ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քաղաքական չոր հաշվարկի անակնկալները

Քաղաքական չոր հաշվարկի անակնկալները
02.02.2021 | 12:11

Փետրվարը Հայաստանի կյանքում միշտ է տարբերվել մյուս ամիսներից: Չհաշված առաջին հանրապետության փետրվարյան ապստամբությունը՝ ճակատագրական փետրվարների հիմքը դրվեց 1988-ին, 10 տարի հետո՝ 1998-ին երրորդ հանրապետության կյանքում ճակատագրական քայլ արեց հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ փետրվարի 3-ին հրաժարական տալով:


Չի բացառվում, որ երրորդ հանրապետության կյանքում ևս մեկ ճակատագրական որոշում կայացվի 2021-ի փետրվարին: Երբ արդեն ակնհայտ է, որ 17-1-ը ոչնչի չի հասնում և կամաց գլորվում է անօրինական դաշտ՝ տարատեսակ ապստամբությունների, սպանությունների և այլնի կոչերով, երբ ակնհայտ է, որ Վազգեն Մանուկյանը իբրև վարչապետի թեկնածու նույնիսկ 17-1-ում ընդունելի չէ, հակառակ պարագայում Ռոբերտ Քոչարյանը չէր հայտարարի, որ ինքը գնալու է արտահերթ ընտրության, երբ մյուս կուսակցությունները հրապարակավ հրաժարվում են արտահերթից, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել և իրենք չեն դարձել իշխանություն՝ ինչ-որ կերպ: Ճիշտ է՝ մի հարց կա՝ ո՞ր կուսակցության հետ, նախագահական համակարգը 2015-ին բարեհաջող վերացվեց, խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում կուսակցություններն են միմյանց հետ մրցում՝ ժողովրդի քվեն ստանալու համար, իսկ Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ կուսակցություն չստեղծեց՝ մի քանի անհաջող փորձերից հետո: Երկրորդ նախագահի հայտարարությունից հետո ամենայն հավանականությամբ 17-2 կլինի, և հեռացողը կլինի ԲՀԿ-ն: Հազիվ թե Գագիկ Ծառուկյանին պետք է ու հեռանկարային է խորհրդարանական ընտրություններում հաղթանակը, եթե, իհարկե, հաղթանակ լինի, Ռոբերտ Քոչարյանի հետ մի թիմում: Դա կուսակցության ընդհանրապես փոշիացում է դառնալու: Եվ այդ պարագայում, որքան էլ արտառոց ու անհավանական հնչի, հաշվի առնելով մի քանի ԲՀԿ-ականների ահեղադղորդ հայտարարությունները, ԲՀԿ-ն կարող է դաշինք կազմել ՔՊ-ի հետ: Եվ այդ դեպքում ՔՊ+ԲՀԿ-ի ձայները բավարարում են, որ խորհրդարանը ինքնալուծարվի՝ առանց վարչապետի հրաժարականի:


Որքան էլ անհավանական թվա Գագիկ Ծառուկյան+Նիկոլ Փաշինյան դաշինքը ոչ միայն գործող խորհրդարանում, այլև ապագա արտահերթ ընտրություններում, քաղաքական չոր հաշվարկը հուշում է, որ ձեռնտու է երկու կուսակցություններին էլ: Գագիկ Ծառուկյանը հանգիստ կարող է հայտարարել, որ ինքը միշտ ժողովրդի կողքին է, ու այս ծանր վիճակում էլ հանուն ժողովրդի, որ նոր ընտրություններ է ուզում, կանգնում է Նիկոլ Փաշինյանի կողքին, որ կատարվի ժողովրդի կամքը: Դա փայլուն արդարացում կլինի՝ ի վերջո ԲՀԿ-ն, ինչպես և ՀՅԴ-ն, կրում են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու պատասխանատվությունը: Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ Գագիկ Ծառուկյանն ու իր ԲՀԿ-ն պարզապես հեռանկար չունեն ապագա քաղաքական ասպարեզում, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հեռանկարը շատ ավելի խոստումնալից է: Շահում է նաև Նիկոլ Փաշինյանը՝ հնարավորություն ստանալով ՀՀ հպարտ քաղաքացիներին հպարտ ընտրության օրենսդրական շանս տալու՝ ո՞վ կարող է նրան մեղադրել, որ նորից ու նորից անտեսում է Սահմանադրությունը, եթե նրա հետ է խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ կուսակցությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գուցե ոմանք դեժավյուի զգացողություն ունենան՝ հիշելով 1998-ը և 1999-ի Աժ ընտրություններից առաջ «Միասնություն» դաշինքի ձևավորումը: Դա սոսկ ձևական, մեխանիկական նմանություն է, բովանդակային առումով Հայաստանում այլևս երբևէ չի լինելու «Միասնություն» դաշինքի նման որևէ դաշինք, որովհետև այլևս չկան Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի պես պետական-քաղաքական գործիչներ, որ ամեն ինչից բարձր դասում էին պետության շահը և չէին մտածում իրենց անձնական-կուսակցական շահերի մասին՝ որքան էլ տարօրինակ է:

Դիտվել է՝ 10802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ