Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ի՞նչ կլինի Արևմտյան Հայաստանի հետ, եթե քրդերին իրոք հաջողվի ստեղծել ինքնուրույն պետություն

Ի՞նչ կլինի Արևմտյան Հայաստանի հետ, եթե քրդերին  իրոք հաջողվի ստեղծել ինքնուրույն պետություն
28.11.2014 | 10:06

Դժվար է լինել Արևմտյան Հայաստանում ու չընկնել զգացմունքների գիրկը, առավել ևս Եղեռնի 100-րդ տարելիցի շեմին: Մոսկվաբնակ մի խումբ հայերիս համար սա հիրավի ուխտագնացություն էր. Անի, Կարս, Վան, Բայազետ, Բիթլիս, Մուշ… Մեզ այնքա՜ն հարազատ անուններ:
Սակայն փորձենք իրատես լինել: Ամբողջ ուղևորության ընթացքում գերազանցապես շփվում էինք քրդերի հետ, և այն տպավորությունն էր ստեղծվում, որ թուրքերը, ոճիր գործելով մեր դեմ, իրենք տեր չդարձան մեր արյունով ներկված տարածքին: Ինչքան հասկացանք, այստեղ շատ քիչ թուրքեր են ապրում, և, ամենայն հավանականությամբ, հետագայում Արևմտյան Հայաստանին առնչվող խնդիրներում մենք գործ կունենանք ոչ այնքան թուրքերի, որքան քրդերի հետ:
Ընդհանուր առմամբ քրդերը առերես մեր նկատմամբ բարյացակամ էին, զգացվում էր, որ ի դեմս մեզ նրանք կուզենային դաշնակից տեսնել «ընդհանուր» թշնամու դեմ:
Շրջագայության ընթացքում տեղի ունեցան միջադեպեր, որոնք խորհելու տեղիք էին տալիս: Ընդ որում, թող տարօրինակ չթվա, այս անգամ դրանք կապված էին ոչ հայերիս հետ: Բանն այն է, որ ուխտագնացության ընթացքում մեզ հետ էին նաև մեր մտերիմ ընկերները՝ մոսկվացի ու հայաստանցի մի խումբ եզդիներ, որոնց հետ մենք երկար տարիներ անձնական բարեկամական հարաբերություններ ենք պահպանում: Նրանց մեջ էր նաև ռուսաստանցի ճանաչված գործարար Միրզա Ալոյանը, որը հովանավորել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը մարմնավորող, ազգային հերոսներին փառաբանող շքեղ հուշահամալիրը Հայաստանում: Բախտի նմանություն կա մեր երկու ժողովուրդների միջև:
Ահա և մի առավոտ մենք եկանք Իգդիրի մոտ գտնվող Քյոլուկ գյուղը: Մեր ուղեկից եզդիներից մի քանիսի պապերն ապրել են այդ գյուղում: Գյուղամիջի ուռենիների տակ տարեց մարդիկ էին նստած, որոնք բարյացակամ ընդունեցին մեզ: Սակայն քիչ հետո նրանց դեմքին դժգոհություն նկատվեց, երբ մեր օպերատորները սկսեցին նկարահանել գյուղական տեսարանները: Իրար հետ խորհրդակցելով, նրանք մեզ ուղեկից թե հսկիչ առաջարկեցին: Մեր եզդիները խնդրեցին, որ նա ցույց տա գյուղի գերեզմանոցը, որտեղ թաղված են իրենց նախնիները: Բոլորս եկանք այդ գերեզմանոց, սակայն պարզվեց, որ դա նորն է: Իսկ հինը, ասաց տեղացին, վաղուց ոչնչացված է ու հավասարեցված: Եվ այդ պահին անակնկալ շրջադարձ կատարելով, մեր առջև հայտնվեց մի մեքենա, որից դուրս եկան խոժոռ դեմքով չորս երիտասարդներ: Մեզ առաջարկեցին հետևել իրենց, և շուտով մեր ավտոբուսը կրկին հայտնվեց գյուղամիջում՝ այս անգամ արդեն օղակված զայրացած ամբոխով, որը մեզնից բացատրություն էր պահանջում, թե ինչու ենք մենք գնացել գերեզմանոց ու նկարահանումներ կատարել: Նրանք չէին լսում մեր ոչ մի խոսքը և գնալով ավելի ու ավելի ագրեսիվ էին դառնում: Դժվար է ասել, թե ինչի կհանգեցներ այդ լարված մթնոլորտը (համենայն դեպս, մենք արդեն լավ բան չէինք սպասում), եթե հնարամտություն չդրսևորեր մեր վարորդ Անդրանիկը: Երբ տեղացիները մեզնից պահանջեցին դուրս գալ ավտոբուսից, Անդրանիկը թույլտվություն խնդրեց, որ մեքենան փողոցի բանուկ մասից աջ քաշի: Սակայն փակելով դռները, նա կտրուկ սեղմեց գազը, և մենք բառացիորեն ճողոպրեցինք արդեն թշնամացած գյուղից ու հանգիստ շունչ քաշեցինք, երբ համոզվեցինք, որ մեզ չեն հետապնդում։
Մի ուրիշ տեղ մեր եզդիները գտան իրենց ազգային հերոսներից մեկի պապենական տունը, որն այն մռայլ տարիներին զորավար Անդրանիկի հետ կռվել է ջարդարարների դեմ: Եվ երբ հիանալի ձայն ունեցող եզդի բարեկամը սկսեց երգել նրա սխրագործություններին նվիրված մի երգ, տեղացի քրդերի մեջ կրկին նույն թշնամանքը հայտնվեց՝ ինչի՜ մասին է երգում այս օտարականը: Եթե նրանք այդքան անհանդուրժողական են եզդիների նկատմամբ…
Չէի ասի, թե սրանք մանր իրողություններ են:
Հիմա Հայաստանում շատ է խոսվում ծպտյալ հայերի մասին: Մեր խումբն էլ առիթներ ունեցավ շփվելու նման հայերի հետ: Լսելով հայերեն խոսք, մոտենում էին, զրուցում մեզ հետ: Հատկապես տպավորիչ էր Բայազետում երիտասարդ ամուսինների ու նրանց որդու հետ ունեցած զրույցը: Ամուսինն ասաց, որ իր ծնողները թրքացած հայեր են, սակայն ինքը չի թաքցնում իր հայությունը, և որ ընտանիքով մկրտվել են Ստամբուլի հայկական եկեղեցում: Հիմա էլ եկել են տեսնելու իրենց նախնիների երկիրը: Իսկ Կարսում ասես մեզ էր սպասում կանադահայ զբոսաշրջիկների մի մեծ խումբ, և մենք համատեղ հիանալի աշխույժ երեկո անցկացրինք: Արևմտյան Հայաստանի ճակատագիրը շարունակում է հուզել ու մտահոգել բոլոր հայերիս:
Եվ վերջապես մի պարագա, որը չես կարող չտեսնել ու անտեսել: Եթե նկատի ունենանք, որ Արևմտյան Հայաստանի տարածքը ամենահետամնացն է Թուրքիայում, ապա ցավով պիտի ընդունենք Էրդողանի այն հայտարարությունները, թե իր օրոք Թուրքիան առաջընթաց մեծ զարգացում է ապրել: Ապշեցնում էին ամենուր ձգված բարեկարգ ճանապարհները, որոնց ստրատեգիական նշանակությունը թուրքերի մեջ կասկած չի հարուցում, մանավանդ եթե նկատի ունենանք դրանց շուրջը տեղաբաշխված զորամասերը: Նախանձով էիր նայում գերմշակված գեղեցկատես հովիտներին ու մարգագետիններին: Չէր կարող ուշադրություն չգրավել նաև այն, որ բոլոր բնակավայրերում մզկիթներին հարևանում էր դպրոցը:
Ահա և մտածում ես՝ ի՞նչ կլինի Արևմտյան Հայաստանի հետ, եթե քրդերին իրոք հաջողվի ստեղծել ինքնուրույն պետություն: Ինչը հավանաբար սարերի հետևում չէ:


Սիմոն ԾԱՏՈՒՐՅԱՆ
Փաստաբան
Մոսկվա

Դիտվել է՝ 2355

Մեկնաբանություններ