ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խավարասերների հերթական արշավանքը

Խավարասերների  հերթական արշավանքը
27.07.2012 | 03:13

«Կենդանաբանական այգու տոմսարկղի մոտ սկսեցին հսկայական հերթեր գոյանալ, իսկ Մոխրոտի վանդակի մոտ ընդհանրապես ասեղ գցելու տեղ չկար ու անընդհատ սարսափելի ժխոր էր (...«ասեք` թող Գորբաչովի մասին խոսա...»)։ Այստեղ նշեմ, որ եթե լավագույն խոսող թութակների (արա, ժակո, կակադու) բառապաշարը կարող է կազմել մինչև 400 բառ, ապա Մոխրոտն այդքան միայն հայհոյանք գիտեր (ողորմի անցավորներիդ, Արշալույս Դոդոխյան)։
Օ’ՋԱԼՈՅԱՆՑ, «Մոխրոտն ու Կոկոն»

ՄՈԽՐԱԿՈԼՈԼ ՄՈԽՐՈՏՆԵՐԸ
(նախերգ)
Ես մեղավոր չեմ, պատվարժան ընթերցողներ։ Նախաարձակուրդային երգիծապատում էի պատրաստել, օգոստոսյան տապին, գլադիատորի տոկունությամբ, դիմակայելու մի բալագույն բալասան։ Սակայն կակադուների կաղկանձը, արաների ավարառությունն ու ժակոների ժանտությունը շեղեցին ինձ։ Ի՜նչ արած, գուցե սա էր բարին և առաքինին։
Նույն կարծիքն ունեն լճիցլճյան կարմրախայտերն ու դոդոշները, որոնք վերադարձել են կամավոր աքսորից` նյութի քննարկմանը մասնակցելու ցանկությամբ։ Այո՜։

ՈՏՆ Ի ԳԼՈՒԽ
(լիկբեզ)
Մոխրոտի դերում, ԶԼՄ-ների ձեռամբ և իշխանավորաց պատվերով, երկրիս ստեղծագործական միություններն են։ (Ինչո՞ւ հարցը խոթեք սառնարանի սառցարանը, պատասխանը` ստորև)։ ՈՒրեմն ՀՀ-ում Խորհրդային Հայաստանից (որ գրեթե նույնն է, թե խորհրդային մանգաղակերտ և մուրճաձույլ կայսրությունից) մնացած ժառանգությունը տնօրինվում էր ուշագրավ եղանակով` ոտն ի գլուխ։ Այն, ինչը ենթակա էր մասնատման և վաճառքի, իրականացավ հեղափոխական ռիթմերի ներքո, զարկեցին թմբուկները, փչեցին զուռնա և շվի։ Խորհրդային ժառանգությունը ժանտախտի վտա՞նգ էր պարունակում։ Դե արի ու մի մասնատիր այն ամենը, ինչ կոլխոզ էր ու գործարան, անտառ և Սևանա լճի պաշարներ։ Ազնվասիրտ լինենք մեր անցումային անցյալի նկատմամբ, զի պետք էր, որ կործանվեին խորհրդային պետության կարծրատիպ-ամրոցները, որպես պատմաքաղաքական ժանտախտի բույն։ Էհ, ի՞նչ անենք, որ 2-րդ հանրապետությունը համաշխարհային բարձունքներ նվաճեց արդյունաբերության, գիտության և մշակույթի բնագավառում։ Եվ ՈՏՆԵՐԸ փոխարինեցին ԳԼԽԻՆ։ Եվ հնչեց կոչը դարակազմիկ` «Մեր երկիրը մենք պիտի կառուցենք»։ Արդյունքում էլ ուկրաինացի, ռուս, ուզբեկ, վրացի, լատիշ (և այլ ազգությամբ) շինարարները լքեցին աղետի գոտին։ Ժանտախտն արմատախիլ արվեց, զի ինչպես կարելի էր անկախ հանրապետությանն ուզվորացնել ու սպասել, որ երկու տարի անց Լենինականն ու Կիրովականը, հարակից գյուղերը ներառյալ, փյունիկի պես պիտի հառնեին փլատակներից այլոց շնորհիվ։
«Մեր երկիրը մենք պիտի կառուցենք»։ Կոչը շենշող էր և քիչ հանելուկային։ Ինչպես, օրինակ, «Պայքար, պայքար մինչև վերջը»։ (Ո՞Ւմ վերջը)։ Կոչը շենշող էր։ Սփյուռքը խորապես հուզվեց և 25 մլն դոլար նվիրաբերեց 3-րդ հանրապետությանը։ (Այդ հետո, շա՜տ հետո պիտի պարզվեր, որ երբ ՈՏՆ է փոխարինում ԳԼԽԻՆ, մարատներն ու ռոբեսպիերները փոխակերպվում են Փանջունու)։ Իսկ ինչ եղավ 25 մլն ԱՄՆ դոլա՞րը։ Ի՞նձ եք հարցնում։ Վրիպեցիք։ Գրավոր դիմեք ազգային անվտանգության պահոցներ։
Մի խոսքով, ոտն ի գլուխ հանրապետությունում հողմացրիվ արվեցին խորհրդային պետականության գրեթե բոլոր բաղադրիչները։ (Կարմրախայտը արևելյան, դոդոշներն արևմտյան ծովախորշերում աղմկում են և պահանջում գործից խոսել, շոգ է, արևը հուշում է` դեն նետել պատգամավորական չալաղաջն ու անցնել ժողովրդական կանաչ լոբուն)։ Իսկ ի՞նչ է, ես գործի՞ց չեմ խոսում։ Բարի։ Մեկ-երկու մանրադրվագային հիշեցում, և կբռնկի բուն ասելիքը։ Ոտն ի գլխի թունդ օրերին խիստ մոդայիկ էր արևմտյան տնտեսական «առաքյալների» մուտքը հանրապետություն։ Նրանք դատարկաձեռն չէին։ Զորօրինակ, ներկրում էին 1 մլն դոլար վարկ` ուղղված կոլխոզասովխոզային ժանտախտից ձերբազատված հայոց գյուղի վերածննդին։ (Արևմուտքը վերակենդանացող մեր հանրապետության հանդեպ չափազանց ուշադիր էր։ Զորօրինակ, անկախական սերունդն անտեղյակ է, որ «առաքյալները» Հայաստան էին ժամանում, երբ հաջողությամբ հաղթահարում էին փորձությունը Զիմբաբվեում և Հրո երկրում։ Նրանց հեռացումից ամիսներ անց սույն երկրների հոգեվարք ապրող տնտեսությունները մարդասիրաբար ավանդում էին հոգին։ ՈՒրեմն, ուստա Սմիթը գործուղվել էր Հայաստան։ 1 մլն դոլար վարկի 25 տոկոսը նրա երեք ամսվա աշխատավարձն էր։ Բարդ ուսուցողական ծրագիր իրականացնելու համար։ Սմիթը շարունակ հուշում էր, որ Հայաստանի ժանտախտաթափ բնակչությունը դեռ շատ է անկիրթ, բնավ խնայել չգիտի և այլն։ Հուշում էր և հուզվում (յոթերորդ ըմպանակ շուստովյան կոնյակից հետո)։ Հուզվում էր և ուշունց կապում առ այն, որ մենք դեռ կռապաշտորեն պահպանում ենք խորհրդային կահույքը, սառնարանն ու հողաթափերը։ Հատկապես հողաթափերն էին Սմիթին կատաղեցնում։ Չէ՞ որ ոչնչացնելով ամենայն խորհրդայինը, մենք վերջապես կնվաճենք մեր պետական ազատությունը։ Այսինքն, կսկսենք ճերմակ էջից։ Ոչնչացնելով խորհրդային հողաթափերը, կշրջենք ոտաբոբիկ, և մեր սրունքները կներծծեն անկախ հայրենիքի էներգիան։
Սևանի ափին Սմիթը ճառ արտասանեց, գովերգեց մեր առաջադիմությունն առ խորհրդային տնտեսության փլուզում, սակայն ամոթանք տվեց առ դանդաղեցում որոշ հարցերում։ Ապշելի էր, որ Սևանում դեռ անհամար էին խորհրդային ձկնարդյունաբերության մնացուկները` իշխանը, սիգը, կողակն ու բեղլուն։ «Խեցգետին աճեցրեք, անկախացրեք Գեղամա չքնաղ գեղեցկուհուն», ոռնում էր բորբոքված։ «Ոչնչացրեք խորհրդային գիտությունն ու մշակույթը, ծնե՛ք ու սնե՛ք անկախ երկրի կախյալ գիտնականին, նկարչին, գրողին և արտիստին, գրողը ձեզ տանի», եզրափակեց կենաց-ճառը և անսպասելի լեղակի գույն ստացավ։
Սմիթին հուղարկավորեցինք ամենայն շուքով։ Մահվան հանգամանքը պարզվեց երեք օր անց։ Իշխանի փուշը մնացել էր կոկորդում։ Այսպիսով, Սմիթի մուրազը փորում մնաց, 2-րդ հանրապետությունից 3-րդին անցան ստեղծագործական միություններն ու ակադեմիան։

ԹՈՒԹԱԿՆԵՐԻ ՎԱՅՐԱՀԱՉ ՎԱՐԳԸ
(վերջաբան-հրաժեշտ)
Արա թութակին հաջորդում է Ժակոն, վերջինիս շրջանցում է Կակադուն։ Հասկանալի է, կերը ժամանակին է տրվել, ժամն է հատուցման։ Ահա այս Ժակոն։ Թերուս, բայց մարտաշունչ նկարիչ է։ Սմիթի «առաքելության» թունդ պահին լքեց հանրապետությունը, վերադարձավ 24-ժամյա հոսանքամատակարարման օրերին։ Ներկայացավ որպես «սփյուռքահայ նկարիչ»։ Մեկ ուրիշն ինքնահռչակվեց որպես այլախոհ պոետ։ Եվ քանզի տկար էին տողերը նրա, գրական տան դուռը փակ տեսավ հոտմտող քթի տակ։ Ժակոները, այսպիսով, մշակութային «օբիժնիկներ» են, հայտնի առակի մերօրյա դրսևորումները, երբ խաղողը դնչից հեռու է մի քանի մղոն։
Հաջորդ տեսակը Արան է։ Վայրահաչությամբ գերազանցում է Ժակոյին։ Արհեստավարժ է, պատրաստ փնովելու, խեղաթյուրելու, բանսարկելու, միայն թե գեթ կարճ մի պահ հանրության պարզամիտ հատվածի աչքում վարկաբեկի ստեղծագործական միությունները։ Ընդ որում, սնուցվում է բավականին լիառատ, ինչպես ոհմակի պատուհաս արյունարբու գայլն ու ցեղակիցներին խժռող պոռնկացած առնետը։ Այս դասում ճանաչելի են տիկին Կիմզան և տիար Չաքիրը։
Վերջապես Կակադու տեսակը։ Սրանք «գաղափարական մարտիկներ» են։ Վայրահաչում են հանուն սկզբունքի։ Եվ սկզբունքորեն շատ ավելի այլասերված են, զի ո՛չ «օբիժնիկ» են, ո՛չ էլ առնետ։ Պարզապես մի կողմում իրենք են, մյուսում` միությունները։ Ասել է թե` Կակադու-գործիչը, իր խղճուկ տեսակի մեծարման նպատակով, առերևույթ համահավասարվում է ստեղծագործական միության հետ։ Ընդ որում, սրանք քաջ գիտեն, որ ստեղծագործական միությունները գործում են ողջ քաղաքակիրթ աշխարհում, սակայն մաղձի չափաբաժինը կուրացնում և խլացնում է, և ասպարեզ է իջնում միությունները ստալինյան կառույց անվանելու հերթական առիթը։ Փայլուն տեղյակ են, որ միությունները գործում են պետությունից անկախ, երկրի մշակութային ծանր բեռն առել են և տանում են պատվախնդրորեն։ Հիանալի իրազեկ են, որ ստեղծագործական միությունները մշակութային փառավոր ավանդույթների ժառանգորդն են և այլն։ Այս ամենը չի զսպում նրանց, և, սեփական տխմարության զոհը դառնալով, ինքնաբավ հոխորտում են։ Ի՞նչ կարող ես անել, քրեական օրենսգիրքն առայժմ պատիժ չի սահմանել խորիմաստ հիմարություններ դուրս տալու համար։
Այս ամենին, իհարկե, կարելի էր և չանդրադառնալ, սակայն բանն այն է, որ գալիք աշնանը հերթական անգամ ասպարեզ է իջնելու ստեղծագործական միությունների մասին օրենքի նախագիծը։ Եվ ահա իշխանական այլևայլ օթյակներում դիրքավորված այլևայլ պետայրեր, ակնհայտորեն կատարելով այլևայլ սմիթների հրահանգը, ահա տասը տարի է` կասեցնում են օրենքի ընդունումը։
Ի դեպ, UNESCO-ն 2005-ին հանձնարարականներ հղեց Էստոնիային` ընդունելու համակարգված օրենք նկարիչների և նկարիչների միության մասին, համաշխարհային ասամբլեաներ են կազմակերպվում աշխարհի ստեղծագործական միությունների մասնակցությամբ, Հայաստանը նախկին խորհրդային տարածքում ունի ամենալուրջ ստեղծագործական ներուժը։ Մինչ այդ, սակայն, արվեստանոցների գույքահարկը հավասարվել է խաղատների գույքահարկին։ Այո՜։
Ի դեպ, անհարգելի ժակոներ, արաներ և կակադուներ, տեղյա՞կ եք, որ հանրապետության ստեղծագործական միությունները պետբյուջեից չեն սնվում, ապրում են սեփական միջոցներով և հարկեր վճարում պետգանձարանին։ Ընդ որում, ամենաբարձրը` ԱՊՀ-ում։ Այսքանից հետո մի՞թե ձանձրալի չէ ձեր միապաղաղ վայրահաչը։ Գուցե գտնեք կայացման ա՞յլ հնարավորություն։ Խորհուրդ եմ տալիս, ասենք, տարին մեկ անգամ փոխել սեռը, ամիսը մեկ` քաղդավանանքը։ Նաև թիթեռ բռնել, թերխաշ հավկիթ ճաշակել և երազում տեսնել, որ ստեղծագործական միությունների շենքերը վերածվել են ռեստորանների։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ