Հայկական ճարտարապետության պատմության չգերազանցված և հոյակերտ տաճարը
22.05.2020 | 00:08
ՈՒշագրավ է, որ Զվարթնոցի շինարարությունը շարունակվել է անգամ Ներսեսի բացակայության ժամանակ։ Այդ վեց տարում Ներսեսի պահանջով աշխատանքը ղեկավարել է իր տեղապահ Անաստաս Ակոռեցին (Ներսեսին հաջորդած կաթողիկոսը), որին ամեն կերպ օժանդակել է Թեոդորոս Ռշտունին։ Մի հանգամանք, որ լիովին ժխտում է այն տեսակետը, թե Զվարթնոցը ի սկզբանե հիմնադրվել էր որպես «քաղկեդոնական կենտրոն», քանզի Ռշտունին, լինելով ազգային եկեղեցու ջերմ պաշտպան, պարզապես չէր աջակցի նման կառույցի շինարարությանը։ Սեբեոսի և մնացած բոլոր պատմիչների գործերում նույնպես չկա անգամ հեռավոր ակնարկ Զվարթնոցը որպես քաղկեդոնական տաճար կառուցելու վերաբերյալ։
Այլևս հույս չունենալով Բյուզանդիայի կողմից որևէ պաշտպանության, հայերը կրկին արաբներին հպատակություն են հայտնում։ ՈՒշագրավ է, որ Ներսեսն այս անգամ միանում է հայ նախարարներին և Մուավիային խնդրում է վերականգնել Թեոդորոս Ռշտունու կնքած պայմանագիրը և Հայաստանի իշխան կարգել Գրիգոր Մամիկոնյանին։ Նրա այս քայլը վկայում է, որ նա իր որոշումները միշտ կայացրել է ոչ թե ի սեր և հնազանդություն Բյուզանդիայի, այլ ի պաշտպանություն Հայաստանի։
Հայաստան վերադառնալուց հետո Ներսեսը երկար չի ապրում. ավարտում է իր չքնաղակերտ կառուցվածքը և 662 թ. մահանում է՝ թաղվելով, ինչպես Դրասխանակերտցին է վկայում, Զվարթնոցի հյուսիսային կողմում կառուցված շիրիմում. «զոր իւրովի իսկ յօրինեալ էր»։ Ցավոք, պեղումների ժամանակ Ներսեսի դամբարանը չի հայտնաբերվել։ Բացառված չէ, որ հետագայում, երբ Հայաստանը ոտնակոխ է եղել օտար ավազակաբարո ցեղերի կողմից, այդ նշանավոր շիրիմը քարուքանդ է արվել՝ այնտեղ հարստություն որոնելու նպատակով։ Վարդապետ Խաչիկ Դադյանը, որը 1900-1907 թթ. նախաձեռնել է Զվարթնոցի պեղումները, այդ մասին գրում է. «Ջրին մոտենալու ժամանակ դուրս եկավ գերեզմանի տապանաքարի կտոր, մի երեսը կամարազարդ քանդակներով, մյուսը՝ ծաղիկներով։ Երևում է, որ տապանաքարի երեսը հագցրած է եղել մարմարից արձանագրություն։ Տապանի տակ ջրհորից խառնիխուռն հանվեցին և մարդկային կմախքի մասեր»։ Ըստ նրա՝ դրանք եղել են Ներսես կաթողիկոսի դամբարանի մնացորդները, որ քանդել են արաբները և լցրել ջրհորը։
Ե՞րբ է կառուցվել։
Ցավոք, տաճարի շինարարության սկզբի և ավարտի մասին հավաստի ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Չի հայտնաբերվել նաև Զվարթնոցի շինարարական թվագրված արձանագրությունը։ ՈՒստի այս հարցը պարզելու համար մնում է վերլուծել զանազան պատմիչների գործերում հանդիպող տեղեկությունները և համադրել պատմական իրադարձությունները։
Ըստ տաճարի շինարարության ժամանակակից պատմիչ Սեբեոսի և Հովհաննես կաթողիկոսի հաղորդած տեղեկությունների՝ Զվարթնոցի շինարարությունը սկսվել է 644 թ. և ավարտվել 652 թ. վերջերին՝ տևելով 8 տարի։ Եթե հաշվի առնենք, որ մինչև Զվարթնոցի կառուցումը Ներսեսը կառուցել է երկու եկեղեցի (Դվինում և Խոր վիրապում), որոնք որքան էլ համեստ չափեր ունենային, ժամանակ էին պահանջում, և Զվարթնոցի նման հսկայածավալ շինարարություն սկսելու համար երկրում շատ թե քիչ խաղաղություն էր պահանջվում, ապա շատ հնարավոր է՝ հենց այդ թվին էլ սկսվել է շինարարությունը։ Ինչ վերաբերում է ավարտին, Մովսես Կաղանկատվացին հաղորդում է, որ Ներսեսը Կոստանդին կայսերը հրավիրել է Զվարթնոցի օծման հանդեսին, և վերջինս այնքան է հավանել այն, որ հրամայել է ճարտարապետին իր հետ Պոլիս գնալ՝ իր պալատի մեջ նույնանման եկեղեցի կառուցելու։ Իսկ սա նշանակում է, որ 652 թ., երբ Կոստանդին կայսրը եկել է Հայաստան, Զվարթնոցը օծմանը պատրաստ է եղել, քանզի կայսեր՝ Հայաստան գալու մեկ այլ դեպք չի հիշատակվում։ Բացի այդ, պատմական իրադարձությունները վկայում են, որ եթե Կոստանդին կայսրը Ներսեսի՝ Հայաստան վերադառնալուց հետո կրկին Հայաստան գար, կգար ոչ թե նրա եկեղեցին շնորհավորելու, այլ ընդհակառակը, Ներսեսին և իր ժողովրդին խստիվ պատժելու, որովհետև Ներսեսը, Տայքից վերադառնալուց հետո նախարարների հետ համաձայնելով, Հայաստանը բյուզանդական կայսրության հպատակությունից հանելով՝ արաբական իշխանության տակ էր դրել։ Իսկ Սեբեոսի հաղորդած այն տեղեկությունը, թե Տայքից վերադառնալուց հետո է Ներսեսն ավարտել եկեղեցու շինարարությունը, հավանաբար վերաբերում է թերի մնացած շրջակա շինություններին, որոնք շարունակվել են թե՛ Ներսեսի բացակայության ժամանակ և թե՛ նրա վերադարձից հետո մինչև մահ։ Հովհաննես կաթողիկոսը նույնպես հաղորդոմ է, որ Ներսեսի հեռանալուց հետո նրա հանձնարարությամբ շինարարությունը շարունակել է նրա սենեկապետ Անաստաս Ակոռեցին՝ ընդհուպ մինչև Ներսեսի վերադարձը, այդպես էլ չկարողանալով ավարտին հասցնել շինարարությունը։ Ամենայն հավանականությամբ, այս տեղեկությունը նույնպես շրջակա շինությունների մասին է, քանզի, ինչպես վերը նշվեց, կայսրը ճարտարապետին իր հետ տանում է Կ. Պոլիս։ ՈՒստի ինչպե՞ս կարող էր Անաստասը նման մեծ գործը գլուխ բերել առանց ճարտարապետի։ Եվ հետո, Զվարթնոցի տաճարը և շրջակա շինությունների մեծ մասը ոճի և ճաշակի տեսակետից մեծապես տարբերվում են իրարից։ Ով արվեստագետի աչքով է դիտում, անմիջապես նկատում է, որ տաճարի ամեն մի քարի վրա առանձնապես դրոշմված են Ներսեսի հատուկ ճաշակը և ճարտարապետական ու գեղարվեստական հմտությամբ օժտված ղեկավարի շնորհքը, մինչդեռ այդ շնորհքից զուրկ էր Անաստասը։ Ներսեսի բացակայության ժամանակ Ակոռեցին չէր կարող նաև Զվարթնոցի նման հսկայական գումարներ պահանջող շենքի համար նյութական միջոցներ հայթայթել, երբ նկատի առնենք, որ հայոց կաթողիկոսների նյութական աղբյուրը ժողովուրդն է, իսկ ժողովուրդը այդ ժամանակ լրիվ հյուծված էր, իսկ Ներսեսը հեռվից բնավ չէր կարող ազդել ժողովրդի վրա, քանի որ անգամ կաթողիկոսական հեղինակությունն էր մասամբ կորսված։ Ի դեպ, ըստ Կաղանկատվացու՝ Զվարթնոցի տաճարը կառուցվել է կայսեր ֆինանսական աջակցությամբ։
Ո՞վ է եղել ճարտարապետը։
Զվարթնոցի տաճարի գլխավոր ճարտարապետի մասին պատմությունը նույնպես լռում է։ Բայց դա միայն առաջին հայացքից։ Երբ պատմիչների կցկտուր տեղեկություններն ի մի ենք բերում և վերլուծում, կարծես գտնում ենք հարցի պատասխանը։ Ներսես կաթողիկոսը Խոր վիրապի, Դվինի, Զվարթնոցի, Իշխանի եկեղեցիների կառուցումից և Վաղարշապատի կաթողիկեում որոշ աշխատանքներ կատարելուց բացի՝ կառուցել է նաև Վաղարշակերտի, Բագավանի և Գառնիի եկեղեցիները, ընդ որում առաջին երկուսի կառուցումը նա ղեկավարել է դեռևս Տայոց եպիսկոպոս եղած ժամանակ և իր եռանդուն շինարարական գործունեության շնորհիվ, ըստ մի շարք վերլուծաբանների, արժանացել Շինող կամ Շինարար մականվանը։ Բայց չէ՞ որ քիչ չեն եղել հայ հոգևորականներ և աշխարհականներ, ովքեր մի քանի եկեղեցիներ կամ վանքեր են շինել, բայց նման մականվան չեն արժանացել։ Եվ այստեղ օգնության է գալիս «շինող» բառի ստուգաբանությունը. այն բացի ընդհանրապես «շինարար» կամ «շինել տվող» իմաստից, հին հայերենում ունեցել է նաև հունարեն «դեմիուրգ»-ի, այն է՝ ճարտարապետ վարպետի իմաստ։ Բացի այդ՝ Դրասխանակերտցին գրում է. «Ներսեսը հիմնում է Առապարի Ս. Գրիգոր եկեղեցին՝ ինքն ստանձնելով վարպետի, ճարտարապետի գործը մի գեղեցիկ մոլությամբ՝ հանդիսանալով ճարտարապետ ի Քրիստոս»։ Ներսեսը կառուցել է եկեղեցին և սյուների խոյակների վրա դրել իր անվան տառերը (մոնոգրամները), որոնք կարդացվում են՝ Ներսեսի և կաթողիկոսի, իսկ Զվարթնոցի ճակատին հունարեն փորագրել տվել իր անունը՝ առանց «կաթողիկոս» տիտղոսի. «Ներսեսն է շինել, հիշեցե՛ք»։ Նա սա արել է ճարտարապետների համար ընդունված արձանագրական շաբլոնի համաձայն։ Այն, որ Ներսեսը հեռու չի եղել ճարտարապետական արվեստից, վկայում է նաև Դրասխանակերտցու փոքրիկ մեկ այլ հիշատակություն, ըստ որի Ներսեսը թաղվել է Զվարթնոցի հյուսիսային կողմում կառուցված մի շիրիմում, «զոր իւրովի իսկ յօրինեալ էր»։
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Զվարթնոցի վրա հենց Ներսես կաթողիկոսն է վարպետություն արել՝ գլխավոր ճարտարապետը հանդիսանալով։ Բայց պետք է նշել, որ նա ոչ թե ընդօրինակել է արդեն գոյություն ունեցող բոլորակ շենքերը, որոնք նա տեսել և ուշադիր կերպով ուսումնասիրել է իր շրջագայությունների ընթացքում դեռևս զինվորական եղած ժամանակ, այլ մշակել մի տիպ՝ իր կոնստրուկտիվ տարրերով, որ մինչ այդ անծանոթ էր հայկական ճարտարապետությանը, բայց, որ գլխավորն է, ոչ միայն պահպանել է հայկական ոճն իր բոլոր հատկանշական կողմերով, այլև հասցրել այն մոնումենտալության բարձր աստիճանին։
Ե՞րբ է քանդվել։
Տաճարի կործանման հարցը նույնպես առեղծվածային է։ Պատմիչների մոտ այդ մասին ոչ մի հստակ հիշատակություն չկա։ Հայտնի է միայն, որ Զվարթնոցր կանգուն է եղել մինչև X դարի 30-ական թթ. քանզի Դրասխանակերտցին, որն իր պատմությունը հասցրել է մինչև 924 թ., իսկ Թովմա Արծրունին՝ մինչև 930 թ., տաճարի կործանման մասին ոչինչ չեն հիշատակել։ Ի դեպ, Բանայի եկեղեցին, որը կառուցվել է Վրաստանում 10-րդ դարում, շատ նման է Զվարթնոցի տաճարին: Ըստ երևույթին՝ Բանայի ճարտարապետը տեսել է Զվարթնոցը կանգուն վիճակում, ինչն էլ վճռական դեր է խաղացել Բանայի ճարտարապետական հորինվածքի մշակման ժամանակ։
Տաճարի կործանմանը վերաբերող առաջին տեղեկությանը հանդիպում ենք Ասողիկի մոտ, որը հայտնում է, որ 1000 թ. Զվարթնոցն արդեն կործանված եկեղեցի էր («որ էր փլեալ և կործանեալ)։ Կիրակոս Գանձակեցին այս մասին գրում է. «…շինեաց և զսուրբն Գրիգոր, զզարմացուցիչն տեսողաց, որ յետոյ աւերեցաւ ի Տաճկաց»։ Մխիթար Այրիվանեցին ավերման պատճառը նույնպես վերագրում է արաբներին՝ «քակեցաւ ի Տաճկաց»։ Այս երկու իրարամերժ տեղեկությունների («փլեալ և կործանեալ» և «աւերեցաւ ի տաճկաց») վրա հենվելով՝ ուսումնասիրողները տաճարի կործանման տարբեր վարկածներ են աոաջ քաշում. ոմանք ենթադրում են, որ տաճարը փլուզվել է երկրաշարժից, իսկ մյուսները կարծում են, որ այն ավերվել է արաբների կողմից։
Հատկանշական է, որ Զվարթնոցը դիմացել է այնպիսի աշխարհավեր երկրաշարժի, ինչպիսին էր 893 թվականինը, երբ շրջապատում մեծ թվով հուշարձաններ կործանվել են. հիմնահատակ փլվել է Դվինի կաթողիկե եկեղեցին և այլևս չի վերականգնվել։ Հիմնովին ավերվել է նաև հաստ պատեր ունեցող Դվինի միանավ բազիլիկ տաճարը, և հայոց Գևորգ կաթողիկոսը, մնալով անօթևան, տեղափոխվել է Զվարթնոց և այնտեղ հաստատել իր բնակությունը, քանզի այն այդ ժամանակ շեն է եղել և երկրաշարժից չի վնասվել։ Մյուս կողմից այն, որ արաբները հայկական նշանավոր վանքերում կատարել են ավերածություններ, կողոպտել ու հորդեհել են, վկայում են մի շարք պատմիչներ։ Հրդեհի հետքեր իրոք ակնհայտ են Զվարթնեցի պալատական համակառույցում և հատկապես նրա հարավ-արևելյան մասում, բայց ոչ բուն տաճարում։ Հավանաբար հրդեհել և ավերել են Զվարթնոցի վանքապատական, քաղաքացիական կառուցվածքները։
Մ. Տեր-Մովսիսյանը և Թ. Թորամանյանը կարծում են, որ տաճարը քանդվել է կենտրոնական հատվածից՝ բաժանվելով չորս հավասար մասի։ Ճիշտ է, տաճարի համեմատաբար ոչ մեծ բեկորներ և առանձին քարեր թափված են եղել չորս կողմում, բայց այն հանգամանքը, որ առավել մեծ զանգվածներ ընկել են տաճարի արևմտյան, հարավ-արևմտյան և հարավային կողմերում, որոշակի վկայում են, որ հարվածը եղել է հյուսիս-արևելքից և տաճարը հիմնականում շրջվել է դեպի հարավ-արևմուտք։ Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ Տ. Մարությանը առաջ է քաշում այն միտքը, թե արաբները 10-րդ դարի վերջին տարիներին պայթեցրել են տաճարը, որը մեծ քննադատության է ենթարկվում։ Արդյո՞ք արաբները պայթեցրել են տաճարը, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց այն, որ վառոդը հայտնաբերվել է 9-րդ դարում, Չինաստանում և Եվրոպա է մուտք գործել արաբների միջոցով, անվիճելի փաստ է։ Հնարավոր է, որ տաճարի կործանման հարցում երկու գործոնն էլ իրենց դերակատարումն են ունեցել. ժամանակին արաբները ինչ-ինչ ձևերով թուլացրել են տաճարի հիմքերը, իսկ երկրաշարժը փլուզել է այն։
Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
- Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․
- Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․
- Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․
- Զարեհ Մութաֆյանի տեսած Հայաստանը
- Ժամանակին նրա մասին ողջ Փարիզն էր խոսում. Սերովբե-Լևոն Քյուրքչյան
- Մեր կյանքն անցնում է սպասումով
- Միմար Սինան․ Էվկլիդեսի և Միքելանջելոյի հայ համարժեքը
- Հայկական ճարտարապետության պատմության չգերազանցված և հոյակերտ տաճարը
- Հայկական ճարտարապետության պատմության չգերազանցված և հոյակերտ տաճարը
- Մեր պատմության մետաղյա ասպետները
- Գեթսեմանի մատուռի հետքերով
- Դամիրյան-Թադևոսյան մանկավարժական տոհմի դարավոր պատմությունը
Մեկնաբանություններ