ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Օլիգոֆրենիան՝ իբրև քաղաքական կատեգորիա

Օլիգոֆրենիան՝ իբրև քաղաքական կատեգորիա
06.02.2015 | 13:26

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը փետրվարի 3-ին դիմեց ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու միջնորդությամբ: Նամակը չի հրապարակվում՝ նախաքննության գաղտնիության հիմնավորումով: Առայսօր հայտնի չէ նաև Յուրի Չայկայի պատասխանը: Հավանաբար՝ նույնպես նախաքննության գաղտնիք կա: Փոխարենը՝ ռուսական մի քանի ինտերնետային պարբերականներ գրում են, թե Վալերի Պերմյակովը սակավամտությամբ (օլիգոֆրենիա) է տառապում, մինչդեռ ոճրագործության առաջին օրերին հաստատում էին, որ բանակ զորակոչվելուց առաջ և ընթացքում նա հոգեկան առողջությանն առնչվող խնդիրներ չի ունեցել: Պերմյակովի օլիգոֆրենիկ լինելու մասին հայ իրավապահները տեղեկություններ չունեն՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ հարցումներն են ուղարկվել ռուսական կողմին, պատասխաններ առայժմ չեն ստացվել: Եթե իսկապես հետաքննությանը մասնակցում են նաև հայ իրավապահները, բոլորովին կարիք չկար հարցումներ ուղարկելու ռուսական կողմին, օլիգրոֆրենիան գրիպ չէ, որ այսօր կա, վաղը չկա: Հայ բժիշկները ևս կարող են պատասխանել հարցին՝ սակավամի՞տ է կասկածյալը, թե՞ ոչ: Առնվազն տարօրինակ է, որ հայկական կողմի հարուցած քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովը դեռ դատաբժշկական փորձաքննություն չի անցել:
Պարզվել է նաև, դարձյալ ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տվյալների, որ Վալերի Պերմյակովը Չիտայում ծառայության ժամանակ բազմիցս զենքով փախել է զորամասից: LifeNews-ը գրել է. «Պաշտոնապես զորամասից հեռանալու մասին գրառում է արվել ընդամենը մեկ անգամ, դրանից հետո Պերմյակովին տեղափոխել են բուժման` հոգեբուժական բաժանմունք: Այնտեղ նա խոստովանել է բժիշկներին, որ չի ցանկացել ծառայել»: Ստացվում է, որ Ռուսաստանում զինծառայողները զենքով դասալքելուց հետո հայտնվում են հոգեբուժարանում և իբրև պատիժ ուղարկվում են ծառայության Գյումրու ռազմաբազա՞: Չիտայում զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովը հաստատել է Պերմյակովի միայն մեկ անգամ՝ մայիսի 22-ին, զորամասից փախչելը: Որտեղ է նա եղել՝ չի պարզվել, բարեբախտաբար, շրջակայքում սպանված ընտանիք չի հայտնաբերվել: Իրականում Պերմյակովի հոգեկան հիվանդության վարկածը շրջանառության մեջ դնելը նպատակ ունի հայկական արձագանքը ստուգելու՝ նախքան որոշելը կհանձնվի՞ կասկածյալը հայ իրավապահներին, թե՞ ՌԴ գլխավոր դատախազը հրապարակավ կմերժի ՀՀ գլխավոր դատախազին: Որոշումը, իհարկե, կլինի քաղաքական, բայց կունենա իրավական հիմնավորումներ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ