Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«ՀԱՋՈՂՎԵՑ ԱԿՈՒՄԲԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

«ՀԱՋՈՂՎԵՑ ԱԿՈՒՄԲԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
14.09.2010 | 00:00

Երկու տարի է` իր դռներն է բացել «Օրանժ ֆիթնես» ակումբը: Այն գտնվում է մայրաքաղաքի Հրազդանի կիրճի թենիսի կորտերի հարևանությամբ: Ակումբի տնօրեն ԿԱՐԻՆԵ ՓԱՄԲՈՒԿՅԱՆԻՆ հարցրինք, թե այս ընթացքում ո՞րն է համարում լավագույն ձեռքբերումը:
-ՈՒրախալի է, որ հաջողվեց ակումբը դարձնել այնպիսի առողջարարական կենտրոն, որը հրապուրում է ընտանիքներին,- ասում է Կարինե Փամբուկյանը:- Այստեղ մարզվելու, ժամանակ անցկացնելու են գալիս ոչ միայն ամուսինները, այլև նրանց երեխաները: Երևանում կան տարբեր ծառայություններ մատուցող առողջարարական կենտրոններ, սակայն մերն առաջինն է, տարբերվում է իր չափերով: Այն 7 հազար քառակուսի մետր է զբաղեցնում: Բացի այդ, մեկ հարկի տակ հնարավոր է զբաղվել տարբեր մարզաձևերով: Ընդ որում, մարզասրահները կահավորված են ժամանակակից սարքավորումներով:
-Նախասիրությունները լիարժեք բավարարելու ինչպիսի՞ հնարավորություններ կան:
-Լող, աթլետիկա, ռիթմիկ մարմնամարզություն, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, թենիս, բռնցքամարտ, կարատե, վոլեյբոլ, բասկետբոլ. ահա այն մարզաձևերը, որոնցով կարելի է կանոնավոր զբաղվել: Յոգերի վարժությունների ուսուցման խումբ է գործում: Իսկ խմբերի թիվը, ընդհանուր առմամբ, հասնում է 25-ի: ՈՒնենք ժամանակակից վարժասարքերով կահավորված մարզասրահ, թենիսի ավազե և արհեստական ծածկերով կորտեր, դահլիճներ խաղային մարզաձևերի համար, բռնցքամարտի, սեղանի թենիսի, սպորտային պարերի սրահներ, բացօթյա և ծածկած լողավազաններ: «ՍՊԱ» բաժանմունքը հնարավորություն է տալիս օգտվելու վարսահարդարման, մատնահարդարման, տարբեր տեսակների մերսումների` շոկոլադով, ցեխով, ջրի տակ և այլն, ծառայություններից: Գրադարան կա, սրճարաններ են գործում: Մրցումներ են կազմակերպվում, որոնց մասնակցում են ակումբ հաճախողների տարբեր թիմեր: Ստեղծվել է մանկապարտեզ, որտեղ տարբեր խաղերով զբաղվելու հնարավորություն կա: Հմուտ մասնագետի հսկողությամբ երեխաները կարող են խաղերի մասնակցել, քանի դեռ նրանց ծնողներն ակումբում պարապում են: Իսկ ավագ տարիքի պատանիներին և աղջիկներին իրավունք է վերապահվում համապատասխան մասնագետների օգնությամբ նույնպես մարզվելու, միայն թե վարժասարքերի վրա պարապելու համար պետք է 14 տարեկանից բարձր լինել, այլ մարզաձևերով զբաղվելու համար սահմանափակումներ չկան: Մի խումբ մարզիչներ հատուկ վերապատրաստվել են երեխաների հետ պարապմունքներ վարելու համար:
-Ակումբը թենիսի հիանալի կորտեր ունի, այն մատչելի՞ է ակումբին անդամագրվողներին:
- Անկասկած, ընդ որում, այժմ վերանայվում են գները, և ակումբի ծառայություններից օգտվելու համար ավելի մատչելի վարձավճարներ են սահմանվում: Մասնավորապես, եթե հաճախորդներն ավելի երկարաժամկետ պայմանագրեր են կնքում, վարձավճարները նվազեցվում են: Ակումբի ներկայացուցիչների համար էլ դա ձեռնտու է, քանի որ մարդիկ այլևս չեն ցանկանում դադարեցնել մարզումները, երկարաձգում են առողջարարական կենտրոնի ծառայություններից օգտվելու համար կնքված պայմանագրերը:
-Հատկապես ո՞ր մարզաձևերի սիրահարներն են շատ:
-Թենիսի ակումբն առողջարարական կենտրոնից ավելի վաղ է ստեղծվել: Այժմ շատ են նաև լողի սիրահարները: Լողավազանների ջուրը մաքրվում է օզոնային եղանակով, այսինքն, ջուրն անաղարտ պահելու համար նվազագույն քանակությամբ քլոր է օգտագործվում, ինչը մարդու օրգանիզմը չի վնասում: Ջուրն անընդհատ հագեցվում է թթվածնով, ինչը նպաստում է, որ մանրէներ չգոյանան:
-Շա՞տ են այնպիսի կազմակերպությունները, որոնց աշխատակիցները խմբովին են օգտվում ակումբի ծառայություններից:
-Դա նոր է ձևավորվում: Ի դեպ, որոշ հիմնարկներ վճարում են իրենց աշխատողների աբոնեմենտների արժեքի մի մասը, կան նույնիսկ ամբողջ գումարը տրամադրողներ: Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում էլ ունենք հիմնարկներ, որոնց ղեկավարները գիտակցում են, որ իրենց աշխատողների առողջ ապրելակերպը կարող է նպաստել արդյունավետ աշխատանքին:
-Ի՞նչը չի հաջողվել ակումբին:
-Անկեղծ չենք լինի, եթե ասենք, թե ամեն բան 100 տոկոսով հաջողվել է: Եթե այդպես լիներ, ուրեմն անելիք այլևս չէր մնա: Ի դեպ, մեր կարևոր նվաճումներից մեկն այն է, որ այստեղ հաջողվում է կարգուկանոնը ցանկալի մակարդակի վրա պահել: Ակումբ են հաճախում տարբեր տարիքի, նախասիրությունների, կրթական մակարդակի մարդիկ, և բոլորն էլ հավասար պայմաններում են: Չկա մեկը, որն արտոնություններ ունենա: Անկախ դիրքից, զբաղեցրած պաշտոնից` ակումբում բոլորն էլ իրար հավասար են:
- Փաստորեն, սա ընտանեկան բիզնես է: Հետաքրքիր է` ո՞ւմն է մտահղացումը:
-Այո, սա ընտանեկան բիզնես է, իսկ մտահղացումն ավելի շատ ամուսնունս է` Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանինը:
-Եկամտաբե՞ր գործ է, թե՞ վնասով եք աշխատում:
-Ոչ, վնասներ չենք կրում, իսկ եկամուտներն օգտագործվում են Հայաստանում թենիսը զարգացնելու համար: Աշխարհում տարածում ունեցող այդ մարզաձևը մեր երկրում պետության աջակցությամբ չէր ֆինանսավորվում, միայն այս տարի հատկացվել է 5 մլն դրամ, որը դարձյալ անբավարար է մարզաձևի կարիքները հոգալու համար:
-Կարելի՞ է ասել, որ ակումբն էլիտար է:
-Այդպես չէի ասի, պարզապես, երբ նպատակ ես դնում ամեն բան անելու բարձր մակարդակով, անհրաժեշտ է այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ իրենց զգան ինչպես տանը։ Դրա համար անհրաժեշտ է որոշակի մակարդակ ապահովել, ծախսեր կատարել: Ակումբում կատարյալ մաքրություն է: Օրական մի քանի անգամ մաքրվում, ախտահանվում են հանդերձարանները, տարբեր տեսակի բաղնիքները, պարբերաբար մաքրվում է ջուրը: Այդ ամենի համար չենք խնայում ոչ մի բան, թանկարժեք մաքրող հեղուկներ ենք օգտագործում: Այնպես որ, վարակի, տարբեր հիվանդությունների տարածումը բացառվում է: Ավտոմեքենաների համար երկհարկանի ավտոկանգառ է կառուցվել: Այցելուներն ակումբ մտնելիս կոշիկների վրա մեկուսացնող պարկեր են հագնում: Դրանք մեկ անգամ են օգտագործվում, իսկ նպատակն այն է, որ ակումբի անդամներն իրենց հետ վարակ չբերեն: Այսուհանդերձ, նպատակ չենք հետապնդում գերշահույթ ստանալու համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ ակումբ հաճախելը համատարած բնույթ կրի: Այդ պարագայում հնարավոր չի լինի սպասարկման մակարդակը չիջեցնել:
-Ներկայումս բնակչության քանի՞ տոկոսին է մատչելի ակումբի ծառայություններից օգտվելը:
-Երեսուն-քառասուն տոկոսին:
-Օրվա բոլո՞ր ժամերին է ակումբի բեռնվածությունը մեծ:
-Ակումբն այնքան ընդարձակ է, որ երբեք չի զգացվում, թե քանի այցելու կա, սակայն ցերեկվա ժամերին հաճախողների թիվը համեմատաբար պակաս է: Մարդիկ գերադասում են երեկոյան ժամերին պարապմունքի գալ: Ի դեպ, առավոտյան ժամերին կրկնակի էժան են մարզումները, քան երեկոյան, ավելի հագեցած ժամերին:
-Փաստորեն, նման խոշոր առողջարարական կենտրոն Հայաստանում առաջին անգամ է հիմնադրվել: Իսկ դժվար չէ՞ առանց փորձ ունենալու մեծածավալ այսպիսի աշխատանք ձեռնարկելը:
-Հաշվի է առնվել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ստեղծված համանման ակումբի փորձը: Նախքան աշխատանքներն սկսելը ռուսաստանցի մասնագետները Երևանում էին, հանգամանորեն ծանոթացրին, թե ինչ պետք է արվի, ինչպես կարելի է կազմակերպել բիզնեսը և այլն: Այժմ էլ պարբերաբար Ռուսաստանից մասնագետներ են գալիս և սեմինարներ անցկացնում մարզիչների հետ: Այս ծառայությունների դիմաց մեր ակումբը Ռուսաստանի ներկայացուցիչներին տարեկան վարձավճար է հատկացնում, քանի որ իրենց փորձն ենք ընդօրինակել։ Կարգն է այդպես:
Զրույցը` Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5028

Մեկնաբանություններ