38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԵՍ ԵՎՍ ԵՂԱ ԱՅՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԸ...»

«ԵՍ ԵՎՍ ԵՂԱ ԱՅՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԸ...»
20.01.2012 | 00:00

Այս տարի լրանում է մեր մեծ դասականի` Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 135-ամյակը:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը, հավատարիմ տարիներ ի վեր ձևավորված ավանդույթին, գրողի ծննդյան օրը` հունվարի 17-ին, կազմակերպել էր երթ դեպի Երևանի քաղաքային պանթեոն: Այս երթը, սակայն, չուներ տոնական խանդավառության շեշտադրումներ, քանզի երթի մասնակիցներին վիճակված էր մեկ անգամ ևս վերապրել այն ամոթն ու ցավը, որ բոլոր դեմիրճյանասերներն ապրել էին մեկ և կես տարի առաջ` իրազեկվելով Դեմիրճյանի տապանաքարի մաս կազմող բրոնզե կիսանդրու (հեղինակ` ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Գրիգոր Ահարոնյան) անհետացման փաստին:
1945-ին` գրական գործունեության 50-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի գրողների միության դահլիճում կայացած հանդիսության ժամանակ, Դեմիրճյանն ասել է. «Ես ևս եղա այն հացահատիկը, որ ընկնելով հողը` մեռնում է, որպեսզի գա հացը կենդանի: Եվ մի ձգտում ունեմ` հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ինձ պարտք և ոչ թե ես նրան»:
Ցավոք, ստացվել է այնպես, որ մենք այսօր ազգովին չվճարված պարտքեր ունենք ինչպես այլ մեծերի, այնպես էլ Դերենիկ Դեմիրճյանի առաջ: Գրողի տուն-թանգարան բերող ծառուղու տարածքում անհանդուրժելի տեսարան է: Այստեղ տեղակայված կենցաղային աղբի բուրգերը, բարեբախտաբար, վերացել են, սակայն շարունակվում է կարկանդակի, փքաբլիթի, երբեմն էլ ծաղկի առևտուրը` հակամշակութային և հակահիգիենիկ պատկեր ձևավորելով դասական գրողի հիշատակը պահպանող մշակութային օջախի առջև: Այնինչ անհրաժեշտ է, որ այս ծառուղին բարեկարգվի ու ծառայի որպես գրողի հիշատակը ոգեկոչող մշակութային պուրակ, ուր կարող են հավաքվել Դեմիրճյանին, առհասարակ հայ գիրն ու գրականությունն ըստ արժանվույն գնահատող անձինք ու հիշել, թե ովքեր են իրենք, ու ինչ առաքելություն է վիճակված գիտակից հայ մարդուն այսօր ու այսուհետ:
135-ամյա հայ դասականը չունի հուշարձան Երևան քաղաքում: Նրա շիրիմը պղծողներն առայսօր մնացել են անպատիժ, տուն-թանգարանում վաղուց առկա է հիմնանորոգման և կասկածելի վարքի ու կենցաղի տեր հարևանների ոտնձգություններից ձերբազատվելու խնդիրը: Ամոթով ու գլխահակ ենք նշում Դերենիկ Դեմիրճյանի հոբելյանը, քանզի անվիճելի է անհեթեթ ճշմարտությունը. նշածս խնդիրների առնչությամբ բոլոր քննարկումներն առայսօր ավարտվել են ո՛չ հօգուտ գրողի և հայ մշակույթի:
Դերենիկ Դեմիրճյանի նման մեծության նկատմամբ այսպիսի վերաբերմունքն անհանդուրժելի է, բայց չեմ կորցնում հույսս (որքա՜ն հաճախ ենք ստիպված լինում կրկնել այս ծեծված արտահայտությունը), որ հաջորդ հոբելյանին Դեմիրճյանի հանդեպ մեր բարոյական պարտքերից գոնե մեկ-երկուսը մարածի հպարտությամբ կոգեկոչենք նրա լուսավոր հիշատակը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ

Դիտվել է՝ 1990

Մեկնաբանություններ