ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Լուռ», «անկիրք» ու «անթեժ»

«Լուռ», «անկիրք» ու «անթեժ»
18.09.2015 | 00:24

Երևի որևէ մեկի մտքով չէր էլ կարող անցնել, որ ԱԺ-ի աշնանային նստաշրջանի մեկնարկին «քննության» դրված սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկումը կանցնի այդքան «լուռ», «անկիրք» ու «անթեժ»: Լոկալ, արհեստական երկխոսությունները չհաշված: Խոսքը քաղաքական լուրջ ընդդիմախոսության մասին էր` թե՛ ԱԺ դահլիճում, թե՛ Բաղրամյան փողոցի «զուգահեռներում», ուր պետք է արտածվեին իրական բովանդակային արդյունքները:
Չկային այդպիսիք: Կլինե՞ն: Երբե՛ք: Հակառակը: «Փրկության ճակատի» ¥բա՜րձր է հնչում¤ ամեն մի քայլն ուղղակի «ցուցմունք» է լինելու ոչ թե ընդդեմ սահմանադրության, այլ ընդդեմ յուր անփառունակ գոյության, որն էլ, հողանցվելուն զուգահեռ, դիվիդենդներ է արձանագրելու իշխանությունների հաշվին:
Մի խոսքով, եթե ավարտելու լինենք սահմանադրության այս` ներքին պայքարի «գլուխը», ապա միանշանակորեն պետք է արձանագրենք` 10:0` հօգուտ Սերժ Սարգսյանի:
Ընդ որում, խնդրո առնչությամբ փոքրիկ լիկբեզ ևս անհրաժեշտ է` ցուցանելու ընդհանրապես հայաստանյան օրհասական քաղաքական վիճակը, որը քաղաքագիտորեն և միջազգայնորեն գուցե և կարող է անվանվել ղեկավարելի քաոս կամ հիբրիդային իրավիճակ, այնուհանդերձ, բաց է մնում հարցը` տարածաշրջանային զարգացումների, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող խութային պայքար այս փուլում արդյո՞ք հնարավոր է լինելու վերակենդանացնել այսպես ինքնամոռաց մեռնող քաղաքական դաշտում, որ նոր սահմանադրությունը ¥այն գրեթե այդպիսին է¤ չլցվի հին տիկի մեջ ու անժամանակ պայթի` իր հետևից թողնելով բացառապես ավերակներ:
Բանն այն է, որ սահմանադրության փոփոխություններից է՛լ ավելի կարևոր մի գործընթաց է տեղի ունենում մեր հասարակությունում, ինչը պայմանականորեն կարելի է անվանել մենթալիտետի ու «հարաբերությունների»-արժեքների իսպառ քայքայում:
Նկատենք` խառնաշփոթ ու քաոս է նաև իշխող կուսակցությունում, ուր ևս, ինչպես ամենուր, ջայլամի գլուխը հողում երկար թաքցնել հնարավոր չէ։ ՀՀԿ-ում կա շահերի ու հավակնությունների լուրջ բախում, և եթե վարչապետական համակարգի անցման դեպքում ևս տասը տարի իշխելու ախորժակ և հավակնություններ ունեցող, ծերացող, ահավոր կարծրացած ՀՀԿ-ն «չշտկվի», իշխող կուսակցությունը փորձի այդ բալաստով գնալ խորհրդարանական ընտրությունների, առանց թիմային, կառուցվածքային, բովանդակային «տյունինգի», ապա, եթե մինչ այժմ դժվար ու գաղջ է եղել, այսուհետ ուղղակի անհնար է լինելու: Ոչ քաղաքական տեսանկյունից: Ներքին` բովանդակային, քանզի այսօր Հայաստանում փտախտը բախում ու ներս է մտնում ոչ միայն քաղաքականության, այլև հասարակական բոլոր դռներից, իսկ այդ դեպքում վտանգվում են ոչ միայն սահմանադրությունը, ՀՀԿ-ն ու քաղաքական դաշտը, այլև պետությունը, նրա անվտանգությունը և ապագան. էթնոսները պետականության կորուստներ են գրանցում բացառապես այս դեպքում, երբ վերանորոգվելու կարողությունը հողանցում` զրոյացնում են:
Իսկ մենք արդեն այդ ճանապարհին ենք:
Վկան` խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների գրեթե անկյանք քննարկումը: Վկան` ընդդիմության, «փրկության» ճակատների անհույս վիճակը: Վկան` տարիներ շարունակ բոլոր կարգի պայքարի մոդուլները, տեխնոլոգիաները փորձարկած, կիրառած, սակայն կրկին ու կրկին հողանցված վիճակում հայտնված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Վարդան Օսկանյանի «դարավոր»-անհույս պայքարը:
Ինչո՞ւ հատկապես նրանց հիշեցինք ու նշեցինք:
Քանզի մեր վերջին «հույսը» նրանք էին։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ