Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԻՆՉՈ՞Ւ ԿԱՌՈՒՑՎԵՑ ԱՅԴՔԱՆ ԳՈՒՄԱՐ ԽԼԱԾ ԳԱԶԱՏԱՐԸ, ԵԹԵ ՄԱՐԴԻԿ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԹԱՆԿԱՑԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ՀՈՒՅՍԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ԿԱՌՈՒՑՎԵՑ ԱՅԴՔԱՆ ԳՈՒՄԱՐ ԽԼԱԾ ԳԱԶԱՏԱՐԸ, ԵԹԵ ՄԱՐԴԻԿ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԹԱՆԿԱՑԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ՀՈՒՅՍԻՆ
14.09.2010 | 00:00

Երկու տարի առաջ, վերադառնալով իմ ծննդավայրից, թղթին հանձնած խոհերիս ու մտահոգություններիս մասնակիցը դարձրի նաև «Իրավունք de facto»-ի (թիվ 38, 2008 թ.) ընթերցողներին։ Արձագանքները մտահոգիչ էին, բայց հուսադրող։ Օրերս կրկին վերադարձա Մեղրիից և թերթի հավատարիմ ընթերցողներին եմ ուզում ներկայացնել համանուն վերնագիրը կրող իմ նախկին հոդվածի շարունակությունը ճիշտ այնպես, ինչպես ականատես եղա իրականում։
Չեմ ընդունում այն լրագրողներին, ովքեր առաջինը ներկայացնում են քաղաքապետին, ձայնագրում նրա խոսքը և նույնությամբ վերարտադրում։ Իմ զրուցակիցները եղել են իմ նախկին աշակերտները, նրանց զավակները, հարևանները, հեռու և մոտ բարեկամները, որոնց կարծիքների, դժգոհությունների ունկնդիրն եմ եղել։
Բայց, թերևս, ավելի ճիշտ կլինի, եթե մի փոքր անդրադարձ կատարեմ շուրջ ութ ժամ տևող Երևան-Մեղրի ավտոճանապարհին հանդիպող դժվարություններին։
Օգոստոսյան տապից փրկվելու նպատակով որոշեցինք մեկնել երեկոյան և չսխալվեցինք։ Նաև հույս ունեինք Արարատ-Արտաշատ մայրուղում իրենց բանջարեղենը վաճառողներից ավելի էժան գներով մթերք գնել և պահեստավորված Մեղրի գնալ։ Այստեղ սխալվեցինք։ Պարզվեց, որ իրենց բնակավայրին մոտ կանգնած մարդիկ սեփական բանջարեղենն ավելի թանկ էին վաճառում, քան մենք գնում էինք քաղաքի շուկաներից։ Եթե ձմերուկը, լոլիկը Աբովյանում արժեին 80 դրամ, ապա տեղում գինը չէր իջնում 150-200 դրամից։
Ինչևէ, արդեն մթնշաղ էր, երբ մտանք Վայոց ձորի մարզ և հեռվից ողջունեցինք նորակառույց շքեղ եկեղեցու գմբեթներին։ Կեսգիշերն անց էր, որ արդեն Սյունիքի մարզում էինք։ Հեշտությամբ հաղթահարեցինք Գորիսի լեռնանցքի վտանգավոր և դժվարանցանելի, ոլորապտույտ ճանապարհը և շուտով հայտնվեցինք Կապանում։ Պղնձամոլիբդենային կոմբինատից եկող մետաղական ծանր հոտը տարածված էր քաղաքի օդում։ Որքան մոտենում էինք Քաջարանին, այնքան հեղձուցիչ էր այն թվում։ Եթե ուշ գիշերային ժամ չլիներ, ես կայցելեի իմ ուսանողուհի Մագդային, որը մեկ տարի առաջ ամուսնացել և Երևանից եկել էր Քաջարան։ Հետաքրքիր էր նրա կարծիքը նոր բնակավայրի մասին, որովհետև անգամ նախկին բնակիչները զարմանում են, թե ոնց կարելի է այնտեղ ապրել։ Երեք բնակչից մեկը տառապում է քաղցկեղածին հիվանդությամբ։ Թեև բնապահպանները զգուշացնում են, որ վտանգավոր է այստեղ աճեցված բանջարեղենի օգտագործումը, մարդիկ այլ ելք չունեն։
Լավ է, որ կա կոմբինատը, և մարդիկ ապահովված են աշխատանքով, բայց ինչի՞ հաշվին` իրենց առողջության։ Քաջարանում հիմնականում մնում են կա՛մ լավ աշխատանք ունեցողները, կա՛մ էլ այլ քայլեր անելու հնարավորություն չունեցողները։ Մինչդեռ Արցախում, հիասքանչ բնության, հոյակապ օդ ու ջրի պայմաններում օրեցօր բնակիչների թիվը նվազում է։
Ի դեպ, ամենուր ճանապարհը բարեկարգ էր, ասֆալտապատ, և միայն Գորիս-Տաթև հատվածում նորոգման աշխատանքներ էին կատարվում` կապված սողանքների և Տաթևի ճոպանուղու կառուցման հետ։ Հավանաբար, մեկ տարի հետո կօգտվենք աշխարհի ամենաերկար այս ճոպանուղուց, կայցելենք Քարահունջի աստղադիտարան։ Մեզ մնում էր հաղթահարել նաև մոտ 2 կմ բարձրությամբ Մեղրու լեռանցքը, որից հետո զգացվում էր հարազատ օջախի շունչը։
Եվ այսպես, գիշերվա խավարում ննջող Մեղրին այնքան ռոմանտիկ էր թվում, հեքիաթային մի հսկայի պես, որ ծվարել է ժայռերի մեջ և լուսաբացին է սպասում։ Աստղաթափին համընկած իմ այցի առաջին օրերին ես գիշերները հաճախ արթնանում և երկնքին էի նայում, հիանում այդքան մոտ թվացող փայլող աստղերով, ինքնաթիռների հետագծով և մոռանում առօրյա բոլոր հոգսերը։ Իսկ դրանք շատ են։ Մեղրու բնակիչներն արդեն համոզված ասում են, որ անկախության քսան տարիները նույնպես ի զորու չեղան իրենց ապահովելու բնական գազով, թեև Հայաստան-Իրան գազատարն անցնում է քաղաքի տարածքով և կառուցվել է իրենց մասնակցությամբ։ Բոլորը լավ հիշում են գազամուղի բացման արարողության օրը, երբ մեր երկրի երկրորդ նախագահը վստահեցնում էր մեղրեցիներին` իրենց տներում բնական գազ ունենալու մասին։ Շնորհակալական խոսքեր էին ասում ոչ միայն տարեցները, այլև այդ օրը դասերից ազատված, անձրևի տակ հյուրերին աղուհաց մատուցող աշակերտները։ Ոգևորությունը մարեց շատ արագ և հիմա բոլորը հարցնում են, թե, ի վերջո, ինչո՞ւ կառուցվեց այդքան գումար խլած գազատարը, ինչո՞ւ կառուցվեց, եթե մարդիկ մնացել են թանկացած ռուսական գազի հույսին։ Իսկ Մեղրիում մարդիկ դրանից էլ են զրկված, քանի որ այլ վայրերից մեծ դժվարությամբ գնված և վաճառվող հեղուկ գազի (բալոնների) գինն այնքան բարձր է, որ գրեթե համարժեք է էլեկտրականության վարձավճարին։ ՈՒստի շատերը տանը գազօջախի փոխարեն էլեկտրական սալօջախ են օգտագործում։ Կառավարությունը որոշել է եկող տարի լուծել Մեղրիում բնական գազ անցկացնելու հարցը, բայց հուսախաբ մարդիկ նման խոստումների այլևս չեն հավատում։ Իսկ գուցե ավելի նպատակահարմար կլինի Մեղրիում բացել պետական գազալցակայան, որտեղից հնարավոր է ավելի մատչելի գներով գազ գնել։
Հաշվի առնենք, որ այստեղ միայն գազի գինը չէ ամենաբարձրը։ Ապշած էի, տեսնելով, որ ամեն օր թանկացող բոլոր մթերքները Մեղրիում ֆանտաստիկ գներով են վաճառվում, օրինակ, 200 գրամ կարագը` 600 դրամ, 0,5 լիտր մածունը` 300 դրամ, 1 կգ շաքարավազը` 400 դրամ։ Վաճառողին պետք չէ մեղադրել, նա ճանապարհի համար մեծ գին է վճարում։ Որքան հասկացա, ամենաէժան ապրանքը մնում է մարդը, իսկ ամենադրական տեղաշարժը` մեղրեցուն տարիներ շարունակ հուզող ջրի հարցը։ Հիմա օրվա որոշակի ժամերին ջրից կարող ես օգտվել որքան սիրտդ կամենա, միայն թե լինես վճարունակ։ Սակայն ջրի բարձր վարձավճարը մտահոգում է թոշակով կամ նպաստներով ապրող և աշխատանք չունեցող մարդկանց։
ՈՒրախալի է, որ վերջին տարիներին լուծվել են հեռահաղորդակցական կապի խնդիրները, ապահովված է հուսալի ինտերնետային կապը, այլ վայրերի պես էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ չեն լինում։
Տխուր մտորումներ ծնվեցին սակայն, երբ այցելեցի գերեզմանոց` իմ հարազատների շիրիմներին։ Խոստովանենք, որ ցանկացած գերեզմանատանը լավ արտացոլվում է տվյալ վայրի իրական կյանքը։ Գործարանային թաղամասի սարալանջին գտնվող այս փոքրիկ հողակտորում թաղված են շատերը, նաև իմ ծնողները և միակ եղբայրը։ Մնում էի զարմացած, որ երկու տարում այսքան շատացել են տապանաքարերը, ուր հանդիպում էի ծանոթ և անծանոթ անունների։ Մարդիկ մահացել էին դժբախտ պատահարներից, սրտանոթային հիվանդություններից և սթրեսային իրավիճակներից ծնված այլ ախտերից։ Ամենացավալին լքված, մոռացված, մոլախոտերով ծածկված շիրմաքարեր տեսնելն էր։ Ննջեցյալներից շատերին ես լավ էի ճանաչում և զարմանում էի, որ 5-6 զավակ ունեցողների շիրիմները մնացել են անտեր։ Հեռավոր վայրերում ապրողներին և նյութապես անապահովներին գուցե ներենք, բայց մյուսներին` հազիվ թե։ Տխուր մտահոգություններս անմիջապես փարատվեցին, երբ ճանապարհին հանդիպեցի մեր փողոցի 80-ամյա բնակիչ Արտո Պետրոսյանին, որը դույլը ձեռքին գնում էր ջրելու Մեղրու կենտրոնական պուրակում տնկած իր դեկորատիվ ծառերը։ Շաբաթը 2-3 անգամ նա 1 կմ ճանապարհ է անցնում և այդ աշխատանքը ուրիշի չի վստահում։ Կարծում եմ, նախկին կոշկակարի այս գեղեցիկ նախաձեռնությանը կհետևեն նաև ուրիշները, իսկ ծառերը ջրելու շեֆությունը կվերցնեն դպրոցականները։
Ակնարկիս ավարտին կուզենայի գրել մի վարորդի մասին, որին ճանաչում և սիրում են բոլոր մեղրեցիները։ Վարորդ Հունանն արդեն քսան տարի է, ինչ ընտրել է Մեղրի-Երևան երթուղին և գոհ է իր կատարածից, ուղևորների վերաբերմունքից։ Մինչև 2014 թ. նա իր «Ֆորդ» մեքենայով որոշել է սպասարկել մեղրեցիներին, քանզի իր դիտարկումներով` այս մարդիկ արժանի են հատուկ վերաբերմունքի։ Նախկին խարխուլ մեքենայի փոխարեն հիմա կարելի է երթևեկել ամեն առումներով հարմարավետ միկրոավտոբուսներով և ողջ ճանապարհին դիտել հեռուստացույց, տեսահոլովակ, լսել հաճելի երաժշտություն և Հունանի հումորով, համով-հոտով պատմությունները։
Վերադարձիս կարճատև դադարներին զրուցեցի այն ուղևորների հետ, որոնց զավակներն այժմ ծառայում են Մեղրիում և Ագարակում, նրանք շատ գոհ են ամեն ինչից և շնորհակալություն են հայտնում տեղաբնակներին լավ վերաբերմունքի և հյուրընկալության համար։ Նման խոսքեր ես շատ եմ լսել նախկինում ծառայած զինվորների հարազատներից, ովքեր բարեկամացել են իրենց հյուրընկալող մեղրեցիների հետ։
Համոզված եմ, որ անկախ բոլոր առօրյա դժվարություններից, իրենց անկոտրում կամքի և համառության շնորհիվ իմ հայրենակիցները միշտ կգոյատևեն, ինչպես ժայռերի ծերպերին հառած և միշտ կանգուն Դավիթ Բեկի կառուցած բուրգերը։
Մելսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ