Ոչ միայն երազանք, այլև իրականություն
31.01.2020 | 11:49
Գյուղի դուռը չփակեք, մտնող կա։ Ամեն անգամ գյուղերում փակ կողպեքով դռներ տեսնելիս շունչս կտրվում է, էդքան թթվածնի մեջ օդը չի հերիքում։ ՈՒ կամաց-կամաց գյուղերս կողպեքների թանգարանների են վերածվում։ Արագ քայլերով մոտենում եմ կողպեքով դռանը, որ պոկեմ շպրտեմ։ (Մեկ ա գյուղերում գողություն չկա)... գոնե չի երևա, որ տանտերերը տանը չեն։ Բայց հենց հպվում եմ նույնիսկ ամռան կեսին գերեզմանային սառնություն ունեցող կողպեքին, զգում եմ նրա ձեռքը, որ փակեց ու գնաց։ 3 բանալի էր։ Մեկը տվեց հարևան Վարդուշ տատին, որ մեկ-մեկ դուռը բացի, գիշերները լույսը վառի, դոշակներն արևին տա։ Մեկը` քաղաքի դվայոռոդնի մորքուրի աղջկան (ստեղ մենակ ինքն ա մնացել), որ ամառները մի քանի օրով երեխեքին գյուղ բերի... Մեկը պահեց մոտը, որ հանկարծ կարող ա գիշերով գա, էդ ժամին հո Վարդուշ տատին քնից չի՞ հանելու։ Կողպեքը նուրբ շոյելով` ձեռքս հետ եմ քաշում...Կարծես մասունքի վրայից... ՈՒ սպասումով հեռանում, հավատալով, որ մի օր էս տանը պլեճ եմ ուտելու տանտերերի հետ։ Իսկ գիշերը իմ գյուղում մութ է։ Վարդուշ տատն էլ արդեն ծեր է, չի կարա ամեն օր գնա քո տան լույսը վառի։ Հետ արի...
Ստելլա ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
ԵՐԱԶԱՆՔԻ ԳՅՈՒՂ
Առօրյա հոգսերից կտրվելու համար հարկավոր է միջավայրի փոփոխություն, որի լավագույն տարբերակը տպավորություններով ու գրավչություններով հարուստ ուղևորությունն է: Քաղաքի թոհուբոհից հեռանալն ու բնության, գյուղական անդորրի մեջ հանգիստը կազմակերպելն այսօր բազմաթիվ երկրներում նախընտրելի են: Նմանատիպ հանգստի վառ օրինակներից է գյուղական զբոսաշրջությունը: Ավանդական զբոսաշրջության ձևերի կողքին գյուղական զբոսաշրջությունը նոր երևույթ է և որպես զբոսաշրջության տարատեսակ իր զարգացման պատմությունը սկսել է Արևմտյան Եվրոպայում՝ անցյալ դարի 60-70-ական թվականներին: Իսկ նպատակը եղել է գյուղական համայնքներում կազմակերպած գործունեության միջոցով պահպանել, վերակենդանացնել տեղական սովորույթները, արհեստները և զարկ տալ ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը: Մաքուր օդ, առողջ քուն, ֆիզիկական ակտիվություն, բազում տպավորություններ ու ծանոթություններ, նոր աշխարհի, կենցաղի ու ապրելակերպի բացահայտում. ահա թե ինչ է առաջարկում գյուղական զբոսաշրջությունը:
Այս ամենը կարող են ապահովել նաև հայկական գյուղերը, որոնք իրենց բնությամբ ու կենցաղով գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների: Հայաստանի կառավարությունը թեև տարիներ առաջ մշակել էր գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրեր, սակայն դատելով հայկական գյուղերի ներկայիս սրտաճմլիկ վիճակից, այդ ծրագրերն իրենց ողջ բովանդակությամբ ու հեռանկարով հանդերձ մնացել են թղթի վրա: Միչդեռ գյուղական զբոսաշրջությունը՝ ագրոտուրիզմը, որի զարգացման համար Հայաստանը հարուստ է անհրաժեշտ բնական ռեսուրսներով՝ աշխարհագրական բարենպաստ դիրք, գեղեցիկ լեռնաշխարհ, առատ բուսականություն, հայկական ավանդական խոհանոց և որը կարևորներից է՝ հյուրընկալ մարդկային գործոն, կարող է ոչ միայն ճանաչելի դարձնել գյուղը, այլև լուծել սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցեր:
Հատկապես դատարկվող գյուղերը մոռացումից փրկելու, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման միջոցով գյուղացիների կյանքը հետաքրքիր ու շահութաբեր դարձնելու ծրագրերով այսօր բազմաթիվ երիտասարդ կամավորներ նախաձեռնել և իրագործում են ծրագրեր, որոնք հետաքրքիր ու շահավետ են գյուղի և գյուղաբնակի համար: Նրանցից մեկը երազանքն իրականություն դարձնելու դժվարին գործի նախաձեռնող, «Երազանքի գյուղ» նախագծի համահիմնադիր Ստելլա ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆՆ է:
ՔԱՆԻ ԴԵՌ ԺԱՆԳՈՏԱԾ ԿՈՂՊԵՔԻ ՄԻՋԻՑ ԾԻԼ Է ՏԱԼԻՍ ԿԱՆԱՉԸ, ԳՅՈՒՂԸ ՉԻ ՄԵՌՆԻ
-Հայ գյուղն ու նրանում ապրող բնակիչների կենցաղն ինձ համար դարձել են կենսակերպ, ես նրանցով եմ ապրում, եթե մի շաբաթ վերալիցքավորվելու համար որևէ գյուղ չգնամ, ես ինձ լիարժեք չեմ զգա: Ես հերթով մտնում եմ բոլորի տները, ծանոթանում, կիսում նրանց հացը, սուրճ խմում, ու որպես շահառու ընտրում եմ ակտիվ ընտանիքներ, որոնք հետո կապող օղակ կլինեն իրենց հետ աշխատելու համար, որովհետև մի քանի այցելությունը բավական չէ գյուղը զարգացնելու համար: Գյուղում է իմ արևը, ու ամեն անգամ գնալով ու մի գյուղացու հաջողությունը գրանցելով համարում եմ, որ նվաճել եմ թեկուզ փոքր, բայց հաղթանակ,- «Իրատես»-ի հետ զրույցում ասում է Ստելլան:
Տարիներ առաջ, երբ «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության մարքեթինգի խորհրդատու, «Իմ գյուղը» ՍՊԸ-ի տնօրեն Ստելլա Սարուխանյանը փորձի փոխանակման նպատակով գտնվում էր Գերմանիայում, նա իր համար բացահայտեց գյուղական զբոսաշրջության կարևորությունը, որը հնարավորություն կտա փոխելու հայկական գյուղի ու նրա բնակչի կենսակերպը, որի շնորհիվ կկրճատվի աղքատությունը, գյուղացին կկարևորի իր անձն ու իր տունը որպես ռեսուրս ու այլևս չի մտածի գյուղը լքելու, գյուղի անդորր կյանքը քաղաքի ծխառատ եռուզեռով փոխելու մասին։ ՈՒ գյուղերը չեն դատարկվի:
Ստելլայի պատկերացմամբ` զբոսաշրջիկը, վարձելով գյուղացու տան թեկուզ մեկ սենյակը, ոչ միայն հիանում է տեղի բնությամբ ու պատմամշակութային հուշարձաններով, այլև ապրում է գյուղացու կենցաղով, կարողանում է կով կթել, կենդանիներին կերակրել, ձի քշել, լավաշ թխել, խոտ հնձել, բնակիչների հետ զբաղվել վայրի հավաքով, ու այդ դեպքում նա կցանկանա ավելացնել գյուղական հանգիստն ու կյանքը վայելելու օրերի քանակը: Բայց միաժամանակ զբոսաշրջիկը պետք է ապահովված լինի կենցաղային նորմալ պայմաններով, մաքուր ու սննդարար մթերքներով, միայն այս դեպքում զբոսաշրջիկը կկապվի գյուղին, հայ գյուղացու համեստ տունը, արդար սնունդն ու անկեղծ զրույցը կգերադասի թանկարժեք ու ճոխ հյուրանոցից:
-Ամեն գյուղ իր խոհանոցն ունի, զբոսաշրջիկին առավել գրավում են հայկական ուտեստների բազմազանությունն ու յուրահատկությունը, նրա մեջ մնում է «քիմքի» հիշողությունը», այն, ինչ ուտում է գյուղացու տանը, ճաշակում տվյալ գյուղում: Եվ վերադառնալով իր երկիր, մշտապես հիշում է հայկական գյուղում կերած կերակրի համը: Օրինակ, Դրախտիկ գյուղի խոհանոցի «բրենդը» սոխեռածով ու նռան հատիկներով պատրաստված սագի մսով կերակուրն է, Տավուշի տարաշրջանի գյուղերում պատրաստվում է հրաշալի թաթարբորակի, որը «խանգյալ» է կոչվում, ու այսպես, ամեն գյուղ իր ուտեստով զբոսաշրջիկի հիշողության մեջ պահպանում է նաև իր մասին հիշողություններ,- ասում է Ստելլան:
Նրա համոզմամբ, նաև այստեղ է պետք մտքի հեղափոխություն: Պարզից էլ պարզ է, որ հայ գյուղացին ի ծնե հյուրընկալ, հյուրասեր է և ամոթ է համարում հյուրասիրության դիմաց վարձատրվելը, դա դժվար է պատկերացնում: Սակայն կյանքի պայմանների բարելավման նպատակով, ծառայության դիմաց վարձատրությունը պետք է դիտարկի որպես իր աշխատանքի արդյունք, գնահատում, դիտարկի որպես բիզնես: Այս դեպքում շահում են երկուստեք՝ գյուղացին ու զբոսաշրջիկը. գյուղացին` իր մատուցած ծառայությունների, էկոլոգիապես մաքուր սննդի վաճառքի, զբոսաշրջիկը՝ իր գնումներով գյուղացուն ու գյուղին աջակցելու, գյուղացու ջերմ ու սրտաբաց ընդունելության, հոգատարության, էկոլոգիապես առողջ սննդի ու անվրդով հանգստի համար:
ՔԱՂԱՔԸ ԳՅՈՒՂ ԲԵՐԵԼՈՒ «ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ»
-Գյուղական զբոսաշրջությունը ընտանեկան բիզնես է, որտեղ հաջողությունը կախված է ընտանիքի անդամների համակարգված աշխատանքից: Այսօր գյուղացիները դժգոհում են աշխատատեղի բացակայությունից, սակայն գյուղում աշխատատեղ չպետք է լինի, քանի որ գյուղացու աշխատատեղն իր հողամասն ու տունն է, հողամասը պետք է մշակի կայուն գյուղատնտեսության զարգացման և եկամուտ ստանալու համար, իսկ տունն օգտագործի զբոսաշրջության համար: Անմշակ հողը զրկվում է արդյունավետությունից, այսօր համացանցը հողի ճիշտ մշակման մասին գիտելիքների շտեմարան է, կարող է օգտվել համացանցից,- ասում է Ստելլան ու հավելում, որ գյուղական զբոսաշրջությունը ռազմավարական նշանակություն ունի հատկապես սահմանամերձ գյուղերի համար, քանի որ գյուղացուն կապում է իր գյուղին ու հողին:
Ստելլան կարծում է, որ սահմանամերձ գյուղերի պահպանման համար նպաստավոր պայմաններ են հարկավոր, այդ հարցում կօգնի գյուղական զբոսաշրջությունը: Գյուղացու զբաղվածությունն ու շահույթը կարող են վարակել հարևանին, ու նա կներգրավվի այդ գործում: Այս դեպքում գյուղացին կմտածի ոչ թե գյուղից հեռանալու, այլ քաղաքը գյուղ բերելու մասին: Մի կարևոր հարց ևս կլուծվի. գյուղաբնակը կմտահոգվի իր տան շրջակայքի ու առհասարակ գյուղի մաքրությամբ: Ճիշտ է, եվրոպական բարեկարգ ու գեղեցիկ, հիանալի խնամված տնամերձերով հարուստ գյուղերը դեռևս երազանք են մեզ համար, սակայն թերևս այդ օրն էլ գա, երբ հայկական գյուղերի ոչ միայն գեղատեսիլ բնության, այլև համաչափ կառուցված ու արտաքին տեսքի մասին գովասանքով կխոսեն դրսում:
-Գյուղաբնակներն իրենց գյուղը պետք է ընկալեն, համարեն որպես աշխարհի կենտրոնը, գյուղում ապրելով իրենց երջանիկ զգան, գյուղի շրջանավարտն էլ բուհական կրթություն ստանալուց հետո շտապի գյուղ, իր գիտելիքներով ու ներուժով նպաստի գյուղի զարգացմանը: Այլապես Երևանն ու արվարձանները զարգանում են, իսկ հեռավոր ու սահմանամերձ գյուղերը շարունակում են անտեսված ու խոցելի մնալ,-ասում է Ստելլան:
Գյուղերում իրականացվող ծրագրերի մասին խոսելիս Ստելլան կարևորում է նաև չմշակվող տնամերձերի ու առանձնատների ճակատագիրը, որով մտահոգված են ինքն ու իր թիմակիցները: Ծրագրի նպատակն է` օգնել գյուղաբնակներին չվնասված տներն ու չմշակվող տնամերձերը վաճառելու հարցում: Իսկ այսօր շատ քաղաքաբնակներ ցանկանում են գյուղում ձեռք բերել սեփական տուն ու հողամաս, ինչը նույնպես կնպաստի գյուղի զարգացմանը:
«ՍԻՐՏՍ ՆՈՐ ԳՅՈՒՂ Է ՈՒԶՈՒՄ»
Ստելլայի ծրագրերին կյանք ու շունչ են հաղորդում նաև նրա թիմակիցները, ինչը Ստելլայի խոսքով, կայուն չէ, քանի որ յուրաքանչյուր նոր նախագծի մասին նա տեղեկացնում է համացանցի՝ ֆեյսբուքյան էջի միջոցով: Բավական է գրի՝ «Սիրտս նոր գյուղ է ուզում» և տասնյակ մարդիկ արձագանքում են նրա կոչին:
-Պարտադիր չէ, որ իմ ծրագրերն իրականացվեն նույն թիմով, չեմ ուզուն, որ ամբողջ բեռն իրենց ուսերին կրեն,- ասում է Ստելլան,- Իրականում մենք՝ հայերս, շատ պատրաստակամ, հողը սիրող ազգ ենք, ես դրանում համոզվել եմ գյուղական զբոսաշրջության զարգացման համար իրականացվող ծրագրերի վրա աշխատելիս: Հատկապես շատ են այն երիտասարդները, ովքեր պատրաստ են կամավոր սոցիալական ծրագիր իրականացնելու: Օրինակ, Դրախտիկ գյուղում գործում է 21 հոգուց բաղկացած թիմ, Սեմյոնովկայում՝ 43 հոգուց բաղկացած բոլորովին այլ թիմ, Քարաբերդում՝ 22-ն են, Գառնառիճում՝ 41-ը, ու երբ հաշվում եմ իմ մեծ ընտանիքը, տեսնում եմ, որ նրանց թիվը շուրջ 500-ի է հասնում, իսկ դա փոքր թիվ չէ, եթե հաշվենք, որ սա կամավոր աշխատանք է:
Դե ինչ, իսկ կառավարությանը մնում է լուծել հեռավոր ու սահմանամերձ գյուղերի ենթակառուցվածքների՝ ճանապարհների, սանհանգույցի, պատմամշակութային հուշարձանների, դրանց շրջակայքի մաքրության ու պահպանության և էլի բազմաթիվ հարցեր:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- ՈՍԿԵՊԱՐ. այդ քաղցր բառը՝ խաղաղություն
- «Արվեստագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն կա»
- «Արհմիություն-գործատու համագործակցությունից կշահեն թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ու իր բիզնեսը»
- «Ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից»
- Երանի թե հայ գյուղացու բոլոր օրերի լուսաբացն ու մայրամուտն ավարտվեն խինդով և ուրախությամբ
- Գործատուն պարտավոր է հարգել աշխատողի աշխատանքային իրավունքը` առանց գործադուլավորի պարտադրման
- «Անհրաժեշտ է կանխել գյուղնշանակության հողերի դեգրադացումը»
- Ահագնացող աշխատանքային միգրացիան երկիրը «դատարկեց» որակյալ մասնագետներից
- Տուրիզմով զբաղվելու համար նախ պետք է սիրել հայրենիքը
- Գառնառիճ՝ երեք պետությունների խաչմերուկում ապրող գյուղը
- «Վայել չէ թագավորի և իշխանի համար գողեր և ավազակներ ունենալ, այլ միայն լրտեսներ, որ հետախույզներ են»
- «Արհմիությունների հանդեպ վստահության վերականգնումը պետք է սկսել զրոյից»
- Աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այն բավարարի ոչ թե գոյատևելու, այլ ապրելու համար
- «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը»
- Գազատար խողովակները կան, բայց բնակիչը գերադասում է փայտը
- Դիլիջանն իր ռեսուրսներով կարող է ապրել
- Մեղրի եկողը, դեռ չմեկնած, մտածում է հաջորդ այցի մասին
- Տաշտունը 160 ծուխ ուներ, այսօր մնացել է 22-ը՝ 60 բնակչով
- Անտառներով շրջապատված բնակավայրն իր ջեռուցման հարցը լուծել չի կարողանում, օրենքը թույլ չի տալիս
- «Սյունիքի մարզը պատերազմող երկիր է, յուրաքանչյուր փակ դուռ հավասարազոր է պոստի լքման»
Մեկնաբանություններ