«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բաց նամակ ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Բաց նամակ ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
22.04.2016 | 11:42

Մեծարգո պարոն Հակոբյան


Միանգամայն համոզված եմ, որ Դուք և Ձեր ղեկավարած հաստատության ստորաբաժանումները հակված են կարգավորելու հետիոտնի և մեքենաների անխափան տեղաշարժը և ապահովելու քաղաքի անվտանգ երթևեկությունը։
Մենք նույնպես (հետիոտն, թե վարորդ) աջակցում ենք Ձեզ. վկան՝ քաղաքում հաստատված կարգուկանոնը, որ, իրոք, ուրախացնում է բոլորիս։ Սակայն կան հարցեր, որոնք խանգարում են քաղաքի բնականոն անցուդարձին ու երթևեկությանը։
Իբրև բազմամյա և բազմափորձ վարորդ, կարծում եմ, որ քաղաքում կան որոշակի հատվածներ, որոնք անհաղթահարելի դժվարություն են առաջացնում հատկապես վարորդների համար։ Կարծում եմ, դրանք ստեղծվել են միտումնավոր՝ վարորդներին, այսպես ասած, ծուղակը գցելու համար։


Որպեսզի մեր կասկածները ցրվեն, և վարորդների համար ապահովվեն տանելի պայմաններ, Ձեր ուշադրությունը հրավիրում ենք Երևանի կենտրոնում որոշակի հատվածների վրա՝ վստահ լինելով, որ այդպիսի հատվածներ շատ կան մայրաքաղաքի տարբեր շրջաններում։
1. Չարենցի փողոցում, պետական համալսարանի գրադարանի դիմաց, դեպի շրջանային բարձրացող մեքենաների համար նախատեսված է շրջադարձի տեղ. չգիտես ում ձեռքով շրջադարձի գծանշանը տեղափոխվել է ավելի վերև (վերգետնյա կամրջի մոտ), ինչն անհնարին է դարձնում շրջադարձը, որքան էլ հմուտ վարորդ լինես։ Ստեղծվում է խցանում, և առաջանում է վթարային իրավիճակ։


Ո՞րն է պատճառը.
ա) ճանապարհի այդ հատվածը շատ նեղ է, և ցանկացած մեքենա մեկ մանևրով չի կարող հետ դառնալ,
բ) շրջադարձին խանգարում են աջ շարքում կայանած մասնավոր ավտոմեքենաները (հիմնականում համալսարանի ուսանողների) և տաքսիները,
գ) դրանց ավելանում են երկրորդ շարքում կանգառի տեղ փնտրող երթուղայիններն ու ավտոբուսները, որոնց օրինական տեղը զբաղված է։
Առաջարկում ենք (և խնդրում) այդ հատվածում տեղադրել ԿԱՆԳԱՌՆ ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆ, որպեսզի ստեղծվի ազատ գոտի, և վարորդների համար մեծանա շրջադարձի շառավիղը։
2. Չարենցի 25 հատվածում վաղուց ի վեր կանգնած է թրթուրավոր մի հսկա վերամբարձ կռունկ, որ նախատեսված էր շինարարության համար։ Շինարարություն չի ընթանում, մեքենան զբաղեցրել է ոչ միայն մայթի հատվածն ամբողջապես, այլև դուրս է եկել ճանապարհի բանուկ մաս։ Անշուշտ, համապատասխան նշաններով վարորդներին և հետիոտնին զգուշացնում են սպասվող վտանգի մասին, սակայն դա հարցի լուծում չէ։ Նկատենք, որ թրթուրավոր հսկայի «կայանատեղիին» հաջորդում է մանկապարտեզը, և առավոտյան այդ հատվածում՝ ինչպես Բաբելոնում։


Ինչո՞ւ այդ թրթուրավոր զանգվածը չեն հեռացնում այդ տարածքից, մանավանդ որ անիմաստ, տխուր ու մենակ կանգնել է, որպես սարսափ թե՛ վարորդների, թե՛ հետիոտնի համար։ Մինչև ե՞րբ պատմական այդ ժառանգությունը պետք է իշխի այդ վտանգավոր հատվածում։
Խնդրում եմ Ձեզ կազմակերպել այդ սարսափելի զանգվածի տեղահանումը, որպեսզի կարգավորվի ճանապարհային երթևեկությունը։


3. Շումախերի վարպետությունն ու ճարպկությունը պետք է ունենալ, որպեսզի կարողանանք Սայաթ-Նովա փողոցից թեքվել ձախ և անցնել Խանջյան փողոց։ Ժամանակակից ինչպիսի հնարք էլ բանեցնենք, միևնույն է, տեսախցիկները անմահացնելու են մեր «սխրանքը»։
Հարց պարոն Հակոբյանին։
Սայաթ-Նովա փողոցից, հատկապես առավոտները, ինչպե՞ս թեքվել ձախ և անցնել Խանջյան, եթե՝
ա) ձախ թեքվելու համար չկա լրացուցիչ լուսային ազդանշան,
բ) կանաչ լույսի դեպքում դիմացից անասելի արագությամբ սլանում են ավտոմեքենաներ, որոնց պետք է զիջել. նրանց դեմը կտրել չես կարող, եթե անգամ տարածությունը ներում է (փառք քեզ, տեսախցիկ տեղադրող),
գ) կանաչ լույսի դեպքում դիմացից եկող մեքենաները դադարում են գալ, երբ արդեն կարմիր լույսն է վառվում։ Համարձակ մեկ կամ երկու մեքենա հաջողեցնում են թեքվել ձախ, իսկ մյուսներն անցնում են կարմիր լույսի տակ, և մի քանի օր անց վարորդներն իրավաբանորեն մանվածապատ փաստաթուղթ են ստանում իրենց «խախտումների» վերաբերյալ։
Կա՞ արդյոք գոնե մեկ վարորդ, որ այդ հատվածում խախտում չի արել՝ իր կամքից անկախ։
Խնդրում ենք Ձեզ այդ հատվածում ՏԵՂԱԴՐԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼՈՒՍԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ գոնե 15-20 վայրկյան ժամանակ հատկացնելով Սայաթ-Նովայից Խանջյան մտնելու համար։
Պարոն Հակոբյան, այս խնդրին ամեն օր բախվում են հազարավոր վարորդներ։ Այս գլուխկոտրուկը, անշուշտ, լուծում ունի, ուստի հազարավոր վարորդների անունից խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել բարձրացված հարցերին և հնարավորինս արագ լուծման եղանակներ գտնել։


Խորին հարգանքով և կանխավ շնորհակալությամբ՝
Լալիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ