ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եվրախորհրդարանը փաստեց՝ ԼՂ հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքն է

Եվրախորհրդարանը փաստեց՝ ԼՂ հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքն է
22.01.2021 | 16:22

Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույց-բանաձևերում ամրագրված են բազմաթիվ կարևոր դրույթներ, որոնք վերաբերում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային և Թուրքիայի ներգրավվածությանը, պատերազմական հանցագործություններին, ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հատկապես՝ հումանիտար հարցերի շուրջ՝ հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով երեկ Եվրոպական խորհրդարանի ընդունած «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։ Հայաստանն առանձնապես կարևորում է, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան՝ ասել է Աննա Նաղդալյանն՝ ընդգծելով՝ համակարծիք են Եվրախորհրդարանի կոչին, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որևէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով, և հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից:

Այդ համատեքստում հատկապես կարևոր է, որ Եվրոպական խորհրդարանը նաև դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը: Նաղդալյանն առանձնահատուկ ընդգծել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հումանիտար հարցերի, մասնավորապես՝ գերիների անհապաղ հայրենադարձման առնչությամբ:

«Արցախի ժողովրդի անվտանգության, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդիրները պատշաճ արտացոլվել են բանաձևում: Էական է նաև, որ Եվրախորհրդարանը հանդես եկավ առանց որևէ խոչընդոտների Արցախ հումանիտար աջակցություն ցուցաբերելու դիրքերից», - ասել է Նաղդալյանը։ Նրա փոխանցմամբ, Հայաստանը կարևորում է միջազգային հանրության ջանքերը՝ ի դեմս նման բանաձևերի՝ նպաստելու պատերազմի պատճառների և հետևանքների վերացմանը, որը, ըստ բանաձևի, ենթադրում է նաև «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական լուծումը և Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշումը համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա»:
Ինչպես մեկ անգամ ևս փաստվեց միջազգային այս հեղինակավոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, եզրափակել է ԱԳՆ խոսնակը:

Դիտվել է՝ 9455

Մեկնաբանություններ