ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արցախն անցավ նախագահական կառավարման

Արցախն անցավ նախագահական կառավարման
21.02.2017 | 21:52

Այսօր կեսօրին Ստեփանակերտում ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակեց հանրաքվեի նախնական արդյունքները՝ հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 76,5 տոկոսը: Որպեսզի հանրաքվեն համարվի կայացած, քվեարկությանը պիտի մասնակցեն ընտրողների առնվազն մեկ երրորդը:

Սրբուհի Արզումանյանի ներկայացրած տվյալներով, քվեարկած քաղաքացիների 87,6 տոկոսը կողմ է նոր Սահմանադրությանը, և ըստ պաշտոնական տվյալների՝ Լեռնային Ղարաբաղն ունի նոր Սահմանադրություն և այսուհետ լինելու է նախագահական հանրապետություն: ԼՂՀ ԿԸՀ նախագահը նշեց, որ ընտրախախտումների մասին որևէ գրավոր բողոք չեն ստացել:
Լրագրողների հետ խոսեցին նաև միջազգային դիտորդները՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրենկ Էնգելի նախագահությամբ:


«Հույս ունեմ, որ միջազգային հանրության ավելի շատ ներկայացուցիչներ կընդունեն, որ Հարավային Կովկասի այս հատվածում մարդիկ ազատորեն ընտրություն են կատարում, եթե մարդը այստեղ տարբերվող կարծիք ունի, կարող է քարոզարշավի ժամանակ բարձրաձայնել դա, և դրա համար բանտ չի գնում, ինչպես կլիներ այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,- հայտարարեց Էնգելը:


«Ինձ թվում է՝ Արցախի ժողովուրդը համոզիչ «այո» է ասել, երկրում տարբեր կարծիքներ կան, բայց ընդհանուր արդյունքը կասկած չի թողնում, որ երեկ մարդկանց առաջարկված տարբերակը և նրանց ուզածը նույնն էր: 86 տոկոսը «այո» ասաց: Եթե այս երկրի ընտրողների երկու երրորդից ավելին ասել է «այո», նոր Սահմանադրության լեգիտիմությունը ոչ մի դեպքում չի կարող կասկած առաջացնել»,- հավելեց պատգամավորը:
Ֆրենկ Էնգելի գնահատմամբ, տեխնիկական առումով Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեն նման էր Եվրոպայում տեղի ունեցող քվեարկություններին և Եվրախորհրդարանի պատգամավորները որևէ խնդիր, փաստ չէին նկատել: «Գործընթացը, որին ականատես եղանք, այնտեղ որտեղ ես եմ եղել՝ Ստեփանակերտում, Ասկերանում և Մարտունիում, մյուս գործընկերներս այլ վայրերում են եղել, խնդրահարույց ոչինչ չենք նկատել: Ընտրական գործընթացը հանգիստ է անցել, և մեծ մասամբ համապատասխանել է տեխնիկական չափանիշներին, որ կարող եք տեսնել, օրինակ, Արևմտյան Եվրոպայում կամ այլուր,- մեկնաբանեց Եվրախորհրդարանի պատգամավորը:- Կուզենայի նշել, որ մասնակցության ցուցանիշը բավականին նշանակալի է մի երկրում, որն ի տարբերություն իմ երկրի, չունի պարտադիր քվեարկություն, մարդիկ իրենք են որոշում՝ գնալ քվեարկության, թե ոչ, և եթե ընտրողների երեք քառորդը քվեարկում է, նշանակում է, որ մարդիկ լրջորեն են վերաբերվում ընտրական գործընթացին, սա կարևոր է իրենց համար»:


Ստեփանակերտում լրագրողներին հանդիպեցին նաև Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչները: Հայաստանի ԱԺ-ն բազմակուսակցական դիտորդական առաքելություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Շարմազանովը ներկայացրեց ողջ հանձնաժողովի տեսակետը. «Այս հանրաքվեն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Արցախը շարժվում է ժողովրդավարության ճանապարհով և հանրաքվեն կարող է օրինակ լինել տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ապրիլյան իրադարձություններից հետո սա Արցախում տեղի ունեցած առաջին համապետական միջոցառումն էր, և Արցախի հանրությունը միասնաբար ցույց տվեց, որ անկախ ցանկացած ռազմական ավանտյուրայից, ինքը անշեղորեն գնալու է ազատ ու անկախ երկիր կառուցելու ճանապարհով»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 2255

Մեկնաբանություններ