«Իրավունքը de facto»-ի հարցազրույցը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների «ՈՒխտ Արարատի» հասարակական նախաձեռնության աշխատանքները համակարգող և համանուն պարբերականի խմբագիր ՏԻԳՐԱՆ ՓԱՇԱԲԵԶՅԱՆԻ հետ է:
-Պարոն Փաշաբեզյան, օրեր առաջ Կ. Պոլսի քաղաքապետը խոսում էր քաղաքին սպառնացող հնարավոր սեյսմիկ վտանգի մասին: Ի՞նչ եք կարծում, դա կարո՞ղ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգման պատճառ հանդիսանալ:
-Իրականում երեք հարց տվեցիք, որոնք, ճիշտ է, փոխկապակցված են, բայց դրանց պետք է առանձին-առանձին պատասխանել: Բուն պատասխանին անցնելուց առաջ թույլ տվեք հարցնել. «Տարօրինակ չի՞ թվում Ձեզ, որ, տվյալ հաղորդագրության համաձայն, ստացվում է, թե թուրքական սեյսմիկ ծառայությունները կարող են ամիսներ առաջ կանխատեսել երկրաշարժը և նույնիսկ հաշվարկել դրա ուժգնությունն ու պատճառած վնասները»: Մի բան, որ դեռևս ճապոնական սեյսմիկ ծառայություններն են դժվարանում անել, ուստի այստեղ խոսքը կարող է արհեստական երկրաշարժի մասին լինել:
-Ի՞նչ է, հնարավոր է նաև, որ թուրքերն արհեստական երկրաշա՞րժ առաջացնեն:
-Եթե դա հնարավոր էր տասնամյակներ առաջ, ապա հնարավոր է և այսօր: Չէ՞ որ հայտնի է՝ 1968-ին կնքվեց սովետա-ամերիկյան պայմանագիրը մետեորոլոգիական և գեոֆիզիկական զենքեր չկիրառելու մասին: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա տեսնում ենք, թե օրեր առաջ եվրակոմիսարների ինչ մեծ դեսանտ իջավ Հայաստանում՝ ՀՀ իշխանություններին համոզելու` արձանագրությունների վավերացումը և մադրիդյան նորացված սկզբունքներով համաձայնագրի ստորագրումն արագացնելու: Նույն տեսակ ճնշումներ իրականացվում են նաև թուրքական իշխանությունների վրա: Այնպես որ, վավերացման գործընթացը Թուրքիայում դանդաղեցնելու իմաստով սեյսմիկ սպառնալիքներն ազդեցություն չեն ունենա: Ավելին, կարիքի դեպքում Եվրամիությունն ու Ռուսաստանը Թուրքիային կաջակցեն բնակչության օժանդակության և տարհանման գործում: Սեյսմիկ վտանգի բարձրաձայնումն ավելի շուտ քաղաքական խնդիր է հետապնդում:
-ՈՒրեմն, արծարծված սեյսմիկ խնդիրներում քաղաքակա՞ն ենթատեքստ կա:
-Իհարկե, կա: Չնայած դրա մասին արևմտյան և թուրքական վերլուծաբաններն աշխատում են չխոսել:
-Դա կարո՞ղ է ազդել նաև Հայաստանի գործընթացների վրա:
-Ո՛չ: Դա վերաբերում է միայն Թուրքիային, քանի որ դրանով նախապատրաստվելու է Թուրքիայի արևմտյան հատվածի մասնատումը, որով իրականացվելու է Կ. Պոլսի և շրջակայքի բնակչության տարհանումը դեպի արևելք` երկրի կենտրոնական մասեր:
-Պարզաբանե՛ք, խնդրեմ:
-Մեր վերլուծաբանները մոռանում են, ավելի ճիշտ, աշխատում են չնշել, որ արձանագրությունները կազմել են եվրոպական կոմիսարները և պարտադրել երկու կողմերի իշխանություններին: Եկեք վերհիշենք, որ դրանց միջոցով Թուրքիան և Հայաստանը վերածվելու են ենթամանդատային պետությունների, այսինքն, հայտնվելու են Շվեյցարիայի և Նոր Եվրոպայի արտաքին գործոց նախարարությունների թելադրանքի տակ: Դրանից հետո վերջիններս էլ իրականացնելու են Թուրքիայի մասնատումը` ըստ Ռալֆ Պիտերսի 2006-ին հրապարակած Միջին Արևելքի նոր քարտեզի: Մի քանի փուլերով, մի քանի մասերի: Այդ մասին գրել ենք 2006-ի մեր վերլուծականներում, եթե չեմ սխալվում` «ՈՒխտ Արարատի» պարբերականի 10-րդ համարում: Անդրադառնալով թեմային՝ ասենք, որ առաջին մասնատումը նախատեսվում է երկրի արևելյան տարածքներում, որտեղ ծրագրվում է ստեղծել անկախ քրդական պետություն: Ինչ վերաբերում է երկրորդ փուլին` Կ. Պոլսին, ապա Բոսֆոր և Դարդանել նեղուցների առափնյա երկու հատվածներն անջատվելու են Թուրքիայից և դրանց վերահսկողությունն անցնելու է եվրաերկրներին, օրինակ, Բուլղարիային` եվրոպական մասից, և նորաստեղծ մեկ այլ պետության` թուրքական մասից: Ինչ վերաբերում է բուն թուրքական պետությանը, ապա դա Անկարա մայրաքաղաքով սեղմվելու է երկրի հյուսիս-կենտրոնական մասերում` սահմանափակ ելքով դեպի Սև ծով: 2007-ին այդ խնդիրներին կրկին անդրադարձանք գլոբալացման նախագծով Ծովային միությունների կազմավորման ծրագրի ի հայտ գալուց հետո… Այնտեղ էլ պարզվեց, որ կարևոր նշանակություն և դերակատարություն է վերապահվում ծովային ուղիները վերահսկող կղզիներին, որոնց բնակչության հիմնական մասը նախատեսվում է տարհանել` տեղ ազատելով ռազմաբազաների և զորքերի համար: Դա վերաբերում է Ջիբրալթարը հսկող Մադեյրաի կղզուն, որտեղ վերջերս տեղի ունեցավ մեծ ջրհեղեղ, վերաբերում է Հայիթիին և այլ ռազմավարական նշանակության կղզիների… Հայիթիի օրինակով եթե նայենք, ապա այնտեղ մեծ աղմուկ բարձրացավ, որ կղզու բնակիչներին ցանկանում են տարհանել և երկիրը վերածել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմակայանի: Սա է իրողությունը: Այսպես էլ կարող է լինել, որովհետև կուտակված բոլոր խնդիրների լուծման համար իրավականի փոխարեն առաջարկվում են քաղաքական կամային լուծումներ։
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ