ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Չիր ու չամիչ արտադրելով` պետություն չենք դառնա

Չիր ու չամիչ արտադրելով`  պետություն չենք դառնա
21.05.2013 | 11:00

Արձագանք «Իրատես de facto» թերթում (մայիսի 3-6, թիվ 30) տպագրված Վահան Համազասպյանի` ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակին

Բարձրագույն կրթությամբ տաքսու վարորդ եմ:
«Հայաստանի հելիոֆիկացման» ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանին ծանոթ եմ դեռևս Մոսկվայից` ասպիրանտուրայում ուսանելու տարիներից: Որպես գիտատեխնիկական ուղղվածության բաժնի վարիչներ սերտորեն համագործակցել ենք Աբովյանի «Պոզիստոր» արտադրական միավորումում, որտեղ մշակում և արտադրության մեջ էինք ներդնում էլեկտրոնային տեխնիկայի տարատեսակ էլեմենտներ:
Ավաղ, այդ քաղաքաստեղծ հսկա գործարաններն այսօր գրեթե չեն գործում: Այնտեղ, որտեղ ինտեգրալ սխեմաներ էինք թողարկում, ներկայումս որակյալ սունկ են աճեցնում: Ես ընտանիքիս հանապազօրյա հացը վաստակում եմ վերը նշված «ինովացիոն» մասնագիտությամբ, իսկ անկոտրում կամք ու եռանդ ունեցող անվանի գիտնական Համազասպյանը 20 տարվա գործազուրկի կարգավիճակով դեռևս ձգտում է վերականգնել հայ ինժեների և գիտնականի վաղեմի առաքելությունն ու հեղինակությունը:
Համամիտ եմ նամակի հեղինակի հետ` Հայաստանի արդյունաբերության մեջ չեն եղել ու չկան այնպիսի խնդիրներ, որոնք անլուծելի լինեն գաղթի ճամփան դեռևս չբռնած մեր գիտնականների, ինժեներների և բարձրակարգ բանվորների համար: Ի՞նչ է մնում. մնում է, որ պետությունը դեմքով շրջվի դեպի գիտությունն ու տեխնիկան:
Սնկաբուծությամբ, չիր ու չամիչ արտադրելով, երկրի ընդերքն ու հայրենիքը բնակչությունից դատարկելով պետություն չենք դառնա:
Փաստենք միայն մեկ օրինակ. 25 տարում ԱՄՆ-ը, ստեղծելով ՀԱԲԼ տիեզերական աստղադիտարանը, որն այսօր էլ հաջողությամբ գործում է, շատ լուրջ գիտատեխնիկական արդյունքների հասնելուց ու ֆինանսական միջոցներ ստանալուց բացի, ունեցավ շուրջ 400 նոր տեխնոլոգիաներ: Ֆանտաստիկա:
Իսկ ո՞ւմ ենք սպասում մենք, պարոնայք վարչապետ, նախարարներ ու պատկան մարմինների ղեկավարներ: Նման բազում օրինակներից մենք չպե՞տք է դասեր քաղենք:
Մասսայական արտադրության համար պատրաստ են հայրենական մշակման նոր հելիոհամակարգեր, որոնք ի զորու չէ կյանքի կոչելու անհատը կամ թեկուզ խումբը: Առաջարկվող արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը, որի արդիականությունն անվիճելի է հատկապես մեր օրերում, հեռանկարային և ռազմավարական նշանակությունն ունի հանրապետության համար:
Հարգելի իշխանություն, ինչո՞ւ չընդունենք առաջարկը, Մեծ եղեռնի հարյուրամյակին ընդառաջ ինչո՞ւ չփորձենք աշխարհին ներկայանալ թեկուզ երկու գյուղի հելիոֆիկացմամբ, որից մեկը` Ղարաբաղում (շատ խորիմաստ քաղաքական քայլ)։ Չէ՞ որ այսօր աշխարհն է զբաղվում արևային էներգետիկայով:
Համոզված եմ` նման փորձնական ծրագրի իրականացումը շատ լուրջ տնտեսական արդյունք կապահովի, նպաստելով հայրենական արդյունաբերության թռիչքաձև զարգացմանը, ինչպես նշված է Վահան Համազասպյանի բաց նամակում:
Արժե հաճախ մտաբերել Գարեգին Նժդեհի իմաստուն խոսքը. «Ձեռք մի մեկնիր նրան, ով չի ուզում ոտքի կանգնել»: Բայց ո՛չ, ինքներս պետք է դուրս գանք այս ծանր վիճակից, ես հավատում եմ մեր տնտեսության վաղվա վերելքին:
Հայաստանի Հանրապետության տնտեսական փրկօղակը գիտատեխնիկական առաջընթացն է:

Լյուդվիգ ԱՆՏՈՆՅԱՆ
Ֆիզիկոս
ք. Աբովյան

Դիտվել է՝ 2333

Մեկնաբանություններ