38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեր փրկարարները մեզ սպասում էին սահմանի վրա

Մեր փրկարարները մեզ սպասում էին սահմանի վրա
19.08.2008 | 00:00

ՕԳՏՎԵԼՈՎ ԱՌԻԹԻՑ՝ ՀԱՅ ԳԾԱՏԵՐԵՐԻՑ ՄԵԿԸ ՓՈՂ ԷՐ ԱՇԽԱՏՈՒՄ
Վերջին իրադարձությունները Հարավային Օսիայում և ռուս-վրացական կարճատև պատերազմը չէր կարելի անանկալ համարել, քանի որ 2003-ին «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանում իշխանության եկած արևմտամետ Միխեիլ Սաակաշվիլու և Ռուսաստանի հակամարտությունն ունեցավ իր տրամաբանական ավարտը, որով և ռուս-վրացական հարաբերությունների այս 5-ամյա պատմության էջը արդեն կարելի է շրջել: Եվ այստեղ Ռուսաստանը կարողացավ 1991 թ. ԽՍՀՄ փլուզումից հետո թերևս առաջին անգամ համաշխարհային հանրությանն ապացուցել, որ ինքն արդեն պատրաստ է պաշտպանելու իր շահերը հետխորհրդային տարածքում:
Սակայն վերադառնանք Վրաստանին: Պետք է նշել, որ 2003-ին «Վարդերի հեղափոխության» պատմությունն ինքնին ուշագրավ երևույթ էր, և այդ թավշյա հեղափոխության հիմքում մեծապես ընկած էր տնտեսական գործոնը, քանի որ այդ ժամանակահատվածում Վրաստանն իրապես գտնվում էր քայքայման և տրոհման եզրին, և այդ պահին, ինչպես և դրան նախորդած տասնամյակում, Վրաստանում փաստացի տիրում էին անարխիան և ամենաթողությունը: Հասկանալի է, որ այդ պարագայում ժողովուրդը ցանկանում էր ուժեղ ձեռք և այնպիսի անձնավորության, որը կարողանար երկրում կարգուկանոն հաստատել և զարգացնել երկրի տնտեսությունը: Համենայն դեպս, 2003-ի նոյեմբերին, երբ տեղի էր ունենում «Վարդերի հեղափոխությունը», Վրաստանը փաստացի գտնվում էր պետական սնանկության եզրին, այսինքն՝ պետության բյուջեն դատարկ էր, ինչն արդեն իսկ կարող էր վտանգել ինքնիշխան Վրաստանի գոյությունը: Եվ այստեղ իշխանության եկած Միխեիլ Սաակաշվիլու դերը, մի կողմ դնելով նրա բացասական բոլոր քայլերը, հատկապես ազգային փոքրամասնությունների և չկարգավորված վրաց-աբխազական և վրաց-օսական դիմակայության գոտում, դրական արձագանք ունեցավ վրաց հասարակության լայն շրջանակների մոտ:
Գալով իշխանության, Սաակաշվիլին առաջինը սկսեց նրանից, որ մասսայաբար ձերբակալեց նախկին իշխանության տասնյակ պետական պաշտոնյաների, և նրանցից յուրաքանչյուրը ստիպված էր հետ վերադարձնել Շևարդնաձեի իշխանության տարիներին թալանած անօրինական փողերը: Նույնիսկ նախկին նախագահի փեսան իր ազատության դիմաց Վրաստանի բյուջե փոխանցեց անցած տարիներին չմուծած հարկերը` 300 մլն դոլարի չափով: Եվ այսօր հարկ է արձանագրել, որ կովկասյան հանրապետությունների մեջ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը հենց Վրաստանն է, որտեղ, մանավանդ տնտեսական դաշտում, ցանկացած մեծության բիզնես ունեցող գործարարի համար հարկերից խուսափելը հղի է լուրջ խնդիրներով: Անցած հինգ տարիներին Վրաստանում կոռուպցիան առնվել է շրջանակների մեջ, և վերջին դեպքը, կապված Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Օքրուաշվիլու հետ, նույնպես կոռուպցիոն ենթատեքստ ուներ: Նախկին նախարարը պետական բյուջեից հափշտակել էր 12 մլն դոլար, որի կեսը, համենայն դեպս, վերադարձրեց:
Տնտեսական առաջընթացի մասին խոսող հաջորդ իրողությունն այն է, որ 2003-ի 450 մլն դոլարանոց պետական բյուջեն այսօր հասել է 5,5 միլիարդ դոլարի: Ներդրումների ծավալով ևս Վրաստանը զգալի առաջընթաց է արձանագրել: Միայն վերջին հինգ տարիներին Վրաստանի Բաթում քաղաքում կատարվել է օտարերկրյա մոտ 1,1 մլրդ դոլարի ներդրում: Եվ չնայած այդ քաղաքը բնակչության թվով մոտ 5 անգամ զիջում է Երևանին, սակայն հարկ է արձանագրել, որ կառուցվող նորակառույցների և այլ շինությունների քանակով ամենևին էլ չի զիջում մեր մայրաքաղաքին: Համարյա ողջ Վրաստանում կարգի են բերվել միջպետական և ներքաղաքային ճանապարհները, և քանդված ու փոսերով լեցուն ճանապարհներ դժվար է հանդիպել: Լուծվել են, համենայն դեպս, մեզանում այդպես էլ լուծում չստացող քաղաքների մաքրության և աղբահանության խնդիրները: Բաթումում քաղաքը մաքրում էին օրական 2 անգամ, իսկ աղբահանությունն իրականացվում էր 3 անգամ, այն էլ ամենաժամանակակից ձևով:
Զարմանալի մի փաստ: Հասարակական զուգարան մտնելիս և բացօթյա սեղանի թենիս խաղալու ժամանակ ՀԴՄ-ի կտրոն ստանալը շատ անսպասելի էր և զարմանք առաջացնող: Երբ հարց ուղղեցինք սեղանի թենիսի սեղանները սպասարկող անձնավորությանը, թե արդյոք հավելյալ բեռ չի՞ առաջացնում ՀԴՄ-ով աշխատելը, նշեց, որ պարզապես Վրաստանի ամբողջ տարածքում խաղի կանոններն այսպիսին են, և ոչոք առանց ՀԴՄ-ի որևէ տնտեսական գործունեություն իրականացնել չի կարող: Սակայն, ի տարբերություն Վրաստանի, միջին և փոքր բիզնեսի վրա հարկային վարչարարությունն այնպես չի ազդում, ինչպես Հայաստանում: Երկրորդ կարևոր խնդիրը երկրում տիրող ոստիկանական ամենաթողության վերացումն էր: Կարող եմ հիշատակել անձամբ ինձ հետ Վրաստանում 1998-ին տեղի ունեցած մի դեպք: Մեկնել էինք Թբիլիսի, որտեղ ամերիկացիները կազմակերպել էին վրացի, հայ և ադրբեջանցի ուսանողների հավաք: Ընկերներով Թբիլիսիի մետրո մուտք գործելուց անմիջապես հետո մեզ հրավիրեցին ոստիկանական բաժանմունք և պարզապես առաջարկեցին սեղանին թողնել փողերն ու հեռանալ: Մեզ այդ ժամանակ փրկեց միայն պարզ պատահականությունը. բաժանմունք մտավ ազգությամբ հայ ոստիկան, որն էլ հայերենից ճանաչելով իր հայրենակիցներին, անմիջապես հետ վերադարձրեց փողերը և ուղեկցեց մինչև տուն: Այդպիսի փաստեր կարելի է շատ հիշատակել, երբ Վրաստան առևտրի մեկնած մեր քաղաքացիներից ոստիկանությունը պարզապես վերցնում էր գումարները: Պետք է արձանագրել, որ ներկայիս վրացական ոստիկանությունում, որը հիմնականում տուրք է տալիս ամերիկյան չափանիշներին, նախկինից նույնիսկ նշույլ չի մնացել: Եվ այսօր Վրաստանում ոստիկանին դիտում են ոչ թե անձի, որից անհրաժեշտ է միայն վախենալ, այլ մարդու, որը ցանկացած պարագայում պետք է իրականացնի քաղաքացիներին օգնելու և պաշտպանելու իր պարտականությունները:
Երբ օգոստոսի 8-ին վրացական կողմը հարձակվեց Ցխինվալի վրա և գրավեց քաղաքը, այդ փաստը մեծ ոգևորություն առաջացրեց Բաթումի վրացիների շրջանում: Խոսակցություններում նրանք շեշտում էին, թե ինչքան կարելի էր հանդուրժել օսական կողմից վրացական գյուղերի անվերջ ռմբակոծությունները, և մեծամասնությունը կողմ էր այդ ներխուժմանը: Սակայն երբ հակամարտությանը միջամտեց Ռուսաստանը, և սկսվեցին վրացական քաղաքների, ռազմական օբյեկտների և նավահանգիստների ռմբակոծությունները, տրամադրությունները որոշակի փոխվեցին, և տագնապն ու վախը սկսեց ավելի ցայտուն երևալ բաթումցիների դեմքին: Օգոստոսի 9-ին և 10-ին ռուսական ինքնաթիռները մոտ 20 րոպե քաղաքի վրա պտույտ գործելուց հետո հեռացան, սակայն բոլորը խոսում էին, որ ռուսները ցանկանում էին ռմբակոծել Բաթումի նորակառույց օդանավակայանը և նավթապահեստարանը: Համենայն դեպս, ռազմական դրության հայտարարումից հետո, քաղաքի փողոցները, այգիները և հասարակական, սննդի օբյեկտները երեկոյան 8.30-ից հետո փակվում և հոսանքազրկվում էին: Փոխվեցին նաև որոշ բաթումցիների հայացքները տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Ոմանք դժգոհում էին Սաակաշվիլուց, և դա պարզ էր. հանգստյան ժամանակաշրջանի ամենաթեժ պահին Աջարիան սկսեց դատարկվել հանգստացողներից: Նաև Քոբուլեթում և Աջարիայի այլ ծովափնյա շրջաններում հանգստացող հայերը սկսեցին լքել հանգստյան վայրերը: Երբ Բաթումի հայկական հյուպատոսարանից ցանկացանք տեղեկանալ, թե ինչ ճանապարհով կարելի է վերադառնալ Հայաստան, սկզբում մեզ ասացին, որ հերթագրվենք, քանի որ Հայաստանից ավտոբուսներ են ժամանելու և անձնական մեքենաներ չունեցողներին տեղափոխելու են Հայաստան: Սակայն հետագայում պարզվեց, որ հյուպատոսարանը պարզապես կազմակերպել էր միկրոավտոբուսների շարասյուներ, որոնք մարդկանցով լրանալուն պես խմբերով ուղևորվում էին Հայաստան, պարզ է` վճարովի: Եվ օգտվելով առիթից, Բաթումի միկրոավտոբուսների հայ գծատերերից մեկը, հանգստացողներից սովորական Բաթումի-Երևան 50 լարի արժեցող ուղևորության դիմաց գանձելով 70, իսկ 50 լարի՝ մինչև հայ-վրացական սահմանը, ինտենսիվ տեղափոխություն էր կազմակերպում: Ոստիկանական ուղեկցություն չէր ապահովվում: Իսկ ճանապարհին զգացվում էր խուճապ, քանի որ հազարավոր մեքենաներ էին տեղաշարժվում այս կամ այն մայրուղով, մեծ էր զորքերի տեղաշարժը: Երբ հասանք վրաց-հայկական սահմանին, այնտեղ արդեն կուտակվել էր 600-700 մեծ ու փոքր տրանսպորտային միջոց, և միայն 5-ժամյա սպասումից հետո հնարավոր եղավ հատել սահմանը, որտեղ հանգստյան գոտիներից վերադարձող հայերին սպասում էին մեր փրկարարները և մի քանի փոքր ավտոբուսներ: Համենայն դեպս պարզ էր, որ ոչ ստանդարտ և անկանխատեսելի իրադրության պարագայում սեփական իշխանության վրա հույս դնել չէր կարելի:
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ
Երևան-Բաթում-Երևան

Դիտվել է՝ 8503

Մեկնաբանություններ