Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

...ու երգը լռեց հայ երգի ռահվիրայի

...ու երգը լռեց հայ երգի ռահվիրայի
28.04.2024 | 11:22

Մեր ազգային կյանքը ծանրագույն կորուստ կրեց. հեռացավ մեծանուն մտավորականը, ազգային պայքարի երգիչն ու հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ։

Նա 73 տարեկան էր։
Հեռացավ սերունդների ուսուցիչն ու դարերի ոգին մեզ փոխանցողը, ում մեկնաբանությամբ յուրաքանչյուր երգ լսելիս մտովի հասնում էինք ոչ միայն հայդուկային շարժման ժամանակները և զգում Հրայր Դժողքի , Աղբյուր Սերոբի, Զորավար Անդրանիկի և նշանավոր ֆիդայապետերի պատմական կերպարները, հաղորդակցվում նրանց թողած գաղափարական դասերին, այլև գենետիկ ու պատմական հիշողությամբ հասնում մինչև Ավարայրի ու Ձիրավի ճակատամարտ, մինչև անհիշելի ժամանակները:
Նա հայ երգի նորօրյա Նահապետերից էր, ում երգերով ոչ միայն Արցախն էր ազատագրվում, այլև հետագայում ձևավորվում էր մեր` արդեն անկախ Հայաստանում մեծացող սերունդը:
Նա հայ երգի բանահավաք էր նաև, որ կազմել և հրատարակել էր հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։
Նա իր երգով Հայ Դատի ու պահանջատիրության գաղափարը փոխանցողն էր, որի ջահը չի մարելու երբեք, որքան էլ դա երազի թշնամին, որքան էլ թշնամի ուժերը ձգտեն մոռացության տալ մեր պատմությունն ու դատը:
Լռեց Հայ երգի ռահվիրան:
Գնաց դեպի հավերժություն։
Սակայն չի լռելու նրա երգը, որը դեռ շարունակելու է ձևավորել պահանջատեր սերունդներ:
Եվ մենք մեր ազգային երգարվեստի մեծ նվիրյալին հիշելու ենք հենց ի՛ր առինքնող տեսակով։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5744

Մեկնաբանություններ