ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Դրուիդներ

Դրուիդներ
21.05.2013 | 17:25

Դրուիդներ (լատ. druides, druidae, druiades)` պատմական դարաշրջանի կելտական քրմերի հավաքական անվանումն է, որն ընդգծում է ծառերի հետ նրա կապը: Ըստ էության, դրուիդները «ծառագետներ» են: Կելտական դրուիդները բոլորից լավ էին ճանաչում անտառներն ու ծառերը:

Դրուիդները հայտնվել են նախապատմական անցյալում` այն ժամանակներում, երբ Եվրոպան բնակեցնում էին նախակելտերը: Մեր թվարկության առաջին հազարամյակի կեսերին դրուիդների վրա զգալի է եղել հունական ազդեցությունը: Մասնավորապես, որոշ գիտնականներ նմանություն են գտնում պյութագորասականների ու դրուիդների հայեցակարգերի միջև:
Դրուիդները միաժամանակ եղել են փիլիսոփաներ, մոգեր ու մարգարեներ: Ի սկզբանե դրուիդներ էին անվանում այն ճգնավորներին, ովքեր կոչված էին հոգ տանելու կելտական ցեղերի հոգևոր կյանքի մասին: Դրուիդներն ապրում էին անտառի ընծաներով ու համայնքների նվիրատվություններով:
Կելտական համայնքում կար գործունեության չորս հնարավոր տեսակ` ճգնավորներ, աշխատողներ, ռազմիկներ ու ստեղծագործողներ: Այդ բաժանումը համարվում էր գերագույն մտահղացման մարմնավորում, այս կամ այն խմբին պատկանելը որոշվում էր ամենավաղ տարիքից:
Դրուիդների գործունեության հիմնական ոլորտներն էին ծիսակատարությունների ու զոհաբերությունների տեսությունն ու պրակտիկան, ապագայի նախագուշակությունը, բժշկությունը, դիցաբանության, պատմության, աստվածաբանության ու ժողովրդական իմաստնությանն առնչվող ավանդությունների պահպանումը, առօրյա կյանքի կարգավորումը:
Կեսարը դրուիդների ուսմունքն անվանեց disciplina (կարգապահություն) բառով, ինչը խոսում է գիտելիքների կարգավորվածության, որոշակի ուսմունքի առկայության մասին: Հայտնի է, որ դրուիդների մոտ ընդունված չէր գրագրություն վարել, ուսմունքը փոխանցվում էր բերանից բերան, ինչն ուներ երկու բացատրություն. առաջին` քրմերը պաշտպանում էին սրբազան գիտելիքը խեղաթյուրումից, երկրորդ` հիշելն ամրացնում էր հիշողությունը:
Դրուիդների գործառույթներից մեկն էլ ազնվական երիտասարդության ուսուցանումն էր: Քրմերը սովորեցնում էին նշանավոր պատանիներին ապրել ու մահանալ զինվորների պես, թեպետ իրենք` դրուիդները, ներգրավված չէին զինվորական ծառայության մեջ, իրենց անվանում էին «գիտելիքների զինվորներ»: Դրուիդների ներքին կյանքը պատված է գաղտնիքով, ինչի արդյունքում նրանց շուրջ ձևավորվեց որոշակի ռոմանտիկ լուսապսակ: Հայտնի է միայն, որ նրանք հավատում էին հոգու անմահությանը:
Դրուիդները համարվում էին կելտական հասարակության հոգևոր էլիտան, ուստի նրանց մասին գիտելիքներն անհրաժեշտ են կելտական հասարակության մասին ամբողջական պատկերացում ունենալու համար:


Աննա ԻԵՐՈՒՍԱԼԻՄՍԿԱՅԱ

Դիտվել է՝ 8168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ