ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ինչ էին «կորցրել» գողերը Հայաստանում

Ինչ էին «կորցրել» գողերը Հայաստանում
16.01.2015 | 03:05

ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ

Տարիներ առաջ, երբ դեռ Հովիկ Աբրահամյանն աշխատում էր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունում, ԶԼՄ-ները փաստեցին արտառոց միջադեպ. նա, իմա` Հովիկ Աբրահամյանը (2-3 նախարարների հետ), աղուհացով դիմավորել է Դոնի Ռոստովից ժամանած մի քանի «օրենքով» գողերի, լավ պատիվ տվել և նպաստել նրանց «բովանդակալից ժամանցի» կազմակերպմանը։ Վերջում էլ առոք-փառոք ուղեկցել է օդակայան ու ճանապարհել նույն շուքով։ (Այդպես էլ անհայտ մնաց, թե այդ «օրենքով» կոչեցյալներն ինչ էին կորցրել Հայաստանում ու գտա՞ն արդյոք)։ Երբ Անդրանիկ Մարգարյանին իրազեկել են մանրամասները, հերթական նիստի ժամանակ զայրացած բացականչել է` դուք նախարարնե՞ր եք, թե՞ «օրենքով» գողեր ընդունող-ճանապարհողներ։

ԱՌԱԿՍ ԶԻ՞ՆՉ ՑՈՒՑԱՆԵ

Ընդամենը այն, որ Ամանորին Հայաստանը մի քանի օրով դարձավ հանցագործ աշխարհի կնքահայրերի դարակազմիկ հավաքի վայր: Պատասխանատու որևէ կառույց, որևէ համակարգ կամ պաշտոնյա այդ առնչությամբ ոչ մի քայլ չարեց, ծպտուն չհանեց: Ինչո՞վ էր Հայաստանն «արժանացել» այս ընդունելությանը, ի՞նչ քննարկեցին «օրենքով» գողերը Հայաստանի հանգստյան վայրերից մեկում` Ծաղկաձորում: Ազգային անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում այս առնչությամբ ուշագրավ բացահայտումներ արեց, մինչ այդ որոշակի մանրամասներ ներկայացնելով «օրենքով» գողերի աշխարհից:

«ՕՐԵՆՔՈՎ» ԳՈՂԵՐԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ

-Հունվարի 6-ին` Սուրբ ծննդյան օրը, Հայաստանում անցկացվեց դարի գողական «սխոդկան»` հավաքը։ Վերջին անգամ նման «սխոդկա» քրեագետները գրանցել են Ռոստովում, ուղիղ 54 տարի առաջ: Ռոստովի հավաքին մասնակցել են ԽՍՀՄ 15 հանրապետություններից այն գողերը, որոնք թագադրվել էին մինչև 1953 թվականը, այսինքն՝ գողերի համար ամենադաժան, բայց նաև ամենապատվաբեր ժամանակաշրջանում: Պատերազմի ավարտից հետո ԽՍՀՄ-ի ճամբարներից ազատության մեջ հայտնված «օրենքով» գողերը սկսեցին անխնա մահապատժի ենթարկել այն «օրենքովներին», որոնք զենքը ձեռքներին պայքարել էին ֆաշիզմի դեմ: Նրանք կոպտորեն խախտել էին մի շարք գողական օրենքներ, որոնք վերահաստատվել էին դեռևս 39-ին: Դրանք էին.

1. Օրենքով գողն իրավունք չունի սպանելու պետության համար, այն էլ ուսադիր կրողների հետ համատեղ: 2. Օրենքով գողն իրավունք չունի խառնվելու իր դատից դուրս հարցին, իսկ պատերազմը նրանց համար ընդամենը ռազբորկա էր ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև:

3. Օրենքով գողն իրավունք չուներ առանց «բրատվայի», այսինքն՝ եղբայրությանը տեղեկացնելու, ուսադրակրի հետ հաց ուտելու:

4. Միևնույն պնակից օգտվելը համարվում էր «զապադլո»: Իսկ պատերազմի դաշտում պայմանների բացակայությունը բերում էր նրան, որ կռվող գողերը «պագոնավորների» հետ մեկ ամանից էին օգտվում, այսինքն՝ գիտակցաբար իրենց «օրենքը» խախտում էին:

ԿԱՑՆԱՀԱՐՎԱԾ «ՕՐԵՆՔՈՎ» ԳՈՂԵՐԸ

-«Օրենք» խախտողը դուրս է գողական ապրելակերպի հասկացությունից և մեխանիկորեն վերածվում է «սուկայի» ¥էգ շուն, դել): Ինչպես «օրենքն» է ասում, տարբեր շների հետ թափառող «սուկային» տանում են: Ճամբարում գիտակցաբար «օրենքը» խախտողներին, տվյալ դեպքում՝ պետության կողմից ֆաշիստների դեմ կռված «սուկային», «սխոդկա» են անում: Նրանց կանգնեցնում էին պատի տակ և կացնահարում: «Վեցնոցներից» մեկը կացնի հարվածով իրականացնում էր մահապատիժը: Ահա այսպես էին պատժում պետության հետ հարաբերված, «օրենք» խախտած նախկին գողերին: «Օրենքովների» ողջ դասին 1953-ին հուժկու հարված հասցրին: Բավական էր «օրենքով» գողը ճամբարում դիմում գրեր կամ հայտարարեր, որ հրաժարվում է «օրենքից», ինչպիսի հանցագործություն էլ արած լիներ, անմիջապես ազատում էին կալանավայրից: Իհարկե, նրանք մեծ մասամբ այդպես էլ տուն չէին հասնում: Տեղ հասած «մալյավան» (լուրը), ստանալուն պես ոչնչացվում էին:

ԽՐՈՒՇՉՈՎՆ ՈՒ ԳՈՂԱԿԱՆՆԵՐԸ

-Խրուշչովը, վախենալով ստալինյան հին կադրերից, ներքին գործերի նախարարությունը վերանվանեց հասարակական կարգի պահպանության (ՀԿՊ) նախարարություն: Կալանավայրերում արգելեց գործակալական մշակումները, ակտիվ օպերատիվ աշխատողներին հեռացրին համակարգից կամ տեղափոխեցին ոչ օպերատիվ ծառայություններ: Հասարակական կարգի պահպանումը դարձավ առաջնային: Ճամբարներում «օրենքավորները» կրկին գլուխ բարձրացրին, և կալանավայրերն անցան նրանց վերահսկողության տակ: «Գուլագը» սկսեց անձնական պրոտեժեն չկատարել: ԽՍՀՄ-ի ժողտնտեսությունը միլիարդավոր ռուբլու կորուստներ կրեց: Պատճառը մեկն էր. «օրենքովները» իրենց «օրենքով» իրավունք չունեն աշխատելու, ոչ էլ մեկ ուրիշի աշխատանքը խրախուսելու: «Գուլագներում» արտադրական ծավալների վերականգնման միակ ճանապարհը կալանավայրերում գողականների ազդեցությունից ազատվելն էր: Գողական հասկացություններով ապրելը մեծ մասամբ կալանավորների` «մուժիկի», բակլանի սրտով չէր, և փոքրամասնություն կազմող գողականների դասը՝ «բլատնոյը», վերացնում էր մեծամասնությանը: «Գուլագի» արգանդում նոր դաս առաջացավ` «բեսպրեդելշչիկ» (սահման չունեցող): Շատ արագ սրանց նոր անուն տվեցին` խուլիգան, որը կալանավայրերի ղեկավարության շնորհիվ հզորացավ: Նպատակը մեկն էր` ճամբարը մաքրել գողական օրենքներից և դրանց ազդեցությունից, որ հնարավորինս արագ վերականգնեն արտադրական ծավալները: Խուլիգաններին կարճ ժամկետում դա հաջողվեց: Իհարկե, մեծ արյունով ու երկկողմ տասնյակ հազարավոր կորուստներով:

ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ «ՍԽՈԴԿԱՅԻՆ» ՆԱԽՈՐԴԵԼ Է ՌՈՍՏՈՎԻՆԸ

-Գողականը ճամբարներում և ազատության մեջ դիրքերը կորցնում էր: Անհապաղ ԽՍՀՄ-ում մեկ նոր «սխոդկայի» կարիք առաջացավ: Որոշեցին հավաք անցկացնել Ռոստովում: Կես դար առաջ իրականացրած «սխոդկան» հնարավոր եղավ այն պատճառով, որ Խրուշչովի պատկերացրած, նոր սկզբունքներով վերակազմավորված քրեական հետախուզությունը, կալանավայրերի օպերատիվ մասը զրկված էին օպերատիվ լծակներից: Ողջ, այսպես կոչված,ՀԿՊ-ն իր գործունեությունը պիտի ծավալեր` հիմնվելով կոմունիզմ կառուցելու կոմունիստական բարոյականության վրա: Գողերի ռոստովյան «սխոդկան» անհրաժեշտ էր հենց գողերին` դասը կործանումից փրկելու և «օրենքը» վերահաստատելու համար: Այդ հավաքը նրանք անցկացրին այնպիսի գաղտնիության պայմաններում, որ հասարակական կարգի պահպանության կարկառուն դեմքերը «սխոդկայի» մասին իմացան միայն ամիսներ անց: Դրան մասնակցում էին 50-60 «պատվիրակ» գողեր, որոնց երաշխավորել էին ԽՍՀՄ մարզերում, հանրապետություններում անցկացված «սխոդկաներով»: Այդպես էին վարվել, որպեսզի ՄԱՐԴԿԱՆՑ բազմությունն աչքի չզարնվի: Հակառակ դեպքում նույնիսկ թույլ, անողնաշար ՀԿՊ-ի պայմաններում գողական կնքահայրերի այդ հավաքն անպատիժ չէր մնա: Մինչ այսօր գողականն ապրում է Ռոստովի «սխոդկայում» վերահաստատված ու ընդունված «օրենքներով»:

ԸՍՏ «ՕՐԵՆՔՈՎ» ԳՈՂԻ` ՈՎ Է ՄԱՐԴ

-Հետպատերազմյան տարիներին դանակահարվեցին, կացնահարվեցին հարյուրավոր «մաքուր» ապրած հարգարժան գողեր` ՄԱՐԴԻԿ: Ինչպես հայտնի է՝ ՄԱՐԴԸ միայն օրենքով գողն է, իսկ մնացածը բաժանվում է սրբությունների (մայր, հայր, արյունակիցներ), ուռկաների կամ բլատնոյների (սրանք թագադրված չեն, բայց ապրում են «օրենքի» հասկացություններով), բոզերի (սրանց մեջ մտնում են պագոնավորները կամ նրանց հետ առնչվածները, դավաճանները, իրական բոզերը, ցանկացած բնագավառում ծախվածները), պիդրների, որոնց նույնիսկ խոսքով բարևել չի կարելի: Նրանց սեքսուալ ծառայություններից կարող են օգտվել: Բայց միայն բարևելու, նրանց հետ հաց ուտելու համար գողին կարող են «սուկայի» վերածել: Վերջիններիս ալյումինե գդալների և պնակների եզրին անցքեր են արվում, որպեսզի առանձին տարաների մեջ լվացվեն: Բարաքներում էլ քնում են առանձնացված, գողերից հեռու: Թարփոշ հարիֆների, վերևների հետ կապ ունեցողների, հարուստների, չինովնիկների, պատգամավորների (եթե, իհարկե, բոզերի, պիդերների դասին չեն պատկանում) հետ կարող են շփվել, նրանց հացը ուտել, բայց ինչպես իրենք են ասում` «թարփոշ հարիֆը յոնջա է, ինչքան քաղես, այնքան լավ կբուսնի: Օգտվիր, որքան կարող ես»: Թվարկվածները միայն չնչին հատվածն են կազմում:

ԴԵԴ ՀԱՍԱՆԻ ՄԱՀԸ ԵՎ «ՆԱՐԻՆՋ» ԳՈՂԱԿԱՆՆԵՐԸ

-Օրենքով գող Դեդ Հասանի գնդակահարությունից հետո հետխորհրդային ողջ տարածքում, Եվրոպայում գողերի միջև արյունահեղ պատերազմ սկսվեց: Նրանք բաժանվեցին մի քանի իրար չհանդուրժող խմբերի: Ինչպես իրենք են ասում, եղբայրության մեղավոր և անմեղ արյունը համատեղ թափվեց: 2008-ից սկսած գողերի պատեհ-անպատեհ թագադրում սկսվեց, ամենահամեստ տվյալներով՝ դրանց թիվը 300-ից անցնում էր: Նոր զանգվածային «թագադրումները», տարածքների ազդեցության ոլորտների վերաբաժանումն առաջադրեցին նոր խնդիրներ, որոնց գողական աշխարհը պատրաստ չէր դիմակայելու: Հին գողերը նորերին անգամ «նարինջ» անվանեցին, քանի որ նոր «թագադրվածները» մեծ մասամբ տաք բնակլիմայական պայմաններ ունեցող երկրներից էին: Մինչ այդ թագադրությունները (նախկին ԽՍՀՄ-ի տարածք, Եվրոպա) բաժանված էին համապատասխան գողական կլանների միջև: Տարբեր ոլորտներից հավաքած միլիոնավոր դոլարները «սմատրյաշչիները»` նայողները, հավաքում էին «օբշչակում», այսինքն՝ համագողական բյուջեում կամ, մեր բառերով ասած, գողերի փոխօգնության ֆոնդում:

Ի՞ՆՉ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԳՈՂԵՐԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

-Դեդ Հասանի սպանությունից հետո ծանրագույն խնդիր առաջացավ. անհապաղ գտնել և պատժել պատվիրատուին և գնդակահարություն իրականացնողին: Կարծում եմ, նման սպանություններ պատվիրողները, որպես կանոն, երկու մարդասպան են վարձում: Մեկը սպանում է նշված զոհին, մյուսն էլ այդ սպանողին, առանց իմանալու` ինչու է սպանում: Այս եղանակով պատվիրված սպանությունները երբեք չեն բացահայտվում: Հաջորդ կարևոր հարցն էլ այն էր, որ չեղյալ համարվի 2008-ից սկսած «նարինջների» թագադրությունը: Այս հարցերի հետ կապված անհրաժեշտություն առաջացավ մեծ «սխոդկա» կազմակերպելու, որպեսզի կայացված որոշումները պարտադիր լինեն նոր թագադրվածների համար: Մեկ տարի շարունակ «օրենքովները» չկարողացան գտնել այն անվտանգ վայրը, որտեղ կարող էին նման մեծ հավաք կազմակերպել: Անծայրածիր Ռուսաստանում վախեցան անցկացնել: Տարբեր երկրներում նրանք այդպես էլ անվտանգության երաշխիքներ չկարողացան ստանալ: Նման հավաք անցկացնելու համար գողական կնքահայրերի անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում էր այն անձի վրա, ով բանակցում էր ընդունող երկրի ղեկավարության հետ:

ԳՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԿԼԻՆԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻՆ ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՎ

-Հայաստանյան «սխոդկան» անցավ առանց պատկան մարմինների անհարկի միջամտության, քանզի նրանց պայմանավորվածությունը ավելի բարձր օղակների հետ էր տեղի ունեցել: Ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանը նրանց աղուհացով է ընդունել ու ճանապարհել: Շուրջ 114 գողեր բարեհաջող հյուրընկալվեցին ու վերադարձան, այդ թվում՝ երեք ադրբեջանցի և մեկ թուրք: Նման «սխոդկան», որ հնարավոր չէր կազմակերպել նույնիսկ Բուրկինաֆասոյում, բարեհաջող իրականություն դարձավ Հայաստանում: Ո՞րն էր այս ամենում Հայաստանի շահը, վաղը մյուս օրը ինչ ասես մեր մասին կասեն՝ էս հայերի ի՞նչն էր պակաս, որ օրը ցերեկով կազմակերպված հանցագործության կնքահայրերին աղուհացով ընդունեցին և ճանապարհեցին: Շուտով Հայաստանում ընտրություններ են, որտեղ իրենց հաստատուն խոսքը պիտի ասեն գողերը, չնայած «օրենքով» գողերը մեր իշխանավորներից շատ բան ունեն սովորելու: Գործող իշխանավորների համար հանգուցյալների, աղքատների երկումիլիոնանոց բանակը բավական է մի 80 տոկոս խփելու համար: Միգուցե մտածել են «օրենքովների» միջնորդությամբ, մահվան սպառնալիքի տակ ունեցվա՞ծք խլել, ճիշտ ու սխա՞լ հանել, ընդդիմադի՞ր գտնել, որին պիտի չեզոքացնել: Անհավատները կասեն` ի՞նչ է, հանգուցյալներին քվեարկելու համար գերեզմաններից կհանե՞ն, դժվա՞ր է մեկ-երկու ընդդիմադիրի վախեցնելը: Կներեք, մոռացա նշել, սպասվող ընտրություններից հետո կրկին պրեսկոտատիպ, ժողովրդավար Եվրոպան կուրտիզանուհու բաց ճակատով ընտրությունը կորակի «մեկ քայլ առաջ»: Հարգելի անհավատներ, միգուցե ընդդիմության շարքում մեկը կա, որը շատ ավելի բարձր հովանավորությո՞ւն ունի, ումից շատ են վախենում: Եվ ուրեմն ճիշտ է ու անվնաս «օրենքովների» ձեռքով կրակից շագանակներ հանելը, որ հարկ եղած դեպքում այդ ամենը հանգեցնեն քրեածին վեճի մակարդակի: Դրա համար էլ լուրջ երկրների արհամարհական հայացքի ներքո ընդունում ենք հանցագործ աշխարհի կնքահայրերին և նրանց օգնությունն ենք հայցում` ընդդիմադիրներից ազատվելու նպատակով: Հ. Գ.- Գողական օրենքով ապրողների համար մինչ օրս գործում է պետության հետ չհարաբերվելու սկզբունքը, որը հետագայում շատ խնդիրներ է հարուցելու: Ծաղկաձորյան հավաքը նոր բաժանումների առիթ կդառնա: Հիշեք հետպատերազմյան շրջանը, ինչպես էին սպանում պատերազմին մասնակցող օրենքով գողերին:

Գրի առավ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ