ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Օրենքի սառեցումը դեռ մերժում չէ

Օրենքի սառեցումը դեռ մերժում չէ
29.01.2014 | 12:44

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումը ժամանակավորապես դադարեցվեց, բայց ասել, որ խնդիրը լուծված է, ճիշտ չէ:
Կան մարդիկ, որոնք հաղթանակ են տոնում` մտածելով, որ ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումը` սառեցնել օրենքը մինչև մարտի 28-ը, լուրջ քայլ է: Սակայն արդյո՞ք դա քաղաքական առումով ձեռքբերում է, կարծում ենք, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է: Եթե հարցը դիտարկենք միախմբվածության և խնդիրը ՍԴ հասցնելու տեսանկյունից, ապա կարելի է ասել, որ բողոքողները դրսևորեցին քաղաքացիական կամք և կարողացան խնդիրը մտցնել ՍԴ: Այլ կերպ ասած` այստեղ գործ ունենք քաղաքացիական հասարակության ձևավորման փաստի հետ: Իսկ եթե հարցը դիտարկենք իրավաբանական տեսանկյունից, ապա հաղթանակ տոնելը վաղ է:
Ի վերջո, ի՞նչ էր նշանակում ՍԴ-ի այս որոշումը: Միայն մեկ բան` ՍԴ-ն գործը կուսումնասիրի և որոշում կկայացնի: Գաղտնիք չէ, որ եթե ՍԴ-ում որևիցէ մի օրենք է քննարկվում, ապա տվյալ օրենքը չի կարող շրջանառության մեջ դրվել մինչև ՍԴ-ի որոշումը:
Ինչպիսի որոշում կընդունի ՍԴ-ն, սրան է սպասում բազմահազարանոց երիտասարդների բանակը: «Մենք շատ մարտական ենք տրամադրված և պայքարելու ենք մինչև վերջ», նշում էին ակտիվիստները:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, կարծում ենք, այսպիսի դժգոհության ալիք չէր առաջացնի, եթե չպարունակեր «պարտադիր» բաղադրիչը: Արդյո՞ք այս բաղադրիչը ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի: Սա արդեն մի քիչ լուրջ խնդիր է, քանի որ այն քաղաքական էլեմենտ է պարունակում: Գաղտնիք չէ, որ այդ բարեփոխման հայրը վարչապետ Տիգրան Սարգսյանն է, որն էլ ՍԴ-ի համար լուրջ ընտրության հարց է առաջացնում:
Կառավարությունը համոզված է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը բարենպաստ ազդեցություն է ունենալու հետագայում այսօրվա երիտասարդների բարեկեցիկ ծերությունը ապահովելու համար: Նույն այդ երիտասարդները աչքի առաջ ունենալով իրենց ծնողների խնայողությունների ճակատագիրը «Խնայբանկում»` համոզված են, որ իրենք էլ մնալու են «կոտրած տաշտակի» առջև:
Նկատենք, որ վերջիններիս մտավախությունը անհիմն չէ: Բացի դա, օրենքը պետք է երաշխավորի նաև կուտակային գումարը չկորցնելու կարևոր պայմանը: Ի դեպ, բողոքողներից շատերը, ուսումնասիրելով այլ երկրների փորձը, նշում են. «Շատ երկրներ հրաժարվել են այդ համակարգից, որովհետև այն իրեն չի արդարացրել»:
Եվ այսպես, իրենց մտավախություններով և մարտական տրամադրվածությամբ լեցուն այսօրվա երիտասարդությունը փորձում է իր իրավունքները պաշտպանել: Որքանով դա կհաջողվի և ի՞նչ որոշում կնդունի ՍԴ-ն, սա է խնդիրը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ