Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ԵՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՎ ՄՆԱԼՈՒ ԵՄ ՆՐԱ ԿՈՂՔԻՆ»

«ԵՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ ԵՎ ՄՆԱԼՈՒ ԵՄ ՆՐԱ ԿՈՂՔԻՆ»
17.11.2009 | 00:00

Բլից-զրույց ՀՀ նախագահի խորհրդական ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ
-Պարոն Մանուկյան, մամուլը գրել էր, որ Դուք պատրաստվում եք նոր պաշտոնի, և որքան էլ տարօրինակ է, դա ՌԴ-ում ՀՀ դեսպանի ստատուսը չէ, այլ հարավկովկասյան երկաթուղու, այսպես ասած, լայն լիազորություններով «վերահսկողությունը»` հայ-թուրքական սահմանի բացման «լույսին» ներքո:
-Միանգամից ասեմ` Ձեր ինֆորմացիան ճիշտ չէ: Հետո էլ` շատ վատ է, որ առանց իմ գիտության Դուք ինձ պաշտոնի եք «նշանակում» ու «հանում»: ՈՒզում եմ նաև հիշեցնել, որ այսօր ես շատ բարձր պաշտոն ունեմ` ՀՀ նախագահի խորհրդականն եմ, ինչը լիուլի բավարարում է ինձ:
-Ի՞նչ խորհուրդներ եք տալիս նախագահին:
-Նախագահն ինձնից ինչ հարցնում է, ես իմ գիտելիքների չափով փորձում եմ օգտակար լինել, խորհուրդ տալ` բոլոր բնագավառներին վերաբերող:
-Բոլոր-բոլո՞ր:
-Բոլո՛ր, եթե նախագահին անհրաժեշտ է տվյալ բնագավառում խորհրդատվություն:
-Ասենք` ՆԱՏՕ-ի մասին խորհուրդներ տալի՞ս եք:
-Ո՛չ: Ես տնտեսական գործիչ եմ, և իմ խորհուրդներն առնչվում են բացառապես տնտեսությանը:
-Վերադառնանք նվաստիս տարածած ապատեղեկատվությանը, ըստ որի` վերջերս Դուք հանդիպել եք ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ պարոն Լևիտինին, ով Ձեզ առաջարկել է հարավկովկասյան երկաթուղին պահել վերահսկողության տակ` բավականին բարձր ստատուսով և, կարծես, Դուք նախնական համաձայնություն տվել եք:
-Նախնակա՞ն: ՌԴ տրանսպորտի նախարար պարոն Լևիտինի հետ մենք նման քննարկում չենք ունեցել:
-Իսկ ի՞նչ քննարկում եք ունեցել:
-Բոլորովին այլ թեմաներին առնչվող:
-Ե՞վ:
-Ի՞նչ էական է... Համենայն դեպս, նման թեմայով զրույց մեր միջև տեղի չի ունեցել:
-Դե, այսպես ասած, խոշոր մենեջեր էիք լինելու «էդ կողմերում»:
-Գիտե՞ք, ինձ շատ-շատ պաշտոնյաներ` դրսից, առաջարկում են շատ մեծ պաշտոններ, բայց ես հանրապետության նախագահի կողքին եմ և մնալու եմ նրա կողքին, ինչը շատ ավելի բարձր պաշտոն է, քան ցանկացած այլ ստատուս: Մի իջեցրեք «շկալան»: Ի դեպ, ես այսօր էլ զբաղվում եմ հարավկովկասյան երկաթուղու խնդիրներով, օգնում եմ պարոն Շայդուլինին, պարոն Յակունինին:
-Ոնց երևում է` «Եվա էին կանչում շուրթերը նրա, սակայն Լիլի՜թ էր արձագանքում հոգին»... Փաստորեն, Ձեր սիրտը միայն ՌԴ դեսպան է ուզում:
-Ո՛չ, ես դեսպան չեմ լինի:
-Ասեմ, որ որոշ մարդիկ խանգարում են Ձեզ էդ գործում։ Դրա՞ համար:
-Ինձ խանգարող չկա։ Այդ հարցը հանրապետության նախագահի որոշելու խնդիրն է։ Հանրապետության նախագահն ինչպես կորոշի, այդպես էլ կլինի, բայց ինձ հետ նման խոսակցություն չի վարվել: Դա զուտ լրատվամիջոցների հորինած ապատեղեկատվությունն է:
-Էնքա՜ն «չար» են դրանք, պարոն Մանուկյան, էնքա՜ն «թունավոր», պարո՜ն Մանուկյան, որ չեք պատկերացնի:
-Ես չեմ ասում` «չար-թունավոր», ինչո՞ւ եք այդպիսի բաներ ասում, ես նման բան չեմ ասել ու երբեք չեմ ասելու։ Դուք որոշել եք գրել այդ մասին, լավ եք արել` գրել եք:
-ՈՒշադրությո՜ւն, պարոն Մանուկյան, ես հաջորդ «չար-թունավոր» ապատեղեկատվությունն եմ տարածում. տեսակետ կա, որ 2010-ին, երբ կավարտվի «ՎիվաՍելի»` Ֆատուշ ընտանիքի հետ կնքված պայմանագրի ժամկետը, Ռալֆ Յիրիկյանին, ով ներկայացնում է Ֆատուշը, կփոխարինեք Դուք` ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը:
-Ես կրկնում և խնդրում եմ Ձեզ` ինձ այդքան ցածր պաշտոնների «մի նշանակեք»: Ի դեպ, ես բարձր պաշտոններ շատ եմ զբաղեցրել, բարեբախտաբար, պաշտոնի հետևից վազող մարդ չեմ և շատ գոհ եմ իմ այսօրվա գործից, կյանքից:
-Չէ՜, պարոն Մանուկյան, չէ՛: Ասում են` շատ տխրում ու ձանձրանում եք այնտեղ` այդ պաշտոնում: Ի դեպ, ես սա ասում եմ նախագահի խորհրդականի և ընդհանրապես Հայաստանում առկա խորհրդականի ինստիտուտի համար, թե չէ, հասկանում եք, «ուրիշ» տեղերում Քիսինջեր կա, Բժեզինսկի... Հա, ի միջի այլոց, հայաստանյան նույն էդ «չար-թունավորները» վաղուց անտի խորհրդականի ինստիտուտը մեզանում համարել են երիտթոշակառուների ակումբ:
-Ես չեմ ձանձրանում, չեմ տխրում, որովհետև ազատ ժամանակ պարզապես չեմ ունենում, որ տխրեմ ու ձանձրանամ, ուստի համաձայն չեմ Ձեր ասած և ոչ մի մտքի հետ:
-Ի՞նչ պարբերականությամբ եք խորհուրդներ տալիս նախագահին, որ չեք հասցնում ձանձրանալ (տխրել Դուք դեռ կհասցնեք, որովհետև ոնց երևում է` Ձեզ խանգարողները դեռ խելքի չեն եկել ու շատ հիմնավոր են խանգարելու):
-Խորհուրդներ նախագահին տալիս եմ ի անհրաժեշտություն:
-Ասենք էդ անհրաժեշտությունները ե՞րբ են առաջանում: Մանավանդ որ վերջին շրջանում «չար-թունավորները» կարծում են նաև, որ նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականությունն այն աստիճանի է նախաձեռնողական դարձել, որ նա շատ հազվադեպ է «պաշտոնական այցերով» գտնվում Հայաստանում:
-Գիտե՞ք, շատ դեպքերում ես նաև ուղեկցում եմ նրան: Իսկ երբ պարոն նախագահը Հայաստանում է, և իմ խորհուրդների անհրաժեշտությունն է առաջանում, ես այդ ժամանակ խորհրդատվությամբ եմ հանդես գալիս: Բայց խորհրդականի աշխատանքը միայն խորհուրդներ տալը չէ. նախագահը նաև հանձնարարականներ է տալիս` այս կամ այն հարցին առնչվող, ես կատարում եմ նրա բոլոր հանձնարարականները և պարտավոր եմ կատարել դրանք ի պաշտոնե:
-Շա՞տ է վստահում նախագահը Ձեզ:
-Իհարկե: Ես էլ նախագահին եմ վստահում:
-Ինչո՞ւմ է վստահում նախագահը Ձեզ:
-Կհարցնեք նախագահին, նա Ձեզ կպատասխանի:
-Կփորձեմ: Չնայած, առանց «փորձելու» էլ, կարծես թե, պարզ է։


«Ապատեղեկացրեց» Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ