Հույս-հարց-պահանջը արդեն դառնում է ինքնանվաստացուցիչ
04.02.2020 | 00:35
Եվ այսպես հրեաները Երուսաղեմում լայնորեն նշեցին իրեց ցեղասպանության՝ Հոլոքոստի 75-ամյակը. ֆաշիստների կողմից իրականացված հիրավի դաժանագույն սպանդի զոհ դարձան մոտ 6 միլիոն հրեաներ: Աննախադեպ էր ներկա միջոցառմանը օտարերկրյա ներկայացվածությունը` վեց տասնյակից ավելի պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և այլք: Կարելի էր մեջբերումներ անել Վլադիմիր Պուտինի, մյուս լիդերների ելույթներից, որոնք աչքի էին ընկնում հրեա ժողովրդի մեծագույն ողբերգության կազմակերպիչների դատապարտումներով, վշտով ու զգացմունքայնությամբ: Սակայն թերևս տեղին կլիներ սահմանափակվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի մեղանչական հայտարարությամբ. «Այդ մեղսագործությունները, այդ զարհուրանքը իմ ժողովրդի, Գերմանիայի ժողովրդի ձեռքի գործն են: Այստեղ՝ ի դեմս ողջ աշխարհի, ես խոստանում եմ, որ մենք պայքարել ենք ու կպայքարենք անտիսիմիտիզմի դեմ, որպեսզի այն երբեք չկրկնվի»: Անչափ դժվար է 75 տարի ազգովին վերածվել քավարանի: Կարելի է պատկերացնել այդ մարդու վիճակը բազում մեղադրանքներ լսելիս: Սակայն գերմանացիները դիմում են այդ քայլին: Եվ դա պատիվ է բերում նրանց:
Ես չիմացա, Երուսաղեմում պաշտոնապես ելույթ ունեցողներից որևէ մեկը հիշատակե՞ց դարաշրջանի սկզբի մեծագույն հանցագործությունը՝ հայոց ցեղասպանությունը: Համենայն դեպս, ամենայն ուշադրությամբ դիտեցի «Եվրոնյուզ» հեռուստաալիքով ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվող հուշ-միջոցառումը Օսվենցիմից: Նույնպես քար լռություն: Եղել է միայն Հոլոքոստ: Ասես դարասկզբին չի եղել նման եղեռնական նախերգանք, Ի դեպ, այս թեմայի շուրջ ռուս փորձագետներն իրենց մեկնաբանություններում հաճախ էին հիշատակում, որ եթե ժամանակին աշխարհը դատապարտեր 1915 թվականի հայոց եղեռնը, ապա միգուցե չլիներ նաև Հոլոքոստը:
Ահա և, ամեն անգամ նման հանգամանքներում հայ մարդու մեջ չի կարող չծագել ցավալի տարակուսանքի զգացումը՝ ինչու նույնիսկ 100 տարի հետո մենք չենք կարողանում հասնել այն բանին, որ թուրքերը գոնե ճանաչեն իրենց կատարած ցեղասպան ոճրագործությունը, իսկ հրեաները ոչ միայն աշխարհի մասշտաբով ճանաչել են տալիս իրենց Հոլոքոստը, այլև տարբեր բնույթի փոխհատուցումներ են ստանում, և ոչ միայն Գերմանիայից: Եվ նրանց հայտերը օրեցօր ավելի ու ավելի տարածուն են դառնում՝ երեկ Լեհաստանից էին միլիարդներ պահանջում, այսօր Ավստրիային են հարկադրում վերադարձնել իրենց երբեմնի գույքը:
Հիշենք, թե քանի պետության ղեկավար էր ներկա մեր ցեղասպանության 100-ամյակին: Բնավ էլ ոչ մի քանի տասնյակ: Կասեն, թե թուրքերը քաղաքակիրթ գերմանացի չեն, տվյալ դեպքում Էրդողանը ոչնչով չի հիշեցնում Շտայնմայերին: Այդուհանդերձ, ինչու՞ մեզ չի հաջողվում այն, ինչ հաջողվում է հրեաներին:
Երուսաղեմում բազմաթիվ ահազանգեր հնչեցին, որ աշխարհում ու մասնավորապես այդ նույն Եվրոպայում ահագնանում են անտիսեմիտիզմի նոր դրսևորումները, որոնք մեծ մասամբ իրագործվում են «Ալլահ ակբար» նշանաբանով: Հրեաներն իրոք խիստ անհանգստացած են, սակայն ի՜նչ արեց Եվրոպան Հոլոքոստի ժամանակ, որ ինչ անի հիմա, երբ աշխարհամասը թուլամորթորեն իր դռներն է բացել իսլամի առաջ:
Երուսաղեմում Հայաստանը ներկայացնում էր նախագահ Արմեն Սարգսյանը: Եվ իսրայելցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ այլևայլ քննարկումների հետ մեկտեղ կրկին հույս հնչեց, որ երկրի խորհրդարանը՝ Կնեսետը, վերջապես պաշտոնապես կճանաչի հայոց ցեղասպանությունը: Գիտեք, այս հույս-հարց-պահանջը արդեն դառնում է ինքնանվաստացուցիչ: Եթե իրենց ցեղասպանությունից հետո անցած 75 տարում նրանք չեն ընդունել մեր ցեղասպանությունը, ապա ո՞վ ասաց, թե կարող են ընդունել երբևէ: Ի՞նչ են ասում նրանք. իրենց խորհրդարանը բնավ էլ պարտավոր չէ ճանաչել ցեղասպանությունը. հրեա ժողովուրդը գիտե այդ մասին, ընդունում է այն ու դա բավարար է: Առիթներ են եղել նշելու, որ այս իրողությունը որոշ հրեա հրապարակախոսներ պարբերաբար հնչեցնում են նաև ռուսական լրատվամիջոցներում:
Մինչդեռ հրեաները հայոց ցեղասպանությունը չեն ճանաչում գլխավորապես երկու պատճառով. նախ չեն ուզում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ և ամենագլխավորը, ինչի մասին շատ անգամ է ասվել, միայն իրենք են ենթարկվել ցեղասպանության, ու աշխարհը պիտի խոնարհվի միայն իրենց զոհերի հիշատակի առջև ու փոխհատուցի նյութապես:
ՈՒրիշ հարց է, թե ինչու մենք չենք ուսումնասիրում ու դասեր քաղում հրեաների պատմական փորձից, թե ինչպես հազարամյակներ հետո վերստեղծելով իրենց հայրենիքը բառացիորեն մի թիզ հողի վրա, կարողացան այն դարձնել մոլորակի ազդեցիկ պետություններից մեկը՝ հզոր էկոնոմիկայով ու ատոմային ռումբով: Հենց այստեղ մենք սովորելու շատ բան ունենք նրանցից: Ինքնաքննադատաբար նայենք, թե մենք ինքներս ինչի ենք վերածել մեր միակ Հայաստանը: Իսրայելի ղեկավարների մեջ էլ են եղել ոչ հրեշտակներ, սակայն նրանք բոլորն էլ այնուամենայնիվ նպաստել են երկրի զարգացմանն ու հզորացմանը:
Կնեսետի ճանաչել-չճանաչելու փաստը Հայաստանի բարգավաճման գործում ոչ մի դեր չի խաղում:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ