ՈՄԱՆՔ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՏԵՂԵՐՈՒՄ ՈՒ ՓԼՈՒԶՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՊՐԵԼ
Կոտայքի մարզի Մաքրավան գյուղում, որն այսօր որպես թաղամաս ընդգրկված է Հրազդան քաղաքի կազմում, մարդիկ պատրաստվում են ձմռան: Փողոցների երկայնքով ձգվող գազատար խողովակները բնակիչների խոսքով «դարդին դարման չեն անում, ու բնակիչն էլի մնում է փայտի հույսին, հետո ի՞նչ, որ դարձել է Հրազդանի թաղամաս»: Մաքրավանում, ի տարբերություն այլ բնակավայրերի, գոմաղբ չի օգտագործվում, իսկ փայտի մեկ խորանարդ մետրի գումարը 30 հազար դրամ է: Ռուսաստան աշխատանքի մեկնած մաքրավանցիների ուղարկած գումարներով շատերը կարողանում են հոգալ վառելիքի հարցը, իսկ միայնակ մի քանի տարեցներ մնում են էլեկտրաէներգիայի հույսին:
Այս օրերին տնամերձերում մաքրավանցին հավաքում է հողում մնացած վերջին բերքը, չորացած տերևներով փակում ծառերի հիմքերը, չորացած ճյուղերն էլ հավաքում է «կպչանի» համար:
Տնամերձերից մեկում հանդիպեցի 73-ամյա Սեդա Դանիելյանին, որը չորացած ճյուղերն էր հավաքում: Ցանկացա բակում զրուցել հետը, բայց հրավիրեց տուն ասելով. «Գյուղի կնոջ առօրյան սա է, գործը կսպասի, ինչքան էլ մնա, իմ երեսին է նայում»: Տիկին Սեդան մեծ գերադաստանի մայր է, տատ, ունի 3 զավակ՝ երկու աղջիկ, մեկ տղա, 9 թոռ, 12 ծոռ, ապրում է որդու ընտանիքի հետ: Տղան ու հարսն աշխատում են, ինքը թոշակառու է, կյանքից չեն դժգոհում, բավարարվում են տնամերձի տված բարիքով: Այգու ծառերը ոռոգում են խմելու ջրով, գիտենալով սակայն, որ քլորացված ջրով ոռոգումը փոխում է պտղի համը: Մրգատու ծառերն արդեն սպառել են իրենց, պետք է փոխել: Տիկին Սեդան հույս հայտնեց, որ Աստծո կամոք եկող գարնանը որդու հետ նոր շիվեր կտնկեն: Գյուղից քիչ հեռու գտնվող սեփական հողատարածք ունեն, սակայն այս տարվա կարտոֆիլի բերք չունեցան ոռոգման ջրի բացակայության պատճառով: Ոմանք գյուղատնտեսական աշխատանքների կամ տան շինարարության համար վարկեր են վերցրել ու եթե ցանած բերքն արդյունք չի տալիս, կամ խնամած անասունը վարակվում է մի հիվանդությամբ, գյուղացու համար տարին կորսված է համարվում:
-Մենք էլ վարկ ունենք, դժվարությամբ, բայց փակում ենք: Բայց մեզ համար կարևորն այն է, որ ձմեռը դուրս հանենք: Ախր մեզ մոտ հինգ-վեց ամիս ձմեռ է, այ, հիմա արդեն երեկոները ցուրտ ա, ուզենք-չուզենք երեխեքի համար վառարանը պետք է վառենք; Ասում են մեղմ ձմեռ է լինելու, բայց, դե, սարերի մեջ ո՞նց կարող է ցուրտ չլինել,- ասում է տիկին Սեդան:
Մաքրավանը Հրազդանի թաղամաս դառնալուց հետո աղբահանությունը կանոնավոր իրականացվում է: Երկար ժամանակ անձրևաջրերից առաջացած և բնակիչների համար անհարմարություններ ստեղծած ընդարձակ ջրափոսը վերացնելու նպատակով այս օրերին շինվերանորոգման աշատանքներ են իրականացվում: Սակայն բնակավայրի աշխարհագրական դիրքով պայմանավորված գյուղամիջյան փողոցների վիճակը մնում է նույնը, ինչ տասնամյակներ առաջ: Ձնհալի ու անձրևների ժամանակ բնակավայրի բարձրադիր հատվածներից իջնող անձրևաջրերը քանդում են խճապատած ճանապարհները: Մաքրավանում սողանքային տեղամասեր կան, որոնք վտանգավոր են որոշ տների համար: Մի քանի ընտանիքների գյուղի դիմաց նոր տներ կառուցելու համար հողեր են տրամադրվել, սակայն ոմանք մնացել են տեղերում ու փլուզման վտանգն աչքի առաջ` շարունակում են ապրել:
Մաքրավանում շուրջ 15 տուն փակ է, արտագնա աշխատանքի մեկնածներից ոմանք տարվա մեկ-երկու ամիսներին այցելում են հարազատներին: Համագյուղացիներից մեկը գյուղի բարձրադիր վայրում մատուռ է կառուցել: ՈՒրիշ ոչինչ:
Արմատներով համշենցի 67-ամյա Տարիելի համար կյանքը նախկինի համեմատ դժվարացել է, թեև թոշակի անցնելուց հետո էլ շարունակում է աշխատել, ուսումնարանում պահակ է աշխատում, տանն օգնում է կնոջը հողի գործերում: Մասնագիտությամբ «քար կտրող» է, աշխատանքը ծանր է եղել, հսկա մուրճն իր ձեռքում մաշվել է, ու թե չլիներ ուտող-խմող, դժվար թե դիմանար այդ աշխատանքին: «Կյանքում ծանր ու դժվար տարիներ շատ են եղել, բայց չեմ խեղճացել, միշտ կարողացել եմ ընտանիքս պահել: Քարն իմ զրուցակիցն է եղել տարիներ շարունակ, հետը խոսել եմ, դարդերս պատմել, բա ո՞նց, եթե սիրում ես գործդ, պիտի կապվես նրան, քո ընկերը համարես, նա է քեզ կերակրողը, բա ո՞նց: Գոհ եմ, որ ձեռք ու ոտքով եմ, երեխեքիս հույսին չեմ, նրանց նեղություն չեմ տալիս, դեռ մի բան էլ ես եմ նրանց օգնում: 15 տարի է, ինչ ծննդավար Սուխումի քաղաք չեմ գնացել, ժամանակ չեմ ունեցել, հիմա էլ գնալը դժվարացել է, չնչին թոշակով ու ցածր աշխատավարձով չեմ կարող գնալ: Էստեղ կյանքը վատ չի, որ աշխատես, կապրես: Չեմ հասկանում էն ջահելներին, որ ասում են, թե աշխատանք չկա, ես որ էս տարիքում աշխատանք գտել եմ, իրենք էլ կգտնեն, ցանկություն է հարկավոր»,- ասաց Տարիելը:
ՄԱՔՐԱՎԱՆԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Դեռ Մաքրավան թաղամասի մուտքից նկատելի է զառիթափ բարձունքից գյուղը հպարտորեն հսկող X-XVII դարերի վանական համալիրը: Շատ ու շատ բնակավայրերի, եկեղեցիների նման, գյուղի համանուն եկեղեցու շուրջ ևս հյուսվել է ժողովրդական ավանդություն, ըստ որի բռնակալ շահերից մեկը նվաճելով Մաքրավանի տարածքը, ցանկանում է եկեղեցին քանդել և նրա քարերով Հրազդան գետի վրա կամուրջ կառուցել: Սակայն, ժողովուրդը ապստամբում է, և շահը հրաժարվում եկեղեցին քանդելու մտքից: Եվ քանի որ եկեղեցու շուրջը համախմբված մարդիկ կարողանում են ստիպել շահին հրաժարվել է իր մտքից, Մաքրավանին տալիս են նաև Շահ ղուտուրա՝ Շահ կոտորող (այսինքն շահին հաղթող, կոտորող) անվանումը: Իսկ հետագայում, որպես շահին նախատինք, շահ կոտորող անվանումը փոխարինում են Էշ ղուտուրա (էշ կոտորող) անվանումով:
Համալիրի հիմնական կառույցները ժամանակագրական առումով ընդգրկում են X-XIII դարերը: Իր ինքնատիպությամբ հատկապես առանձնանում է միանավ սրահով Սբ Ամենափրկիչ եկեղեցին (X դար): Մաքրավանքը կառուցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մաշտոց Եղվարդեցու օրոք: Նրան են վերագրել նաև վանական համալիրի եկեղեցու նախագծի կազմումը: Եկեղեցու վիմագիր արձանագրություններից տեղեկանում ենք, որ նրա տեղում նախկինում եղած մատուռը կառուցվել է Գրիգոր Համզե Պահլավունու և նրա տիկնոջ` Շուշանիկի պատվերով: Հետագայում նրանց հաջորդած Պահլավունիները ընդլայնել և վերակառուցել են համալիրը:
Այժմ վանական համալիրը բաղկացած է երեք հիմնական մասերից՝ Սբ Ամենափրկիչ և Սբ Կաթողիկե եկեղեցիներից, գավթից ու օժանդակ շինություններից:
Այսօր էլ մաքրավանցիները մեծով-փոքրով պաշտպան են կանգնում իրենց եկեղեցուն և նրա շրջակայքում գտնվող խաչքարերին, բազմիցս կռիվ են տվել հարևան գյուղերից, անգամ համալիրից խաչքար գողանալ փորձող հանցագործների հետ: Բնակիչները նաև պայմանով են համաձայնվել, որ 2006 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի Լուվր քաղաքում «Սուրբ Հայաստան» խորագրով ցուցահանդեսում ներկայացված խաչքարերը նույնությամբ վերադարձվեն Մաքրավանին:
Այս օրերին համալիրի տարածքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ:
Աշխատանքային խմբի ղեկավար Արթուրի հետ զրույցից պարզվեց, որ համալիրի վերանորոգումը կատարվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Համալիրը գրունտային ջրերի հոսքից պաշտպանելու նպատակով այս պահին ընթանում է համալիրը բոլորող հենապատերի կառուցումը, որոնք երեսպատվելու են գետերից հավաքած քարերով, իսկ ջրահեռացումը կիրականացվի հատուկ խողովակաշարերի օգնությամբ: Եկեղեցու շրջակայքում գտնվող խաչքարերը հաջորդաբար կտեղադրվեն հենապատերի ներսում, համալիրի տարածքում գտնվող տապանաքարերի տակից հանված մարդկային ոսկորները կրկին կհուղարկավորվեն: Կվերանորոգվեն ոչ միայն եկեղեցիները, այլև գավիթն ու օժանդակ շինությունները: Աշխեկի փոխանցմամբ` վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2020 թվականին:
Մեր զրույցի ավարտին Արթուրն ասաց, որ պատմական հուշարձանների վերանորոգումը բարդ ու պատասխանատու գործ է, ավելի հեշտ է նոր եկեղեցի կամ շինություն կառուցել, քան հինը վերանորոգել: «Մեր դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել, երբ գիտես, որ քո պապերի կառուցածն է, քո պատմությունը»,- ասաց Արթուրը:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ