38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Քոչարյանի քաղաքական դաշտ վերադառնալը Բոստանջյանին չի վերաբերվում»

«Քոչարյանի քաղաքական դաշտ վերադառնալը Բոստանջյանին չի վերաբերվում»
15.08.2008 | 00:00

«Ի ԴԵՄՍ ԿՈՆԳՐԵՍԻ՝ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՏԵՍՆԵԼ ՈՒԺԵՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ
-Պարոն Բոստանջյան, տարածաշրջանում առկա ռազմական իրադրությունը որքանո՞վ է ազդում Հայաստանի վրա, և, քաղաքական առումով, այդ ամենից Հայաստանն ի՞նչ հետևություններ պետք է անի։
-Մեր տարածաշրջանն աշխարհաքաղաքական առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում, որի արդյունքում և՛ բացահայտ, և՛ ոչ բացահայտ աշխատանքներ են ընթանում։ Տարածաշրջանի նույնիսկ զգալիորեն ուժեղ պետությունները անհրաժեշտության դեպքում, չեն կարող դիմակայել հզորների ճնշումներին։ Այժմ այսպիսի գործընթաց է ընթանում։ Անդրկովկասը դարձել է հակամարտությունների թատերաբեմ։ Այս տարածաշրջանի երկրներից ոչ մեկը չունի այն հզորությունը, որ կարողանա էական նշանակություն ունենալ հակամարտությունների կարգավորման գործում։ Այդ իսկ պատճառով ամեն մի նախաձեռնություն պետք է համակողմանիորեն կշռադատվի, իմաստավորվի տվյալ երկրի կողմից։ Այլապես շուտափույթ, կտրուկ որոշումները կարող են հղի լինել բացասական հետևանքներով։ Վերջինի ականատեսն էինք այս մեկ շաբաթվա ընթացքում, որը վտանգավոր եղավ ոչ միայն Վրաստանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Տարածաշրջանում կայունության բացակայությունը կարող է շատ խնդիրների առաջ կանգնեցնել, այդ թվում և` այնպիսի, որ և՛ ներսի, և՛ դրսի ներդրողներն այլևս ցանկություն չեն ունենա որևէ գործունեություն ծավալել այստեղ։
-Միայն մի քանի օր տևեցին ակտիվ ռազմական գործողությունները, բայց Հայաստանի տնտեսության մեջ դրա արձագանքներն արդեն բավականին զգալի էին։ Արդյո՞ք Հայաստանն այլընտրանքային որոշակի ուղիներ չուներ դրանցից խուսափելու համար։
-Ցանկացած երկիր, այդ թվում նաև` Վրաստանը, չի կարող պահուստային որոշակի հնարավորություններ չունենալ, որպեսզի ամենակնճռոտ հարցերը լուծելիս դրանք օգտագործի, մեղմի իրավիճակը։ Այսինքն, պետությունը որոշակի ապրանքային պաշար շրջանառության մեջ է դնում՝ ստեղծված իրավիճակը մասամբ հարթելու համար։ Այլ հարց է, որ կայուն երկրներում այդ պահուստներն ավելի մեծ են, քան մեզ պես հանրապետություններում, որոնք իրապես գտնվում են ժողովրդավարական սկզբունքների կայացման, բարեփոխումների փուլում։ Եվ երբեմն որ ասում ենք՝ գտնվում ենք անցումային փուլում, պետք է հասկանալ, որ մեր ակնկալած երեխան պետք է ինն ամիս գտնվի մոր արգանդում։ Հնարավոր չէ, որքան էլ հզոր լինենք, նրա ծնունդը պահանջել մեկ շաբաթից։
-Անդրադառնանք ՀՀ ներքաղաքական խնդիրներին։ Ինչո՞ւ է ԲՀԿ-ն պասիվ՝ երևույթներին քաղաքական գնահատականներ տալու, արձագանքելու առումով։
-Պասիվությունը ես հարաբերական եմ համարում։ Եթե ակտիվությունը չափում եք նրանով, թե ով է շատ (ճիշտ կամ սխալ) խոսում, կամ լարված ներքաղաքական իրավիճակում մեկի համար լավ, մյուսի համար վատ խոսում, ու դրանից ելնելով էլ նմաններին համարում եք ակտիվ, ապա սխալվում եք, քանի որ ԲՀԿ-ն ավելի շրջահայաց է։ Օրինակ, ընտրությունների ժամանակ կուսակցությունը հանդես չի եկել ընդդիմադիր դիրքերից, հետո էլ կերակրատաշտակի բաժանման ժամանակ սարսափելի արագությամբ առաջ նետվել։ Հիմա դուք ԲՀԿ-ի ո՞ր ակտիվությունն ու պասիվությունն եք ուզում նկատել, որ մենք նմա՞ն կերպ ակտիվ լինենք, որ մեզ ակտիվ անվանեք։
-Իսկ իշխանությունում ո՞վ է այդպես «սարսափելի արագությամբ առաջ նետվում»։
-Դե, Դուք և բոլորն էլ գիտեն, թե ինչպիսի քաղաքական ուժեր կան։ Դա թաքցնելու բան չէ։ Ընդ որում, հենց այդ ուժերն էլ գիտեն իրենց նման պահվածքի մասին։
-ԲՀԿ-ի սրտով չէ՞ նման գործելակերպը։
-Դա քաղաքական բիզնես է, իսկ ԲՀԿ-ում (ես չեմ ուզում ԲՀԿ-ն դարձնել կատարյալ սուրբ) հավասարակշիռ, պատվախնդիր մարդկանց թիվը շատ է, ովքեր ըմբռնումով են մոտենում մեր առկա դժվարություններին և հնարավորինս պատրաստակամ են այդ խնդիրները հաղթահարելու։
-Բա ասում են՝ ԲՀԿ-ն բաժանվել է երկու թևի` մի մասը քոչարյանամետ, իսկ մյուսներն էլ սատարում են ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին։
-Հիմա շատ հետաքրքիր անակնկալ եք ինձ մատուցում, որովհետև ինքս գտնվելով ԲՀԿ-ում, չեմ կարող այդքան միամիտ լինել դա չնկատելու համար։ Եթե Ձեր ասածն իրականությանը համապատասխանում է, ապա ես սարսափելի վատ եմ հասկանում՝ ինչ կա, ինչ չկա։
-Իսկ այն, որ Ձեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև կան տարաձայնություններ, նկատե՞լ եք։ Ի՞նչ սև կատու է անցել նրանց մեջտեղով։
-Տարաձայնություններ Ձեր և Ձեր մոր միջև ևս կարող են լինել. ինքը կարող է Ձեզ ասել՝ այսպես հագնվիր, իսկ Դուք կասեք՝ հիմա այդպես չեն հագնվում։ Եթե դա տարաձայնություն կարող եք համարել, ապա թող լինի այդպիսի տարաձայնություն։
-Այսինքն՝ չեք հերքում, որ որոշ տարաձայնություններ կան։
-Ոչ, հերքում եմ։ Ես մտածում եմ, որ այդպիսի բան չի կարող լինել։
-Լավ, համարենք, որ իշխանությունում արշալույսները խաղաղ են, իսկ ընդդիմության նորաստեղծ կոնգրեսին ինչպե՞ս եք վերաբերվում։
-Ես կուսակցության դիրքորոշման մասին այժմ չեմ կարող խոսել, քանի որ նման քննարկում դեռևս չենք ունեցել։ Որպես քաղաքացի՝ կարծում եմ, որ ուժեղ ընդդիմության առկայությունը ցանկացած երկրում կարևորագույն գործոն է, որպեսզի իշխանությունները միշտ զգաստ լինեն։ Եթե չլինի, այսպես կոչված, փիլիսոփայական հակասությունների և միասնության օրենքը, ապա իշխանությունները կարող են իրենց ոչ ցանկալի հանգիստ պահել։ Ի դեմս կոնգրեսի, ուզում եմ տեսնել, որ ձևավորվում է ուժեղ ընդդիմություն։
-«Երրորդ ուժ» կամ հայրենասիրական ընդդիմություն համարվող ձևաչափն էլ է քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացրել, որի թիկունքում (համաձայն շրջող լուրերի) կանգնած է Ռոբերտ Քոչարյանը։ Ձեր գնահատականը «երրորդ ուժին», և հնարավո՞ր եք համարում, որ Քոչարյանն է այդ ամենի ճարտարապետը։
-Դա կանվանեք «երրորդ ուժ» կամ այլընտրանքային մեկ այլ ուժ, և դրա թիկունքում ով կարող է կանգնած լինել, չեմ կարող ասել։ Ոչ թե անտարբեր եմ այդ ամենին, այլ կարծում եմ, որ այն, ինչ որ պետք է լինի, չի կարող չլինել։ Հիմա եթե կոնգրեսը պետք է իր վրա չկարողանա վերցնել ընդդիմության ողջ կեցվածքը, պարզ է, որ պետք է մեկ այլ ուժ լինի։ Իսկ այն այսօր կձևավորվի, թե վաղը, ժամանակի հարց է, այսինքն՝ չի կարող նման ուժ չձևավորվել։
-Ասել է՝ կոնգրեսի թույլ և ոչ բոլոր ընդդիմադիր ուժերը մոբիլիզացնելու պատճառո՞վ է ծնունդ առնում այդ ուժը։
-Ոչ թե թույլ է, այլ ամբողջությամբ չի բավարարում հասարակության որոշակի շերտի մղումներին և պահանջներին։
-Իսկ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշտ վերադառնալը հավանական համարո՞ւմ եք։
-Հարցն արկածախնդրային է, բացի այդ, դա բացարձակապես Բոստանջյանին չի վերաբերվում։ Այդ հարցը սուտի-մուտի մարդկանց տվեք։ Արժե՞, որ ես այդ մասին խոսեմ։
-Եվ վերջում. ԲՀԿ-ն որոշում կայացրե՞լ է` կմասնակցի՞ ՏԻՄ ընտրություններին։
-Որոշում կա, և որոշ համայնքներում ԲՀԿ-ն կառաջադրի իր թեկնածուին։ Մեր քաղխորհուրդը որոշել է, թե կուսակցությունը որ թեկնածուներին կաջակցի։ Պետք է նշել նաև, որ այս ամենը կոլեգիալ որոշման արդյունք է՝ հիմք ընդունելով, թե տվյալ թեկնածուն ինչքանով է ընդունելի այդ տեղամասի բնակչության համար։ Քաղաքական դաշտ մտնելու առաջին իսկ օրից ԲՀԿ-ն ոչ ձայն է առել, ոչ ձայն ծախել։ Եվ Գագիկ Ծառուկյանը որքան ժամանակ լինի կուսակցության ղեկավար, այդ սկզբունքը կգործի։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5017

Մեկնաբանություններ