ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հրապարակվել է Արցախի ՄԻՊ երկրորդ զեկույցն ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ

Հրապարակվել է Արցախի ՄԻՊ երկրորդ զեկույցն ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ
09.12.2016 | 16:07

Սույն թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին իսկ օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հանձնառություն է ստանձնել միջազգային իրավապաշտպան հանրությանը ներկայացնել Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը:

Այս մասին հայտնում են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանն ապրիլի 21-ին հրապարակել է ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նախնական հանրային զեկույց: Զեկույցը վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների, զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների անարգման փաստերին, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների հրետակոծությանը: Զեկույցը մշակվել է բաց աղբյուրների հիման վրա (մամուլ, սոցիալական ցանցեր և այլն):


ԼՂՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԼՂՀ Ազգային ժողովի առջև հրապարակավ հանձնառել է իրականացնել փաստահավաք առաքելություն` նպատակ ունենալով մշակել ապրիլյան պատերազմի հետևանքով Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ վերջնական զեկույց: Փաստահավաք առաքելությունը նախաձեռնվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016թ. մայիսի 11-ի որոշմամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի հոդված 11-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա:
Դեռևս շարունակվող փաստահավաք առաքելության ընթացքում արդեն իսկ կատարվել են բազմաթիվ այցեր, ականատեսների հետ տասնյակ հարցազրույցներ, ռազմական, բժշկական և տեխնիկական մասնագետների հետ խորհրդակցություններ, ինչպես նաև ԼՂՀ պետական մարմիններից տեղեկատվության տրամադրման մասին հարցումներ և բաց աղբյուրների մշտադիտարկում:
Փաստահավաք առաքելության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել առանձին զեկույցով անդրադառնալ մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող հարցի, այն է` Ադրբեջանական զինված ուժերի վարքագիծը իրենց հսկողության ներքո հայտնվածների նկատմամբ:


2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցում անդրադարձ է կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատժում (execution), և մարմինների անարգում:
Զեկույցում առանձին ներկայացվում են Ադրբեջանական զինված ուժերի կարճաժամկետ կամ երկարաժամկետ հսկողության ներքո հայտնված ընդհանուր թվով 31 անձանց կամ նրանց մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վարքագծին վերաբերող հարցերը: Ներկայացվում է նրանցից յուրաքանչյուրի մահվան հանգամանքները, Ադրբեջանի հսկողության տակ հայտնվելու և նրանց մարմիններն Արցախի հսկողությանը վերադարձվելու հանգամանքները, ինչպես նաև նրանցից նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված դաժանությունները: Նշված փաստերը ներկայացվում են երեք աշխարհագրական ուղղություններով` յոթ առանձին միջադեպերերով:


Զեկույցում հիմնավորվում է, որ Ադրբեջանի հսկողության ներքո հայտնվածների շուրջ 90%-ը ենթարկվել են պատերազմական հանցանքների. նրանք խոշտանգվել են, պատժվել են մահվամբ, կամ նրանց մարմիններն անարգվել են: Ընդ որում, այդ հանցանքները կրել են համակարգված և կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են բոլոր երեք աշխարհագրական ուղղություններով` ապրիլի 2-ին Արցախի կողմի անձանց նկատմամբ հսկողություն հաստատած բոլոր ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների կողմից:
Զեկույցի հետևությունները հիմնված են ինչպես Արցախում իրականացվող քրեական վարույթի նյութերի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից անմիջականորեն ընկալված փաստերի, այնպես էլ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված նյութերի վրա:
Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում հանցանք կատարածների և նրանց հրամանատարության իրավական պատասխանատվության հարցերին, ինչպես նաև ներկայացված փաստերը քննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու` Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորությանը:
Զեկույցը հանրությանն է ներկայացվել Արցախի Թալիշ գյուղում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:


Զեկույցն անգլերեն լեզվով է և հասանելի է http://ombudsnkr.am/en/docs/Report_PUBLIC.pdf հասցեով: Դրա հրապարակային տարբերակում բացակայում են զոհերի անհատական տվյալները, ինչպես նաև դաժանություններ պատկերող լուսանկարներ և տեսանյութեր: Զեկույցի ոչ հրապարակային տարբերակն ունենալու է խիստ սահմանափակ հասանելիություն:

Դիտվել է՝ 2291

Մեկնաբանություններ