ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Լրագրությո՞ւն, թե՞ սուտ տեղեկություն

Լրագրությո՞ւն, թե՞ սուտ տեղեկություն
13.05.2013 | 19:36

Հայաստանի լրատվական դաշտում, ցավոք, որոշ լրագրողներ, առանց կարմրելու, լրագրությունը հոգեբանական առումով խառնում են աշխարհի «հնագույն» մասնագիտության հետ։ Ասվածի վառ օրինակներից մեկը վերջերս 27-ամյա օդաչու Դավիթ Հայրապետյանի` վաստակաշատ օդաչու, ՀՀ նախագահի օդանավի հրամանատար Գրիգորի Հայրապետյանի որդու մահվան շուրջ պտտվող սուտ լուրերն էին։

Համաձայն այդ ստի, Դավիթ Հայրապետյանն ամուսնացած էր և իր առաջնեկի ծննդյան առթիվ խմել է և հարբած վիճակում մեծ արագությամբ վարել մեքենան, ինչի պատճառով էլ մեքենան շրջվել է։ Սուտ-սուտ, բայց ա՞յդ աստիճանի սուտ և հանուն ինչի՞։ Նախ մենք անձամբ այցելեցինք Հայրապետյանների ընտանիքին. պարզվեց` երիտասարդ օդաչուն ամուսնացած չի եղել, բնականաբար, առաջնեկի հարց էլ չի կարող լինել։
Ցանկացած երկրում նման դեպքում տուժողի ընտանիքը կարող էր հանգիստ դատարանի միջոցով պատասխանատվության ենթարկել սուտ տեղեկություն տարածելու համար տվյալ լրագրողին կամ լրատվամիջոցին, բայց Հայաստանում, ցավոք, անամոթությունը լրատվական դաշտում սկսել է ընկալվել որպես խոսքի ազատություն։ Արդյոք ժամանակը չէ՞ այդ «ազատությունը» օրենսդրորեն կանխելու։
Գուցե մեր գործընկերներից շատերը զարմանան, թե ինչու ենք նման բան պահանջում` լինելով լրատվամիջոց։ Դա ունի մեկ բացատրություն` չի կարելի լրագրությունը խառնել ամենաթողության հետ։ Լրատվությունը կոչված է ձևավորելու հասարակական կարծիք և ոչ թե այն հիվանդացնելու։ Իրեն հարգող ցանկացած լրագրող և լրատվամիջոց, եթե չզլանա և իր խելքին մի քիչ զոռ տա, ապա ցանկացած երկրում սենսացիաներ կհայտնաբերի` ո՛չ ստի հենքի վրա։ Անգամ օլիգարխների և պետական պաշտոնյաների շուրջ հայտնվող ստահոդ բանահյուսությունները կփոխարինվեն փաստերով, ինչը շատ կարևոր է երկրի զարգացման համար։ Բայց թե այսօր ով քիչ թե շատ շարադրություն գրել գիտի, որոշում է դառնալ լրագրող և, մոռանալով լրագրողի բարձր պատասխանատվությունը հասարակության առջև, զոռ է տալիս ստահոդ պատմություններին։ Իսկ ժողովուրդը շատ լավ գիտի, որ ստի ոտքը կարճ է։ Բայց և այնպես, մինչև այդ սուտը հերքվում է, շատ մարդիկ դրա պատճառով տուժում են։ Իսկ ամենասարսափելին այն է, որ նման «լրագրողների» պատճառով արժեզրկվում է Հայաստանի լրատվության դերը ժողովրդի աչքում։ Արդյունքում` ինչպես ժողովուրդը չի վստահում իշխանություններին, այնպես էլ սկսում է չվստահել լրատվամիջոցներին։ Մեր այս խոսքը, իհարկե, չի վերաբերում լուրջ և իրենց հարգող լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնց դերն անգնահատելի է Հայաստանի լրատվական դաշտի կայացման և զարգացման գործում։


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2657

Մեկնաբանություններ