Մնում է շահերի դաշտը, երբ վերացնում ես արժեքները
29.11.2019 | 01:18
Թվում էր՝ նոյեմբերի 24-ը պիտի կարևորվի՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման երկրորդ տարին է լրացել: Բայց ոչ ոք ոչ հիշեց, ոչ հարց տվեց՝ ինչու՞ մինչև հիմա ԵՄ 28 երկրների հազիվ կեսն է համաձայնագիրը վավերացրել: Իրավունք չունե՞ն ԵՄ տարամակարդակ պաշտոնյաները տարատեսակ հանդիպում-քննարկումներում բացահայտ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը պատշաճ հետաքրքրություն չի դրսևորում ու չի ջանում գործընթացը խթանել: Նրա՞նք պիտի հասկանան, որ նոր Հայաստանի իշխանություններն այնքան են բարդույթավորված՝ համարյա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պես, որ տառապում են իրենց նախորդների ամեն ինչը փոխելու ցանկությամբ: Եթե Թրամփը կասեցնում կամ դուրս է գալիս նախորդ նախագահների կնքած համաձայնագրերից, կամ էլ բացարձակ հակադրվում է նրանց վարած քաղաքականությանը ներքին կյանքում, Հայաստանն այդքան ռեսուրս ու հնարավորություններ չունի 00 կետից կառուցելու իր քաղաքականությունը: Առավել ևս, որ ամեն ինչ հերքել-մերժել-բեկանելուց հետո նոր ոչինչ չի առաջարկում: Ընդամենը կետային բեկանում է, հատվածային հերքում ու ընտրովի մերժում: ՈՒ այդ բարդույթը չկայացածության վկայություն է, որ նաև չի գիտակցվում ու ներկայացվում է իբրև բարեփոխումների քաղաքականություն:
Հախուռն, անմտած ու էկլեկտիկ՝ մի երկրից մի օրենքի պատճենում, մեկ այլ երկրից՝ մեկ այլ որոշման ընդօրինակում՝ առանց երկրի ռեսուրսները, ազգային առանձնահատկությունները, մենթալիտետը ու կենսապայմանները հաշվի առնելու: Միակ սկզբունքը՝ նայած ինչի համար փող կտան: Ո՞վ է փողը տալիս ու ի՞նչ նպատակով հարցը 64-րդական է՝ ուրիշ փող տվող չկա: Երկրում եղած փողերը երկրի տնտեսության զարգացմանը ծառայեցնելու բարդագույն միտքը ոչ մեկի պայծառ ուղեղում չի ծագում, տնտեսության զարգացումը գերխնդիր չի ընկալվում, լավագույն դեպքում՝ կարող է ածանցյալ դառնալ պոպուլիստական ինչ-որ քայլերի ու քաղաքական հանպատրաստից իմպրովիզների: Ասենք՝ ինչպես Սինգապուրի վարչապետի կամ Իրանի նախագահի Հայաստան գալը: Իսկ Ֆրանսիայի նախագահի Հայաստան գալուն ոչինչ չհետևեց: Տնտեսական համագործակցության զարգացման տեսակետից: Ոչ էլ Գերմանիայի կանցլերի: Ոչ էլ ՀՀ վարչապետի Իտալիա այցի:
Փաստացի՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը դիտարկվում են սոսկ քաղաքական գործընկերներ, տնտեսական զարգացման վեկտորը շաղկապվում է միայն ասիական ուղղության հետ: Այսինքն՝ մահմեդական աշխարհի, որտեղ քրիստոնյա Հայաստանի ընկալումը, մեղմ ասած, մարսված չէ: Իհարկե, կա նաև Չինաստանը: Բայց Չինաստանի հետ համագործակցությունը, հակառակ հավակնոտ հայտարարությունների, առաջ չի գնում: Չինաստանի մենթալ ու քաղաքական առանձնահատկությունների ընկալում չկա Հայաստանում: Չինաստանը ցանկացած երկրի հետ աշխատում է միայն պետական ձեռնարկությունների ու պետության միջնորդությամբ: Հայաստանը դրան ընդունակ չէ: Համենայն դեպս՝ Պեկինում ՀՀ դեսպանատան առևտրային կցորդի հաստիքի վերացումը դրա վկայությունն է: Առավելագույն սխրանքը չինացիներին հայկական գինի ու կոնյակ հրամցնելն է, որ շատ քիչ է Հայաստան չինական ներդրումներ բերելու համար: Մետաքսի ճանապարհը Հայաստանով տանելը իդեա ֆիքս է: Մնաց Հնդկաստա՞նը: Օ՜,, Հնդկաստանից Հայաստան ամենամեծ ներդրումն է արվում՝ հնդիկների տեսքով, որ գալիս են այստեղ փող աշխատելու ու ազգականներին ուղարկելու համար: Գուցե ոմանք մնան էլ, զարգացնելու հայ-հնդկական ամուսնական կապերը: ՈՒրի՞շ: Դեռ ոչինչ:
ՀՀ -ԵՄ համաձայնագիրը պարզապես համաձայնագիր է դիտվում, որ ինչ-որ ժամանակ՝ 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրվել է, ԱԺ-ն վավերացրել է, ու Հայաստանն ավարտել է գործը, թող ԵՄ-ն էլ աշխատանքի իր բաժինն անի: Շնորհակալություն՝ ով վավերացրել է, ով էլ չի վավերացրել՝ սպասենք, մինչև հիշեն: Ժամանակը, որ պիտի աշխատեր Հայաստանի օգտին, նպաստելով ներդրումների ու ծրագրերի իրականացմանը, չի սպասում, հոսում-անհետանում է, քանի դեռ Հայաստանը ասիական ճանապարհներին է բախտ որոնում: Կամ՝ արկածախնդրության:
Անցյալ տարի տնտեսական ակտիվություն ապահովեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, այս տարի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով պայմանավորված ավտոմեքենաների աննախադեպ ներկրումը, 2020-ին էլ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է: Կապրենք՝ ֆիկտիվ աճի հաշվին: Հետո՞ ինչ, որ ՍԵՊԱ-ն նախատեսում է մաքսային ոլորտի խնդիրների կարգավորում, արդիականացում, ընդհուպ մինչև՝ սահմանին բարեվարքության բարձր չափանիշների կիրառում, առևտրի ոլորտում համագործակցություն, զբոսաշրջության, ֆինանսական, տեղեկատվական, արդյունաբերական, էներգետիկ ոլորտներում համագործակցություն… ՈՒ՞մ է դա պետք:
Տնտեսական հեղափոխությունը Հայաստանում դեֆակտո գոյություն ունի դաշտագլորի սկզբունքով, գնում-գնում՝ բախվում է ինչ-որ խոչընդոտի ու կանգ է առնում: Օրինակ, Ամուլսարը: Մոռացե՛ք: Կարևորը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ բոլոր հիմքերը կան պնդելու, որ 2019-ի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: «Հույս ունենք՝ նաև կհատի 7 տոկոսի սահմանագիծը»,- գրել է նա Ֆեյսբուքում: «2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7,1 տոկոս: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8,8 տոկոս, շինարարության աճը՝ 4,5 տոկոս, առևտրի աճը 8,9 տոկոս, ծառայությունների աճը՝ 15,1 տոկոս: Արտահանումն ավելացել է 7,2 տոկոսով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5,9 տոկոսով»,- ներկայացնում է Նիկոլ Փաշինյանն ու եզրակացնում. «Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ»: Այսպես էլ ապրում ենք՝ լավի ու շատ լավի միջակայքում: Իսկ իրականու՞մ:
Իրականում վարում ենք իրադարձային քաղաքականություն՝ ընդունում ենք, ով մեր դուռը եկավ, գնում ենք՝ ով հրավիրեց՝ առանց ծրագրի, առանց նպատակի ու առանց համաձայնագրերի, որ պիտի ապահովեն տնտեսական հեղափոխության հիմքն ու հնարավորությունը: ՈՒրախանում ենք, որ այլ երկրներ իրենց ծրագրերն են շարունակում մեր երկրում՝ իրենց նպատակներին հասնելու համար, մեզ էլ ինչ տան՝ տան: Ձեռքի հետ էլ պաշտոնական հայտարարություններ ենք անում՝ իբր կարևորում ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը: 2017-ին համաձայնագիր ենք կնքել, 2019-ին դեռ տարեկան գործողության ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերն են ճշտվում: Ոչ թե հանուն մեզ, այլ իրենց ծրագրերը շարունակելու համար են ԵՄ պաշտոնյաները աջակցում Հայաստանի կառավարությանը: Որովհետև մենք ԵՄ-ի հետ հարաբերությունների բովանդակային փոփոխության խնդիր չենք դրել: Մենք չենք էլ ընկալել ՍԵՊԱ-ն ինչ կարող է մեզ տալ կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Մեզ համար առայսօր ՍԵՊԱ-ն միջոց է՝ տարբեր երկրների հետ բանակցություններում հայտարարելու, որ մեր տրամադրության տակ է ԵՄ շուկան+ԵԱՏՄ շուկան՝ առանց հակասությունների: Մենք նույնիսկ մինչև հիմա մեզ համար չենք գույքագրել ու պարզել՝ ինչ ունեինք մինչև ՍԵՊԱ-ն ու ինչ ունենք ՍԵՊԱ-ից հետո: Մենք չգիտես ինչու մտածում ենք, որ ԵՄ-ն էլ պիտի համակված լինի հայկական թավշի էյֆորիայով ու աչք փակի արժեքային համակարգի հաստատման համար՝ արժեքային համակարգի ոտնահարումների վրա: Ինչու՞: Մեր գեղեցիկ աչքերի համա՞ր: Թե՞ մեր առանձնահատուկ աշխարհագրական վիճակի ու աշխարհաքաղաքական կախվածության: Նույնիսկ այդ պարագայում եվրոպացիների համար անհասկանալի են օրենքների հետ մեր խաղերը, իրավիճակային օրենսդրության ստեղծման ջանքերը, իշխանությունների տարանջատման սկզբունքն արհամարհելը, դատական համակարգի զիգզագները՝ վարչապետի կամքով: Նրանք պատրաստ չեն հասկանալու, որ Հայաստանը ժողովրդավարության ջահակիրն է, բայց Հայաստանում ժողովրդավարության խիստ իրավիճակային սխեմաներ են գործում: Նրանք ի վիճակի չեն հասկանալու պատերով տալուց ու ասֆալտներին «պառկցնելուց» հետո ներդրումների իմաստը: Նրանք որոնում ու չեն գտնում կանխատեսելի ու վստահելի առևտրական գործընկեր մի երկրում, որտեղ օրենքները փոխվում են արևածաղկի կորիզներ չրթելու արագությամբ: Մնում է շահերի դաշտը, երբ վերացնում ես արժեքները:
Եվ՝ անծայր պոպուլիզմի, որ դարձել է ներքաղաքական կյանքի շարժիչը: Ձևավորում ենք չափազանց բարդ հավասարումներ՝ պոպուլիզմի բանաձևով լուծելու համար: Հաստատ պոպուլիզմը չէ այն բանալին, որով լուծվելու է անվերջ ու արդեն անհեթեթ դարձող դատավարություններից դուրս գալու հարցը: Բացահայտորեն՝ փաստաբանների խրախճանք է՝ ինչ ուզում-անում են, մեղադրող կողմի թույլ փաստարկվածության ու հուզական-անկապ ելույթների համապատկերում: Իշխանությունը չի գիտակցում, որ հոգեբանորեն դատավարությունների անվերջ ընթացքը արդեն իր դեմ է ուղղվում՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից վերջացրած Մանվել Գրիգորյանով: Առաջին դեպքում դատապաշտպանները բուն դատավարությունը հնարավորինս հետաձգելու խնդիրն են լուծում ու լուծում են պրիմիտիվ, բայց աշխատող մեթոդներով, երկրորդի դեպքում բացարձակապես հասկանալի չէ՝ ինչու՞ է դատավորը դիմադրում մեղադրյալին գրավով ազատ արձակելուն, երբ նրա առողջական վիճակը դա է թելադրում՝ մարդը ծանր հիվանդ է ու չի առողջանալու այդ դատավճիռներից: ՈՒ ստացվում է, որ երկու դատավարություններում էլ բոլոր կողմերից կայացվում են ոչ թե իրավական, այլ քաղաքական քայլեր: ԵՄ-ն դա պարզապես ի վիճակի չէ ընկալելու՝ այնտեղ դատական իշխանությունն անկախ է թե՛ իշխանությունից, թե՛ փողոցից, վճիռները կայացվում են օրենքներով, ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Լավագույն նկատառումներով կամ լավագույն ապագայի համար:
Մենք մոռանում ենք նաև, որ ԵՄ-ն այդպես էլ Ադրբեջանի հետ չի ստորագրում ասոցացման կամ որևէ այլ համաձայնագիր, երբ 100 տոկոսով համաձայնեցված է տնտեսական մասը, բայց մնում է քաղաքականը՝ ԵՄ-ն չի ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես պահանջում է Բաքուն, որ չհակասի ՀՀ-ի հետ համաձայնագրին: ՈՒրեմն՝ այսքանից հետո ի՞նչ ենք ուզում աշխարհից, երբ ոչինչ տալու պատրաստ չենք: Որքա՞ն դեռ կարող ենք շարունակել դաշտագլորի կամ սպառողի մեր վարքագիծը: Վարչապետը, որ ամեն ինչի մասին պատրաստ է խոսել, պարտավոր էր նոյեմբերի 24-ին անդրադառնալ ՍԵՊԱ-ի կնքման 2 տարուն ու արժևորել համաձայնագիրը՝ իբրև ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն: Գոնե հաշվի առնելով փաստը, որ Հայաստանը կարող է ու պարտավոր է իր դերն ունենալ ԵՄ-ՌԴ հարաբերությունների բարելավման մեջ: ՈՒ առաջիկա տասնամյակի տրենդը լինելու է հենց ԵՄ-ի անկախացումն ԱՄՆ-ից ու ՌԴ-ի ինտեգրումը եվրոպական տարածքում:
Բայց դա կարող է անել միայն ինքնիշխան պետության իշխանությունը, որ ունի ապագայի ու զարգացման ծրագիր, իսկ մենք առաջնորդվում ենք տեղական պոպուլիզմով ու կապ չունենք աշխարհաքաղաքականության հետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Իսկ ընդհանրապես Ադրբեջանի նախագահից ակնկալել այն հայտարարությունը, որ արել է ՀՀ վարչապետը, այն է՝ ԼՂ հիմնահարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի համար, նույնն է, թե հնարել Մադրիդյան սկզբունքների նոր տարբերակ, որ երբեք ընդունելի չի լինելու՝ մենք համաձայն չենք տարածքային ամբողջականության սկզբունքին, Ալիևը՝ ազգերի ինքնորոշման: Իմա՝ սոսկ ժամանակ ձգելու միջոց է՝ հընթացս բանակցելու միջոցով: Բայց՝ բանակցության օրակարգ չունենալով կամ օրակարգում ունենալով ոչ թե խաղաղության համաձայնագիրը, այլ՝ ընթացիկ հարցեր, որ լուծվում են նաև… վերելակում:
Այսպես էլ ապրում ենք, լույսը բացվի՝ բարին հետը:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ