ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Եվրաքվեն» ոչ թե Եվրոպա, այլ Ադրբեջան ու Թուրքիա տանող ստորագրահավաք է

«Եվրաքվեն» ոչ թե Եվրոպա, այլ Ադրբեջան ու Թուրքիա տանող ստորագրահավաք է
10.10.2024 | 11:21

Վերջին օրերին ինձ հաճախ են հարցնում՝ ստորագրե՞լ, այսպես կոչված, «Եվրաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին, թե՞ ոչ։ Նախ՝ մի քանի նկատառում:

1․ Դեպի Եվրոպա ձգտող այդ անհասկանալի նախաձեռնության հեղինակներն այնքան երևակայություն ու խելամտություն չեն ունեցել, որ չգողանան «Հայաքվե»-ի անվան գաղափարը։ Այդ տրամաբանությամբ Նիկոլն էլ վաղը ստորագրահավաք կկազմակերպի թուրքերի հետ բարեկամության և վիլայեթ դառնալու համար՝ անունը դնելով թուրքաքվե:

2․«Եվրաքվե» նախաձեռնության հեղինակները մարդկանց խաբում են, որ եթե ստորագրեք, շուտով կդառնանք ԵՄ անդամ։ Սուտ է։ Դա շարքային կեղծիք է, քանի որ Եվրոպական միության անդամ դառնալու համար պետք է ոչ միայն տվյալ պետության կառավարության ցանկությունն ու ձգտումը, այլև ԵՄ անդամ դառնալը երկարատև գործընթաց է, ինչը կախված է թեկնածու երկրի տարիների համառ ջանքերից, օրենսդրական ու իրավական, քաղաքական ու տնտեսական բարեփոխումներից, իսկ որ ավելի կարևոր է՝ ԵՄ մի քանի խոշոր երկրների հետ հարաբերություններից։

3․ Նույնիսկ, եթե մենք 2,5 մլն ստորագրությամբ հայտարարենք, թե ուզում ենք դառնալ ԵՄ անդամ, հարց է՝ որևէ մեկը այնտեղ մեզ սպասո՞ւմ է։ Թուրքիան արդեն մի քանի տասնամյակ թեկնածու է ԵՄ անդամության, բայց չի կարողանում մտնել, Վրաստանը քանի անգամ փորձել է, բայց նրան էլ եվրոպացիներն ուղարկել են․․․ չգիտեմ ուր։ Ինչո՞ւ պիտի Հայաստանի ցանկությունը առաջնահերթության կարգով ընդունվի ու բավարարվի։ Հեքիաթ է, էժան հեքիաթ։

ԵՄ անդամ դառնում են՝ բացառապես Եվրոպայի քաղաքական շահերից ելնելով։ Հայաստանը չի համապատասխանում Եվրոպայի քաղաքական շահերին։

Սիրելի հայրենակիցներ, այդ դեպքում ձեզ մոտ հարց կառաջանա, թե ինչու՞ են այս խեղկատակությունն անում Եվրոպայի բուռն սիրով տառապող մի քանի արբանյակ կուսակցություններ։

Սրա հետևում կանգնած է էժան քաղաքական առևտուր։

Նախ՝ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե հայ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է դեպի Եվրոպա, հետևաբար, պետք է ռուսական ներկայությունը այստեղ բացառել ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ու մշակութային առումով։ Սա՝ մեկ։

Երկրորդը, իմ կարծիքով, Նիկոլն ուզում է Եվրոպայի սիրուհիների միջոցով կազմակերպել հանրաքվե, որի հետ միաժամանակ կդրվեն քվեարկության նաև սահմանադրական փոփոխությունները։ Ըստ Նիկոլի՝ հնարավոր կլինի մարդկանց ուշադրությունը շեղել դեպի Եվրոպա գունավոր հեքիաթներով ու անցկացնել նաև Ադրբեջանի ուզած Սահմանադրության փոփոխությունը՝ ջնջելով ինչպես Անկախության հռչակագիրը, այնպես էլ բազմաթիվ այլ ազգային ուղենիշներ։

Հետևաբար՝ մի ստորագրեք «Եվրաքվե» կոչվող այդ նախաձեռնության տակ՝ լավ իմանալով, որ դա ոչ թե Եվրոպա, այլ Ադրբեջան ու Թուրքիա տանող ստորագրահավաք է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ