Մոսկվայում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Եվ եթե Հայաստանի հունա-հռոմեական ոճի հավաքականի ելույթները կարելի է գոհացուցիչ համարել (հիշեցնենք, որ թիմը տուն բերեց երեք մեդալ` Արսեն Ջուլֆալակյանը և Յուրի Պատրիկեևը նվաճեցին արծաթե, իսկ Ռոման Ամոյանը` բրոնզե մեդալներ. թիմային հաշվարկում մեր հավաքականը բաժանեց երրորդ տեղը), ապա ազատոճայինները լիովին ձախողվեցին: Նման անհաջողություններն արդեն դարձել են օրինաչափ: Վերջին տարիներին անցկացվող ըմբշամարտի համաշխարհային և եվրոպական բոլոր ստուգատեսներում ազատ ոճի մեր ըմբիշները տուն են վերադառնում ձեռնունայն: Այս անգամ էլ Հայաստանը ներկայացնող յոթ մարզիկներից ոչ մեկը չկարողացավ խառնվել մեդալների համար մղվող պայքարին:
55 կգ քաշային կարգում Գեղամ Բաբախանյանն առաջին իսկ մենամարտում` 1/16 եզրափակիչ փուլում, զիջեց ուկրաինացի Սերգեյ Ռատուշնուն: Այստեղ չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Վիկտոր Լեբեդևը, որը եզրափակիչում առավելության հասավ ադրբեջանցի Թողրուլ Ասգարովի նկատմամբ:
60 կգ քաշային Արթուր Առաքելյանն առաջին մարտում հաղթեց իսպանացի Սանչես Պարային, սակայն 1/8 եզրափակիչում զենքերը վայր դրեց աշխարհի ապագա չեմպիոն ռուսաստանցի Բեսիկ Կուդուխովի առջև, որը եզրափակիչում հաղթեց ուկրաինացի Վասիլի Ֆեդորիշինին: Երրորդ տեղի մենամարտին մասնակցելու համար մղվող սփոփիչ մարտում Առաքելյանը պարտություն կրեց ֆրանսիացի Դիդիե Պաիսից:
66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանի առաջին մրցակիցը Բելառուսը ներկայացնող Ալբերտ Բատիրովն էր, որի արգելքը հայ մարզիկը հաղթահարեց, սակայն 1/8 եզրափակիչ փուլում նրա ճանապարհին կանգնեց կուբացի Ժան Գարսոնը, որը հետագայում նվաճեց բրոնզե մեդալ: Իսկ չեմպիոն այս քաշային կարգում դարձավ հնդիկ Սուշիլ Կումարը, որը եզրափակիչում հաղթեց Ալան Գոգաևին (Ռուսաստան):
74 կգ քաշային կարգում Սուրեն Մարկոսյանը պայքարն սկսեց 1/32 եզրափակիչ փուլից, որտեղ առավելության հասավ ավստրիացի Ֆիլիպ Կրեպացի նկատմամբ: Հաջորդ փուլում Սուրենը զիջեց ապագա երկրորդ մրցանակակիր իրանցի Սադեգ Գուդարզիին, որին եզրափակիչում հաղթել էր ռուսաստանցի Դենիս Ցարգուշը: Սփոփիչ մարտում Մարկոսյանը զիջեց ապագա բրոնզե մեդալակիր Աբդուլխակիմ Շապիևին (Ղազախստան):
84 կգ քաշային կարգ. մեր հավաքականի «լեգեոնականներից» մեկը` Վադիմ Լալիևը, 1/16 եզրափակիչ փուլում հաղթեց Մալթայի ներկայացուցիչ Ա. Վասալոյին, հաջորդ փուլում` ռումինացի Գ. Շտեֆանին, սակայն քառորդ եզրափակիչը հաղթահարել չկարողացավ. նրա ճանապարհին կանգնեց ուզբեկ Զ. Սոխիևը, որը դարձավ արծաթե մեդալակիր: Սփոփիչ մարտում Լալիևը զիջեց կուբացի Պերես Սալասին և զբաղեցրեց 9-րդ տեղը: Իսկ չեմպիոն դարձավ բուլղարացի Միխայիլ Գանևը:
96 կգ քաշային Էդգար Ենոքյանը 1/16 եզրափակիչում զիջեց ապագա փոխչեմպիոն Հաջիմուրադ Գացալովին (Ռուսաստան): Սփոփիչ մարտերից առաջինում Էդգարը հաղթեց սլովակ Յոզեֆ Յալովիարին, իսկ երկրորդում զիջեց վրացի Գեորգի Գոգշելիձեին և, ի վերջո, զբաղեցրեց 11-րդ տեղը: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Ադրբեջանի դրոշի տակ հանդես եկող ազգությամբ օս Խետագ Գազյումովը:
Գերծանր քաշայինների պայքարում մեր հանրապետությունը ներկայացնող Ռուսլան Բասիևը պայքարը թողեց առաջին իսկ մենամարտում` զիջելով Իրանի ներկայացուցիչ Ֆարդին Մասումի Վալադիին: Ամենածանր ըմբիշների մեջ հաղթող դարձավ ռուսաստանցի Բիլյալ Մախովը, երկրորդը ուզբեկ Արթուր Թայմազովն էր:
Թիմային հաշվարկում Հայաստանի ազատ ոճի հավաքականը վաստակեց երեք միավոր և հանգրվանեց 25-րդ հորիզոնականում: Բացահայտ առավելությամբ հաղթող դարձավ Ռուսաստանի ընտրանին` 66 միավոր, երկրորդը Ադրբեջանն էր` 42, երրորդը` Կուբան` 37: Ադրբեջանի հավաքականը յոթ քաշային կարգերից չորսում ունեցավ մրցանակակիր. մեկը դարձավ չեմպիոն, մեկը` փոխչեմպիոն, ևս երկուսը նվաճեցին բրոնզե մեդալներ: Մեր հարևանները վերջին տարիներին զգալիորեն առաջադիմել են ըմբշամարտում: Նրանք բավականաչափ գումար են ծախսում մարզաձևը զարգացնելու ուղղությամբ, դրսից մարզիկներ են հրավիրում: Նման քաղաքականություն վարում է նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, սակայն ի՞նչ կարիք կա հրավիրելու այնպիսի մարզիկների, որոնք ոչ մի արդյունքի չեն կարողանում հասնել միջազգային մրցումներում: Ադրբեջանը ևս դրսից ըմբիշների է հրավիրում, սակայն նրանք պարգևներ են ապահովում այդ երկրի համար: Մեր հրավիրյալ ըմբիշներին զգալի գումարներ են վճարվում, սակայն արդյունք չկա: Միակ բացառությունը հունա-հռոմեական ոճի գերծանր քաշային ըմբիշ Յուրի Պատրիկեևն է, որը պարբերաբար մեդալներ է նվաճում Հայաստանի համար: Ավելի լավ չէ՞ այդ գումարներով զարգացնել տեղի մանկապատանեկան դպրոցները` ակնկալելով հաջողություններ մի քանի տարի անց:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ