ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» խումբը պահանջագիր է ներկայացրել

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» խումբը պահանջագիր է ներկայացրել
10.09.2013 | 14:47

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման նախաձեռնող խումբը տարածել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետ Երվանդ Զախարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին ուղղաված նամակ-պահանջագիր, որտեղ, մասնավորապես, ասված է. «Բոլորիդ քաջ հայտնի է, որ 2013 թ. հունվարի 1-ից ցայսօր հանրապետության բոլոր լրատվամիջոցներով ու նաև Ձեզ հասցեագրված բազմաթիվ նամակ-ուղերձներով իրազեկվել ու բողոքարկվել է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող և հանրապետական հուշարձանների շարքում դասվող Փակ շուկան սեփականատիրոջ կողմից բարբարոսաբար վնասելու մասին: Ձեզ հայտնի է նաեւ, որ Փակ շուկայի սեփականատերը երկու անգամ տուգանվելուց հետո անգամ չի անսացել պետական ատյանների հրահանգներին ու ոչ միայն համառորեն շարունակել է ապօրինի վերակառուցումը, այլև հայտարարել, որ սույն թվականի սեպտեմբերի կեսին ամենայն շուքով ու հանդիսությամբ կազմակերպելու է ապօրինի շինությունը շահագործման հանձնելու արարողությունը:

Փաստորեն, ձեր աչքի առաջ տեղի է ունենում հանրապետական հուշարձանը դիտավորյալ կերպով վնասելու հրապարակային գործողություն, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածով նախատեսված հանցագործություն է, մինչդեռ դուք անգործության եք մատնվել և ըստ էության նպաստում եք այդ հանցագործությունը ավարտին հասցնելու գործին` վերածվելով հանցակիցների»:

Նամակագիրներն ակնկալում են պատասխաններ ստանալ հետևյալ հարցերին.

1. Ինչո՞ւ կրկնակի տուգանքից հետո անգամ չկանխվեց հանրապետական հուշարձան Փակ շուկայի ապօրինի վերակառուցումն ու վնասումը:

2. Ինչու մինչ օրս քայլեր չեն ձեռնարկվում հանրապետական հուշարձանը վնասելու ձևով քրեական հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

3. Ի՞նչ իրավական հիմքերի վրա է Փակ շուկայի կառուցապատողին իրավունք վերապահվելու շահագործման հանձնել իր անշարժ գույքը հանրային սպասարկման նպատակով, եթե այն հիմնովին վերակառուցվել է առանց սահմանված կարգով համաձայնեցված ու հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի, առանց շինթույլտվության. առանց շինարարության որակի տեխնիկական ու հեղինակային վերահսկողության ապահովման:

4. Պետական լիազոր մարմինների ո՞ր պաշտոնյաներն են, որ պետք է վավերացնեն ապօրինի վերակառույցի շինարարության ավարտական ակտը, եթե առկա չեն շինթույլտվության հիմքերը:

5. Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրը փաստագրի ու օրինականացնի այլակերպված պատմամշակութային հուշարձանը առանց վերակառուցումը փաստարկող ավարտական ակտի:

6. Եվ, վերջապես, գիտակցո՞ւմ են արդյոք Փակ շուկայի բարբարոսության գործառույթում ներգրավված ու դեռ ներգրավվող պաշտոնյաները, որ այս ամենը չի մոռացվելու, ու վաղ թե ուշ նրանք բոլորը հայտնվելու են արդարադատության առջև՝ հատուցելու համար ազգային մշակույթին հասցված նյութական ու բարոյական վնասը:

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ