Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը որոշ ուժերի թիկունքից երևում է, և շատ քիչ են փոփոխությունները»

«Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը որոշ ուժերի թիկունքից երևում է, և շատ քիչ են փոփոխությունները»
28.07.2009 | 00:00

«ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
«ՄԵՆՔ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉՓԱՅԼԵՑԻՆՔ, ԹՈՂԵՑԻՆՔԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՔՆԱՀՈՍԻ»
-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը:
-Հայաստանի Հանրապետությունը դեռևս ոչինչ չի շահել այդ հարաբերություններից, իսկ Թուրքիան նախ շահեց ժամանակ` «ցեղասպանություն» արտահայտությունն ԱՄՆ-ի նախագահը չարտաբերեց, միջազգային հանրության աչքին առավել կառուցողական դաշտում գործող պետության իմիջ ձեռք բերեց` իբր ցանկանում է հարաբերությունները բարելավել հարևանների հետ և փորձեց բազմապիսի լծակներ օգտագործել Հայաստանի դեմ` ի դեմս Ղարաբաղի: Մենք հակահարձակման քաղաքականությամբ չփայլեցինք, թողեցինք իրադարձություններն ինքնահոսի: Միջազգային հանրությանը պետք է, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի: Այդ համատեքստում է նաև Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը, թե դրական միտումներ կան սահմանի բացման վերաբերյալ, ուստի միջազգային գործընկերների աջակցությամբ հարցը կարող է լուծվել:
-Եվրամիությո՞ւնը նկատի ունեք:
-Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը` յուրաքանչյուրը հետաքրքրության իր շրջանակն ունի, նաև մրցակցության խնդիր կա, թե ում միջամտությամբ է տեղի ունենում, որովհետև այդ ուժը հետագայում օգտվելու է իր միջամտությունից: ՈՒստի ոչ միայն փոխադարձ մերձեցման տեսանկյունից կարող են քայլեր լինել, այլև հակառակ ուղղությամբ, եթե տեսնեն, որ իրենք չեն իրավիճակը վերահսկում: Մինչև հոկտեմբեր շատ ժամանակ չի մնացել, կտեսնենք` ինչ է լինում:
-Առավել հավանական ո՞ր տարբերակն եք համարում ֆուտբոլային խաղից առաջ:
-Առավել հավանական է` կարճ ժամանակով սահմանը բացվի, որ Սերժ Սարգսյանը մնա իր խոսքի տերը` բաց սահմանով անցնի Թուրքիա, որից հետո նորից կփակվի: Ժամանակը ցույց կտա` որ ուժը որքան հզորությամբ կաշխատի, որպեսզի այս ամենը հաջողվի կամ վիժեցվի:
«ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
-Մադրիդյան սկզբունքները հրապարակվեցին, Ձեզ համար անակնկալ կա՞ր:
-Ըստ էության` ոչ, որովհետև բազմաթիվ հանդիպումներում, տարբեր տեղեկատվական կենտրոններից արտահոսք եղել էր: Անակնկալ չկար, ու պատահական չէր, որ «Ժառանգությունը» պահանջում էր ԼՂՀ անկախության ճանաչումը և Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ դառնալու ուղղությամբ Հայաստանի քայլեր ձեռնարկելը: Մադրիդյան սկզբունքներն անընդունելի եմ համարում, որովհետև կարծում եմ, որ բանակցությունները պետք է լինեն ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի: Սահմանազատման ցանկացած քայլ բացառապես ԼՂՀ իշխանությունների շրջանակում է: ՀՀ-ն այս պարագայում պետք է` առաջինը` ճանաչի ԼՂՀ անկախությունը, երկրորդ` ԼՂՀ անվտանգության երաշխավորը դառնա, ոչ թե միջազգային ուժերը անվտանգության երաշխավոր լինեն: Եթե մենք այդ քայլերը կատարած լինեինք, այլ սկզբունքներ կգործեին և այլ բանակցություններ կընթանային:
-ՈՒնենք` ինչ ունենք, հրապարակված սկզբունքներից ո՞րն եք համարում մեզ համար առավել վտանգավոր, ո՞րը` ընդունելի:
-Բոլորն էլ վտանգավոր են, որովհետև ԼՂ-ն բանակցային կողմ չէ: Բանակցությունները կարող են արդյունավետ լինել, երբ հակամարտության կամ ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Լեռնային Ղարաբաղը լինի բանակցող:
-Համանախագահները մշտապես հանդիպում են ԼՂՀ իշխանություններին, և այնքան էլ այնպես չէ, որ նրանք բացարձակապես դուրս են բանակցային գործընթացից:
-Այո, հանդիպում են, բայց դրանք բանակցություններ չեն: Բանակցությունները տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, որը խեղաթյուրում է ԼՂ հիմնախնդրի էությունը:
-Ի՞նչ լծակ է պետք, որ Ադրբեջանը համաձայնի բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ:
-Ադրբեջանին պետք չէ համոզել: Հայաստանը, ճանաչելով ԼՂՀ անկախությունը, ընդունում է, որ իրավասու չէ քննարկելու ԼՂ-ի հետ կապված որևէ խնդիր:
-Հայաստանը դո՞ւրս է գալիս բանակցություններից:
-Ո՛չ, մենք ունենք սահմանային խնդիրներ, Հայաստանի զավթված տարածք Ադրբեջանի կողմից` Արծվաշենը, ունենք մարտական գործողություններ Հայաստանի սահմաններում, այդ թվում նաև` Նախիջևանի կողմում: Հայաստանը դուրս չի գա բանակցություններից, ուղղակի չպետք է հանդես գա Լեռնային Ղարաբաղի անունից: Փաստ է, որ մինչև Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը, ԼՂ-ն եղել է բանակցային կողմ և 1994 թ. զինադադարի պայմանագիրն էլ ստորագրող կողմերից մեկն է եղել: Ի դեպ, իբրև ՀՀ քաղաքացի, կարող եմ ասել` ինձ համար մադրիդյան սկզբունքների որ կետերն են անընդունելի: Ազատագրված տարածքները ԼՂՀ տարածք են, ապահովում են ԼՂ անվտանգության երաշխիքները, ԼՂՀ անվտանգության երաշխիք են այդ տարածքներում բնակվող մեր հայրենակիցները, պետական կառուցվածքը, որ այնտեղ ձևավորվել է, մարտունակ բանակը, որ ապահովում է անվտանգությունը: Աշխարհում չկա այնպիսի տարածք, ուր առանց խաղաղապահների այդքան երկար պահպանվեր զինադադարը: 15 տարիների խաղաղությունը բացառապես այս երեք գործոնների շնորհիվ է եղել: Մենք պետք է մեր հասարակության ներսում այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որ ԼՂՀ մեր եղբայրները մշտապես զգան մեր աջակցությունը, մենք լինենք նրանց անվտանգության երաշխավորը, որի արդյունքում կվերացնենք Ստալինի ժամանակ կայացած անարդարությունը և կպահպանենք մեր հաղթանակները:
-Երեք նախագահների հայտարարությունը Ակվիլայում, մադրիդյան սկզբունքների հրապարակումը հասարակության մեջ այն տպավորությունն էր ստեղծել, որ հասունացել է ինչ-որ փոխըմբռնում և կարող է ամրագրվել որպես համաձայնագիր: Մոսկվայում երկու նախագահների հանդիպման ժամանակ ոչինչ չստորագրվեց, դա տարաձայնությունների՞ ապացույց էր, թե՞ ...
-ԼՂ հակամարտության կարգավորումը շատ բարդ գործընթաց է, որպեսզի համաձայնագիրն այդպես հեշտ կնքվի:
-Կարող էր լինել ոչ շրջանակային համաձայնագիր, այլ մտադրությունների հավաստագիր, ինչպես Մայնդորֆյանը:
-Մայնդորֆը մեր դիվանագիտության պարտությունն էր, որը միայն «Ժառանգությունը» դատապարտեց: Եռանախագահների հայտարարությունը կարևոր քաղաքական գործընթաց էր վկայում` ուշադրությունը դեպի Կովկաս մեծացել և իր հետևանքներն է ունենալու: Եռանախագահող երկրներից յուրաքանչյուրն այս տարածաշրջանում ունի իր շահերը, և հնարավոր է, ինչ-որ հարցերում այդ շահերը չհամընկնեն, ու դա հանգեցնի կողմերից մեկի աջակցությամբ բանակցությունների դանդաղեցման: Նախագահները նաև հասկանում են, որ այսօր հասարակությունները դեռ պատրաստ չեն առաջարկվող լուծումներին, որովհետև ագրեսիայի զոհ դարձած կողմը և ագրեսոր կողմը չեն կարող նույն արդյունքները ստանալ: Այնուամենայնիվ, կարծում եմ` լուծումները հեռու են դեռ:
-Այսինքն` 2009-ին համաձայնագրի ստորագրումը հավանական չէ՞:
-Ես չեմ կարծում, որ այդքան շուտ համաձայնագիր ստորագրվի, որովհետև մեր եղբայրները արյուն են թափել Լեռնային Ղարաբաղի և ազատագրված տարածքների համար, և մենք չենք կարող, լինելով ագրեսորի կողմից պարտադրված պատերազմի զոհ, համաձայնել Ղարաբաղի որևէ կարգավիճակի, որ անկախության հետ կապված չէ: Ադրբեջանի հասարակությունն էլ, ըստ էության, պատրաստ չէ ընդունելու, քանի որ իր` ադրբեջանական, քարոզչամեքենան հստակ աշխատում էր Հայաստանին ագրեսոր դարձնելու ուղղությամբ, որ Ղարաբաղն անկախ լինի, ազատագրված տարածքներն էլ լինեն Ղարաբաղի անքակտելի մաս:
-Փաստորեն, մի բաժակ ջրի փոթորիկը բաժակում էլ մնաց:
-Սա փոթորիկ չէ մի բաժակ ջրում, բավականին լուրջ գործընթացներ են: Երբ դու գտնվում ես շահերի բախման գոտում և չունես դիմադրողականություն, բնականաբար, ենթարկվելու ես ճնշումների, ունենալով դիմադրողականություն` փորձելու ես պաշտպանել քո շահերը:
«ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱԳԱՀՆ Է»
-Արտգործնախարարի հրաժարականը պահանջելը շահերի պաշտպանությա՞ն շրջագծում է, թե՞ իրոք քաղաքականության փոփոխության խնդիր է դրվում:
-Դա ՀՅԴ-ի սուվերեն իրավունքն է որպես քաղաքական ուժի: Ես կարծում եմ, որ արտաքին քաղաքականության և ուժային կառույցների համար պատասխանատուն Սահմանադրությամբ նախագահն է, ուստի ՀՀ նախագահը պետք է հետևություններ անի, թե ինչ քաղաքականություն պետք է վարի, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ունենա հասարակության վստահությունը, որը, չեմ կարծում, թե հիմա ունի: Սպասենք հետագա զարգացումներին: -Իսկ գուցե դա ավելի շատ պոպուլիստակա՞ն կամ հասարակության զգոնությունը ստուգելո՞ւ քայլ է:
-Քաղաքական ուժն իր հաշվարկներն ունի ցանկացած քայլից առաջ, հասարակությունը պետք է գնահատի ուժերի իրական արժեքը:
-Արդյո՞ք Ղարաբաղի հարցի լուծման անվերջությունը նաև վստահության քվեի հետ չի կապված` ի վերջո, աշխարհի փորձն է, որ ձիերին գետանցից առաջ չեն փոխում...
-Սերժ Սարգսյանի իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի իշխանության շարունակությունն է: Ռոբերտ Քոչարյանի ակտիվ միջամտությամբ այս իշխանությունը ձևավորվեց: Նաև մարտի 1-ը հաշվի առնելով, պարզ է, որ զինված ուժերի նման զանգվածային գործողությունների ժամանակ հրաման կարող էր միայն նախագահը տալ. դա է ասում նաև Սահմանադրությունը: Հաշվի առնելով, որ այս իշխանությունը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի և Վարդան Օսկանյանի ճարտարապետությամբ ձևավորված մադրիդյան սկզբունքների քաղաքականությունը, հիշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հակամարտության լուծման ձգձգման կողմնակից էր:
-Փաստորեն, ձգձգումը ձեռնտո՞ւ է գործող նախագահին:
-Ոչ միայն գործող նախագահին, այլև բոլոր իշխանություններին, որ ձևավորվել են պատերազմից հետո Հայաստանում ու Ադրբեջանում: Մանավանդ Ալիևների դինաստիայի հաստատումից հետո:
-Այն էլ` ցմահ:
-Այո, խանական օրենքը նրանք ընդունեցին, բայց մեր և նրանց տարբերությունը քիչ է, որովհետև անձերի փոփոխությամբ համակարգը մնում է նույնը, դերակատարները մնում են նույնը, տնտեսական դաշտում մրցակցությունը զրոյական է մնում` պահպանվում է օլիգարխիկ համակարգը: Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը որոշ ուժերի թիկունքից երևում է, և շատ քիչ են փոփոխությունները: Շարունակելով նրա քաղաքականությունը` Սերժ Սարգսյանը որոշակի առումով խնդիր ունի. եթե փորձի արագացնել և ոչ հայանպաստ լուծումների գնալ, ներքին անվստահությունը, որ կա իր և իշխանության նկատմամբ, չի կարող փոխհատուցել արտաքին քաղաքականության հաշվին: Բայց եթե փորձի հասարակության կողմից ոչ բացասական գնահատականի արժանացող քայլեր կատարել, ներքին քաղաքականության նկատմամբ անվստահությունը կմեղմի արտաքին քաղաքականությամբ:
-Ի՞նչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական դաշտում` ամառային դադա՞ր է, ինչ-որ շարժումնե՞ր կան:
-Քաղաքական կյանքը շարունակվում է, խնդիրներ կան, որոնց լուծումների համար ժամանակ է պետք: Նկատի ունեմ համագործակցության այն ձևաչափը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց ընդդիմությանը` «Ժառանգությանը», ՀՅԴ-ին և ՀԱԿ-ին, պիտի փորձենք ի մի բերել և քաղաքական դաշտը պաշտպանելու կողմնակիցներով համագործակցության այնպիսի ձևաչափ ու ծրագիր մշակենք, որը հնարավորություն կստեղծի քաղաքական դաշտը զերծ պահել ապաքաղաքական ուժերից` լինեն քրեական, օլիգարխիկ, թե այլ:
-Ռեալ արձագանքներ ունե՞ք այդ ձևաչափի կայացման առումով:
-Դեռևս չկան, ոչ պաշտոնական հանդիպումներ են լինում տարբեր ներկայացուցիչների հետ: «Ժառանգության» հայտարարության մեջ հստակ նշված է, որ լիազորված անձանց միջև պիտի քննարկումներ լինեն, ուստի այս հանդիպումները բանակցություններ չեն, ուղղակի հարցի քննարկումներ են քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՏՐԱՍՏ Է ՄԵՐԱՆԻ ԴԵՐ ԿԱՏԱՐԵԼ»
-Հնարավոր համարո՞ւմ եք մի սեղանի շուրջ ՀՅԴ-ՀԱԿ` տարբեր առիթներով միմյանց ուղղված քննադատությունից հետո և ներհակ քաղաքական հայացքների պարագայում: «Ժառանգություն»-ՀՅԴ և ՀԱԿ-«Ժառանգություն»` գուցե, եռաչափ համագործակցությունը հիշեցնում է կարապին, խեցգետնին ու գայլաձկանը:
-Ճիշտ եք, շատերն են այդ երկու տարբերակը հավանական համարում, բայց ես կարծում եմ, որ եռակողմ ձևաչափի կայացումը շատ կարևոր է: «Ժառանգությունը» պատրաստ է մերանի դեր կատարել, եռակողմ համագործակցության պտուղներից կօգտվի ամբողջ հասարակությունը: Եվ ՀԱԿ-ը, և ՀՅԴ-ն ունեն հատման կետեր, որոնք կարող են հնարավոր դարձնել եռակողմ համագործակցությունը, բոլորս ենք պատասխանատու այդ հարցում: Եվ հետո` քաղաքականության մեջ երբեք ոչինչ չի բացառվում: Ինչ-որ հարցեր պիտի շրջանցես, ինչ-որ հարցեր չհիշես և փորձես առաջ գնալ: Բոլորը մեր հայրենակիցներն են, պետականության ակունքներում կանգնած ուժեր են և՛ ՀՅԴ-ն, և՛ ՀԱԿ-ի ուժերը, և՛ մենք...
«ՄԻԱՅՆ ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐ ՉԷՐ ՀԱՍՆԻ»
-Մի՞շտ եք այդքան բարի:
-Չար լինելը դժվար է, բարի լինելը` հեշտ, ես հեշտ ճանապարհով եմ փորձում առաջ գնալ: Հին ասացվածք կա` եթե կարող ես նստել, ինչո՞ւ կանգնած մնաս, եթե կարող ես պառկել, ինչո՞ւ մնաս նստած: Ես փորձում եմ և՛ բարի լինել, և՛ լավատես, բայց կարծում եմ ` ամենակարևորը պատասխանատվությունն է:
-Թե՞ իրատեսությունը:
-Պատասխանատվությունն անմիջական կապ ունի իրատեսության հետ: Կկարողանա՞նք այս հարցը լուծել` լավ, չենք կարողանա` «Ժառանգությունը» երբեք թևաթափ չի եղել, քաղաքական ուժեր են, և ամեն մեկն իր ներդրումն ունի պետականաշինության գործում, դժվարությամբ, բայց, միևնույն է, խնդիրները լուծվելու են:
-Ձեր սիրած քանդակագործն ո՞վ է:
-Օգյուստ Ռոդենը:
-Ինչո՞ւ Ռոդենը:
-Ինձ թվում է` ինքը գտել է մարդուն: Իր աշխատանքներում ես շատ լավ եմ տեսնում մարդուն, ոչ թե այն մարդուն, որը մոտ է կանգնած իդեալին, այլ այն մարդուն, որը հողեղեն է:
-Միքելանջելոն մարդուն չէ՞ր տեսնում:
-Կարծում եմ` այո, նա իդեալ էր տալիս:
-Ո՞րն է ավելի կարևոր:
-Երկուսն էլ, իդեալ պետք է լինի, որ ձգտես, բայց նաև ձգտողը պիտի լինի:
-Քաղաքականությունն ու քանդակագործությունը նման չե՞ն:
-Քաղաքականությունն արվեստներին մոտ է, բազմատարր ու բազմագործառույթ է, ի վերջո հաշվարկի արվեստ է, իսկ հաշվարկ որտե՞ղ չկա:
-Կոռնելիոս Տակիտոսի «Պատմությունն» եմ կարդում` մ.թ. 1-ին դար` փոխեք անունները, տեղանունները, տեխնիկական որոշ մանրամասներ, մեր կյանքն ու մեր քաղաքականությունն է:
-Որովհետև մարդը երբեք չի փոխվում:
-Նույն սրիկա՞ն է մնում:
-Եթե այն ժամանակներից հասել է այս ժամանակին` ինչո՞ւ սրիկան: Միայն սրիկայությամբ մարդկությունը 21-րդ դար չէր հասնի, աշխարհում միշտ բարին ավելի շատ է, եթե գրագիտությունն ավելի մեծ ծավալ չունենար անգրագիտությունից, այսօրվա տեխնիկական առաջընթացն էլ 1-ին դարի մակարդակին կլիներ:
-Որ նկարիչ լինեիք` ի՞նչ կնկարեիք:
-Դիմանկար ու բնանկար: Դիմանկարն ամենահետաքրքիրն է, բայց պետք է շատ մեծ վարպետ լինես, որպեսզի դիմացինիդ էությունը վրձինով արտահայտես:
-Պիտի զգա՞ս: Միքելանջելոն մարմարն ընտրում էր ձեռք տալով, եթե ջերմություն էր զգում` գնում էր, եթե ոչ` ոչ, որքան էլ տեսքից կատարյալ լիներ:
-Այո, նա զգում էր, քարը բնական նյութ է, բնությունից եկող ազդակները Միքելանջելոն փորձում էր զգալ ու օգտագործել: Նա նույնիսկ մարմարի թերություններն է օգտագործել:
-Նրա երազը մահից առաջ կղզի քանդակելն էր, բայց անկատար մնաց:
-Այսինքն` կղզում լրիվ քանդակներ լինեի՞ն:
-Ինքը` կղզին էլ քանդակ լիներ:
-Դա ոչ ոք չի կարող անել:
-Գուցե Աստծո հե՞տ էր ուզում մրցել:
-Աստծո հետ ոչ ոք մրցել չի կարող: Քո սահմանափակ հնարավորությունները փորձում ես անսահմանափակի հե՞տ համեմատել:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ