Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վրա խաչի տեղադրման թուրքական իշխանությունների թույլտվությունն ու պատարագի կազմակերպումը տրամաբանական հարց բարձրացրին` ինչո՞վ է իրականում պայմանավորված թուրքական կառավարության բարեհաճությունը։ Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն ի սկզբանե հստակեցրեց. «Այն իրողությունը, որ Սուրբ Խաչում թույլատրվում է տարին մեկ հոգևոր արարողություն կազմակերպել, չի նշանակում, որ այն կորցնում է թանգարանի իր կարգավիճակը: Որևէ թանգարան չի կարող կլոր տարին գործել նաև որպես եկեղեցի: Սա պարզապես բարի կամքի մեծ դրսևորում էր մշակույթի նախարարության կողմից»:
Բոլորովին վերջերս պարզվեց, որ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի վրա խաչ չի տեղադրվելու` տեխնիկական պատճառներով: Կատակ բան չէ 200 կգ խաչը տեղադրելը: Խաչը տեղադրելը կմնա պատարագից հետո, իսկ մինչ այդ կցուցադրվի եկեղեցու բոլոր այցելուներին:
Քարաօղլուն հայտնել է, որ Վանի մերձակայքում գտնվող հայկական եկեղեցիներից առնվազն երկուսը նույնպես վերանորոգվելու են: Հետո՞ ինչ, որ Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող ավելի քան 2000 հայկական եկեղեցիներ, վանքեր Թուրքիայի «հետևողական» քաղաքականության շնորհիվ քանդվել են, ոչնչացվել կամ օգտագործվել այլ նպատակներով: Ի դեպ, ոչնչացման վտանգի տակ էր նաև Սուրբ Խաչը, որը փրկվեց մի շարք թուրք պաշտոնյաների միջամտության շնորհիվ ու 2007-ին ստացավ թանգարանի կարգավիճակ: Ինչպես ասում են` Սուրբ Խաչը փրկվեց իր աշխարհահռչակ լինելու շնորհիվ: Անցնենք առաջ: Պատարագին զուգահեռ Վանում կմեկնարկեն հայ-թուրքական մշակույթի օրեր, և, առհասարակ, սեպտեմբերի 19-ի արարողությանն իշխանությունները բավականին լրջորեն են նախապատրաստվում: Հյուրանոցային համարների սղության պատճառով հայ ուխտավորների տեղավորման հարցը լուծելու համար տեղական իշխանությունները փորձել են տեղեր ազատել Վանի ուսանողական հանրակացարաններում, դիմել են նաև քաղաքի շարքային բնակիչների օգնությանը: Վանում բնակվող ավելի քան 1000 ընտանիք արդեն իսկ ցանկություն է հայտնել հյուրընկալելու ժամանող ուխտավորներին: Այդ ընտանիքները մանրակրկիտ ստուգման են ենթարկվում, անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի ծագի` ընդգծում են թուրքական իշխանությունները: Անվտանգության ապահովումը շատ հեռու է գնում: Թուրք պաշտոնյաները կասկածում են, որ հյուրընկալող ընտանիքները կարող են Հայոց ցեղասպանության զոհերի թրքացած կամ քրդացած մնացորդներ լինել: Վանում մի շարք ընտանիքների պաշտոնապես արգելվել է իրենց տներում հյուրընկալել սփյուռքահայերին։
Թվում է` պատարագին մասնակցել-չմասնակցելու խնդիր չի կարող լինել: Ո՞ր հայն իրեն կզրկի Աղթամարի Սուրբ Խաչում պատարագին մասնակցելու «պարտավորությունից»: Բայց խնդիրը (և ոչ բարի կամքի դրսևորումը) էմոցիոնալ շերտից տեղափոխվում է քաղաքական հարթություն: Հարց է առաջանում` որքանո՞վ է տեղին և շրջահայաց թուրքական կառավարության այս շոուին մասնակցելը: Մեկդարյա լռությունից հետո մեկօրյա արարողության թույլտվությանը թանգարան որակվող եկեղեցում դժվար է միանշանակ բնորոշում տալ: Հայկական կողմի արձագանքները տարբեր են: «Քաղաքական շոու», «հրապարակային խեղկատակություն», «միջազգային հանրությանը մոլորության մեջ գցող սադրանք»` այսպես են բնորոշում հասարակական - քաղաքական որոշ գործիչներ և պատարագը բոյկոտելու կոչ անում, ընդգծում, որ մասնակցելով պատարագին, ինչ-որ տեղ նպաստում ենք Թուրքիայի սադրանքին, որի գլխավոր նպատակը քարոզչական միավորներ շահելն է Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից` կեղծ հանդուրժողականություն դրսևորելով քրիստոնյաների և փոքրամասնությունների հանդեպ: Ներկայացումը հաշվարկված է բոլոր կողմերից: Թուրքիան մեկօրյա պատարագով միլիոնավոր օգուտներ կքաղի սեպտեմբերի 19-ին սպասվող 5000 զբոսաշրջիկներից (ըստ կանխատեսումների` Վանի զբոսաշրջիկների թիվը հետագա ամիսներին կհասնի միլիոնի): Վեհանձն քայլի դիմաց նույնպիսի պատասխան կսպասի հայերի կողմից: Էլ չասենք, որ լուսարձակումն ապահովված է: Վանի նահանգապետ Մունիր Կարաօղլուն անձամբ է փորձարկել Աղթամար կղզին արևային էներգիայով լուսավորելու սարքավորումները, անգամ հանդես է եկել հուզիչ ելույթով, հիշեցրել, որ պատմության ընթացքում հայերի հետ եղբայրաբար և բարեկամաբար են ապրել, հիմա էլ ուզում են նույն կերպ դիմավորել ու պատվել նրանց: Բայց, արի ու տես, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվում է պատարագին մասնակցելուց և դատապարտում է Թուրքիայի նենգ դիվանագիտությունը` վերահաստատելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա դիմաց հատուցման` Թուրքիային ուղղած իր պահանջը: Հայ հոգևորականների համոզմամբ` Սուրբ Խաչ եկեղեցում աղոթքի և պատարագի ուժն ուրիշ է լինելու, և այդ զորավոր աղոթքը շատ բան է փոխելու: Նախնական որոշման համաձայն` Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն իր երկու բարձրաստիճան եկեղեցականներին ուղարկելու էր Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Նրանք դեմ էին պատարագը բոյկոտելու կոչերին, այն համոզմամբ, որ մենք պետք է անգամ այդ մեկ օրն օգտագործենք, որպեսզի հերթական անգամ պահպանենք մեր իրավունքները, մեր մասնակցությամբ վավերացնենք սրբավայրի պատկանելությունը: Սակայն անհիմն պատճառներով խաչի տեղադրման հետաձգման մասին Թուրքիայի իշխանությունների արած հայտարարությանը հաջորդեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի նոր որոշումը` սեպտեմբերի 19-ի պատարագին իր ներկայացուցիչների մասնակցությունն առկախելու մասին:
Իհարկե, 10-րդ դարի հայկական եկեղեցում արարողություն անցկացնելու համար թույլտվություն չպետք է խնդրեինք, ավելին, զավեշտ է թվում այս դեպքում Թուրքիայի միջամտությունը, եկեղեցիները պետք է պատկանեին Պոլսո Հայոց պատրիարքարանին, տաճարը չպետք է զրկվեր խաչից… Սակայն պատարագի թույլտվություն ենք ստանում և, գոհանալու փոխարեն, դեռ պահանջներ ներկայացնում: Դարավոր պատմություն ունեցող հնամյա եկեղեցին գուցե կարոտ է աղոթքի, բայց այդ մեկօրյա աղոթքը, համեմված թուրքական կառավարության բեմականացմամբ, ավելի ցավոտ է դարձնում պատարագից առաջ ու հետո ձգվող լռությունը:
Մասնակցե՞լ, թե՞ ամեն գնով բոյկոտել Թուրքիայի ծրագիրը: Պետական գործիչները կոչ են անում անխաչ ու չօծված եկեղեցում բացառել պետական կառույցների մասնակցությունը: Մարդկանց հոսքը կանխել դժվար թե հաջողվի: Մնում է չկորցնել չափի զգացումը: Թուրքական կառավարության բարեհաճ ժեստին հարկ է նույնատիպ պատասխան տալ: Քարոզչական խորամանկ արշավի դեմ ձեռնարկել նույնպիսի արշավ: Մի տարբերությամբ` ոչ թե հարմարեցնել, խեղել, այլ ներկայացնել ճշմարտությունն ինչպես որ է: Իսկ ո՞ւմ է ձեռնտու ճշմարտությունը, երկար լռած պատարագը: Ամայացած Աղթամարի չգործող եկեղեցին, ի վերջո, պիտի պատմի հազարամյակների իր պատմությունը: Մեկդարյա լռությունը հարկ է կոչել իր անունով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Թուրքական կառավարությունը նույնիսկ հոգ է տանում այցելուների հարմարավետ ուղևորության մասին, ուզում են մի քանի օրով բացել սահմանը Հայաստանից «Հայաստան», որ երկար ճանապարհը չհոգնեցնի ուխտավորներին: