Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Զբոսաշրջությունն առանց ճանապարհների կզարգանա՞

Զբոսաշրջությունն առանց ճանապարհների կզարգանա՞
23.06.2009 | 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԳԾԱՏԵՐԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄ ՉԵՆ ԱՆՈՒՄ
Վերջերս կառավարությունը կրկին հիշեց, որ զբոսաշրջությունը հայրենի տնտեսության գերակա ճյուղն է` հաստատված արդեն յոթ տարի, և այս անգամ որոշեց լրջորեն զբաղվել խնդրով։ Այլ կերպ ասած, «բռնել ցուլի կոտոշներից»։ Ի՞նչ կստացվի` ժամանակը ցույց կտա, իսկ մինչ այդ նկատենք, որ Հայաստանում առկա է տրանսպորտային և ճանապարհային կոմունիկացիաների խնդիր, որոնց բարեկարգման հարցն առաջնային է զբոսաշրջության զարգացման հարցում։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ։ Այս խնդիրների շուրջ զրուցում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարար ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։
-Իսկապես, հարցը հրատապ է, սակայն, մյուս կողմից էլ, այն պահանջում է նաև մեծ ֆինանսներ,- ասում է նախարարը։- Գիտե՞ք, որ այս պահի դրությամբ կա որոշում, ըստ որի, զբոսաշրջության զարգացմանը միտված տարեկան երկու համալիր ծրագիր պետք է իրականացվի` լինի սոցիալական, ճանապարհատրանսպորտային, թե շինարարական բնույթի։ Այս տարի մենք ուսումնասիրել ենք Գառնի-Գեղարդ հատվածի ճանապարհատրանսպորտային խնդիրը։ Օրակարգում է նաև Տաթևի վանքի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների հարցը, և համապատասխան ֆինանսական հնարավորությունների սահմաններում այն կլուծենք։
-Պետբյուջեից հնարավոր չէ ակնկալել մեծ ֆինանսական հատկացումներ, քանի որ վարչապետն ինքն էլ վերջերս նշեց, որ բյուջեի հավաքագրման խնդիր կա, ինչը բնական է ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում։ Ձեր նախարարությունն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ֆինանսական խնդիրը թեթևացնելու` ներդրումների ուղղությամբ։
-Այս հարցի միակ ճիշտ լուծումը պետության և մասնավոր հատված սերտ համագործակցությունն է։ Զբոսաշրջությունն ինքնին գործարարության համար եկամտաբեր կարող է լինել, և պետության աջակցության դեպքում մասնավոր հատվածն ավելի շահագրգռված կլինի ներդրումներ իրականացնելու հարցում։ Մասնավոր ներդրումների արդյունքում կարող ենք իրականացնել ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների անհրաժեշտ ծրագրեր։
-Բոլոր դեպքերում, զբոսաշրջության սեզոնը սկսված է։ Այս ժամանակահատվածում ո՞ր ճանապարհները կնորոգվեն, կամ մինչև տարեվերջ ի՞նչ կհասցնեք անել։
-Զբոսաշրջությա՞ն ծրագրերի շրջանակներում, թե՞ ընդհանրապես։
-Երկու դեպքում էլ։
-Ընդհանուր առմամբ պետբյուջեով նախատեսված բոլոր ծրագրերը սկսված են, վավերացված են պայմանագրերը շինկազմակերպությունների հետ, տրված են եզրակացությունները, բացված է ֆինանսավորումը։ Պետբյուջեով նախատեսված ծրագրերին զուգահեռ` իրականացվում են նաև երկու այլ ծրագրեր` մեկը ՀԲ-ի, մյուսը` «Ասիական զարգացման բանկի» ծրագրերով։ Պետք է նշեմ, որ ՀԲ-ի ծրագրով իրականացվող աշխատանքները շատ ակտիվ են ընթանում, և այժմ բանակցում ենք ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորման շուրջ։ Աշխատանքների մեկ երրորդ մասը կավարտվի այս տարի, իսկ մնացած հատվածը` հաջորդ տարի։ Այնպես որ, ճանապարհաշինության բնագավառում մեր համագործակցությունը բավականին ակտիվ է։ Կարևոր է, որ ծրագրերում ներառված են ոչ միայն միջպետական, այլև գյուղական նշանակության ճանապարհները։ Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը միտված ճանապարհաշինարարական աշխատանքներին, ապա մեր զրույցի սկզբում նշեցի Գառնի-Գեղարդ և Տաթևի վանք տանող ճանապարհաշինության ծրագրերը։ Ընդգծեմ, որ աշխատանքները սկսված են, սակայն այս ամառ դրանք չեն ավարտվի։
-Ճանապարհների հարմարավետությունից բացի` շատ կարևոր է տրանսպորտային միջոցների բարեկարգման խնդիրը։ Հասկանալի է, որ այդ հարցի պատասխանատվությունը զբոսաշրջության գործակալությունների վրա է դրված, սակայն եթե պետությունը ոլորտը հռչակում է որպես գերակա ուղղություն, ապա համաձայնեք, որ պետք է նաև խիստ վերահսկողություն սահմանի տրանսպորտային միջոցների նկատմամբ, հատկապես այն դեպքում, երբ զբոսաշրջությունը հաճախ անհատական բնույթ է կրում և չի առնչվում գործակալությունների հետ։ Այդ դեպքում զբոսաշրջիկն ուղղակիորեն օգտվում է այն նույն տրանսպորտային միջոցից, ինչ մեր քաղաքացիները։ Ի՞նչ է արվում տրանսպորտային միջոցների բարեկարգման ուղղությամբ։
-Կանոնավոր երթուղիների սպասարկումը զբոսաշրջության խնդիր չի ենթադրում։ Նշված ոլորտն իրատեսորեն զարգացման հիմքերի վրա դնելու համար պետք է աշխատանքներ տարվեն համապատասխան կազմակերպությունների հետ, որոնք, ի թիվս այլ հարցերի, պարտավոր են ապահովված լինել բարձրակարգ ավտոբուսներով։ Նման ընկերություններ կան, այնպես որ, համապատասխան ակտիվությունը պետության կողմից խրախուսվելու դեպքում նման ընկերությունների թիվը կշատանա։ Թեև պետք է նկատել, որ այդ ընկերությունները ևս բողոքում են ճանապարհների անհարմարավետությունից։ Սրանք հարցեր են, որոնք փոխկապակցված են։ Լավ տրանսպորտային միջոց ունենալու համար լավ ճանապարհներ են պետք, իսկ լավ ճանապարհներ ունենալու համար` ֆինանսներ։ Այնպես որ, պետության համագործակցությունն այս հարցի վրա է խարսխված։ Այս պահի դրությամբ կառավարությունն անում է ամեն հնարավորը։
-Իսկ ինչ է, մեր բնակիչներն արժանի չե՞ն, որ բարեկարգ ավտոբուսով հասնեն իրենց գյուղ, մարզ և այլն։
-Լավ տրանսպորտային միջոցո՞վ, թե՞ ճանապարհներով։
-Երկուսն էլ նկատի ունեմ։
-Իհարկե։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Նշեմ, որ այս դեպքում կարևորվում է մասնավոր ներդրումների խնդիրը։ Սակայն ներդրողը պետք է իմանա, որ իր ներդրումը կփոխհատուցվի, այսինքն, բիզնեսը պետք է հաշվարկված լինի, քանի որ ներդրումներն իրականացվում են միայն համապատասխան շահավետության դաշտում։ Այժմ կառավարության կողմից հաստատված են շահագործվող տրանսպորտային միջոցների մի շարք չափանիշներ։ Ընդգծեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում մրցույթներում հաղթել են միայն նոր մեքենաներ ունեցող կազմակերպությունները, և միայն հազվադեպ դեպքում է հաղթել կազմակերպությունը, որի ավտոպարկում մեքենաների տարիքը 2-3 տարի է։ Այն դեպքում, երբ չափորոշիչը սահմանված է մինչև տասը տարի։
-Ի դեպ, շատ է ասվում, որ մրցույթներում գրեթե միշտ հաղթում են միևնույն ընկերությունները։ Չասենք` մրցույթն անազնիվ է ընթանում, բայց նման դեպքում կարելի է ասել` ոչ օբյեկտիվ։ Համաձա՞յն եք այս տեսակետին։
-Հրավիրում եմ Ձեզ մասնակցելու մեր մրցույթներին, և Դուք առիթ կունենաք այդ հարցում համոզվելու ինքներդ։ Հաղթում են այն կազմակերպությունները, որոնք առաջարկում են լավագույն սպասարկման պայմաններ։ Այլ հարց է, որ հաղթում են նաև այն ընկերությունները, որոնք փորձ ունեն այդ դաշտում։ Կարծում եմ` կհամաձայնեք ինձ հետ, որ փորձն այս դեպքում կարևոր չափորոշիչ է։
-Շուրջ տասը տարի ժողովուրդը խոսում է մեկ այլ չափանիշի մասին` «գծի տեր» ասվածի։ Բացառո՞ւմ եք այն։ Հաճախ, որպես կանոն, գծի տերերը պետական կառույցների ներկայացուցիչներ են։ Նման պայմաններում վերջիններիս հետ համագործակցությունն ինչպե՞ս է ստացվում։
-«Պետական կառույցների ներկայացուցիչներ» բառը չեմ հասկանում։
-Խոսքը պատգամավորների կամ էլ բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամների մասին է։ Հետաքրքիր է, ինչպե՞ս եք նրանց հետ համագործակցում։
-Այդ դեպքում ես Ձեզ անպատճառ հրավիրում եմ մասնակցելու մեր մրցույթներին։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2003

Մեկնաբանություններ