Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Եթե չունենք ֆինանսական հզոր ռեսուրսներ, պետք է որոշակի խստացումներ անել հարկային օրենսդրությունում»

«Եթե չունենք ֆինանսական հզոր ռեսուրսներ, պետք է որոշակի խստացումներ անել հարկային օրենսդրությունում»
16.01.2009 | 00:00

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ ԼՌԵԼԸ ՉԷ»
Նախորդ տարի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի շորշոփները, չնայած ՀՀ իշխանությունների հերքումներին, էականորեն անդրադարձան նաև հայ տնտեսավարողների գործունեության վրա։ Ինչպիսի՞ն կլինի 2009-ի տնտեսական տարին` աչքի առաջ ունենալով 2008-ից ժառանգած ճգնաժամը։ Այս թեմայով զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ։
-Պարոն Դավթյան, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի գործոնն ինչպիսի՞ հնարավոր ազդեցություն կունենա մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա 2009-ին։
-Որպեսզի հնարավոր ազդեցությունները կարողանանք գնահատել, նախ` պետք է հասկանալ, որ կան հարցեր, որոնց լուծումը կախված չէ մեր իշխանություններից։ Ֆինանսատնտեսական այն համակարգը, որ գոյություն ունի աշխարհում, նախկին տեսքով արդեն սպառել է իրեն։ Այն քայլերը, որոնք ուղղված էին քսան խոշոր երկրների, փորձ էին որոշակի շտկումներ մտցնելու սկզբունքային հարցերում։ Այս ճգնաժամի մասին բավականին շատ է խոսվել։ Բնական է, որ լուռ մնալը և սուր ծայրերը թաքցնելը մեզ համար իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցը չէ։ Սակայն կարծում եմ նաև, որ պետք չէ խուճապի մատնվել, այլ հարկավոր է ամեն ինչ ընդունել այն ձևով, ինչպես կա։ Եթե մենք կարողանանք հստակ ձևակերպել, թե ինչ է ճգնաժամը, դրանից հետո կարող ենք ելքեր, դեղատոմսեր առաջարկել։
-Ասել է` ՀՀ իշխանությունները դեռևս իրենց համար չե՞ն ձևակերպել` ի՞նչ է ճգնաժամը։
-Կարծում եմ` գործադիրը պետք է հստակ սահմանում ներկայացնի` ինչ է նշանակում ճգնաժամ։ Ես ամենևին էլ հակված չեմ այն տարերքի հետ համեմատելու, քանի որ երևույթն ավելի բնութագրելի է որպես ճահիճ։ Այն երկրները, որոնք ավելի ծանրակշիռ ներկայություն ունեն այդ ճահճում, ավելի շատ են խրվել։ Հայաստանն ավելի շատ ծանծաղուտում է, և ցնցումներ, ջղաձիգ շարժումներ, ինչպես մյուսները, չունենք։ Օրինակ, ՌԴ-ն մինչև գոտկատեղը խրված է այդ ճահճի մեջ։
-Այդուհանդերձ, անհերքելի փաստ է, որ Հայաստանում ճգնաժամը որոշակի խնդիրների առջև է կանգնեցրել տնտեսավարողներին։ ՀՀ իշխանություններն ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեն հնարավոր վնասներից խուսափելու համար։
-Աճի տեմպերի անկումը միանշանակ բոլորս էլ ընդունում ենք։ Առաջին հերթին պիտի ձևակերպենք, թե սա ինչ է իրենից ներկայացնում, որից հետո էլ պետք է մշակել այն միջոցառումները, որոնք կնպաստեն իրավիճակից դուրս գալուն։ Ճահճից դուրս գալու քայլերը պարզ ու հստակ են` ճահճում գտնվողի բեռը թեթևացնել, ինչն արվում է նաև ողջ աշխարհում։ Երկրորդն էլ, հարկավոր է օգնության ձեռք մեկնել, այսինքն` ֆինանսական որոշակի ներարկումներ անել։ Եթե չունենք ֆինանսական հզոր ռեսուրսներ, որպեսզի իրական արտադրողներին կարողանանք անմիջական օգնություն ցուցաբերել, ապա պետք է գոնե որոշակի խստացումներ անել հարկային օրենսդրությունում` մորատորիում հայտարարելով։ Այսօր մեզ անհրաժեշտ է նախ և առաջ պահպանել այն, ինչ ունենք` տնտեսական ձեռնարկությունները, բանկային համակարգը և այլն։ Այս իրավիճակում, երբ սպառման համակարգն իջել է (խոսքը հատկապես հիպոթեքային շուկային է վերաբերում), եթե բանկերն էլ պարտադրեն գումարները մարել, ապա պետք է անշարժ գույքի գներն իջեցնել։ Քանի որ գրավի առարկան էլ հիմնականում անշարժ գույքն է, սա կհանգեցնի այդ շուկայի գների տատանման, որն էլ, իր հերթին, կքայքայի ողջ բանկային համակարգը։ Կարծում եմ` այս առումով լուրջ անելիքներ ունի հենց մեր Կենտրոնական բանկը։
-Այս տարի ի՞նչ անակնկալներ կարող է մատուցել տնտեսական ոլորտը։
-Միանշանակ նվազելու են մեր տնտեսական աճի տեմպերը, քանի որ արտահանման այնպիսի ճյուղ, ինչպիսին հանքարդյունաբերությունն է, այսօր լուրջ խնդիրներ ունի (եթե չասենք, որ շատերն իրենց գործունեությունն ուղղակի դադարեցրել են)։ Ապրանքների գների անկումը կհանգեցնի նաև ներմուծման ծավալների կրճատման։ Ամեն ինչ պիտի արվի, որ բյուջետային մուտքերը հնարավորինս ապահովվեն։ Ես կառաջարկեի մի շարք ապրանքների մաքսավճարները, ավելացված արժեքի հարկը, որոշակի բանաձևեր կիրառելով, բարձրացնել (սա վերաբերում է թանկարժեք մեքենաներին, բարձրակարգ ծխախոտին, ալկոհոլային խմիչքներին, վառելիքին)։ Կոնկրետ քայլեր պետք է կիրառվեն, որպեսզի երկրում տնտեսավարողները չզգան հարկային բեռի ճնշումը։
-Որպես իշխող կուսակցության անդամ` իշխանությունների գործելակերպում, այս առումով, թերացումներ չե՞ք նկատում, զորօրինակ, բավական երկար ժամանակ խուսափում էին ճգնաժամի առկայությունը նշելուց։
-Ես ԱԺ-ի ամբիոնից էլ հայտարարել եմ, որ լավագույն միջոցը լռելը չէ։ Բայց պետք է փաստել, որ վերջին ամիսներին հուսադրող աշխատանքներ կատարվել են։ Անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել, որ անհարկի վարչարարությունը կայուն զարգացմանը չհարվածի։ Ձեռնպահ պետք է մնալ նաև համակարգաստեղծ ճյուղերի նկատմամբ խիստ հարկային վարչարարություն կիրառելուց։ Ինչևէ։ 2009 թվականը տնտեսության առումով բավականին լուրջ տարի է լինելու, ինչը թույլ կտա համատեղել, մեկտեղել մեր ամբողջ ներուժը` իրավիճակից արժանապատիվ ելքեր գտնելու համար։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2844

Մեկնաբանություններ