ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պապ թագավորի արձանը` որպես Հանրապետության հրապարակի խորհրդանիշ

Պապ թագավորի արձանը` որպես Հանրապետության հրապարակի խորհրդանիշ
02.06.2013 | 16:08

Երևանի Հանրապետության հրապարակում փոփոխություններ կատարելու մասին ազգագրագետ, Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս հայտարարությունը առաջնային մտահոգություն է առաջացնում ԱԳՆ շենքի հետագա՝ հանրությանն անհայտ հնարավոր ծրագրերի հեռանկարում: Հավանաբար, այդ շենքի ներկայիս տերերին խիստ անհրաժեշտ է Հանրապետության հրապարակի մի փոփոխություն, որը նախապես ծրագրավորված է այդ շենքի համար արդեն իսկ նախատեսված ֆունկցիոնալ փոփոխության հեռանկարում»:
Ավելի վաղ քաղաքապետարանի հայտարարած մրցույթի առնչությամբ կայքերից մեկում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամ, Երևանի ավագանու հանրապետական անդամ Հրաչ Պողոսյանն ասել էր, թե չի հասկանում ինչի համար է իրարանցումը. «Եթե որևէ մեկը կասի, թե այնտեղ պետք չէ որևէ բան անել, կարող ա հենց դա էլ որոշվի… Կարող ա որոշեն, որ ոչ մի բան էլ պետք չի քանդել, շատ լավ սիլուետ ա, կարող ա ` հակառակը, կարող ա որոշեն` ներկենք «ռոզվի» գույն»: Այսինքն, Հրաչ Պողոսյանի ասածից հետևում է, որ դեռ պետք է հարցը քննարկել, ու ջուրը չտեսած չարժե բոբիկանալ, բայց խնդիրը առնչվում է Հայստանի մայրաքաղաքի գլխավոր հրապարակին, և մտահոգությունները հենց այդ դաշտից են: Ասենք, որ սկսված հանրային քննարկումները դեռևս տարերային բնույթ են կրում, և, մասնավորապես, տեղի են ունենում սոցցանցերում: Մարդիկ հրապարակը որևէ ձևափոխության ենթարկելու դեմ են արտահայտվում, նկատի ունենալով որոշ նախադեպեր, երբ քանդվել է պատմաճարտարապետական ու քաղաքաշինական նշանակության որևէ կառույց, ու տեղը կառուցվել անճաշակ «էլիտար»:
Հանրապետության հրապարակից ժամանակին Լենինի արձանը հեռացնելուց հետո տեղը որևէ կառույցով չի «լցվել», ըստ երևույթին, հարմար տարբերակ չունենալու պատճառով: Հրանուշ Խառատյանն իր գրառման մեջ այդ առումով կոնկրետ առաջարկություն է անում. «Ես կառաջարկեի Լենինի արձանի նախկին տեղում տեղադրել երիտասարդ տարիքում դավաճանաբար զոհված Պապ թագավորի արձանը, մի թագավոր, որ իր կարճատև թագավորության շրջանում ոչ միայն հաջողությամբ փորձեց վերականգնել Պարսկաստանի ու Հռոմի միջև մասնատվող Մեծ Հայքը, այլև դեռևս չորրորդ դարում փորձեց լայն բարեփոխումներ անել Հայաստանի ներքին հասարակական-քաղաքական կյանքում և, բախվելով Հայաստանի նախարարական կենտրոնախույս ծրագրերին ու տնտեսական-նյութական անհագուրդ ախորժակ ցուցաբերող Հայոց նորաբաց եկեղեցու անթաքույց նկրտումներին, փաստացի զոհվեց նրանց իսկ ձեռքով»: Ազգագրագետի կարծիքով`«Հռոմում (Արևմուտքում) պատանդի կարգավիճակով մեծացած, կրթված, առաջադեմ աշխարհիկ հայացքներով երիտասարդ Պապը իր հայրենիք Հայաստանի համար երազում էր միայն ու միայն ինքուրույնություն, հասարակական հստակ արժեհամակարգ, զորավոր բանակ, աշխատող հասարակություն, ներքին միասնականություն: … Եվս մի խորհրդանշական համեմատություն` Պապ թագավորն էր, որ Հայաստանին վերադարձրեց Արցախն ու Ուտիքը և Աղվանքի հետ վերականգնեց Կուր գետով սահմանը: Նրա կերպարը խորհրդանշորեն լավագույնս է համապատասխանում այսօրվա Հայաստանի իրողություններին»:
Հարցի կարևորությյունը չժխտող բազմաթիվ ճարտարապետներ մամուլում արդեն դեմ են արտահայտվել քաղաքապետարանի մտադրությանը, այդ թվում՝ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Թերևս, եթե միայն Լենինի արձանի տեղում տարիներ շարունակ բաց մնացած խնդիրն է օրակարգում, ինչպես Հրանուշ Խառատյանն է նշել, ավելի դյուրին է լուծելը` առանց խաթարելու հրապարակի թամանյանական ներդաշնակությունը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 6050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ