Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Բարի կամքի դրսևորումից բացի, պետք է ունենալ մեծ բյուջե»

«Բարի կամքի դրսևորումից բացի, պետք է ունենալ մեծ բյուջե»
05.05.2009 | 00:00

«ՎԵՐՋԱՊԵՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՎԵՑ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆԸ»
Վերջերս ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կայացավ ավանդական «Էքսպո-2009» 8-րդ ցուցահանդեսը։ Թե՛ փորձագետների, թե՛ մասնակիցների հավաստմամբ` այն կարևոր է ոչ միայն տեղեկատվության, այլև գործնական պայմանավորվածությունների ձեռքբերման տեսանկյունից։ Նկատենք, որ այս ցուցահանդեսն առաջինն էր այն առումով, որ անցկացվում էր ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, բայց, չնայած դրան, ներկայացված էին մեկ տասնյակից ավելի երկրներ ներկայացնող եվրոպական ու ճապոնական ճանաչված ընկերություններ։ Այն, որ տեխնիկական վերազինումը հույժ կարևոր գործընթաց է ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման և մեր բնակչության առողջության պահպանման համար, ակնհայտ է։ Այս առումով փորձեցինք ցուցահանդեսի մասնակիցներից ճշտել, թե նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունը որքանով է նպաստում խնդրի լուծմանը։ Մեր զրուցակիցներն են «Կոնցեռն էներգոմաշի» (իր մեջ ներառում է «Ռոշ», «Սիմեքս», «Բիոմերիա» ընկերությունները) «Բիոմերիա» ընկերության ներկայացուցիչ ԱՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, «Տոշիբա» ընկերության Կենտրոնական Ասիայի ռեգիոնալ ներկայացուցիչ ԱՐԱՐԱՏ ԶՈՒԳԱՆԻՉՆ ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար ԷԼԻԶԱԲԵԹ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
-Թե՛ «Ռոշը», թե՛ «Սիմեքսը», թե՛ «Բիոմերիան» մասնագիտացված ընկերություններ են և արտադրում են լաբորատոր ախտորոշիչ սարքեր, թեստեր, որոնք ապահովում են եվրոպական կլինիկաների գրեթե ամբողջ պահանջարկը,- ասաց Անի Սուքիասյանը։- Ինչ վերաբերում է նախարարության կողմից իրականացվող քաղաքականությանը, ապա թե՛ այս և թե՛ անցած տարի նախարարությունն առողջապահական ԾԻԳ-ի հետ մեկտեղ լուրջ աշխատանքներ է իրականացնում ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի բուժհիմնարկների տեխնիկական հագեցվածությունն արդիականացնելու ուղղությամբ։ Մեզ համար շատ կարևոր է, որ վերջապես ուշադրություն դարձվեց մարզային առողջապահությանը։ Այժմ որոշ մարզերում մարդիկ տեղում կարող են ստանալ բարձրակարգ բժշկական ծառայություն։
-Իսկ ի՞նչ խնդիրներ կան ոլորտում։
-Տեխնոլոգիապես բարձրակարգ սարքավորումները հիմնականում ներկրվում են։ Ներկրվող ապրանքի արժեքը հաշվարկվում է եվրոյով կամ դոլարով։ Դրանք խիստ թանկ սարքավորումներ են, և այդ արժեքին գումարվում է նաև 20 տոկոս ԱԱՀ, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում գնի վրա։ Արդյունքում այդ սարքավորումն ավելի թանկ է արժենում, քան Եվրոպայում։ Նման իրավիճակում կլինիկաները ստիպված են լինում ձեռք բերել համեմատաբար մատչելի սարքավորումներ, որոնց հնարավորություններն ավելի փոքր են։ Եթե այս դաշտը կարգավորվի, լավ կլինի։
-Այսինքն` ԱԱՀ-ն նվազե՞ր, թե՞ չկիրառվեր։
-Եթե հաշվի առնենք, որ առողջապահության ոլորտում տեխնիկական արդիականացումն անհրաժեշտություն է և բխում է ոչ թե մի խումբ մարդկանց, այլ բոլորի շահերից, ապա, կարծում եմ, կարելի կլինի գոնե նվազեցնել այն։ Ի վերջո, առողջ հասարակությունը նաև առողջ տնտեսության երաշխիք է։
-Դուք նշեցիք, որ ընկերությունն ապահովում է Եվրոպայի պահանջարկը, իսկ հայաստանյան շուկայի քանի՞ տոկոսն եք ապահովում։
-Հստակ թիվ չեմ կարող ասել այս պահին։ Շատ բժշկական կենտրոններում են ներդրված մեր ընկերության սարքավորումները։ Կարող եմ խոշոր կլինիկաներից նշել երկուսը` «Արաբկիր» և «Նաիրի» բժշկական կենտրոնները։ Մեր սարքավորումներն ու թեստերը հնարավորություն են տալիս իրականացնելու հեմատոլոգիական, բիոքիմիական, իմունոլոգիական և սերոլոգիական հետազոտություններ եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան։
-Առաջին տարին է, որ մասնակցում եմ այս ցուցահանդեսին, սակայն մեր ընկերությունը Հայաստանում իր մշտական ներկայացուցչությունն ունի,- պարզաբանեց Արարատ Զուգանիչը։- Ինձ համար դժվար է գնահատել նախարարության կողմից իրականացվող քայլերը, քանի որ բարձրարժեք սարքավորումների ձեռքբերումն առաջին հերթին կապված է խոշոր ֆինանսների հետ։ Այսինքն` բարի կամքի դրսևորումից բացի պետք է ունենալ մեծ բյուջե։
-Համոզված եմ, որ մինչև Հայաստանում ներկայացուցչություն հիմնելը շուկայի ուսումնասիրություն եք կատարել` տեխնիկական հագեցվածությունը և գնողականությունը պարզելու համար։ Ինչպե՞ս եք այն գնահատում։
-Հեռանկարային։
-Անգամ ոչ մեծ ֆինանսական հնարավորությունների դեպքո՞ւմ։
-Այո՛, քանի որ կա նախարարության հետաքրքրությունը, կան շատ մասնավոր կլինիկաներ, որոնք ուզում են աշխատել միջազգային բարձր չափանիշներով և այդ ուղղությամբ քայլեր են կատարում։ Դրա վառ ապացույցներն են, որ մեր ընկերության արտադրանքն այսօր ներդրված է Երևանի մի շարք կլինիկաներում։ Օրինակ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնն այս ցուցահանդեսի ընթացքում համագործակցության առաջարկ է արել։ Մենք աշխատում ենք անընդհատ կատարելագործել մեր արտադրանքը։ Այսօր արտադրվող համակարգչային տոմոգրաֆը 322 կտրվածքով ուսումնասիրություն իրականացնելու հնարավորություն է տալիս։ Այս տոմոգրաֆի արժեքը 6 մլն դոլար է։ Կցանկանայի ընդգծել, որ ուսումնասիրելով Հայաստանի շուկան` ճանաչեցի շատ բարձրակարգ բժիշկների, որոնք ուսանել և ուսանում են եվրոպական հանրահայտ կլինիկաներում։
-«Շենգավիթ» կլինիկան ձե՞ռք է բերելու Ձեր նշած տոմոգրաֆը։
-Կարծում եմ` դա հնարավոր կլինի հաջորդ փուլում։ Այս պահին խոսքը մեկ այլ հզորության տոմոգրաֆի մասին է, որը նույնպես բարձրակարգ է, շատ հարմարավետ` մասնավոր կլինիկաների համար։
-Առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունը` ոլորտը տեխնիկապես արդիականացնելու առումով, ճիշտ է,- մեր զրույցը եզրափակեց Էլիզաբեթ Դանիելյանը։- Սակայն, մյուս կողմից, քանի որ ՀՀ-ի առողջապահության համակարգն այդքան էլ հարուստ չէ` պետբյուջեի հատկացումը սահմանափակ է, ապա շատ կարևոր է եղած հնարավորությունների ճիշտ տեղաբաշխումը` գերակայությունների ընտրությունը։ Պատկերացրեք, եթե պետբյուջեի ողջ ֆինանսավորումն ուղղվի կլինիկաների տեխնիկական հագեցվածությանը և խիստ թանկարժեք դեղանյութեր ձեռք բերելուն, ապա գումար չի մնա ոչ միայն հիվանդանոցային, այլև առաջնային բուժծառայությունն ապահովելու համար։ Արդյունքում կարող է առաջանալ սոցիալական դժգոհության ալիք։ Այս առումով կարող եմ ասել, որ եղած ոչ մեծ ֆինանսական հնարավորությունները նախարարությունը ճիշտ է տեղաբաշխում, և նախարարը փորձում է այդ գումարներն ուղղել առաջնահերթ` սոցիալապես անապահով խավերի խնդիրների կարգավորմանը։ Ինձ համար ուրախալի է, որ տեխնիկական հագեցվածության խնդիրը փորձում են լուծել ոչ թե պետբյուջեի, այլ դոնոր կազմակերպությունների միջոցով։
-Մեր զրուցակիցներից մեկն առաջարկեց ներկրվող սարքավորումների վրա կիրառվող ԱԱՀ-ն նվազեցնել, քանի որ դրա հետևանքով բարձրանում է սարքավորման գինը, ինչը լուրջ խնդիր է կլինիկայի ղեկավարների համար։ Ի՞նչ եք կարծում, ԱԱՀ-ի նվազեցում պե՞տք է անել, թե՞ ոչ։
-Դժվար հարց եք տալիս։ Գիտեք, որ պետբյուջեն ձևավորվում է հարկերի հաշվին։ Կարծում եմ` նշված հարցն առողջապահության ոլորտից դուրս է, և այն պետք է դիտարկել ընդհանուր հարկային քաղաքականության դաշտում` հաշվի առնելով ներկայիս միջազգային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամը։ Միգուցե, այո, առողջապահության ոլորտում առաջնային անհրաժեշտության պարագաների նկատմամբ ներմուծման ժամանակ կիրառվող հարկային մեխանիզմը պետք է վերանայել։ Հայաստանում ստվերային տնտեսությունը փոքր տոկոս չի կազմում, և կառավարության կողմից այժմ իրականացվող քայլերը պետք է նպաստեն ստվերը հարկային դաշտ բերելուն։ Այդ դեպքում և՛ կառավարությունը, և՛ նախարարությունը կկարողանան շատ հանգիստ վերանայել նշված հարցի վերաբերյալ հարկային մոտեցումները։
Զրույցը վարեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2638

Մեկնաբանություններ