ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կամավորը. բառ, որ մի ամբողջ արժեհամակարգ էր հերոս Հարություն Անդրեասյանի համար

Կամավորը. բառ, որ մի ամբողջ արժեհամակարգ էր հերոս Հարություն Անդրեասյանի համար
11.07.2023 | 08:17

Ընտանիք, հայրենիք, ծնող և ընկերություն. սրանք կարևորագույն արժեքներ էին, որ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ կյանքում երբեք չփոխարինեցին իրար, այլ նրա համար միշտ մնացին համահավասար հարթության վրա` որպես անխախտ սկզբունքներ։ Այսպիսին էր Հարություն Անդրեասյանը, ով իր ծննդվայրի բնակիչների ու ընկերների համար պարզապես Հարութն էր` անմիջական, մարդկային, զերծ բոլոր պաշտոնականություններից ու ձևականություններից։ Որովհետև նա ամեն ինչում պարզությունն էր սիրում և հենց այդպես էլ կառուցում էր բոլոր մարդկային փոխհարաբերությունները։

Եվ եթե հարկ էր լինում, հայտնվում էր ամեն տեղ, ուր որևէ մեկին օգտակար լինելու, մարդու պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու խնդիր կար։

Եվ հաղթողը միշտ Հարությունի տեսակն էր, որ միշտ հատուկ է եղել իսկական հայ տղային, հայ մարդուն, որի հավաքական կերպարին մենք ծանոթ ենք պատմության էջերից։ Նա այսպիսին է եղել կյանքում և այդպիսին էլ իր տեսակը հաստատեց մարտի դաշտում։

Սա է հերոսի կերպարը, նրա դիմանկարը, որն ուրվագծվում է նրա ընկերների, հայրենի ծննդավայրի մարդկանց ու հարազատների հետ զրույցներում։

Եվ երբ փորձեք հերոսի մոր` տիկին Սոնիկ Անդրեասյանի հետ զրուցել որդու կերպարի մասին, նրա վշտաբեկ աչքերում կտեսնեք, ասես, ծվարած շողարձակող մի ժպիտ, որովհետև Հարությունը պայծառ մարդ է եղել, և հնարավոր չէ նրան այդպիսին չհիշել։ Անգամ պատերազմի դաշտից էլ միշտ կատակել է։

Հարություն Անդրեասյանն իր պարտքը Հայրենիքին վաղուց էր տվել։ Պարտադիր զինվորական ծառայությունը ևս Արցախում էր անցել։

2020 թվականին, երբ թշնամին լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի ու Հայաստանի դեմ, Հարություն Անդրեասյանը իր տեղն ու դերը տեսավ առաջնագծում։

Եվ եթե նա որոշել էր, ոչ ոք ու ոչինչ չէր կարող նրան կանգնեցնել։

-Այնտեղ ինձանից փոքր տղաներն են կռվում, ես նրանց մենակ չեմ թողնի,-ասել էր ու անմիջապես մեկնել մարտի դաշտ:

Մեր ազգի պայքարի լուսամատյանում գրվեց ևս մի անուն` Հարություն Անդրեասյան։

Նա ծնվել էր 1990 թվականի հունվարի 16-ին` Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում։

1996 թվականին հաճախել է Առատաշենի միջնակարգ դպրոցը։ Հարությունն իր պահվածքով իր համեստությամբ ու բարությամբ հարգված ու սիրված էր ուսուցիչների և դպրոցի տնօրինության կողմից։ Աշխատասեր էր, հասնող, մարդկանց գնահատող, մեծերին հարգող։

Հետո նրա այս հատկանիշները պիտի դրսևորվեին զինվորական ծառայության ժամանակ։

2008-2010 թթ. ծառայել է հայոց Արցախում` Եղնիկներում։ Այստեղ էլ վայելել է ծառայակից ընկերների ու հրամանատարների հարգանքն ու սերը։

2016 թվականին` Ապրիլյան պատերազմի ժամանակ, ևս Հարությունը կամավոր էր։ Եվ այս բառը նրա համար մի ամբողջ արժեհամակարգ էր։ Մասնակից էր եղել ծանր մարտերի ու

ողջ- առողջ վերադարձել էր տուն։

Երբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը, Հարություն Անդրեասյանն առանց երկմտելու առաջին օրից եղավ դիրքերում։ Նա փայլուն էր կատարել իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները։

Հոկտեմբերի 26-ին հերթափոխ է եղել, եկել է տուն։

Նոյեմբերի 26- ին կրկին բարձրացել է դիրքեր` Հին Թաղեր Խծաբերդ։ Տանից գնալուց առաջ ասել էր.

-Գնում եմ 5 օրով...

Սակայն այդ 5 օրը դարձավ նրա անմահության ճանապարհը։

Հարությունն Արցախի Հին Թաղեր Խծաբերդի գյուղերի պաշտպանության ժամանակ ընկավ հերոսաբար:

Արցախը կորցնելուց և նոյեմբերի 9-ի հայադավ փաստաթղթի ստորագրումից գրեթե մեկ ամիս անց` 2020 թվականի դեկտեմբերի 12-ին, անմահացավ Խծաբերդի հերոսը:

Հարություն Անդրեասյանը հետմահու արժանացել է Արիության համար մեդալի։

Սակայն մենք պիտի բոլորին հիշենք անուն առ անուն, որ որպես ազգ ինքներս մնանք այն արժեքների կրողները, որոնք չկորցնելու համար իրենց կյանքը տվեցին մեր հերոսները:

...Այսօր Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոսների մայրերի հետ միասին այցելեցինք Արմավիրի մարզի Առատաշեն գյուղ` հերոս Հարություն Անդրեասյանի շիրիմին։

Հերոսի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ հերոսամայր տիկին Գայանե Բաբայանն իր ղեկավարած «Հզոր մայրերի միության» անունից Հարություն Անդրեասյանի մայրիկին` տիկին Սոնիկին, հանձնեց մեդալ ու պատվոգիր` այն հավատով, որ պայքարելու ենք մեր անմահացած հերոսներին արժանի հայրենիք կառուցելու համար։

Չեմ կարող չխոսել նաև հերոս կամավոր Հարություն Անդրեասյանի քրոջ` Ռոմելա Սահակյանի մասին, ով պատերազմի առաջին օրից մինչ օրս չի դադարել լինել մեր բոլոր հերոսների ընտանիքների կողքին։ Լուսաբանել է բոլորին անխտիր` հաճախ նույնիսկ առանց ճանաչելու նրանց մայրերին ու քույերին։ Այդպես էր նաև իմ պարագայում, երբ լուսաբանել էր Արցախյան երրորդ պատերազմում անմահացած իմ Կոլյա եղբորը` քեռուս միակ զավակին և միայն հետո էի ճանաչելու Ռոմելային` նրա նվիրյալ տեսակը։

Մեր սիրելի Ռոմելա, մեր եղբայրները, այո, անմահ հերոսներ են։

Եվ մենք նրանց առաջ պարտք ունենք, իսկապես, արժանապատիվ, իր պատմական Դատի պայքարը մինչև վերջ տանող երկիր։

Ուրիշ ճանապարհ չունենք:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5379

Մեկնաբանություններ