ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Դանդաղ գործունեության մի քանի ռումբեր սահմանադրական փոփոխությունների տեսքով

Դանդաղ գործունեության մի քանի ռումբեր սահմանադրական փոփոխությունների տեսքով
16.07.2015 | 15:01

Երեկ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը հրապարակել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը: Այսինքն՝ խաղը լրջանում է՝ արդեն սեպտեմբերից սահմանադրական բարեփոխումները կլինեն քաղաքական օրակարգի առաջին կետում: Երկրորդ ու նաև՝ երրորդ:
Հրապարակված հայեցակարգի 1-ին գլուխը վերաբերում է սահմանադրական կարգի բարեփոխմանը, 2-րդը՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին»: Գլուխ 3-րդում սահմանվում են սոցիալական, տնտեսական ու մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները, բայց այս հասկացությունները Հայաստանում երբեք ինքնուրույն չեն գործել և արժեք չեն եղել, մշտապես պայմանավորվել են միանձնյա որոշումներով, ուստի գործնական կարևորություն ներկայացնում են օրենսդիր ու հատկապես գործադիր իշխանությունները:
4-րդ գլխում նշվում է, որ Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից և ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կամ կուսակցությունների դաշինքները: Սա այս պահին դանդաղ գործունեության ռումբ է՝ պատգամավորների թվի կրճատումը երեսունով փաստացի նշանակելու է թոշակառուներին քաղաքական հանգստի ուղարկել և խորհրդարան բերել քաղաքական նոր էլիտային կամ նրանց միայն, ովքեր մնացած երկու տարում կապացուցեն իրենց բացարձակ հավատարմությունն իշխանությանը:
Ավելի մեծ ռումբ է խորհրդարանական երկփուլ ընտրությունը, որ նշանակում է խորհրդարանում մշտապես լինելու է բացարձակ մեծամասնություն կամ լինելու են երկու քաղաքական ուժ, ոչ ավելի: Սահմանադրության նախագծով փաստացի բացառվում են կոալիցիոն կառավարություն, կոալիցիա հասկացությունները, եթե կոալիցիան չի կազմվում երկրորդ փուլ անցած երկու ուժերից: Այսինքն՝ բացարձակ մահախոսական է քաղաքական կուսակցություններին ու քաղաքական կյանքի սահմանափակում, որ խորհրդարանը դարձնում է ոչ թե ներկայացուցչական մարմին, այլ էլիտար խմբակ, որ ձևավորվում է կուլիսներում: Ժողովրդավարությունը դառնում է խիստ ձևական հասկացություն, որ ժողովրդին ընդհանրապես կտրում է իշխանություն ձևավորելու հնարավորությունից:
ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվում է 5 տարի ժամկետով:
Առաջարկների գլուխ 5-ը վերաբերում է նախագահին և նրա լիազորություններին՝ առաջարկվում է, որ նախագահն ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով և մեկ անգամ միայն: Սա դանդաղ գործունեության երկրորդ ռումբն է, որ, սակայն, քաղաքական վերադարձի հնարավորություն է տալիս բոլոր երեք նախագահներին: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն հրապարակել է իր տարիքը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը չի առաջադրվելու ոչ նախագահ, ոչ վարչապետ, բախտը կարող է ժպտալ Ռոբերտ Քոչարյանին: Առավել ևս, որ նա այս պահին որևէ կուսակցության անդամ չէ, ինչպես նախատեսվում է նոր հայեցակարգով՝ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։ Դանդաղ գործունեության երրորդ ռումբը նախագահի ընտրության մեխանիզմն է՝ նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը: Ուղիղ քվեարկության փոխարեն: Ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից: Թե ում է պետք և ապահովության ինչ բարձիկ է նոր նախագահի ընտրության համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը, ակնհայտ է: ՀՀԿ-ն իր համար ապհովում է որևէ պատահականության բացառում, նաև՝ ժողովրդավարության «նոր» մակարդակի է դուրս բերում նախագահին:
Ընտրիչների ժողովը գումարվում է ՀՀ նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում: Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման իրավունք ունի ընտրիչների ժողովի անդամների առնվազն մեկ հինգերորդը:
Ամենահետաքրքիրը 6-րդ գլուխն է, որ վերաբերում է կառավարության ու նրա գործառույթների սահմանմանը, ձևավորման սկզբունքներին: Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Իր ծրագրի հիման վրա մշակում ու իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:
Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը: Կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետերից ու նախարարներից: Նախարարությունների թիվը չի կարող գերազանցել 18-ը: Հանրապետության նախագահը նորընտիր ԱԺ լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո` եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում ԱԺ ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին:
Վարչապետի հրաժարականի կամ պաշտոնը թափուր մնալու դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահը պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջադրում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցելու իրավունք ունեն խմբակցությունների առաջարկած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով՝ սա դանդաղ գործունեության չորրորդ ռումբն է, որ երբեք չի պայթելու, որովհետև Աժ-ն ինքնալուծարման երբեք չի գնա: Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Նախագահն ԱԺ-ի ընտրած թեկնածուին նշանակում է վարչապետ: Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում է կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:
Կառավարության անդամներն իրավասու են ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:
Առաջարկների նախնական տարբերակի 7-րդ գլուխը վերաբերում է դատարանների և բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակին և գործունեությանը։
Ու՝ ի՞նչ: Հիմա արդեն բոլոր կուսակցությունները հայեցակարգը փորձելու են իրենց հնարավորությունների ու հեռանկարների հանգույն: Գործնականում միայն ՀՀԿ-ն է կողմ լինելու այս կարգի փոփոխություններին՝ աջակից ունենալով ՀՅԴ-ին, եթե երաշխիքներ տրվեն, որ ՀՅԴ-ն է դառնալու նվիրական երկրորդ կուսակցությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Դանդաղ գործողության բոլոր ռումբերը ունեն չպայթելու մի տարբերակ՝ սահմանադրական բարեփոխումները այս հայեցակարգով Հայաստանի համար հնարավոր ու գործունակ կլինեն առնվազն մեկ-երկու տասնամյակ անց միայն: Առաջարկվող փոփոխություններից միակ ընդունելին համամասնական ընտրակարգին անցումն է և պատգամավորների թվի կրճատումը, մնացած առաջարկությունները մոդելավորված են այլ իրականության և այլ ժամանակի հաշվարկով:

Դիտվել է՝ 1862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ