Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Կիևն ասիական Հռոմն է»

«Կիևն ասիական  Հռոմն է»
11.12.2012 | 00:08

Չէի ցանկանա թումանյանական Կիկոսին նմանվել, սակայն դեռևս վերացական, գուցե և առհասարակ անիրագործելի Եվրասիական միության շուրջ հայկական փորձագիտական ընկերակցության շրջանում ծավալված բանավեճը ստիպում է ուշադրության առնել այդ նախագծի համար մի շարք, հնարավոր է` ճակատագրական, հանգամանքներ։ Եթե Հայաստանի մասնակցության հարցը ռուսների համար միանգամայն լուծելի է, ավելին, այն հանգի՜ստ տեղավորվում է ռուս չինովնիկների տրամաբանության շրջանակներում` ճարնե՞րն ինչ, ապա ՈՒկրաինայի հետ կապված ինտեգրման գործընթացները ոչ միայն ծայրաստիճան կարևոր, այլև, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, չափազանց բարդ հարցեր են, որոնք առանձնահատուկ ջանքեր ու միջոցներ են պահանջում։ Եվ որոնք առայժմ ռացիոնալ և գործուն պատասխաններ չեն գտնում։
Մինչդեռ պուտինյան «մեծ նախագծից» շատ առաջ արդի աշխարհաքաղաքականության գլխավոր մարգարեներից մեկը` Զբիգնև Բժեզինսկին, գրել է, որ «ՈՒկրաինա անկախ պետության ի հայտ գալը 20-րդ դարի Եվրոպայում առավել նշանակալի երևույթներից մեկն է»։ Առանց ՈՒկրաինայի Ռուսաստանն արդեն ոչ թե եվրասիական կայսրություն է, այլ «եվրասիական մերժյալ», այսինքն` իրականում նա արդեն չի պատկանում ո՛չ Եվրոպային, ո՛չ Ասիային և հարկադրված է լինելու կռիվների մեջ մտնել «մերձավոր արտասահմանի» երկրների հետ։ Առանց ՈՒկրաինայի Ռուսաստանը դեռ կարող է պայքարել կայսերապետական կարգավիճակի համար, բայց այդ դեպքում նա հիմնականում դառնում է ասիական կայսերապետություն և, ամենայն հավանականությամբ, կներքաշվի գլուխ բարձրացնող Կենտրոնական Ասիայի հետ հյուծիչ հակամարտությունների մեջ, որն աջակցություն կստանա բարեկամական իսլամական պետությունների կողմից։
Հատկանշական է, որ «Ռուսաստանի անհաշտ թշնամու» պնդումներին, փաստորեն, համահունչ են խոսում ռուս վեհապետամոլները` «Խորհրդային կայսրության» համար աղի արցունք թափող Ալեքսանդր Պրոխանովից (որն առաջ է քաշում «Կիևն ասիական Հռոմն է» գաղափարը) մինչև կրեմլյան քարոզիչ Միխայիլ Լեոնտևը, որը հայտարարել է, թե «Եվրասիական ինտեգրացիան առանց ՈՒկրաինայի ոչինչ է, բայց առանց դրա գոյատևելու հնար չկա»։ Շատ ինքնատիպ ու նշանակալի են նեոեվրասիականության գաղափարախոսներից մեկի` Վասիլի Գոռնիի «կիևակենտրոն» առաջարկությունները։ Նա գրում է. «Կիևակենտրոնությունը պետք է պաշտպանել հնարավոր բոլոր միջոցներով։ ՈՒզենք, թե ոչ, բայց Կիևը հրամայաբար հատուկ կարգավիճակ է պահանջում` քաղաքակրթական կարգավիճակ։ Առանց Կիևի մենք չենք կարող ստեղծել նպաստավոր և առինքնող գաղափարական-տեղեկատվական տարածություն և հարազատ աշխարհայեցողություն»։
Իհարկե, այս կարևոր թեման անուշադրության չի մատնում նաև եվրասիականության գլխավոր գաղափարաբան Ալեքսանդր Դուգինը։ Ընդ որում, նա առանց երկար-բարակ մտածելու, միամտորեն թե չարամտորեն, ասում է այն ճշմարտությունը, ինչի մասին չի խոսում Կրեմլի «տերը»։ «Ճակատամարտ ՈՒկրաինայի համար» խորհրդանշական վերնագրով մի ընդարձակ հոդվածում նա նշում է. «Որպեսզի Եվրասիական միությունը դառնա իրոք հզոր համաշխարհային բևեռ, ՈՒկրաինան անպայման պիտի մաս կազմի դրան»։ Սակայն, այս առումով, նա իրական խնդիր է ներկայացնում։ Ընդ որում, ինչպես պնդում է գաղափարախոսը, այդ խնդիրը «չի կարելի վերագրել միայն ուկրաինական քաղաքական վերնախավի կամակորությանը, անսկզբունքայնությանն ու ծախվածությանը»։ Սխալ է նաև ամեն ինչ ուկրաինական ազգայնականության առկայությանը կամ ազդեցության ամերիկյան ցանցերի աշխատանքին վերագրելը։ Ամեն ինչ շատ ավելի բարդ է։
Բանն այն է, որ այնտեղ պատմականորեն ձևավորվել է «երկնկարագիր» հասարակություն, ուր կա էական «արևմտամոլ» բաղադրամաս, որը համառորեն և հետևողականորեն ՈՒկրաինան համարում է եվրոպական քաղաքակրթության մաս և Ռուսաստանի հետ ցանկացած մերձեցում դիտում է իբրև «ՈՒկրաինայի նոր ստրկացում` «մոսկալների» կրնկի տակ»։ Եվ կա ռուսական «ինտեգրման քարտեզ»` երկրի արևելյան մասը։ Ընդ որում, դա կայուն միտում է և ոչ թե մակերեսային քարոզչության հետևանք։ Դուգինը վստահ է, որ Մոսկվան չի կարող հենց այնպես վերցնել և ՈՒկրաինան ջնջել ինտեգրման նախագծից` կասկածի տակ դնելով Եվրասիական միության կառուցման ամբողջ գործընթացը։ Այնպես որ, հարկավոր է, ինչպես նա է պնդում, այսպես թե այնպես հանգուցալուծել ուկրաինական խնդիրը ու, «ելնելով միջազգային հարաբերություններում իրատեսության դիրքերից, կարելի է իրերն իրենց անուններով կոչել և ուրվագծել մի քանի սցենար` այնքան էլ չպահպանելով դիվանագիտական կոռեկտության կանոններն ու նորմերը»։ Ահա այսպես ճակատային, առանց շփոթմունքի ստվերի, մարտականորեն։ Ապա «եվրասիացին» պատկերում է մի քանի, իր կարծիքով, գործուն հնարք, որոնցից երկուսն առավել կարևոր են թվում։
Առաջին սցենար. ՈՒկրաինան բաժանվում է երկու մասի` արևմտյան և հարավարևելյան։ Այս դեպքում հարավարևելյան գոտին բնականորեն ինտեգրվում է Եվրասիական միությանը, ու խնդիրը լուծվում է։ Եվ Դուգինը հարց է տալիս. «Ռուսաստանը լծակներ ունի՞ գործերի նման շրջադարձին նպաստելու համար», և ինքն էլ պատասխանում է. «ՈՒնի, իսկ անհրաժեշտության դեպքում լրացուցիչները կստեղծվեն։ Եթե եվրասիական ինտեգրմանը վերաբերվելու լինենք լիակատար պատասխանատվությամբ, ապա նման սցենարը բացառել չի կարելի»։ Ճիշտ է, այդ «պատասխանատու ռազմավարը» չի հիշատակում, թե Ռուսաստանի բնակչությունը կցանկանա՞, արդյոք, մասնակցել այդ դեպքում անխուսափելի քաղաքացիական պատերազմին։
Երկրորդ սցենար. Սա բարդ խաղ է ՈՒկրաինայի իրատես ղեկավարության հետ, որի նպատակն է նրան համոզել հանգամանքների ճնշմամբ կամ հաշվի առնելով լուրջ ու շոշափելի քաղաքական, տնտեսական և էներգետիկ շահը, ընդունել ինտեգրման նախագիծը։ Այս սցենարը կարող էր անարյուն լինել, բայց դրա հավանականության աստիճանը կմեծանար այն դեպքում, եթե ՈՒկրաինան շատ լուրջ սոցիալ-տնտեսական դժվարությունների առջև կանգներ։ Կիևն այսպիսի վիճակի մեջ կհայտնվի, երբ, բացի Եվրասիական միությանն ինտեգրվելուց, ուրիշ ոչ մի ելք արդեն չունենա։ Այստեղ էլ Դուգինը մոռացել է ճշտել, որ իր այդ սցենարը բառացի կրկնում է արևմտյան որոշ փորձագետների առաջարկությունները, որոնց նպատակը «եղբայր ժողովուրդների» հարաբերությունների խզումն է։
Ճիշտ է, Կրեմլում այնքան էլ անկեղծ ու արյան ծարավի չեն, բայց «պատճառաբանված հիմք» այնտեղ էլ են ստեղծում։ Բայց բուն ՈՒկրաինայում վերացական Եվրասիական միության հարցն այնքան էլ ակտիվ չեն քննարկում, այնտեղ զբաղված են ավելի առարկայական հարցերով։ Այսինքն, երկիրն ընդգրկվի՞ Մաքսային միության մեջ, թե՞ ոչ։ Նկատենք, որ «ռուսասեր Յանուկովիչի» իշխանության գալուց հետո ՈՒկրաինան փոխեց եվրաինտեգրման նախկին կուրսը, ավելին, չնայած բոլոր դժվարություններին, այնուամենայնիվ, առաջ է մղում երկրում եվրոպական տնտեսական գոտիների ստեղծման գաղափարը։ Հիմա Մոսկվան Կիևին առաջարկում է մտնել Մաքսային միության մեջ, խոստանալով փոխարենը և՛ արտոնյալ գներով էներգակիրներ, և՛ այլ բարիքներ։ Ի պատասխան ՈՒկրաինայի ղեկավարությունը հայտարարում է, որ նախկին խորհրդային տարածությունում ինտեգրման գործընթացներին ՈՒկրաինայի մասնակցության համար հարկավոր է փոխել երկրի սահմանադրությունը, և առաջարկում է Մաքսային միության հետ համագործակցել «երեք գումարած մեկ» ձևաչափով, ինչը Կրեմլի համար ամենևին ընդունելի չէ։ Եվ, ասես վարչապետ Ազարովի Մոսկվա կատարելիք այցի նախօրեին Կրեմլին վերջնականորեն կատաղեցնելու համար, նրա տեղակալ Խորոշկովսկին ուղղակի ասաց, որ ՈՒկրաինայի անդամակցությունը Մաքսային միությանն անօրինական է։ Ինչպես նշում են լրատվամիջոցները, նա, իհարկե, չէր կարող այդ բանն անել առանց Յանուկովիչի գիտության, առավել ևս, որ երկրի տնտեսությունը, կարծես, հենց նրան է փոխանցվելու վարչապետի հեռանալուց հետո։
Համապատասխանաբար, թեև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարում է, թե «Մաքսային միությունը չի կարող գնել ՈՒկրաինայի բարեհաճությունը», ռուսները, ինչպես միշտ, սկսել են կիրառել մի շարք «կամավոր-հարկադրական» մեթոդներ։ «Գլխավոր սանիտար» Օնիշչենկոյին, որը մի գլուխ արգելքներ է դնում մթերքների վրա, օրերս միացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը հետաքննություն է սկսում ուկրաինական ճենապակու, հախճապակու և սպասքի դեմ։ Հասկանալի է, պարոնայք, պատերազմն իր կանոններն ունի, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, և պետք չէ համը հանել։ ՈՒկրաինան, իր հերթին, ոչ հաճախ, բայց կոշտ ու ցավագին պատասխան է տալիս այդ «եղբայրական» վերաբերմունքին։ Այսպես, Սևաստոպոլի մաքսատունը վերջերս կալանք էր դրել ՌԴ սևծովյան նավատորմի համար նախատեսված 14 հազար տոննա դիզվառելիքի վրա, պատճառը` ՌԴ ՊՆ-ն հրաժարվել էր վճարելուց ներմուծման տուրքը։ Իսկ պետական մաքսային ծառայությունը հայտարարել էր. «Ո՛չ ՈՒկրաինայի օրենսդրությամբ, ո՛չ միջազգային պայմանագրերով արտոնություններ նախատեսված չեն Ռուսաստանի զորակազմավորումների հասցեով ստացվող ապրանքների հարկման առնչությամբ»։ Այնպես որ, թեև ՌԴ արտգործնախարարությունում համարում են, թե «ՈՒկրաինայի գործողությունները չեն համապատասխանում երկու երկրների ռազմավարական գործընկերության ոգուն», հարկերը, ուզես-չուզես, պետք է վճարել։
Եվ իհարկե, «հարվածի գլխավոր ուղղությունը», ավանդաբար, դարձավ էներգետիկան։ «Գազային պատերազմները» Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև հին բան են, շարունակական։ Ավելին, դրանցում միշտ չէ, որ հասկանալի է, թե որտեղ են ավարտվում «Գազարդի» դրամական շահերը և սկսվում պետության շահերը։ Առաջ դրանք մղվում էին ՈՒկրաինայի գազամայրուղիները և էներգետիկ մյուս օբյեկտներն իրենց հսկողության տակ առնելու ռուսների ցանկության պատճառով։ Սակայն այն բանից հետո, երբ ուկրաինական Ռադան դրանք «ազգային սեփականություն» հայտարարեց, իսկ կառավարությունը կտրականապես մերժեց Մոսկվայի բոլոր առաջարկությունները, մեջտեղ եկավ Մաքսային միությունը։ Գազի գները բազմապատկվեցին, սկսեցին պատժամիջոցների սպառնալիքներ տեղալ Տիմոշենկոյի կառավարության կողմից պայմանագրերի չկատարման առթիվ։ Իսկ վերջերս էլ «Գազարդի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարեց Բելառուսով ռուսական գազի տարանցման ծավալները հետագայում 30 տոկոսով (մոտ 15 մլրդ խմ) ավելացնելու, բելառուսական խողովակներն արդիականացնելու, ինչպես նաև բնական գազի ստորգետնյա պահեստարանների տարողությունը մեծացնելու մտադրության մասին։ Իհարկե, այս ամենն արվում է ի հեճուկս անհնազանդ ՈՒկրաինայի։
Բայց համառ ուկրաինացիները չընկճվեցին և սկսեցին կրճատել ռուսական գազի գնումները. 2011 թ. նվազեցին դրանց ծավալները, հասնելով 40 մլրդ խմ-ի, այս տարի արդեն իջան 27 մլրդ-ի, իսկ եկող տարվա համար նախատեսվում է գնել ընդամենը 20 մլրդ խմ գազ։ Իսկ Յանուկովիչը նույնիսկ խոսում է մինչև 18 մլրդ-ի իջեցնելու մասին։ Այստեղ հարց է ծագում` ի՞նչ ռեսուրսների հաշվին է դա հնարավոր դառնում։ Դեր են խաղում անցումն ածխին, ինչպես նաև թերթաքարերի ու ծովի առափնյա գոտու շահագործումը։ Բացի այդ, ավելի անկախ դառնալու համար ՈՒկրաինան հիմա շեշտը դնում է այլ երկրներից գազի ներմուծման վրա։ Այսպես, նոյեմբերի սկզբից ուկրաինական գազամուղ համակարգի մի մասն աշխատում է ռևերսի (դարձափոխման) ռեժիմով, ինչը հնարավորություն է տալիս գազն ստանալ ոչ թե Արևելքից, այլ Արևմուտքից, որի մատակարարը գերմանական մի կոնցեռն է։ Այդ գազը ռուսականից 100 դոլարով էժան է։ Գալիք տարի այդ մատակարարումների ծավալը կարող է կազմել 5 մլրդ խմ, այսինքն, երկրի գազի պահանջարկի մեկ հինգերորդ մասը։ Բացի այդ, Կիևը մտադիր է օգտագործել ԱՄՆ-ում տեղի ունեցող «թերթաքարային հեղափոխության» պատճառով համաշխարհային շուկաներում հեղուկ գազի ավելցուկի առաջացման հանգամանքը։ Նա մտադիր է գազի առաջին ծավալներն ստանալ 2015-ին` Կատարից, որը հեղուկ գազի խոշորագույն արտահանողներից մեկն է աշխարհում։ Ինչպես հայտարարել է Յանուկովիչը, այդ երկրում ուկրաինական ներդրումային ծրագրերի շնորհանդեսի ժամանակ, դրա համար ծրագրվում է կառուցել կուտակարան։ Նախագծի հաջող իրականացումը թույլ կտա տարեկան ստանալ մինչև 10 մլրդ խմ գազ` ինչպես ՈՒկրաինայի կարիքների համար, այնպես էլ եվրոպական այլ երկրներ արտահանելու նպատակով։ Պարզվում է, Կատարի գազը, ճանապարհածախսով հանդերձ, եռապատիկ էժան է «Գազարդի» «ապրանքից», ու, բնականաբար, ՈՒկրաինային այդ տարբերակն ավելի քան ձեռնտու է։ Առավել ևս, որ Պարսից ծոցում միշտ էլ ցորենի մեծ պահանջարկ կա, իսկ ՈՒկրաինան այդ մթերքի հիմնական արտահանողներից է, և հացահատիկը սակարկության առանցքային տարրերից մեկը կլինի։
Այսպիսով, թեև «ՈՒկրաինայի համար ճակատամարտը» շատ թեժ է, և վերջն էլ չի երևում, այդուամենայնիվ, արդեն կարելի է որոշակի հետևություններ անել։ Կրեմլը մարտական էքստազի մեջ է և, կարծես, լրիվ մոռանում է, որ, հարվածներ հասցնելով «էներգետիկ զենքով», ինքը խփում է ոչ միայն իշխանություններին, այլև ժողովրդին, այդ թվում` ռուսամետ տրամադրվածությամբ։ ՈՒ երբ իրական սպառնալիք կա մնալու առանց լույսի ու ջեռուցման, զայրույթ է առաջացնում ոչ միայն «հարազատ կառավարությունը», այլև նա, ով ոլորում է նրա ձեռքերը։ Հավանաբար պատահական չէ, որ Ռուսաստանի հանդեպ «լավ վերաբերմունքի» մակարդակն ուկրաինացիների շրջանում նվազել է, ճիշտ է, ոչ այնքան շատ, ընդամենը երեք տոկոսով, բայց այդ միտումը կայուն է։ Իսկ ընդհանուր առմամբ, միավորման կողմնակիցներն ավելի շատ են Ռուսաստանում (20 տոկոս), քան ՈՒկրաինայում (14 տոկոս)։
Այնպես որ, թեև Ռուսաստանն ամեն ջանք գործադրում է «ռուսական տարածքների» ընդլայնման ու ժողովման համար, առայժմ դա նրան շատ մեծ դժվարությամբ է հաջողվում, ու ամենևին պարզ չէ` կհաջողվի՞ ապագայում իրականություն դարձնել Եվրասիական միության մասին երազանքները, թե՞ ոչ։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ