«ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը»
29.11.2019 | 03:22
Բուհական աշխատողների մասնագիտական, սոցիալ-տնտեսական և աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում անհնար է անտեսել արհմիությունների դերը, որը բուհերի ռեկտորատ-արհեստակցական կազմակերպություն փոխհարաբերություններում միակ սոցիալական գործընկերն է: Բուհերի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների խնդիրների, արհմիության անդամների աշխատանքային իրավունքների, սոցիալական հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցում է ԵՊՀ-ի արհեստակցական կազմակերպության և բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Ավետիսյան, նկատի ունենալով այն, որ արհեստակցական կազմակերպությունը աշխատողներին միավորում է օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորմամբ, այսօր բուհերի աշխատողների քանի՞ տոկոսն է անդամակցում արհմիություններին:
-Թվային հստակ տվյալներ ներկայացնել չեմ կարող, քանի որ այդ թիվը տատանվող է, հարափոփոխ, ցանկացած պահի ցանկացած մեկը կարող է դադարեցնել անդամակցությունը և դուրս գալ, արհմիության շարքերը կարող է համալրվել նոր աշխատողներով: Այդ հոսունությունը նկատի ունենալով, այնուհանդերձ կարող եմ վստահեցնել, որ բուհերի աշխատողների 90 տոկոսից ավելին անդամակցում է իրենց բուհի արհմիութենական կազմակերպությանը:
-Արհեստակցական կազմակերպության գործունեության արդյունավետությունը, հետևաբար աշխատողների շահերի պաշտպանությունը հիմնականում պայմանավորված են անհատական և, հատկապես, կոլեկտիվ պայմանագրերի բովանդակությամբ, որոնք գործատու-արհմիություն փոխհարաբերություններում աշխատանքի և դրա հետ կապված այլ սոցիալական խնդիրներին հնարավոր լուծում տալու լավագույն միջոց են: Սակայն հայտնի է, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը ցանկանում է խզել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը: Կա՞ն դրա համար հիմնավոր պատճառներ:
-Այս տարվա հուլիսին ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մեզ գրություն ուղարկեց, որում նշված էր, որ ցանկանում է լուծել թվով 29 աշխատակիցների աշխատանքային պայմանագիրը; Ի դեպ, ԵՊՀ-ի կոլեկտիվ պայմանագրի համաձայն առանց արհմիության գրավոր նախնական համաձայնության գործատուն իրավունք չունի իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը: Մենք հայտնեցինք մեր անհամաձայնությունը, որին հաջորդեց ռեկտորի պաշտոնակատարի վերջնագրի տեսքով հայտարարությունը, որում նշված էր, որ պատրաստվում է խզելու կոլեկտիվ պայմանագիրը: Այսինքն՝ սա վերջնագիր է արհմիությանը, որի իրավունքը գործատուն չունի, սա նշանակում է խոչընդոտել արհեստակցական կազմակերպության աշխատանքներին։ Մենք երկրորդ գրությանը նույնկերպ պատասխանեցինք, որ մեր որոշումը վերջնական է, մենք անհամաձայնություն ենք հայտնում, և եթե մեր որոշման հետ համաձայն չեք, կարող եք վիճարկել դատական կարգով, որը թույլ է տալիս աշխատանքային օրենսգիրքը: Կարճ ժամանակ անց իր կողմից ստացած մեկ այլ գրությամբ ռեկտորի պաշտոնակատարը հայտնեց, որ նոյեմբերի վերջին պատրաստվում է խզելու կոլեկտիվ պայմանագիրը: Երբ մենք պահանջեցինք հիմնավորում, նա հայտարարեց, որ դա իր կամարտահայտությունն է, իր ցանկությունը: Բնականաբար մենք դիմեցինք դատարան, որն էլ հայցն ընդունեց վարույթ և մինչ դատարանի վճիռը արգելեց իրականացնել կոլեկտիվ պայմանագրի խզման որևէ գործողություն: Ի պատասխան մեր քայլի ռեկտորի պաշտոնակատարը դադարեցրեց անդամավճարների փոխանցումը: Մենք դարձյալ դիմեցինք դատարան, որը ռեկտորի պաշտոնակատարին պարտավորեցրեց փոխանցել օգոստոս-սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների անդամավճարները: Այս պահին կոլեկտիվ պայմանագիրը խզված չէ, իսկ ԵՊՀ-ի 29 աշխատողները շարունակում են աշխատել: Սա Հայաստանի նորանկախ պատմության մեջ դատական նախադեպ էր, որ արհեստակցական կազմակերպությունը որքան էլ տհաճ է, նման վեճ է ունենում գործատուի հետ, շատ ավելի լավ կլիներ, որ հարցը լուծվեր սոցիալական գործընկերության մակարդակով, չհասներ դատարան: Ցավալին այն էր, որ այս դեպքերը ծավալվում էին ԵՊՀ-ի 100-ամյակի շեմին, ու փոխանակ մամուլն անդրադառնար այդ կարևոր իրադարձությանը, լուսաբանում էր ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար-արհմիություն հակամարտությունը: Մենք կսպասենք դատարանի վերջնական վճռի ընդունմանը, վստահ ենք, որ այդ դատում կհաղթենք, քանի որ մեր բոլոր գործողությունները բխել են Աշխատանքային օրենսգրքի դրույթներից, Արհեստակցական միությունների մասին օրենքից, ԵՊՀ-ի կոլեկտիվ պայմանագրից, կանոնադրությունից, ԵՊՀ-ի ներքին իրավական այլ ակտերից:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Ծրագրերը բնականաբար շատ են: Նախ, բուհերի ՃՀՄ-ն չունի պաշտոնական կայքէջ, բացի այդ կանոնադրությունը վերափոխման կարիք ունի։ Կարծում եմ, որ այն պետք է համապատասխանեցնենք օրվա հրամայականին, մենք պետք է ժամանակին համընթաց կանոնադրություն ունենանք, քանի որ 15-20 տարի առաջ ընդունած կանոնադրությամբ այսօր դժվար է աշխատել, հատկապես, որ այդ ընթացքում օրենսդրական բազմաթիվ փոփոխություններ են կատարվել թե՛ Աշխատանքային օրենսգրքում, թե՛ Արհեստակցական կազմակերպությունների մասին օրենքում: Այդ նպատակով պետք է ստեղծենք կանոնադրական, մշտական գործող իրավական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Կրթության մասին օրենքը, Աշխատանքային օրենսգիրքը, Արհմիությունների մասին օրենքը, հանդես գա առաջարկություններով: Այս պահին արհեստակցական միությունների վերաբերյալ ունեմ մի քանի առաջարկություն, համոզված եմ, որ այն ավելի կթեթևացնի և հավելյալ գործիքներ կընձեռի արհեստակցական կազմակերպությունների գործունեության համար: Մենք շատ ավելի ակտիվ ենք լինելու, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կազմում ընդգրկված ճյուղային հանրապետական միությունների ¥ՃՀՄ-ների¤ շարքում բուհերի արհեստակցական կազմակերպությունը պետք է լինի լոկոմոտիվը, այսինքն` հետաքրքիր նախաձեռնությունները պետք է նաև այստեղից դուրս գան: Բուհերի ՃՀՄ-ն այսուհետ պետք է հանդես գա լրջագույն առաջարկություններով, քանի որ մեր բուհերն ունեն իրավաբանական, սոցիոլոգիայի ֆակուլտետներ, ունեն աշխատանքային իրավունքի մասնագետներ, այսինքն` հետաքրքիր առաջարկները պետք է մեզանից դուրս գան, քննարկվեն և տարածվեն մյուս ՃՀՄ-ների շրջանում: ՈՒստի մենք ուզում ենք մեզ վրա վերցնել նման պարտավորություն, ճիշտ է, որևէ մեկը մեզ չի պարտադրում, սակայն մենք ստանձնում ենք այդ պարտավորությունը:
-ՈՒնե ՞ք աշխատանքային թիմ:
-Իհարկե, թիմում ընդգրկված են բոլոր բուհերի արհեստակցական կազմակերպությունների նախագահները, ովքեր հիանալի մասնագետներ են, առողջ դատողության տեր մարդիկ, արհմիության իսկական լիդերներ, ովքեր իրենց առաջարկություններով կարող են նոր թափ հաղորդել բուհերի ճյուղային հանրապետական միության գործունեությանը: Այլապես ներկայում գործող արհեստակցական կազմակերպությունների մասին օրենքով նախատեսված նվազ գործիքակազմը բավարար չէ գործատուի մոտ պաշտպանելու աշխատողի շահերը, որքան էլ ունենա ցանկություն ու վճռականություն: Ի դեպ, մենք առաջարկություններ ունենք նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք կներկայացվեն հանրային քննարկումների ընթացքում: Արհմիությունները պետք է համարձակ նախաձեռնություններով նպաստեն երկրի զարգացմանը, վերափոխեն հանրության շրջանում արհմիությունների վերաբերյալ մարդկանց պատկերացումները:
-Իսկ ինչպիսի՞ն են այդ պատկերացումները:
-Այսօր մարդիկ թյուրըմբռնում ունեն արհմիությունների մասին: Այս մտայնությամբ ես ԵՊՀ-ում ընտրվել եմ արհկոմի նախագահ, իսկ այն ժամանակ արհեստակցական կազմակերպության աշխատակազմում առաջացած տարիքի մարդիկ էին, բազմավաստակ, սակայն ժամանակներն այլ էին, արհմիությունների մասին խորհրդային մտածելակերպը դեռ պահպանվում էր: Սակայն կարողացա մարդկանց բացատրել, հասկացնել, որ արհեստակցական կազմակերպությունը միայն ավտոմեքենա կամ առողջարանային ուղեգիր բաժանող չէ, որ այն աշխատողների շահերի պաշտպանն է, որ ինչպես գումարով ձեր առողջությունն եք ապահովագրում, այնպես էլ արհեստակցական կազմակերպության անդամավճարով ձեր աշխատատեղն եք ապահովագրում, արհմիությունը ձեր աշխատատեղի պահպանման երաշխավորն է, գործատուի մոտ ձեր սոցիալական շահերի պաշտպանը: Արհեստակցական կազմակերպությունից ակնկալել, որ եթե անդամավճար ես մուծում, ապա նա պետք է քեզ գումար տա, ճիշտ չէ, այն քո շահերի պաշտպանն է: Հարկավոր է փոխել նման մտածելակերպը, իսկ այն պետք է սկսել սերնդափոխությունից: Ես հարգում և խոնարհվում եմ առաջացած տարիքի մարդկանց առաջ իրենց տարիքի ու վաստակի համար, սակայն նրանք էլ պետք է մտածեն, որ սերնդափոխությունն անհրաժեշտ է: Եթե առողջ սերնդափոխություն չեղավ, ու եթե սերնդափոխությունը դու ինքդ չնախաձեռնեցիր, այդ ամենը այլ կերպ են նախաձեռնելու և շատ ավելի ցավոտ: Դրա համար ցանկացած կազմակերպությունում, դա լինի արհեստակցական, թե մեկ այլ, սերնդափոխությունը պարտադիր է, եթե չես փորձում ինքդ երիտասարդացնել, կգան քեզ կերիտասարդացնեն:
-Ինչպե՞ս եք կազմակերպվում բուհերի դասախոսական կազմի հանգիստը: Ի դեպ, արհմիութենական կազմակերպության ջանքերով գործում է նաև առողջապահության ապահովագրություն:
-ԵՊՀ-ի արհեստակցական կազմակերպության սոցիալական ծրագրով անապահով աշխատակիցներին ցուցաբերվում է դրամական աջակցություն, հանգստի կազմակերպման համար տրամադրվում են զեղչեր, անհրաժեշտության դեպքում՝ ֆինանսական աջակցություն: 2010-ից մինչ օրս բազմաթիվ աշխատողներ օգտվել են «Ծննդօգնություն համալսարանականներին» ծրագրից: Արհեստակցական կազմակերպությունն իրականացնում է նաև «Անվճար իրավաբանական օգնություն համալսարանականներին», «Մատչելի հանգստի կազմակերպում համալսարանականներին», «Ներկայացումների անվճար տոմսեր համալսարանականներին», «Դրամական աջակցություն համալսարանականներին», «Բուժօգնություն համալսարանականներին», «Ծաղկաձորի ուղեգիր նորապսակ համալսարանականներին», «Մատչելի հանգստի կազմակերպում համալսարանականներին» և նմանատիպ այլ ծրագրեր: Ինչ վերաբերում է առողջության ապահովագրությանը, ասեմ, որ այն, իրոք, եղել է մեր կազմակերպության առաջարկը, որն էլ իրականություն դարձավ 3 տարի առաջ ԵՊՀ ղեկավարության կողմից և մինչ օրս շարունակվում է: Կարծում եմ, որ ԵՊՀ-ի աշխատողների առողջության պահպանումը առաջնային է, պլանային կամ անհետաձգելի վիրահատությունները կատարվում են ապահովագրության հաշվին: Թեև ԵՊՀ-ի արհեստակցական կազմակերպությունը սոցիալական ծրագրեր սկսել է անցկացնել 2006 թվականից ի վեր, այնուհանդերձ դրանք ածանցյալ են, քանի որ արհեստակցական կազմակերպության գլխավոր և ամենակարևոր գործառույթը գործատուի մոտ աշխատողների սոցիալական, մասնագիտական շահերի և իրավունքների պաշտպանությունն է:
Զրույցը՝
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- ՈՍԿԵՊԱՐ. այդ քաղցր բառը՝ խաղաղություն
- «Արվեստագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն կա»
- «Արհմիություն-գործատու համագործակցությունից կշահեն թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ու իր բիզնեսը»
- «Ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից»
- Երանի թե հայ գյուղացու բոլոր օրերի լուսաբացն ու մայրամուտն ավարտվեն խինդով և ուրախությամբ
- Գործատուն պարտավոր է հարգել աշխատողի աշխատանքային իրավունքը` առանց գործադուլավորի պարտադրման
- «Անհրաժեշտ է կանխել գյուղնշանակության հողերի դեգրադացումը»
- Ահագնացող աշխատանքային միգրացիան երկիրը «դատարկեց» որակյալ մասնագետներից
- Ոչ միայն երազանք, այլև իրականություն
- Տուրիզմով զբաղվելու համար նախ պետք է սիրել հայրենիքը
- Գառնառիճ՝ երեք պետությունների խաչմերուկում ապրող գյուղը
- «Վայել չէ թագավորի և իշխանի համար գողեր և ավազակներ ունենալ, այլ միայն լրտեսներ, որ հետախույզներ են»
- «Արհմիությունների հանդեպ վստահության վերականգնումը պետք է սկսել զրոյից»
- Աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այն բավարարի ոչ թե գոյատևելու, այլ ապրելու համար
- Գազատար խողովակները կան, բայց բնակիչը գերադասում է փայտը
- Դիլիջանն իր ռեսուրսներով կարող է ապրել
- Մեղրի եկողը, դեռ չմեկնած, մտածում է հաջորդ այցի մասին
- Տաշտունը 160 ծուխ ուներ, այսօր մնացել է 22-ը՝ 60 բնակչով
- Անտառներով շրջապատված բնակավայրն իր ջեռուցման հարցը լուծել չի կարողանում, օրենքը թույլ չի տալիս
- «Սյունիքի մարզը պատերազմող երկիր է, յուրաքանչյուր փակ դուռ հավասարազոր է պոստի լքման»
Մեկնաբանություններ