ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մակրոնի հավակնությունները

Մակրոնի հավակնությունները
03.02.2021 | 11:42

Մակրոնը պահանջում է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը: Խոսքը ոչ միայն ռուսաստանյան ընդդիմության բարեկեցության մասին է, այլև՝ Եվրոպայում իր դերի՝ գրում է Կրիստինե Լոնգինը Die Tageszeitung-ում:

Որ Մակրոնը կանխակալ վերաբերմունք ունի վիճելի Բալթիկ ծովով անցնող «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ, հայտնի էր վաղուց: Մինչև այսօր խոսքը դիվանագիտորեն գնում էր «ռեզերվների» մասին: Երկուշաբթի եվրոպական գործերով պետական քարտուղար Կլեման Բոնը առաջին անգամ հստակ ձևակերպեց միլիարդանոց նախագիծը չընդունելը: Լինելով նախագահի վստահված անձը՝ նա մեջբերեց ռուսական «ենթատեքստը», այսինքն՝ Վլադիմիր Պուտինի հազարավոր ընդդիմադիրների ձերբակալումը՝ Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնու կալանավորումից հետո: Մակրոնի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ նման է զիգզագի և տատանվում է մերձեցման ու քննադատության միջև: Տարիուկես առաջ նա Ֆրանսիայի հարավի իր նստավարում հանդիսավոր ընդունեց ՌԴ նախագահին: Այն ժամանակ Մակրոնի համար ոչ մի նշանակություն չուներ, որ արևելյան եվրոպացիները հոռետեսորեն էին վերաբերվում իր միայնակ սկսած հմայելու դիվանագիտությանը: Նա նախընտրում է երազել Եվրոպայի մասին, որ ձգվում է Լիսաբոնից Վլադիվոստոկ: Միջերկրականի համայնապատկերում Պուտինը ծառայում էր Մակրոնի սեփական շնորհանդեսին՝՝ արտաքին քաղաքականության մեծ գործիչի դերում՝ G7-ի սամիթից մի քանի օր առաջ Բիարիցում: Հիմա Ֆրանսիայի նախագահը նորից է ցանկանում բեմ բարձրանալ: Այս անգամ Եվրոպայի կառավարչի, որ ներկայանում է Ռուսաստանի դեմ: Մեկուկես տարի առաջ անտեսված արևելյան եվրոպացիներին հիմա Մակրոնը կարող է համարել դաշնակիցներ: Բրեկզիտից հետո եկել է ԵՄ-ում ուժերը նորովի վերադասավորելու ժամանակը: «Հյուսիսային հոսք-2»-ին իր «ոչ»-ով Մակրոնը հստակ դիրքորոշում է արտահայտում՝ իբրև ԵՄ առաջնորդ:
Կրիստինե Լոնգին. Tageszeitung


Հ.Գ. «Հյուսիսային հոսք-2»-ը պատրվակ է, բուն պատճառը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռանալն է մեծ քաղաքականությունից: Հայտնի չէ՝ նոր կանցլերը ինչ արագությամբ ու ինչ հաջողությամբ գործի մեջ կմտնի, կընդունի՞ նրան Գերմանիան այնպես՝ ինչպես ընդունել է «Մուտեր Մերկելին», առավելևս՝ ինչպես կընդունի Բրյուսելը: Գերմանիայից հետո ԵՄ-ում ամենաազդեցիկ երկիրը Ֆրանսիան է, և միանգամայն բնական են Մակրոնի հավակնությունները: 2022-ին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, ընտրություններում հաղթելու համար Էմանուել Մակրոնին պետք է ոչ միայն ֆրանսիացիների աջակցությունը, այլև՝ ԵՄ-ի: Համաեվրոպական «տանտիրոջ» իրավունքները Մակրոնին ֆրանսիացիների աչքում կդարձնեն նախընտրելի: Համենայն դեպս նախագահության հայտ վերստին ներկայացնող ազգայնական Մարին Լե Պենից: Իսկ «Հյուսիային հոսք-2»-ը, միևնույն է, կառուցվելու է՝ լինելով միլիարդանոց նախագիծ, և Ֆրանսիայի դեմ կամ կողմ լինելը Գերմանիայի համար սկզբունքային կամ արգելակող նշանակություն չունի, փոխարենը Մակրոնը շահում է թե արևելաեվրոպացիների համակրանքը, թե էներգակիրների շուկայում Ռուսաստանի մրցակիցների:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ