Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Որոշումը պետք է ընդունվի կամ չընդունվի միայն Երևանում»

«Որոշումը պետք է ընդունվի կամ չընդունվի միայն Երևանում»
23.06.2009 | 00:00

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ճանաչված քաղաքագետ և վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
-Պարոն Մուրադյան, ըստ Ձեզ, այսօր ինչպիսի՞ն են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արդյունքներն ու հեռանկարները։
-Կարելի էր նկատել, որ կարգավորման գործընթացը և բանակցություններն ընթանում են ալիքաձև։ Այսինքն` բանակցություններում հասունանում է «պիկը», որին հետևում է դադարը։ Դա բնորոշ է ցանկացած տարածաշրջանային հակամարտության երկարաժամկետ քննարկումների պարագայում, ու պետք է հասկանալ, որ բանակցությունների այդ չափորոշիչները կարևոր տարր են խաղաղ կամ թեկուզ հարաբերականորեն խաղաղ գոյակցություն ապահովելու համար։ Այդ բանակցությունների յուրաքանչյուր փուլը միաժամանակ կապված է այս կամ այն կարևոր միջազգային հիմնախնդրի հետ, ամենից առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակադրության։ Իմ կարծիքով, բանակցային գործընթացի յուրաքանչյուր փուլը սերտորեն համադրված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցություններին` միջուկային հրթիռների հիմնախնդրի շրջանակներում։
Ջորջ Բուշի նախագահության ընթացքում ամերիկացիները ստեղծում էին մի շարք պրոբլեմներ` որպես Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակներ։ Այդ լծակների շարքին է պատկանում նաև այդ հիմնախնդիրը, որը երկու տերությունների պատկերացմամբ, մշտապես պետք է «տաք պահել»։ Հավանաբար, Բարաք Օբամայի քաղաքականությունը որոշ իմաստով կլինի նախկին վարչակազմի քաղաքականության շարունակությունը, մանավանդ որ ղարաբաղյան հարցում նոր հանգամանքներ են առաջացել` ամենից առաջ այդ գործընթացում Թուրքիայի ընդգրկման ճանապարհով, ինչը, հավանաբար, ձեռնտու է ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանին։
Ռուսաստանը խնդիր ունի ներքաշել Թուրքիային Սև ծովում ԱՄՆ-ի ազդեցությունը սահմանափակելու իր ծրագրերի մեջ։ ԱՄՆ-ը ծրագրում է վերականգնել Թուրքիայի նկատմամբ ուժեղ վերահսկողությունը, որպեսզի թույլ չտա նրա վերածումը տարածաշրջանային տերության։ Հայտնվելով բավական անհարմար իրավիճակում, երբ արտաքին ուժերը մանիպուլյացիա են անում իրենց պահվածքով, Թուրքիան շատ արագ փորձեց «պարզել» իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, և այժմ մենք կարող ենք տեսնել, թե ինչպես ԱՄՆ-ը և Թուրքիան փորձում են կրկին հարաբերություններ կառուցել հին-ավանդական ու նոր շահերի հիման վրա։ Միաժամանակ, հայտնվելով ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման բեմահարթակում, Թուրքիան, որ նախկինում միշտ զգուշանում էր այդ խնդրի մեջ ներքաշվելուց, այժմ իր համար պարզել է, որ դա այնքան էլ վտանգավոր չէ, միանգամայն վերահսկելի է, և միջնաժամկետ հեռանկարում ինքը կարող է նոր դիրքեր ձեռք բերել և ոչ միայն տարածաշրջանում։ Թուրքիան հետևողականորեն կառուցում է իր տարածաշրջանային քաղաքականությունը` ելնելով բացառապես սեփական ռազմավարական նպատակներից դեպի Եվրամիություն ինտեգրացվելու և իր ազդեցության ոլորտները Եվրասիայում ու Մերձավոր Արևելքում ձևավորելու առումով։
Եթե անդրադառնանք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին փուլին, ապա կարելի է առանձնացնել երկու հանգամանք։ Առաջին` ղարաբաղյան հարցի քննարկումներում երկարատև բացակայությունից հետո Թուրքիան այլևս չի կորցնի հնարավորությունը` առնվազն ներգործելու այս հիմնախնդրի քննարկումների վրա։ Չնայած Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, ներքաշելով Թուրքիային ղարաբաղյան գործընթացի մեջ, այժմ բավական զգուշանում են այդ նոր իրադրությունից և, այնուհանդերձ, միաժամանակ փորձում հասկանալ, թե ինչ առավելություններ կարող են ձեռք բերել այդ գործընթացում։ Երկրորդ` իրադրությունը տարածաշրջանում դարձել է ավելի լարված ու վտանգավոր, իսկ ընդհանուր իրավիճակն անվտանգության առումով նկատելիորեն վատթարացել է, ստեղծվել է հակադրության նոր, ավելի բարձր մակարդակ։ Հնարավոր է, որ դա տեղավորվում է ոչ միայն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, այլև Եվրամիության մտադրությունների շրջանակում, քանի որ հնարավորություն է տալիս ավելի ակտիվ միջամտելու և գլխավորը` շրջափակելու միմյանց ջանքերը, ինչը կարևոր տակտիկական խնդիր է։ Ինչպես և ենթադրվում էր, ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության քաղաքականությունը, ի դեմս հայտնի անձանց, որոնք ներկայացնում են միանգամայն «ճանաչված» քաղաքական-գաղափարախոսական խմբավորումներ, չնայած Բուշի վարչակազմի քաղաքականության որոշ ուղղությունների ժառանգականությանը, լինելու է ավելի ակտիվ ու նախաձեռնող տարածաշրջանային հակամարտությունների առումով։ Սակայն ճիշտ չէ դա անվանել Բիլ Քլինթոնի քաղաքականության ինքնաբերաբար շարունակությունը, ավելի շուտ խնդիրը վերաբերում է ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության ակտիվացմանն արդեն այլ ուղղություններով։ Բուշի վարչակազմի գոյության 8 տարիների ընթացքում և Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության պայմաններում կարելի է չմտահոգվել արտաքին մարտահրավերների առումով։ Այդ 8 տարիները դադարի ժամանակաշրջան էին, և մենք այդպես էլ չօգտագործեցինք այդ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրությունը համաշխարհային քաղաքականության մեջ ամրապնդելու համար։
-Այժմ ավելի հաճախ են երևան գալիս առաջարկություններ կարգավորման բանակցային գործընթացում ԼՂՀ-ի մասնակցությունը վերականգնելու մասին։ Որքա՞ն է դա իրատեսական և իրագործելի։
-Միշտ էլ շատ հեշտ է առաջարկել հին ու բավականին ծամծմված գաղափար` հետևողական քաղաքականություն կառուցելու փոխարեն։ Բոլորին էլ լավ հայտնի է, որ 1989-ին Լեռնային Ղարաբաղն արդեն «միավորվել» է Հայաստանի հետ, Հայաստանի խորհրդարանի նիստերին մասնակցում էին Արցախի պատգամավորները, հետո ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Բայց ինչո՞վ ավարտվեց այդ ամենը։ ԼՂՀ-ում ստեղծվել է միանգամայն հնազանդ վարչակազմ, որը պատրաստ է կատարել Երևանի բոլոր ցուցումները։ ԼՂՀ-ում ոչնչացված է այն, ինչը մեր գլխավոր պատասխանն էր արտաքին մարտահրավերներին` մտածողության ինքնուրույնությունը։ Ղարաբաղյան հասարակությունը վերածված է կենցաղային, ձայնազուրկ հավաքածուի։ Միայն Ղարաբաղի հայության գոյության նկատմամբ ակնհայտ սպառնալիքները կարող են ղարաբաղցիների մեջ առաջացնել զայրույթի դրսևորումներ, բայց դրանք մարելու միջոցներ Երևանում նույնպես կան։
Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սկսել է մտորել այն մասին, թե արդյոք չարժե՞ թույլ տալ Ղարաբաղի ղեկավարության մասնակցությունը բանակցություններին, քանի որ Հայաստանը սպառել է բանակցային գործընթացում մանևրելու քաղաքական ռեսուրսները։ Սակայն այլևս ոչ ոք չի հավատա, որ ԼՂՀ-ն ունի սեփական տեսակետ, որը տարբերվում է Հայաստանի դիրքորոշումից։ Հայաստանի բոլոր նախագահները նախընտրել են ԼՂՀ-ի հետ կառուցել իրենց համար միանգամայն հարմարավետ հարաբերությունների ռեժիմ` անտեսելով Ղարաբաղի հայության օրինական իրավունքները։ Այդ ավանդույթը, որ հիմնադրեց Տեր-Պետրոսյանը, հաջողությամբ շարունակեցին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, չնայած այդ քաղաքականության անմտությանն ու վնասակարությանը երկրի շահերի տեսանկյունից։ ՈՒղղակի այդպես ավելի հարմարավետ էր և հուսալի` երևանյան քաղաքական գործիչների անձնական շահերի տեսանկյունից։
Ժամանակը ցույց տվեց, որ Երևանում բացակայում է ոչ միայն արդյունավետ արտաքին քաղաքականության իրականացման ընդունակությունը, այլև չկա ակնհայտ անձնական օգուտների ու հետաքրքրությունների ընկալում։ Վստահ եմ, որ հայկական քաղաքական դասակարգը, ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը, այդպես էլ ոչինչ չի հասկացել ու չի փոխելու իր վերաբերմունքը ԼՂՀ-ի նկատմամբ։ Հայաստանի քաղաքական ղեկավարության առջև այսօր բարդ խնդիր է կանգնած. ինչ-որ կերպ ի ցույց դնել ԼՂՀ-ի և նրա քաղաքական ղեկավարության «ինքնուրույնությունը», բայց միաժամանակ թույլ չտալ իրականում ինքնուրույն դիրքորոշման ձևավորում։ Այդ իսկ պատճառով ամեն տեսակ կեղծ հայրենասիրական հայտարարությունները` բանակցային գործընթացին ԼՂՀ-ի միանալու վերաբերյալ, շատ հարմար են, քանի որ հնարավորություն կտան ստեղծել Ղարաբաղի ղեկավարության` բանակցային գործընթացին մասնակցելու տպավորություն։ Հավանաբար, վաղ թե ուշ ԼՂՀ-ի մասնակցության այդ իմիտացիան կամրագրվի, ինչը շատ վտանգավոր է։ Իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մասամբ կամ ամբողջությամբ իր ուսերից վայր է դնում բանակցությունների պատասխանատվությունը` հասցեագրելով այն ԼՂՀ-ին այն ժամանակ, երբ Ստեփանակերտը շարունակելու է հնազանդորեն կատարել Երևանի ցուցումները։
Այդպիսի ծաղրանկարային անկախության սխեման թակարդ է դառնալու Հայաստանի և հայության համար։ Կարելի է ենթադրել, որ այդ կեղծ սխեման ձեռնտու կլինի նաև միջնորդ պետություններին և միջազգային հանրությանը, քանի որ ուժեղացնելու է որոշումների ընդունման լեգիտիմությունը։ Պատահական չէ, որ բանակցային գործընթացի միջնորդներն ավելի հաճախ են խոսում ԼՂՀ-ի ընդգրկման մասին։ Նրանք շատ լավ հասկանում են մադրիդյան սկզբունքների վնասակարությունը, կարգավորման պայմանների ձևավորման բուն տրամաբանության մեջ ընդգրկելով բացարձակապես անհամարժեք գաղափարներ` «հանրաքվեի հետաձգման», «կենսագործունեության գոտիների վերադարձի», «ադրբեջանական փախստականների վերադարձի», «խաղաղապահների» ներգրավման վերաբերյալ։ Միջնորդները նաև հասկանում են, որ իրականում հնարավոր չէ արդյունքի հասնել առանց ԼՂՀ-ի մասնակցության և հավանության։ Իհարկե, խոսքը վերաբերում է կարգավորման միայն ձևական-արտաքին կողմերին, քանի որ համաշխարհային ուժային կենտրոններից ոչ մեկը շահագրգիռ չէ ղարաբաղյան հիմնախնդրի «հանգուցալուծմամբ»։ Սակայն նշված ձևական արտաքին կողմերը նույնպես բավական վտանգավոր են Ղարաբաղի հայության ճակատագրի համար։
-ԼՂՀ-ն ընդհանրապես չունի՞ բանակցություններում մասնակցության հեռանկար։ Չէ՞ որ հենց դրա հետ է կապվում ԼՂՀ-ի անկախության` միջազգային ճանաչման հասնելու հարցը։
-Ամենից առաջ անհնարին է և մեծ հիմարություն կլիներ ԼՂՀ-ի անկախության ճանաչումը պայմանավորել բանակցություններին նրա մասնակցությամբ։ Եթե նկատի ունենանք այն պայմանները, որոնց շրջանակներում հիմա ընթանում են բանակցությունները և, ընդհանրապես, մադրիդյան սկզբունքները, ապա ԼՂՀ-ի մասնակցությունը կնշանակի նրա լիկվիդացիայի սկիզբ։ ԼՂՀ-ի նախագահի կամ խորհրդարանի խոսնակի առաջին իսկ ստորագրությունը որևէ փաստաթղթի տակ ներկա պայմաններում կնշանակի համաձայնել Ադրբեջանի պահանջներին։ Այսինքն, ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններում իմաստ կունենա միայն այն ժամանակ, եթե ոչ թե փոփոխվեն, այլ վերացվեն Մադրիդյան սկզբունքները։ ԼՂՀ-ում ու Հայաստանում տիրող ներկա հասարակական-քաղաքական իրավիճակում ԼՂՀ-ի ղեկավարության մասնակցությունը բանակցություններին կնշանակի միայն այն, որ Հայաստանի ղեկավարությունը կազատվի պատասխանատվությունից։ Որոշումը պետք է ընդունվի կամ չընդունվի միայն Երևանում, այն ամբողջ հավաքականության պատասխանատվությամբ, որ այսօր կոչվում է հայ ժողովուրդ։
Եթե խոսում ենք Ղարաբաղի մասնակցության մասին, ապա հարկ է գիտակցել, որ ԼՂՀ-ում անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ քաղաքական ու հասարակական կյանքում։ Ամենակարևորը նորմալ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումն է` առանց Երևանի և տեղական վարչակազմի ճնշման։ Մարդիկ, որ այսօր նստած են ԼՂՀ խորհրդարանում, աշխատում են վարչակազմում, արդեն ցույց են տվել ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու և ինքնուրույն որոշումներ ընդունելու իրենց անընդունակությունը։ Ես չեմ ուզում չափից ավելի մեղադրել այդ մարդկանց, ովքեր հայտնվել են հանգամանքների թակարդում և չեն տիրապետում նույնիսկ նվազագույն քաղաքական մտածողության։ Բայց այսօրվա ոչ քաղաքակիրթ իրավիճակի ստեղծման համար նրանք, իհարկե, պատասխանատու են, ու պետք չէ այդ մասին մոռանալ։ Նրանցից շատերն իրենց վատ չեն դրսևորել բանակցային գործընթացի «պիկի» ժամանակ, երբ ԼՂՀ-ում հասկացան, որ ղարաբաղցիներին գառների նման պատրաստում են զոհաբերման, սակայն համարձակությունը բավարարեց միայն ղեկավարությանը մի երկու հարց տալու համար։ ԼՂՀ Ազգային ժողովում այդ հարցի քննարկման գործը չհասավ։ Կասկած չկա, որ ներկա վարչակազմը և ԼՂՀ պատգամավորները պետք է դուրս գան քաղաքականությունից մի տասը տարով, իսկ գուցե և ավելի։ ԼՂՀ-ում կա շատ հետաքրքիր հասարակություն, աճել է նոր սերունդ ու պետք է ճանապարհ տալ նրանց, եթե ներկայիս բարձրաստիճան չինովնիկները չեն համոզվել, որ իրենց կվտարեն արդեն այլ մեթոդներով։ Միայն քաղաքականացված և իրական իշխանությունը կարող է մասնակցել բանակցություններին։ Հակառակ դեպքում իմաստ չունի ԼՂՀ-ին ներգրավել ազերիներին շոյելու համար նախաձեռնված այս կատակերգության մեջ։
-Ինչպե՞ս է իրեն զգում Ադրբեջանը բանակցությունների վերջին փուլից հետո։ Որքանո՞վ են արդարացված նրա հույսերը Թուրքիայի աջակցության կապակցությամբ, ինչպես նաև իր նավթագազային ռեսուրսներով Արևմուտքի ու Ռուսաստանի հետաքրքրվածության առումով։
-Պարզվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն միանգամայն տարբեր քաղաքական շահեր ունեն, այլև տարբեր է քաղաքական բանակցությունների գործընթացի արդյունքների նրանց ընկալումը։ Միանգամայն պարզ է, որ Թուրքիան, ընդհանուր առմամբ, չարդարացրեց Ադրբեջանի հույսերը և ընդունակ չէ նրա փոխարեն իրագործելու արտաքին քաղաքականություն։ Թուրքիան ունի իր շահերը, որոնք պայմանավորված են տարածաշրջանային հիմնախնդիրներով, և նա մտադիր չէ չափից ավելի քաղաքական ռեսուրսներ ծախսել Ադրբեջանին աջակցելու համար։ Երբ Թուրքիային անհրաժեշտ է պաշտպանել իր արմատական շահերն Իրաքում, որտեղ կա քրդերի հետ կապված խնդիր, նա հաճույքով զորք է մտցնում այնտեղ։ Սակայն միջամտել ղարաբաղյան հիմնախնդրին արմատական առումով Թուրքիան չի կարող և չի ցանկանում։ Թուրքիայի համար բանակցային այս փուլի արդյունքները շատ բարենպաստ են։ Գլխավորը, որ նրան հաջողվել է, այն է` խցկվել ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման և դրանով իսկ նաև Հարավային Կովկասի գործընթացների մեջ։ Դա տեղի ունեցավ Վաշինգտոնում ու Մոսկվայում նստած անհեռատես քաղաքագետների նախաձեռնությունների պատճառով։ Հազիվ թե Թուրքիան այլևս հրաժարվի այդ գործընթացին մասնակցելու հեռանկարից, իհարկե, այն չափով, ինչ չափով նրան թույլ կտան։ Բայց ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Ռուսատանն այլևս չեն կարող արգելել Թուրքիայի ներկայությունը Հարավային Կովկասում և հարկադրված են լինելու հաշվի նստել նրա շահերի հետ։ Թուրքիան անհրաժեշտություն չունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը հասցնել հակամարտության ինչ-որ տրամաբանական ավարտի։ Ընդհակառակը, Թուրքիային պետք են նպաստավոր պայմաններ տարածաշրջանի գործերին միջամտելու համար, ինչը հնարավոր է, եթե ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակի մնալ արդիական։
Հավանաբար Բաքվում հասկացել են այդ իրողությունը և սկսել են ավելի լավ գիտակցել Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու նրա շահերը։ Ադրբեջանը կարող է Թուրքիայի հետ կապել իր պրոբլեմների լուծումը, ավելի լայն հեռանկարում, եթե նկատի ունենանք թուրքական ռազմական գործիչներից մեկի ճակատագրական արտահայտությունը. «Երբ ԱՄՆ-ը կհեռանա տարածաշրջանից, այն ժամանակ էլ կտեսնենք, թե ով է այստեղ տերը»։ Ադրբեջանցիները հասկանում են, որ իրենց խնդիրների լուծումը կարող է տեղի ունենալ միայն աշխարհաքաղաքական իրավիճակի ու ռազմաքաղաքական հավասարակշռության կտրուկ փոփոխության դեպքում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի վերնախավերի հարաբերություններում հասունանում է որոշակի հանգուցալուծումը, և երկու երկրների էլիտաները պետք է բացատրվեն միմյանց հետ ու ոչ միայն ղարաբաղյան թեմայով։ Անկարան լուրջ փաստարկներ ունի ադրբեջանական սպառողի համար այն առումով, որ Թուրքիան է, անկասկած, հանդիսանում Ադրբեջանի անվտանգության երաշխավորը։ Դա, իհարկե, այդպես է, բայց երաշխավորի գործառույթները, որոնք իր վրա է վերցրել Թուրքիան, առաջին հերթին վատ են համադրվում ՆԱՏՕ-ի և Եվրամիության առջև ստանձնած նրա պարտավորությունների հետ։ Եվ երկրորդը` ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դուրս մղել Ադրբեջանին Թուրքիայի ազդեցության դաշտից։ Դրանով իսկ ԱՄՆ-ը փորձում է ցույց տալ Ադրբեջանին, որ նրա անվտանգության իրական երաշխավորն ամենևին էլ Թուրքիան չէ, այլ ԱՄՆ-ն ու արևմտյան հանրությունն են ընդհանուր առմամբ։ Դրանով է պայմանավորված նաև նավթագազային գործոնն Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ, որն այդպես էլ չաշխատեց։ Կարելի է ենթադրել, որ Հեյդար Ալիևի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ իր սպասումների հռչակումը և դա նավթային գործոնի հետ կապելը բլեֆ էր, որին ինքն էլ առանձնապես չէր հավատում։ Ամերիկացիները վաղուց հասկացրել են Ադրբեջանին, որ նավթի արդյունահանումն ու տեղափոխումն ամենևին էլ Բաքվի ծառայությունը չեն, այլ Վաշինգտոնի և Լոնդոնի։
Եթե փորձենք համադրել այն, ինչի մասին այսօր խոսվում ու գրվում է Թուրքիայում և Ադրբեջանում, կարելի է հանգել եզրակացության, որ Ադրբեջանը խիստ շփոթված է և չի հասկանում, թե ինչ է անելու հետագայում։ Հավանաբար, ազերիների առաջնորդը հարկադրված էր համաձայնել, որ բանակցությունների փուլը լինելու է երկարաժամկետ և դրանով իսկ վերադառնալ իր հոր մարտավարությանը` կարգավորման իմիտացիային։ Այլ կերպ հնարավոր չէ պահպանել իշխանությունը, շարունակել հանդես գալ միջազգային ասպարեզում և, ամենակարևորը` բացատրել պատերազմ սկսելու վճռականության բացակայությունը։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2045

Մեկնաբանություններ