ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ավետիսյանների սպանության գործի հանրային քննարկումներով փորձում են պարզություն մտցնել

Ավետիսյանների սպանության գործի հանրային  քննարկումներով փորձում են պարզություն մտցնել
17.02.2015 | 12:21

Ավետիսյանների սպանության գործով փետրվարի 14-ին Գյումրիում տեղի ունեցավ հանրային քննարկում։ Օրակարգում էին հետևյալ հարցերը՝ համադրել սպանությանն առնչվող հայտնի տեղեկությունները, հարցերը և հակասությունները, քննարկել դրանք, նախաձեռնել հանրային հետաքննություն՝ հանցագործությունը բացահայտելու համար, վերլուծել բուն սպանությանը հաջորդած իրավախախտումներն ու հանցագործությունները, ՀՀ իրավապահների գործողությունները, սխալներին, անգործությանը, դիտավորություններին առնչվող փաստերը, որոշել հանրության անելիքները բուն և հաջորդած հանցագործությունների բացահայտման, իրավապահների անգործության վերացման, գործը և մեղադրյալին ՀՀ արդարադատության համակարգ անցկացնելու համար, մշակել համանման դեպքերից քաղաքացիական պաշտպանության հնարավոր մեխանիզմները:
Քննարկման մասնակիցները ներկայացրին սպանության դեպքի և հետագա բոլոր օրերի հետ կապված իրենց նկատառումները, վարկածները։
Մարդու իրավունքների պաշտպանության Սախարովի անվան գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար ՍԵՅՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ներկայացնելով Գյումրիում տիրող իրավիճակը, նշեց, որ սպասելիքները չեն արդարանում։ Տպավորությունն այն է, թե սպասում են՝ ժամանակը մոռացության մատնի տեղի ունեցածը, սուր զգացումները նահանջեն, և հասարակական պահանջ չլինի։ Գյումրիում, սակայն, ըստ բանախոսի, հասարակական պահանջը պահպանվում է։ «Այն ապաշնորհ, անճար վարքագիծը, որ դրսևորեցին իրավապահ մարմինները, մինչ օրս էլ շարունակվում է։ Վերջին շրջանում երբեք ոչինչ այդքան չի միավորել գյումրեցիներին, որքան այս ողբերգությունը։ Գյումրիում ակտիվ սպասման ժամանակաշրջան է»,- նշեց բանախոսը։
ՀՀ ԱԺ պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ թվարկեց իր ձեռնարկած քայլերը՝ ՀՀ գլխավոր դատախազին և մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված հաղորդումներ, նամակ ՌԴ նախագահին, ԱԺ-ում հայտարարության նախագիծ: «Հաղորդումները հիմնականում վերաբերում են այն փաստերին, որոնց ՀՀ իրավապահ մարմինները չեն արձագանքել, և այդ փաստերի վերաբերյալ հարուցված քրեական գործեր չկան՝ ինչպես է ինքնաձիգը դուրս եկել զորամասից և հասել Ավետիսյանների բնակարան: Սա ապօրինի զենքի փաստացի տեղափոխում է, որի մասով քրեական գործ հարուցված չէ, և այդ մասով Պերմյակովին մեղադրանք առաջադրված չէ։ Հաջորդը վերաբերում է Պերմյակովի ձերբակալմանը՝ ՀՀ պետական սահմանը հատելու պահին, սա նույնպես հանցակազմ է պարունակում, որի համար նույնպես պետք է նրան մեղադրանք առաջադրվեր»,- ասաց ԱԺ պատգամավորը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տարակուսանք հայտնեց այն փաստի առնչությամբ, թե ինչպես կարող է ՀՀ քննչական կոմիտեն քննություն կատարել, եթե հիմնական կասկածյալն իր հսկողության տակ չէ։ Սաքունցը կարևորեց նաև գործողությունների վերաբերյալ հայաստանյան և ռուսաստանյան լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվության ամփոփումը։ Քանի որ ռուսական ԶԼՄ-ներով դեպքի հետ կապված շատ մեծ ապատեղեկատվություն է տարածվում, ուստի լրատվական հոսքերն ամբողջացնելը հնարավորություն կտա կողմնորոշվելու և իրազեկելու հանրությանը հնարավոր միտումների մասին։ Ըստ Սաքունցի՝ հանցագործության մեջ հայտնի չէ մոտիվը, շարժառիթը, ինչու է ընտրվել Ավետիսյանների ընտանիքը, ինչպես և ինչ հրահանգով է կատարվել հանցագործությունը։ Այս հարցերի պատասխաններով միայն կարող է բացահայտվել հնարավոր քաղաքական ենթատեքստը, իսկ եթե չկան պատասխանները, ապա քաղաքական ենթատեքստն առավել ևս ամրապնդվում է։
ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ հանցագործության առաջին իսկ պահից ամեն ինչ քաղաքականացվեց, տեղեկատվությունը իրադարձության վերաբերյալ լիարժեք չէ։ Մեկ ամիս է անցել, բայց, ըստ էության, մենք նույն տեղում ենք և որևէ լրացուցիչ, քիչ թե շատ արժեքավոր տեղեկություն չունենք։ Ըստ նրա՝ ՌԴ-ն չունի որևէ իրավասություն սպանությունների գործով ո՛չ նախաքննություն, ո՛չ էլ դատաքննություն անցկացնելու։ Հանրային քննարկման ընթացքում ձևավորված աշխատանքային երեք խմբերը համադրեցին Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին ներկաներին հայտնի տեղեկությունները, դիրքորոշում հայտնեցին գործի վերաբերյալ իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության անելիքների վերաբերյալ: Աշխատանքային խմբերի եզրահանգման հիման վրա պատրաստվում է հայտարարություն։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ