Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Վկայված ու չվկայված հայտնագործությունների հեղինակը

Վկայված ու չվկայված հայտնագործությունների հեղինակը
03.03.2015 | 12:15

1997 թ. Ֆլորիդայի նահանգի (ԱՄՆ) Ֆորթ Լաուտըրտել քաղաքում 92 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց բժշկության, լուսանկարչության, օդագնացության, բանկային համակարգին, կենցաղային ոլորտներին վերաբերող միջազգային անթիվ ու անհամար արտոնագրերով (պատենտ) վկայված ու չվկայված հայտնագործությունների հեղինակ գիտնական, ինժեներ-գյուտարար Լյութեր Սիմջյանը:
«Նյու Յորք թայմս» թերթն անմիջապես արձագանքել էր ու առանձին լրատվությամբ ներկայացրել հայտնագործությունների նախընտրած ցանկը, որի բաղադրիչներն ունեին բազմազան ու բազմաբնույթ կիրառություն, թեև բացահայտում էին սոսկ նրանց կենցաղային ու առողջապահական կողմը: Հետաքրքրական է, որ բավականին զուսպ ու հպանցիկ էին ներկայացվում հայտնագործությունների ռազմաստրատեգիական և իրավական կողմերը:
Այդ առթիվ ընդարձակ հոդվածով հանդես եկավ «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի խմբագիր, սփյուռքահայ երևելի մտավորական Հարութ Սասունյանը, համակողմանիորեն ներկայացնելով մեր հայրենակցին, հավելելով, որ հեղինակավոր այդ թերթի թղթակիցը թույլ էր տվել աններելի սխալներ: Բանն այն է, որ Լ. Սիմջյանը ներկայացվել էր Թուրքիայում ծնված թուրք անձնավորություն: «Նյու Յորք թայմս» թերթի խմբագրությանն ուղղված նրա և բազմաթիվ այլ բողոք-նամակներն ընդգծում էին թղթակցի անբանիմացությունն ու անտեղյակությունը, որ նրա ծննդյան թվականին՝ 1905-ին, Թուրքիա գոյություն չուներ, այլ կար Օսմանյան կայսրություն, և երկրորդ` այդ ո՞ր թուրքի ազգանունն է «յան»-ով ավարտվում, ու երրորդ` այդ ո՞ր մահմեդական թուրքը կարող էր հանդգնել իր զավակին անվանակոչել քրիստոնյա-բողոքականների միջնադարյան առաջնորդ Մարտին Լյութերի ազգանվամբ: Սակայն ամենակարևորը. Լյութեր Սիմջյանի դուստր Մարիջո Գարրի Սիմջյանը բողոքի նամակ էր հղել հոդվածագիր Քեննեթ Քյուլփինին, սպառնալով դիմել համապատասխան այլ միջոցների, որից հետո նա հարկադրված եղավ նույն թերթում հանդես գալ կարճառոտ հոդվածով, ընդունելով սխալները, սակայն դրանք որակելով որպես ցավալի թյուրիմացություն:
Հարկ է արժանին հատուցել, ինչպես նաև մեր հանրությանը ներկայացնել «մեղավորի» համամարդկային բազմաբնույթ հայտնագործությունները, ավելացնելով միայն վերջերս պարզաբանված նորությունները` նրա ծննդյան 110-ամյակի առիթով:
Եվ այսպես, Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը ծնվել է Կիլիկիո Այնթապ (ներկայիս Թուրքիայի Գազիանթեպ) քաղաքում 1905 թ. փետրվարի 28-ին: Եղեռնից խուսափելով, նրանց բողոքական ընտանիքը մեծ դժվարությամբ հասել էր Բեյրութ, ապա ֆրանսիական Մարսել, իսկ 1920 թ. հաստատվել ԱՄՆ-ի Կոննեկտիկուտ նահանգի Նյու Հեյվըն քաղաքում: Նույն այդ թվին 15-ամյա պատանին, ի զարմանս փորձառու մասնագետների, ստեղծում է ստորջրյա միկրոսկոպիկ պատկերների լուսանկարչական սարք: Ողջ կյանքի ընթացքում նա ստեղծագործական վայրէջք չի ունեցել, քանզի հայտնագործությունների ընթացքը չի ընդհատվել և մշտապես վերելք է ապրել ութ տասնամյակ շարունակ, մինչև վախճանը` 1997 թ.: Վերջին հայտնագործությունը կատարել է 92-րդ տարեդարձին ընդառաջ, որի միջազգային վկայագիր-արտոնագիրն ստացել է մահվան նախօրեին: Հետաքրքիր է, որ նրա տիկինը` Գլեյդիս Քենըն Սիմջյանը ևս աչքի է ընկել երկարակեցությամբ, ամուսնուն գերազանցելով երկու տարով (1911-2005 թթ.):
Լյութեր Սիմջյանը կատարել է մոտ 400 հայտնագործություն, որոնցից միայն 219-ն են հայտագրված տեղական ու միջազգային արտոնագրերով: Տակավին երիտասարդ, 23-ամյա Լյութերը 1928 թ. նշանակվում է Եյլի բժշկական հաստատության լուսանկարչական բաժանմունքի տնօրեն, որտեղ և ստեղծում է գունավոր նկարահանման բազմապրոֆիլ սարքեր, այդ թվում՝ նկարահանող մանրադիտակի նորորակ լուսարձակ: 1934 թ. տեղափոխվելով Նյու Յորք, ստեղծում է Photoreflex ընկերությունը և սկսում ինքնակառավարվող տեսախցիկների զանգվածային արտադրություն: Այն նկարահանվողին հնարավորություն էր ընձեռում` շարժական հայելիներով տեսնելու և նկարահանմանը հարմարեցնելու մարմնի կեցվածքը բոլոր կողմերից: Չանցած մեկ տարի, ընկերությունը վերանվանվում է Reflecton, որտեղ կատարելագործվում են սարքի օպտիկական, էլեկտրատեխնիկական ու մեխանիկական մոդուլները: 1939 թ. արդեն անվանի գյուտարարը տեղափոխվում է Կոննեկտիկուտ` այստեղ բազմապատիկ հզորացնելով «Ռեֆլեքթոն» ընկերության կարողությունները:
Նշենք որ 1997 թ. սույն ընկերությունը 90 մլն դոլարով վաճառվել էր բրիտանական «Ջեներալ Ռիսըրջ Ինկ.» և «Քոմման Օթոմեյշըն» օդային զույգ ընկերություններին:
Դեռևս 1939 թ. նա նախագծում և իրականացնում է պատի մեջ տեղադրվող ռենտգենյան սարք, որը թույլ էր տալիս ֆինանսական գործողություններ իրականացնել առանց գանձապահի միջամտության: Դրա հիման վրա էլ 1939-1960 թթ. ստեղծում է կանխիկ դրամ տրամադրող ինքնաշխատ «Automatic Treller machine-ATM» սարքի 20 տարբերակ, որոնք կազմում են ներկայիս բանկոմատների հիմքը և կիրառվում են աշխարհի գրեթե բոլոր մեծուփոքր բանկերում: Բանկոմատների, ինչպես նաև մետաղադրամի ու թղթադրամի փողահաշվիչ մեքենայի և արժույթի հաշվարկի ինքնաշխատ սարքի գործառույթի իրավունքը վերապահվել է նյույորքյան «City Bank of New Rork»-ին:
1965 թ. նա զատ-զատ արտոնագրում է նաև տարբեր տիպի մետաղադրամների բանկոմատի գյուտը: Ի դեպ, բանկային համակարգերին վերաբերող գյուտը երկար տարիներ շարունակ խնամքով քողարկվել էր, սակայն տեղեկատվական արտահոսքը միայն վերջերս բացահայտեց այն:
Մեծ տարածում է գտել նրա ստեղծած մարզական հեծանիվը, որից օգտվում են ոչ միայն մարզաշխարհի ներկայացուցիչները, այլև հոդերի, իրանի, գոտկատեղի տարբեր ախտանիշերով տառապող անձինք:
Հայտնի է «ամերիկյան» գոլֆ խաղը մոդելավորող (golf stimulator) նրա սարքը, որը համակարգչով կանխատեսում է գնդակի թռիչքի հետագիծը:
Տարածված է այն կարծիքը, որ կա և խնամքով գաղտնի է պահվում խաղատներում օգտագործվող պտուտակախաղի գնդակի շարժման շառավիղը և հանգրվանը կանխորոշող սարքը:
Սննդարդյունաբերության ձեռնարկություններում տարբեր արտադրատեսակների համար մշտապես օգտագործվում է մսանյութը փափկացնող (metterderizer) սարքը:
Լյութեր Սիմջյանի «բազմաժանր» գյուտերը չէին կարող չարժանանալ ԱՄՆ-ի ռազմարդյունաբերության համակարգի ուշադրությանը: Դեռևս Երկրորդ համաշխարհայինի նախօրեին և պատերազմի ողջ ընթացքում նա ստացել է համապատասխան պատվերներ կամ իր գյուտերը հարմարեցրել ներկայացվող պահանջներին:
Առաջին հերթին նա ստեղծեց ինքնաթիռների տարբերակված մանրակերտեր ու մոդելավորող թռիչքի նմանակող սարք, որը հնարավորություն էր տալիս մեծ հեռավորության վրա որոշել օդանավերի արագությունը, լուսավորությունը և կոորդինատները: Այն բաղկացած էր լույսի գերպայծառ աղբյուրից, հայելուց և փոքր սկավառակներից: Պատերազմի տարիներին այս սարքից արտադրվեց 2000 օրինակ և տրամադրվեց դաշնակից երկրներին, որը լավագույնս օգտագործվեց ֆաշիստական օդուժի ջախջախման գործում:
Իսկ պատերազմի ավարտին ստեղծվեց տեսողական սահմանի թռիչք նմանակող հարմարանք, որով մարզում էին օդաչուներին ու ռազմանավերի նշանառուներին: Այնուհետև ստեղծվեց օդային խուզարկման զենք, որի տարբերակ հանդիսացող գերձայնային-լազերային բժշկական գործիքը աշխարհում լայն կիրառություն ունեցավ:
1980-ական թվականներին օրհասած դժվար տեսողությունը բնավ չխաթարեց նրա պայծառ միտքը: Նրա վերջին գյուտը փայտյա երաժշտական գործիքների հնչյունային որակը որոշող և վիճակը բարելավող սարքի կատարելագործված տարբերակն էր:


Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 12304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ