ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռազմաքաղաքական ուխտագնացություն դեպի Վաղարշապատ

Ռազմաքաղաքական ուխտագնացություն դեպի Վաղարշապատ
12.02.2024 | 18:03

ՆԱԽԵՐԳ
Արդյո՞ք ազգային սնապարծությամբ եմ տառապում հայտարարելով, որ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» միջնադարի համաշխարհային քաղաքակրթության նշանավոր կոթողներից է, խորապես չգնահատված հայ իրականությունում, անծանոթ քաղաքակիրթ աշխարհին:
Ըստ մեծն Մխիթարի, հասարակական կյանքի ողջ շինվածքը պահում են պետությունն ու եկեղեցին: Միաժամանակ նա համոզված էր, որ ռազմաքաղաքական ուժեղ և կենսունակ պետության գրավականը կենտրոնացված, հզոր, թագավորական իշխանությունն է, իսկ նման իշխանություն ստեղծելու համար կա մի հաստատություն` Հայ Առաքելական Եկեղեցին:

Ի դեպ, Վիրքի արքա Վախթանգի հրամանով Գոշի «Դատաստանագիրքը» թարգմանվել է վրացերեն:

ՀՌՉԱԿԱԳՐԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱԴԱՏՈՒՄԸ
Բռնադատում, բռնազավթում, բռնաբարում... Հոմանիշների այս շարանը կարելի է շարունակել, սակայն խնայելով ընթերցողների նյարդերն ու ժամանակը` միանգամից բռնահռչակեմ Անկախության հռչակագրի գլխավոր բռնաբարիչների անունն ու գործը ամփոփ ժամանակագրությամբ, նախպես շեշտելով, որ 1990 թվականի օգոստոսի 23-ից ի վեր մինչև ներկա քայլարշավորդների իշխնության գալը Հայաստանի Հանրապետությունը դատապարտված էր լալահառաչ նահանջի և դավադիր պարտության, քանզի անշրջելի չեղարկել էր իր քաղաքական, քաղաքականի կողքին է՛լ ավելի քաղաքակրթական հիմնադիր փաստաթուղթը` խորքով, երկայնքով ու լայնքով: Չեղարկել էր` 27 տարի շարունակ գոյատևելով կեղծված ծննդյան վկայականով ու եղծված անձնագրով:
Եղե՞լ է նման բան հայոց անկախ պետականությունների 1200-ամյա պատմության մեջ:

Ո՛չ:

Երիցս, ո՛չ:

Իսկ 2006-ին, ի նշանավորումն Անկախության հռչակագրի 15-ամյակի, հանրապետությունում մեկնարկեց շռնդալից մի միջոցառում` Միասնության շուրջպարն Արագածի շուրջ:

Ե՛վ հոտաղը, և՛ ազատամարտի վետերանը, և՛ նորապսակներն ու երեցայրերը, և՛ երկրիս քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական ընտրանին գերագույն բաղձանքով ու բավականին խրոխտ հռչակեցին սույն շուրջպարի գերագույն նպատակն ու տեսլականը` հաջորդ շուրջպարը պարելու ենք Արարատ լեռան շուրջ:
Իսկ Թուրքիայում, ուր գերեվարված Արարատ լեռն է, պատմաքաղաքական ավանդույթի համաձայն շուրջպարեր երբևէ չեն բռնում: Նրանք հողեր են նվաճում, յաթաղան ու տապար են կոփում և կիսալուսնի շողերի տակ երազում տեսնում են մեծ Թուրանը:

ԱԿԱՆՋԴ ԿԱՆՉԻ, ԻՈՍԻՖ ՎԻՍԱՐԻՈՆՈՎԻՉ
Ականջդ կանչի, Պողպատակուռ, որ սիրում էիր ասել` յուրաքանչյուր հիմնախնդիր ունի անուն, ազգանուն, հայրանուն:

Արդյո՞ք Անկախության հռչակագրի ռազմաքաղաքական բռնախեղումը չունի հասցեատերեր, ովքեր ունեն և՛ անուն, և՛ ազգանուն, և՛ հայրանուն:
Ունի՛ անշուշտ: Ահավասիկ ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները, նրանց հավատարմահպատակային երդում տված և երկրի անկախությունը շուրջկալած տասնյակ վարչապետերը, ԱԺ նախգահները, նախարարները, մարզպետները, բյուր քաղաքապետերը...

Նաև հաստաքսակ գեներալների շարասյունները, սրանց համհարզ-կամակատարները, տնտեսական մականունավոր օլիգարխիատը, վերջիններիս առջև բերկրանքով ծնրադրող պատգամավորները, վարչաբյուրոկրատական ահարկու վերնադասը: Եվ ամենանշանակալիցը` քաղաքական ընդդիմությունը:
Վերջինս հընթացս կաքավում էր իշխանական խարույկների շուրջ, անվեհեր վայելում խորովվող խոզամսի իր չափաբաժինը և ստանում հերթական հանձնարարականը` կատաղի «պայքար» մղել «ատելի» իշխանության դեմ: Այսպիսով երրորդ հանարապետությունը մինչև խորքով, երկայնքով լայնքով սույն քայլարշավորդների պատուհասումը, հակապետականություն էր` նախկինում ներառելով նաև Արցախը, այսօր` խրոխտաբար թոթափած Արցախի «լուծը»:

ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՁՆԱՏՈՒՐՈՒԹՅՈՒՆ
Զարմանալի տարողունակության այս հասկացությունն ավելի հանրածանոթ է իր ռուսերեն տարբերակով` կապիտուլյացիա: Հետևաբար անձնատուրը կապիտուլյանտն է:
Եվ ահա կեղծված ծննդյան վկայականն ու եղծված անձնագիրը գրպանած նորաթուխ հանրապետությունը հաղթելով Արցախյան ազատամարտում` զարմանալի բերկրանքով վերաճեց հակապետության` երկիրը ձևով Հայաստանի Հանրապետություն էր, բովանդակությամբ` Հայաստանի Հակապետություն: Արցախում հաղթում է ռազմաքաղաքական ընտրանին, իսկ Հայաստանում հաղթանակի դափնեպսակներն էր վաճառքի հանել հակապետական վերնակույտը և կիսալուսնի յաթաղանի ստվերներում օր օրի, նաև ժամ առ ժամ ուրվագծվում էր 2018-ի սորոսյան հեղաշրջումը: Եվ այս ամենը ռազմաքաղաքական վերնակույտի քինախնդիր վերահսկողության ներքո:
Եվ ահա այսօր, երբ հանրապետության և ազգի քաղաքակրթական ավետարան Անկախության հռչակագիրն է բռնադատվում, ուղղակի ցնցում է քաղաքական ընդդիմության հավկուրությունը: Անկեղծ լինենք` սորոսյան հեղաշրջման մարտական շարասյունից ակնկալիքներ` չիք: Շարասյան զորագնդերը բավականին ուղղամիտ և աներեր կամենում են կազմաքանդել ՀՀ-ն, նախապես նենգափոխելով հայ ազգային ինքնությունը: Խոստովանենք` նրանք այս ամենում բավականին հաջողակ են և ազնիվ` չեն թաքցնում ոչինչ: Հարաճուն խանդավառանքով օր առ օր և ժամ առ ժամ նրանք Ալիևից ավելի Իլհամ են, Էրդողանից առավել Ռեջեփ Թայիփ: Այսպիսով գործող իշխանությունները ոչ միայն լիովին ընկալելի են, այլև ընձեռում են լիարժեք հնարավորություն լիակատար պայքարի: Բա՞յց...

ՈՒՂԵՐՁ-ՎԵՐՋԱԲԱՆ
Ի՞նչ է ասել Կեսարը` Հուլիսոս. «Ավելի շուտ իմ տաճարի սյուները հող կդառնան, քան հնարավոր կլինի հաղթել միասնական հային»:
Ի սեր երկնավորի: Մի՞թե պատմաքաղաքական գերճիշտ պահը չէ, որ երրորդ հանրապետությունը 27 տարի ծնկի բերած քաղաքական վերնակույտը վերաճի ազգային, պետական վերնախավի:
Վերստին հիշենք Մխիթար Գոշին, ով համոզված էր, որ ռազմաքաղաքական ուժեղ և կենսունակ պետության գրավականը կենտրոնացված թագավորական իշխանությունն է, իսկ նման իշխանություն ստեղծելու համար կա մի հաստատություն` Հայ Առաքելական եկեղեցին:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 14437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ