ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ճանաչիր բառը. Մեկ

Ճանաչիր բառը. Մեկ
01.02.2013 | 13:54

«Մեկ»-ը բոլոր բնական թվերից առաջինն է, ցույց է տալիս «մեկ» քանակությունը: Արդյո՞ք անհիշելի ժամանակներում առաջին հայ մարդը, որ հասկացավ, թե ինչ է մեկը, ասաց՝ մեկ, թե՞ ուրիշ բառ ասաց, որը հետագայում դարձավ մեկ: Պարզվում է՝ ամենաառաջին թվականը «մեկ»-ը չէր, այլ «մի»-ն: «Մի» նշանակել է և նշանակում է «մեկ»: Բայց լայն զարգացում է ստացել և այսօր նշանակում է «համանման, միատեսակ, միաբանված, այնպիսի»: Անորոշ դերանուն է, հոդ, գործածվում է նաև բայի ժխտական ձևերի հետ՝ ոչ մի (չշփոթել «մի՛» արգելական բառի հետ, որը կազմում է բայի հրամայական ձևերը՝ մի՛ գնա, մի՛ մնա և այլն):
Ներկայանում է տարբեր ձևերով. «մի», որից՝ միաբան, միամիտ, միագույն և այլն: Հետաքրքիր է, որ «միանալ» սկզբնապես նշանակել է «սրտում տպավորվել», հետագայում արդեն՝ «մեկ դառնալ, իրար հետ ձուլվել», փոխաբերական առումով՝ «համաձայնել, ամուսնական կապի մեջ մտնել»: Այսինքն՝ այսօրվա իմաստով միանալու համար անհրաժեշտ է միանալ նախնական իմաստով՝ սրտում տպավորվել: Ինչքա՜ն իմաստուն են մեր բառերը:
Հաջորդ ձևն է «մե», որը այն բարդությունների սկզբում է, որոնք բաղաձայնով են սկսվում: Առաջացել է հին «միա» ձևից: Գիտենք, որ ի ձայնավորը, միանալով ա-ի հետ, տալիս է ե (այգի + ա + կութ = այգեկութ, գարի + ա + հաց = գարեհաց): Այսպես է կազմված, օրինակ, մեր «մեկուսի» բառը: Սկզբնապես եղել է մի + ա + կուսի՝ մի և կույս (կողմ) բառերից, այսինքն՝ «մի կողմ քաշված, առանձնացած»:
Բոլորիս հայտնի է «մեկնաբանել»` («պարզաբանել, բացատրել, ծանուցանել») բառը: Արդյոք նա կապ ունի՞ «մի» (մեկ) բառի հետ: Պարզվում է՝ այո՛: ՈՒնեցել ենք «մեկին» բառը՝ «մեկ, միակ, պարզ, հայտնի» նշանակություններով, որից էլ «մեկնել»՝ «բաժանել, ջոկել, պարզաբանել, բացատրել», այսինքն՝ մեկ-մեկ դնել, զատ-զատ դնել, ջոկ-ջոկ դնել: «Մեկնել»-ը ունի նաև «տարածել, սփռել» իմաստները, որից էլ, ամենայն հավանականությամբ, այսօրվա իմաստը՝ «մի տեղից դուրս գալ, դիմել դեպի մի տեղ, գնալ, անցնել»: Մեկը ամենափոքր միավորն էր, ամենապարզը, ամենահասկանալին. եթե մեկ-մեկ բաժանվում էին առարկաները, ամեն ինչ պարզ էր դառնում, հայտնի էր դառնում: Այստեղից էլ, փոխաբերական իմաստով, այսօրվա «մեկնաբանել», «մեկնել» բառը: Ի տարբերություն «երկու»-ի, որը կասկածանքի մեջ էր գցում մարդուն. «երկուանք»՝ «կասկածանք»: Մեկ-ի դեպքում ամեն ինչ պարզ է, երկուս-ի դեպքում արդեն պիտի ընտրես, իսկ որտեղ ընտրություն, այնտեղ կասկածանք: Մյուս ձևն է «միակ»՝ կազմված «մի» բառից «ակ» մասնիկով: Հենց այս «միակ» բառից է, որ սղմամբ ստացվել է մեր այսօրվա «մեկ» բառը: Ո՞Ւմ մտքով կանցներ, որ «մեկ» բառը ածանցավոր է:
«Մի» բառի ձևերից է նաև «մեն»-ը, որը գործածվում է բառերի սկզբում (մենամարտ, մենաստան, մենություն և այլն): Սա առաջացել է «միայն» ձևից՝ «մենամարտ» բառի սկզբնաձևն է «միայնամարտ»-ը:
Շատ զարմանալի կազմություն ունի «մյուս» բառը (այսօրվա ուղղագրությամբ՝ բավականին աղավաղված), որը դասական ուղղագրությամբ պահպանել է իր ճշգրիտ ձևը՝ «միւս»: Սա «մի» և «ևս» բառերի միավորումն է, այսինքն՝ ևս մի: Ժամանակի ընթացքում և-ը դարձել է ու՝ «միուս», այնուհետև՝ «միւս»:
Բարբառներում ունենք «մէշու», «մէշոլ» բառերը՝ «մի քիչ» նշանակությամբ: Զարմանալի է, որ սրանք «մեկ փշուր» բառակապակցությունից են առաջացել՝ «մեփշու», ինչպես «որովհետև» բառը մարդկանց մեծ մասն արտասանում է «որտև»՝ կրճատելով չորս տառ, «հետաքրքիր» բառն արտասանում են «հետարքիր»՝ մեկ տառ կրճատում են:
Մի խոսքով, մեն մի հատիկ բառ և այսքան գաղտնիքներ:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 19882

Մեկնաբանություններ