ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ներքին ձայնի թելադրանքով դեպի քվեատուփ (4-րդ հանրապետությանը՝ ֆիզկուլտ-ողջույն)

Ներքին ձայնի թելադրանքով դեպի քվեատուփ (4-րդ հանրապետությանը՝ ֆիզկուլտ-ողջույն)
04.12.2015 | 00:23

Հայոց աշխարհը՝ արյունի ու մահի ողբերգական այդ երկիրը, այլևս հղի է բոլոր կարելիություններով։ Արարատի աստվածաշնչական ոգին պատրաստ է ճառագայթել նրա թաքնված ստեղծագործական թափը, հսկա սերմի նման պայթելու վրա է, ու դարը մոտենում է, երբ վերջապես հայ ժողովուրդը պիտի գտնե ինքն իրեն։
«Հայության կոչումը», Կոստան ԶԱՐՅԱՆ

ԱՍԵՆՔ՝ ԱՅՈ՛, ԵՎ ԱՍԵՆՔ՝ Ո՛Չ
(այգաբաց է, պահն է հասունացել թխելու կարմրակեղև մի ֆելիետոն)
Ինչո՞ւ ենք այսպես մոլորված։ Ի դեպ, երբ ճամփաբաժաններում մարդը մոլորվում է, նրան օգնության է հասնում ներքին ձայնը։ Ի դեպ, ներքին ձայնը բնավ էլ միստիկ ինչ-որ բան չէ, այլ բավականին գործուն երևույթ է։ Հուշեմ-հիշեք՝ համաշխարհային գործարարության հսկաները մի օր հուզվել ու խոստովանել են, որ իրենց բախտորոշ որոշումների շուրջ 80 տոկոսն ընդունել են հենց ներքին ձայնի թելադրանքով։ Մի խոսքով, ուշի ուշով ականջ դնենք մեր ներքին ձայնին։ Ի դեպ, «այոոչյան» գավառական հանդիպումներում հանրությունը մոլորված էր, զի կամենում էր մերժել «այո»-ի ներկայացուցչին և խռովարար հոգով իր գործը նվիրաբերել «ոչ»-ի էմիսարին։ Բայց նրանց ներքին ձայներն աղաղակում-պաղատում էին հաշվել նախ՝ «այո»-ականի, այնուհետև՝ «ոչ»-ականի հագուստի գինը։ Միարժեք են, ոտնամանները՝ 500-ական ԱՄՆ դոլար, կոստյումները՝ 15-հազարական եվրո, մնացածն էլ վրադիր կպարզվի, որ յուրաքանչյուր քարոզչի հագն ու կապը եթե աճուրդի հանվի, ապա հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել նվազագույնը 10 հազար դրամով։ Լավ, «այո»-ի ներկայացուցիչն այս շփերթ հանդերձով է քարոզ կարդում ի հաշիվ չբացահայտվող նվիրատվությունների, իսկ «ոչ»-ի ազնվացեղ էմիսարներն ի հաշիվ ինչի՞ են զուգվում իշխանի, փքվում դուքսի պես (նկատի ունեմ, հարկավ, բարոն Բագրատյանին)։
Էլ ի՜նչ սրտով ասենք «այո» ու ի՜նչ ախորժակով «ոչ» քվեարկենք։ Մի խոսքով, ապավինենք մեր ներքին, անաչառ և խրոխտ ձայնին։

ԿԱ՛Մ ԿԱԽԱՂԱՆ, ԿԱ՛Մ ԷԼ ԳԱԹԱ
(հետճաշյա պամֆլետ)
Այսպիսով է՜լ ինչ սրտով ասենք «այո» և ինչ ախորժակով «ոչ» քվեարկենք։ Թվաբանությունից կաղում էի մեկ ոտքով, սակայն հիշում եմ, որ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ ՈՒ եթե չկռահեցիք առակիս ենթատեքստը, բացատրեմ սիրահոժար՝ «այո»-ի և «ոչ»-ի ջահակիրներին փոխատեղելիս ո՛չ գործազրկությունը կվերանա, ո՛չ էլ... Կետերի փոխարեն ընթերցողն իր սրտի ուզածը թող ավելացնի։ Այժմ մի քանի դիտարկումներ, որոնք, չզարմանաք, սակայն, այս պահին ջուր են լցնելու իշխանության ջրաղացներին։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՓՆԱՐԱՆՈՒՄ
Հիշո՞ւմ եք, թե ինչ աներեր և հավակնոտ էին ՀՀՇ-ականները, կողոպտում էին երկիրը, հորանջում էին լիաբերան և անողոք շեփորում էին՝ «Մեր դեմ խաղ չկա»։ 1998-ի փետրվարին ՀՀՇ-ն հեռացավ դեպի հայոց պատմության լուսանցքները, հեռացավ ամոթահար և գլխիկոր։ Եվ կերտեց սեփական ձեռքերով յուր սևամարմար դամբարանը, վրան փորագրված.
Աստ հանգչի ՀՀՇ իշխանությունը
1990-1998 թթ.

ՀՀԿ-ն լիարժեք իշխում է 2008-ից ի վեր։ Իշխում է ոչ թե ինչպես կարողանում է, այլ ինչպես կամենում է։ 2008-ին գումարած 8 հավասար է... 2016։ Այսինքն, 2016-ի վաղ գարնանը մնացել է 3 ամիս։ Դամբարանին գրենք առաջին թիվը՝ 2008, և բաց թողնենք երկրորդի սյունակը, առաջարկելով իշխանությանն անհապաղ ձերբազատվել մի շարք աղետալի զանցանքներից և իշխել թեկուզ հարատև։ Այսպիսով, ներկա պատկերը՝ քարագրված ՀՀ եռագույնի վրա, հետևյալն է՝ ՀՀԿ բացարձակապետություն, 2008-20.. (Է, վատ կլինի՞, որ քարագրվի ոչ թե 2017, այլ թեկուզ 2077)։

ՄԵՆԱՇՆՈՐՀՈ՞ՒՄ, ՇՆՈ՞ՐՀ, ԹԵ՞ ՊԱՏԻԺ
Տիարք և տիկնայք, որոնեք, խնդրեմ, ձեր մարմնի-հոգու այն վայրը, ուր ափեափ է զարկվում ձեր անմահ խիղճը, ձեր աջը պինդ հպեք նրան և խոստովանեք, որ մեր երկիրը, նախ և առաջ, տնտեսական մենաշնորհներն են ամորձատում։ Նախ և հետո՝ քաղաքական մենաշնորհատիրակալությունը։ (ՀՀՇ անփառունակ վախճանը մի՞թե ոչինչ չի հուշում ՀՀԿ-ին)։ Ի վերջո, խոստովանենք ի լուր աշխարհի և Հայաստանի, որ ՀՀ-ում դոլարային միլիոնատիրությունն ինքնին զանցանք է, հատկապես, երբ սույն միլիոնատիրոջ գույքի, կայքի և դրամագլխի ծագումը հիշեցնում է «թարս բուսած» վարունգի վերընթացը՝ դեպի թագ ու գահաթոռ։ Վերացրեք սա, սկսեք հենց ձեզնից, անցեք սեփական ընտանիքի անդամների, այնուհետև մերձավորների զանգվածային կուլակաթափությանը և հասեք նրան, որ ՀՀ-ում վերանան վարչաչինովնիկական գիշատչական խարդախությունները, և վերջապես մենաշնորհատիրական ցինիզմը։ Մի՞թե, սակայն, նոր սահմանադրությունը կարգելափակի թեկուզ տնտեսական մենաշնորհատիրակալությունը։ Ահավասիկ սահմանադրության թիվ 11 հոդվածը. «ՀՀ տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը»։
Բայց մի՞թե մեր նախորդ սահմանադրությունը նույնպես չէր հռչակում սոցիալական անհամար բարիքներ, մրցակցային դրախտներ և արդարության մեքքաներ։ Ի՞նչն էր խանգարում հենց նախագահական կառավարման օրոք այս հեքիաթն իրականություն դարձնել։ Ի՞նչը և ո՞վ։ Գուցե կհուշե՞ք։
Եվ այս «այոոչյան» զանգուլակային փոխհրաձգության ամենաթունդ պահին ակամա հիշում ես 500 բարձրաստիճանավորների նվիրատվությունների մասին առասպելը։ Սա չէ՞ մեր մեծագույն խոցը, բարձրաստիճան պետպաշտոնյայի բոլոր օրինական եկամուտները մի համեստ թումբ են, ունեցվածքն ու շահույթը՝ ահռելի մի բլուր։ Այսպիսով ողջ հանրապետությունում գողոնը նվիրատվության անվան տակ կապվում է ժողովրդի պարանոցին։ «Այո»-ական տիկնայք և տիարք, պաղատում եմ, ինձ մատնացույց արեք նոր սահմանադրության հենց այն հոդվածը, որով գողոնը որպես նվիրատվություն ներկայացնող (այսինքն՝ նվիրատվության բարոյաիրավական հիմնավորումները չլուսաբանող) պետական ծառայողը պաշտոնին անմիջապես հրաժեշտ կտա և տևական ժամանակով կբնակվի բետոնե պատեր և չջեռուցվող արտաքնոց ունեցող հաստատությունում։

ԱՆԱՍՆԱԿԵՐՊԻ ԶՎԱՐՃԱՆՔՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏՆՔՈՑԸ
«Այո»-ական հարգարժան ասպետներ և գեղանի ամազոնուհիներ, թախանձագին խնդրում եմ իրազեկել նվաստիս և նվաստացած հայ ժողովրդին, ինչո՞ւ ձեր գերիշխանության տարիներին արտագաղթի հուժկու թափին և աղքատության ալեկոծուն աճին կցվեց կեսգիշերային և վաղլուսաբացյան դիվային աղմուկը, երբ մութն ընկնելուն պես դուք զանգվածաբար անարգում եք երկիրն ու ժողովրդին նախ ստոր հրավառությամբ, հետո էլ գիշերային ակումբներից և հասարակաց տներից հորդացող աղտոտ աղմուկով։ 2008-ից ի վեր ինքս տասնյակ հրապարակումներով և բազմատասնյակ նամակներով փորձում եմ գլխի գցել ձեզ, որ ձեր անվերջ-անսկիզբ խնջույքները, համեմված ռաբիսի կաղկանձով և հրավառական մղձավանջով պատուհասում են թե՛ հայ ժողովրդին, թե՛ հայկական բնաշխարհը։ Սրանց վրադիր ամանորյա տոներին մի խումբ ստահակներ պայթուցիկների դղրդոցով են զարդարում Նոր տարին և Սուրբ Ծնունդը։ Իսկ պետական բարձր ատյանները հանրային ցասումն ամբարող հրապարակումներս տարիներ շարունակ ենթարկեցին ծաղրուծանակի, շարունակելով իրենց դիվային զվարճանքը։ Կեցցե՛ք, սակայն նաև հիշեք, որ յուրաքանչյուր արարք ուղերձ է դեպի երկինք, որն անպատճառ վերադառնում է բազմապատկված ուժով։ Եվ, չմոռանաք, հարվածում է ուղերձի հեղինակի ճիշտ հոնքամեջին։
Ահա ՀՀ նոր սահմանադրության թիվ 3 հոդվածը. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները.
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով որպես անմիջականորեն գործող իրավունք»։
Տե՜ր իմ Երկնավոր, ինչ տխմարն եմ ես, չէ՞ որ Հայաստանում «բարձրագույն արժեք մարդը» օլիգարխիայի+կառավարության+խորհրդարանի և այլնի ներկայացուցիչն է։ Բնականաբար, մենաշնորհատիրակալությանը և, հարկավ, նվիրատվության ենթարկվելը և, բնականաբար, արտագաղթի ահագնացող զմայլանքն ու վարկերի բեռան տակ կքելու ահռելի բերկրանքը, թերևս, նաև ցերեկային Սոդոմն ու գիշերային Գոմորը վերոնշյալ իշխանակառավարական հիբրիդների մենաշնորհն են, զի միայն նրանց է վերաբերում 3-րդ հոդվածի 1-ին դրույթը. «Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»։ Այսինքն, ՀՀ-ում ՄԱՐԴ-ը նրանք են։ Իսկ թե ինչ ենք մենք, այս մասին, ցավոք, լռում է նորաթուխ սահմանադրությունը։

Ինձ էլ այս պահին (վստահ եղեք, ընթերցողներիս նույնպես) մի դաժան հարց է մտատանջում. տիարք և տիկնայք իշխանավորներ, արդյո՞ք թե՛ դուք, թե՛ մենք նույն հայոց մաքրամաքուր օրորոցայինի տակ հասակ չենք առել, արդյո՞ք մեր և ձեր ընթերցած Թումանյանը և Չարենցը ձեզ այլ «իմաստություններ» են ուսուցանել։

ԱՇԽԱՐՀՆ ՀԱՅՈՑ ՀՂԻ Է ՀՈՒՅՍՈՎ, ԼՈՒՅՍՈՎ ԵՎ ՍՊԱՍՈՒՄՈՎ
(սարկաստիկ իրիկնահաց)
Անմահ Կոստան, ահարկու Զարյան, հարկավ մեր պետական նավը դեռ լեռան վրա է։ Սակայն վեհիդ խոսքին ունկնդիր հավատանք, որ աստվածաշնչական ոգին դեռ ճառագելու է հայոց լեռներում։ Միայն թե մի բան է ինձ պատեպատ խփում, ոգու ճառագման սրբազնական պահին արդյո՞ք նոր սահմանադրական հանրաքվեով չի որոշվի՝ հայ ժողովուրդը պիտի գտնի՞ ինքն իրեն, թե՞ պետք է նորեն սայթաքի ժողովրդավարության և ազատականության անապատներում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ