ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հանուն Հայաստանի Հանրապետության` քաղաքացու ունեզրկմամբ (բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ)

Հանուն Հայաստանի Հանրապետության` քաղաքացու ունեզրկմամբ (բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ)
04.12.2015 | 00:04

Այս պատմությանն անդրադարձել ենք «Բաժնետերերի ջունգլիներում...» (նաև բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին) հրապարակման մեջ («Իրատես», թիվ 20(518), 28-31.03, 2014 թ.)։ Բաց նամակն այդպես էլ մնաց զմռսված վարչա-իրավական պահպանողականության սարդոստայնապատ շշի մեջ։ Մեջբերենք մի դրվագ վերոնշյալ հրապարակումից և անցնենք բուն նյութին։
«Երբ երկրում ազատականացվեց տնտեսությունը և կանաչ լապտերները լուսավորեցին ձեռներեց մարդկանց ճանապարհները` մասնակցելու անկախ հայրենիքի տնտեսության վերելքին, ի հայտ եկավ հասարակական մի շերտ, որին ցավով, թերևս պայմանականորեն կոչենք անուղղելի լավատեսների հանրային դաս։ Հանրահայտ է, անուղղելի լավատեսներն ազնիվ են իրենց ձեռնարկներում, բայց չէ՞ որ մարդակեր ջունգլիներում այլ է կենսադաշտը, այնտեղ շերխանական բարքերն են դրության տերը և, ի զանազանում բնական ջունգլիների, մաուգլիները հոշոտվում են հենց խանձարուրում»։
Ահա մեկ դրվագ վերոնշյալ դարակազմիկ-ցնցակաթվածային վճռից.
«Հայցվոր Մանե Մուրադյանը հայցադիմումով դատարանին հայտնել է, որ Գևորգ Գեղամի Մուրադյանը 19.09. 1995 թ. «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲ ընկերությունից գնել է 66 (վաթսունվեց) հատ 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով բաժնետոմս։
Գևորգ Մուրադյանը մահացել է 29.09.2004-ին, հիմք` մահվան վկայական 001459 տրված ՔԿԱՎ բաժնի կողմից։
Գևորգ Մուրադյանի մահից հետո ինքը և մայրը` Գոհար Սարգսյանը, դիմել են ՀՀ Կենտրոն տարածքի նոտարական գրասենյակ, ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու նպատակով։
Ժառանգության վկայագիրը ստանալուց հետո 2012-ին Մանե Մուրադյանը հոր փաստաթղթերի միջից գտել է «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲ ընկերությունից 66 (վաթսունվեց) հատ 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով բաժնետոմսեր ունենալու հավաստող հավաստագիրը, որը ձեռք էր բերել հայրը։
2012-ին կրկին դիմել է Կենտրոն նոտարական տարածքի նոտարական գրասենյակ, ժառանգությունը վերաձևակերպելու համար։ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից հարցում է արվել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա Գևորգ Մուրադյանին պատկանող «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲ ընկերության սեփականության տեղեկանք ստանալու համար։
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին 29.11.2012-ի գրությամբ տեղեկացրել են, որ Գևորգ Մուրադյանը «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲ ընկերության անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեգիստրում գրանցված չէ։ Վերոնշյալից պարզվում է, որ պատասխանող ընկերությունը Գևորգ Մուրադյանին պատկանող բաժնետոմսերը չի ներկայացրել Հայաստանի կենտրոնական ռեգիստր գրանցման»։
Վաղամեռիկ Գևորգ Մուրադյանին պատկանող 66 հատ 10000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի գործը դատական եռաստիճան համակարգում վերուվարվելով վերադարձավ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Հովհաննիսյանի, 2015-ի հոկտեմբերի 14-ին մերժեց հայցը։ Պատճառաբանությունը աճպարարային է, չէ՞ որ այս դատավճռում ևս ակնհայտ է, թույլ տվեք ասել` կողոպտչական գործառույթը, որն իրականացրել է «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ն` Գևորգ Մուրադյանին պատկանող բաժնետոմսերը չներկայացնելով գրանցման` Հայաստանի կենտրոնական ռեգիստր։
Որպես պատասխանող կողմ հրապարակ է իջնում «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը և հայտարարում-հոխորտում է, որ հայցվորը պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ Այս ամենը բարոյական փտախտ է, ուրիշ ոչինչ։ ՈՒրիշ ոչինչ, քանի որ սևով սպիտակի վրա գրված է, որ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի» տնօրեն Վ. Ստեփանյանը 27.09.2013-ին տեղեկացրել է դատարանին, որ Գևորգ Մուրադյանը չի հանդիսացել «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի թողարկած բաժնետոմսերի սեփականատեր։ Գևորգ Մուրադյանը 66 բաժնետոմս է գնել` վճարելով 660 հազար դրամ։ Դա 1995-ին մի ամբողջ կարողություն էր, կարելի էր մի բեռնատար գնել կամ «Ռաֆ» մակնիշի մի միկրոավտոբուս, շահագործել դրանք և ապահովել ընտանիքի բարեկեցությունը։ Սակայն այն տարիներին էր ձևավորվում խոշոր կապիտալը, իր շնաձկային որկրամոլությամբ և աղվեսային խորամանկությամբ։ Մարդը կարող է վճարել և գնել բաժնետոմսեր, սակայն եթե ինչ-ինչ հանգամանքների բերմամբ մոռանա կամ էլ թեկուզ զլանա այն վավերացնել դեպոզիտարիայում, ապա դադարում է հանդիսանալ իր սեփականության տերը։ Ահա նման բյուրոկրատական օրենսդրության պահանջներով Գևորգ Մուրադյանի այրին` Գոհար Սարգսյանը, և դուստրը` Մանե Մուրադյանը, զրկվում են իրենց օրինական դրամագլխից։
Հանուն Հայաստանի Հանրապետության... դղրդում է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանը, Մանե Մուրադյանի ընդդեմ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ի, երրորդ անձ Գոհար Սարգսյանի` «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ին Գևորգ Մուրադյանին պատկանող 66 հատ բաժնետոմսերը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա գրանցման ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցը` մերժել։
Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
Եվ գիտե՞ք ինչու, քանի որ 2013-ի մայիսի 6-ի դրությամբ վերոնշյալ գործարանի (արդեն ՓԲԸ կարգավիճակով) բոլոր հասարակ անվանական արժեթղթերը պատկանում են Միխայիլ Գեորգիի Սամոդելկինին։ Ո՞վ է Միխայիլ Սամոդելկինը, ո՞ր երկրի քաղաքացի է, իրական սեփականատե՞ր է նա, թե՞ դրածո մեկը, էական չէ։ Էական է ՀՀ քաղաքացիների, այս պարագայում՝ Գոհար Սարգսյանի և Մանե Մուրադյանի սեփականություն հանդիսացող 660000 դրամը (20 տարի անց այս գումարն առնվազն տասնապատկվել է) խարդախվել է նախ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, այնուհետև «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ՓԲԸ-ի կողմից։ Ինչպես վերը նշվեց` հանուն Հայաստանի Հանրապետության։
ՀՀ արդարադատության նախարար, հարգարժան Արփինե Հովհաննիսյանը, ըստ ամենայնի պետք է խորամուխ լինի այս անբարեհույս պատմության մեջ և պաշտպանի հանրապետության քաղաքացիներ, հանգուցյալ Գևորգ Մուրադյանի օրինական և օրինապահ ժառանգորդների շահերը` հաշվի առնելով տողերիս հեղինակի ընդգծած պարբերությունը։ Հակառակ պարագայում կբացահայտվի մի շատ զարմանալի հանգամանք. պատասխանող ընկերությունը գրանցման չի ներկայացրել Հայաստանի կենտրոնական ռեգիստր Գևորգ Մուրադյանին պատկանող բաժնետոմսերը, սակայն «պատասխանող ընկերության»՝ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲ ընկերության շահերը հանրապետության դատարանները պաշտպանում են ատամներով, ըստ էության, հենվելով դատական վճռում առկա ահա այս «ծանրակշիռ և ահարկու» փաստարկի վրա. «...Արմսվիսբանկ» ՓԲ ընկերության կողմից 07.05.2013-ին կազմված` 06.05.2013 թվականին գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի համաձայն «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲ ընկերության 15648 հատ բաժնետոմսերի 100 %-ը։ Գրանցված սեփականատերն է հանդիսանում Միխայիլ Գեորգիի Սամոդելկինը։ Այսպիսով, հանուն Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ հանուն Միխայիլ Գեորգիի Սամոդելկինի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Մեր բարոյական հաղթանակը պետք է միս ու արյուն առնի և դառնա իրական հաղթանակ։ Սամոդելկինը և նրա անհայտ-հայտնի հովանավորները պետք է վճարեն կոնկրետ գումար Գևորգ Մուրադյանի ժառանգներին։ Գումարի չափը թող որ հաշվարկեն ՀՀ դատարանները, որոնք թիկունք են կանգնել, մեղմ ասած, անբարեխիղճ մարդկանց։

Դիտվել է՝ 2443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ