրալիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բաց առաջնություններում։
Համաշխարհային թենիսի այցեքարտերից մեկին այս տարի սպասում է ևս մեկ պատասխանատու քննություն։ Նոյեմբերի 21-23-ը Արգենտինայի հավաքականը սեփական հարկի տակ Դևիսի գավաթի խաղարկության եզրափակիչում ուԺերը կչափի իսպանացիների հետ։
Ահա այս կարևորագույն քննությունից առաջ Դավիթ Նալբանդյանն առաջին անգամ այցելեց Հայաստան։
-Ես վաղուց էի ցանկանում գալ իմ նախնիների հայրենիքը, սակայն միջազգային մրցաշարերի հագեցած օրացույցը հնարավորություն չէր տալիս իրականացնելու ցանկությունս,- «Մաստեր կլաս» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց անվանի թենիսիստը։- Այս անգամ երջանիկ առիթ ներկայացավ, և այս երեք օրն ընդմիշտ կմնա իմ հիշողության մեջ։
Խոսելով իր ընտանիքի մասին՝ Նալբանդյանն ասաց, որ հոր նախնիները Հայաստանից Արգենտինա են տեղափոխվել անցած դարի սկզբներին, սակայն պապը, թոքերի խնդիրներ ունենալով, Բուենոս Այրեսում չմնաց, տեղափոխվեց Կորդովա, որտեղ էլ ծնվել են ընտանիքի բոլոր անդամներն ու ինքը։
-Շատ եմ աշխատում ինձ վրա, որ համաշխարհային դասակարգման աղյուսակում հնարավորինս վեր բարձրանամ։
Հավաքվածների այն հարցին, թե ինչպե՞ս է զգում իրեն, Դավիթը պատասխանեց հայերենով.
-Շատ լավ, փառք Աստծո,- ապա դարձյալ հայերենով հարցրեց,- ինչպե՞ս եք։- Ստանալով հարցի պատասխանը՝ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին, ում հովանավորությամբ իրականացրեց իր այցելությունը։
-Երևանն ինձ շատ դուր եկավ, և ապագայում անպայման նորից կգամ...
Երևանյան այցելության օրերին Նալբանդյանը ցուցադրական խաղ անցկացրեց Հայաստանի թիվ մեկ ռակետ Հարություն Սոֆյանի հետ, ապա վարպետության դասեր տվեց պատանի թենիսիստներին։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5518

Մեկնաբանություններ