Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՀԱՅԱՍՏԱՆԸ 7-ՐԴՆ Է, ԱՐՈՆՅԱՆԸ` 3-ՐԴԸ

ՀԱՅԱՍՏԱՆԸ 7-ՐԴՆ Է, ԱՐՈՆՅԱՆԸ` 3-ՐԴԸ
05.10.2010 | 00:00

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ավարտվեց շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադան: Ի տարբերություն նախորդ երկու օլիմպիադաների, Հայաստանի տղամարդկանց հավաքականի ելույթն այս անգամ համեստ էր: Մեր ընտրանին, տանելով թիմային 7 հաղթանակ, երկու մրցամարտ ավարտելով ոչ-ոքի, ևս երկուսում տանուլ տալով, 16 միավորով բաժանեց 5-10-րդ տեղերը` լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:
Նախավերջին փուլում հայ շախմատիստները 2,5-1,5 հաշվով առավելության հասան չեխերի նկատմամբ: Լևոն Արոնյանը սևերով հաղթեց Դավիդ Նավարային, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը կիսեցին միավորները:
Վերջին տուրից առաջ մեր ընտրանին երրորդ տեղն զբաղեցնելու տեսական հնարավորություն ուներ, պետք էր հաղթել ֆրանսիացիներին և սպասել մյուս մրցամարտերի արդյունքներին: Լևոն Արոնյանը սևերով առավելության հասավ Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Վլադիսլավ Տկաչովի հետ: Երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Վլադիմիր Հակոբյանի մրցակից Լորան Ֆրեսինեն ոչ-ոքի առաջարկեց մեր շախմատիստին, սակայն մեր հավաքականը, խորհրդակցելով, որոշեց մերժել այդ առաջարկը, քանի որ Արման Փաշիկյանի դիրքն անհուսալի էր թվում, և որոշվեց, որ Հակոբյանը պետք է պայքարի հաղթանակի համար: Սակայն տեղի ունեցավ հակառակը. Արմանը կարողացավ փրկել պարտիան, իսկ Հակոբյանն ուժեղ ցայտնոտում կոպիտ վրիպում թույլ տվեց և պարտվեց: Փաստորեն, մեր թիմը զրկվեց հաղթանակից. արձանագրվեց ոչ-ոքի` 2-2: Հետագայում պարզ դարձավ, որ եթե մեր հավաքականը հաղթեր, կբաժաներ 3-5-րդ տեղերը և հարկ կլիներ հաշվել լրացուցիչ գործակիցները: Օլիմպիադայի հաղթող դարձավ ՈՒկրաինայի հավաքականը (19 միավոր), Ռուսաստանի 1-ին թիմը երկրորդն է (18), Իսրայելի հավաքականը` երրորդը (17):
Հայաստանի կանանց ընտրանին նախավերջին տուրում 1-3 հաշվով զիջեց լեհուհիներին. պարտվեցին Դանիելյանն ու Գալոյանը, ոչ-ոքի խաղացին Մկրտչյանն ու Աղինյանը։ Վերջին տուրում մեր աղջիկները 3,5-0,5 հաշվով ջախջախեցին Սլովենիայի շախմատիստուհիներին. Մկրտչյանը, Գալոյանը և Աղինյանը հաղթեցին, իսկ Դանիելյանը ոչ-ոքի խաղաց: Ի վերջո, 15 միավորով մեր շախմատիստուհիներն զբաղեցրին 11-րդ տեղը: Օլիմպիադայի բացարձակ հաղթող դարձավ Ռուսաստանի 1-ին թիմը, որը 11 մրցամարտում տարավ նույնքան հաղթանակ: Երկրորդը չինուհիներն են, երրորդը` վրացուհիները: Մեր աղջիկներից կարելի էր ավելի լավ արդյունք ակնկալել, սակայն, երևում է, մրցաշարի վերջում նրանք հոգնել էին: Դա հատկապես նկատելի էր թիմի առաջատար Էլինա Դանիելյանի խաղից: Առաջին ութ խաղափուլերում նա տարավ վեց հաղթանակ, ևս երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի, սակայն վերջին երեք պարտիաներում կարողացավ վաստակել ընդամենը կես միավոր:
Անդրադառնանք տղամարդկանց ելույթին: Լավագույն արդյունքը ցույց տվեց առաջատարը` Լևոն Արոնյանը: 10 հնարավորից վաստակելով 7,5 միավոր (5 հաղթանակ, 5 ոչ-ոքի) և առաջին խաղատախտակի վրա արժանանալով արծաթե մեդալի` նա զիջեց միայն ուկրաինացի Վասիլի Իվանչուկին (10-ից 8): Այս անգամ շատ դժգույն էր Վլադիմիր Հակոբյանի ելույթը, որը գրեթե բոլոր պարտիաներում ձգտում էր ոչ-ոքիի: Օլիմպիադաներում մեր հավաքականի հարվածային ուժը, որպես կանոն, Գաբրիել Սարգսյանն էր, սակայն այս անգամ նրա խաղում անկում էր նկատվում, ինչն էլ արտահայտվեց երկու պարտություններում: Սպասվածից լավ հանդես եկավ երիտասարդ Արման Փաշիկյանը, որը տարավ 4 հաղթանակ և կրեց մեկ պարտություն, որի պատճառով, սակայն, Հայաստանի հավաքականը զիջեց ադրբեջանցիներին: Պահեստային Ավետիք Գրիգորյանը մասնակցեց միայն մեկնարկային փուլին և հաղթեց կոստառիկացի մրցակցին:
Օլիմպիադայի արդյունքներով զգալիորեն փոփոխվեցին շախմատիստների անհատական վարկանիշները: Լևոն Արոնյանն իր էլոն ավելացրեց 13,4 միավորով և այժմ աշխարհում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Նա առաջ է անցել բուլղարացի Վեսելին Տոպալովից, որը չափազանց անհաջող հանդես եկավ և կրեց 17,5 միավորի կորուստ: Լևոնն ընդհուպ մոտեցել է գերգրոսմայստերական 2800 գործակցին. նրա ակտիվում այժմ 2793,8 միավոր է: Մեր շախմատիստներից անհատական վարկանիշը 4,2 կետով բարելավեց Արման Փաշիկյանը: Հակոբյանը կորցրեց 8,2 միավոր, Սարգսյանը` 4,8:
Համաշխարհային վարկանիշային ցուցակի լավագույն 30 շախմատիստներից օլիմպիադային չէին մասնակցում միայն աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը, ադրբեջանցի Վուղար Հաշիմովը, որը վտարվել է իր երկրի հավաքականից (նրան մեղադրում են հայերի հետ համագործակցելու մեջ) և ֆրանսիացի Էթիեն Բաքրոն: Բավականին անհաջող խաղաց ցուցակը գլխավորող Մագնուս Կառլսենը, որը կորցրեց ավելի քան 15 միավոր: Վերջին երկու տարում գրեթե չպարտվող նորվեգացին այս անգամ կրեց երեք պարտություն ոչ շատ ահեղ մրցակիցներից` վրացի Ջոբավայից, անգլիացի Ադամսից և Ռուսաստանի 4-րդ թիմի խաղացող, պատանի Սանան Սյուգիրովից: Օլիմպիադայում միավորների զգալի պաշար կուտակեցին Վասիլի Իվանչուկն ու Սերգեյ Կարյակինը: Ահա թե այս պահին ինչ տեսք ունի վարկանիշային ոչ պաշտոնական աղյուսակի առաջին տասնյակը (պաշտոնականը կհրապարակվի նոյեմբերի 1-ին).
1. Կառլսեն 2810,7
2. Անանդ 2800,0
3. Արոնյան 2793,8
4. Տոպալով 2785,5
5. Կրամնիկ 2779,6
6. Իվանչուկ 2771,9
7. Գրիշչուկ 2762,3
8. Կարյակին 2760,9
9. Մամեդյարով 2760,0
10. Վան Յուե 2753,3
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 21664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ